RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015



ԴԻՊԱՇԱՐ

Տեղադրվել է` 2015-11-26 21:30:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 787, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

Վահան ՔՈՉԱՐ

Բարին - զսպում է,

Գեղեցիկը - շարժում,

Բարին - պահպանում է,

Գեղեցիկը - հաղթում,

Բարին - դպրոց է,

Գեղեցիկը - ինքնին արվեստ:

Զինված այս գաղափարով, նաեւ իր պապի ու տատիՙ Ավետիք եւ Հռիփսիմե Հովհաննիսյանների կողմից ազգային ավանդույթներն արժեւորելու եւ անվան պատիվը պահպանելու գիտակցությամբ սերվածՙ Ավոն, իր կատարած ընտրության մեջ հաստատակամ, մխրճվեց սփյուռքից ազգային արժեքները անդարձ կորուստից փրկելու եւ հայրենիքում պահպանելու վեհ գործին:

Նոր Ջուղայի նահապետական Հովհաննիսյան հարկի տակ 1940 թվականին ծնված զավակըՙ մկրտված Ավետիս (Ավո) անվամբ, իր գործունեությամբ լի անցած ճանապարհըՙ տոգորված վերը նշված ներշնչանքով, ամփոփել է «Դարձ արմատներին» հատորում:

Անցյալի պատմությունը պահպանելու նպատակով Նոր Ջուղայում հիմնել է իրանահայ կերպարվեստի պատկերասրահը, որը դարձել է Պարսկաստանում բնակվող հայության մշակութային կյանքի պատմության կենդանի վկան:

Հովհաննիսյանը 1950-60-ական թվականներին լուսանկարել է Նոր Ջուղայի խոջայական ապարանքների հազվագյուտ որմնանկարները, որոնք հետագա տարիներին ոչնչացվել են: Այդ պատմական հուշարձանների մասին նա Հրավարդ Հակոբյանի հետ հրատարակել է «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքը (XVII-XVIIIդդ.)» գիրքը, որի մեջ կա խտասկավառակ իր նկարած որմնանկարների 380 գունավոր լուսանկարներով:

Ավո Հովհաննիսյանի 40 տարիների ընթացքում, ոչ միայն Իրանում, այլեւ սփյուռքում ազգային մասունքները հավաքագրելու եւ հայրենիքում ամփոփելու նվիրատվական ազնիվ գործունեության արդյունքում բազմահազար նյութական արժեքներ իրենց հանգրվանն են գտել Հայաստանի Պատմության պետական թանգարանում, Մատենադարանում, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Երեւանի պատմության թանգարանում, Սարդարապատի հուշահամալիրում, Էջմիածնի թանգարանում: Ավո Հովհաննիսյանի նվիրատվությունների շարքում զգալի տեղ են գրավում գրքերը, որոնք հանձնվել են Երեւանի Պետական համալսարանի գրադարանին, Խնկո Ապոր անվան գրադարանին, Թումանյանի թանգարանին, Տավուշի մարզի Կողբ գյուղի Շանթ Հովհաննիսյանի անվան գրադարանին: Իսկ Ազգային գրադարանին նվիրատվությունից բացի այստեղ բացված է նոր գույքահամար «ԱՖ» նշումովՙ որպես Ավո Հովհաննիսյանի ֆոնդ:

Հաստատվելով հայրենի հողի վրաՙ նա այսօր իր ընծայած բազմաթիվ գրքերին ավելացնում է եւս մեկըՙ ընթերցողին ներկայացնելով իր կազմած «Նոր Ջուղայի հայ լուսանկարիչները» երկլեզուՙ հայերեն, անգլերեն հեղինակային հրատարակությունը: Այստեղ լուսաբանված են 19-20-րդ դարերի Նոր Ջուղայի հայ լուսանկարիչների կյանքին ու գործունեությանն առնչվող տեղեկություններ, լուսանկարչության տեխնիկայի ու գունավոր տպագրության ասպարեզում ներդրած նորություններ եւ հարակից հարցեր, որոնք կարող են օգտակար լինել ոչ միայն լուսանկարչության պատմությամբ, այլեւ Իրանի եւ իրանահայության սոցիալ-տնտեսական կյանքով հետաքրքրվողներին:

Հատորում ամփոփված են Նոր Ջուղայում գործած 23 լուսանկարիչներ իրենց կենսագրական տվյալներով, գործունեության առանձնահատկություններով ու մանրամասներով: Նրանցից մեկը ազգությամբ գերմանացի Էռնեստ Հոլցերն է, ում լուսանկարչական ժառանգությունը Ավո Հովհաննիսյանի համառ ջանքերի շնորհիվ այսօր գտնվում է Հայաստանի Պատմության պետական թանգարանում: Աշխատության մեջ տեղ են գտել նաեւ 13 սիրող լուսանկարիչների ազգանուններ:

Գրքում զետեղված խտասկավառակում ամփոփված է Նոր Ջուղայի լուսանկարիչների կատարած 550 աշխատանք: Բազմաբնույթ հարուստ նյութը դասավորված է թեմատիկ բովանդակությամբՙ հոգեւորականներ, կանայք, տղամարդիկ, երեխաներ, բնանկար, սպորտ: Լուսանկարների արժեքավոր հավաքածուն լայն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու Նոր Ջուղայի հայ համայնքի կենցաղն ու գործունեությունը:

Սփյուռքում լուսանկարչության ասպարեզում աչքի ընկած բազմաթիվ հայազգի լուսանկարիչներ են եղել եւ այսօր էլ կան: Չնայած, որ կեղծանուն ընտրելով, իսկ ավելի հաճախ հանգամանքների բերումով հայկական ազգանունները փոփոխվել են, ինչպես Աբդուլլահ, Գյուլմեզ, Թարգյուլ, Արտյուր, Սեւրուգին, Քարշ, Գավուք, Իդա Քար, Արա Գյուլեր, ովքեր ցայսօր էլ մեծ համբավ են վայելում: «Հայ լուսանկարիչներ» հատորում Աբդուլլահ եղբայրների գործունեությունը թվագրված է 1858 թվականով: Իսկ «Նոր Ջուղայի Հայ Լուսանկարիչները» գրքից տեղեկանում ենք, որ Հնդկաստանի հայոց թեմում իր ծառայությունն ավարտելուց հետո տեր Ստեփանոսը, վերադառնալով ծննդավայրՙ Նոր Ջուղա, իր հետ բերել է նաեւ լուսանկարչական պարագաներ, ինչպես նաեւ Հնդկաստանում կատարած իր լուսանկարները, որոնք զարմանք եւ հետաքրքրություն են առաջացրել տեղացիների շրջանում:

Նրա Ջուղայում արված լուսանկարում ընտանիքի բոլոր անդամներն են ազգային տարազով: Կենտրոնում նստած են ընտանիքի ավագները, որոնց մեջ բացակայում է տեր Ստեփանոսը, ինչը վկայում է, որ լուսանկարողն ինքն է եղել: Լուսանկարի հետեւում նշվել է ժամանակըՙ 1849, Նոր Ջուղա: Տեր Ստեփանոսիՙ հոգեւորական լինելը թույլ չի տվել նրան լուսանկարչական աշխատանքն ընդարձակել եւ սահմանափակվել է ընտանիքի անդամներին լուսանկարելով: Այսուհանդերձ, լուսանկարչության գյուտից 10 տարի անց Նոր Ջուղայում կատարված լուսապատկերները փաստում են նորաստեղծ գործի հանդեպ հայ մարդու ունեցած հետաքրքրության մասին:

Ավո Հովհաննիսյանի «Նոր Ջուղայի հայ լուսանկարիչները» աշխատությունը գալիս է լրացնելու մեզանում լուսանկարչությանն առնչվող աննշան հրապարակումների բացըՙ դարձնելով այս բնագավառը հետագա ուսումնասիրողների համար ավելի ամբողջական:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 27-11-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ