RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:04:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 809, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՊՐԱՀԱՅՈՒՄ

ՕՐԵՐ

Ներկայացվեցին Վերֆելը, Վարուժան Ոսկանյանը եւ «Պլավ» ամսագիրը

Դեկտեմբերի 8-ին Պրահայի «Պիսեցկա Բրանա» ցուցասրահում տեղի ունեցավ 2015 թվականին Չեխիայում լույս տեսած եւ Հայոց ցեղասպանությանը առնչվող հրատարակություններին նվիրված գրական-երաժշտական ձեռնարկ: Ձեռնարկի կազմակերպիչներն էին Չեխիայում ՀՀ դեսպանությունը եւ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը:

Բացելով երեկոն ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց 2015-ի ընթացքում լույս տեսած չեխերեն երեք հրատարակություններըՙ Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը եւ «Պլավ» գրական ամսագրի հատուկ համարըՙ նվիրված հայ գրականությանը:

ՕՐԵՐ-ի խմբագիրը մասնավորապես նշեց, որ Վերֆելն իր հարցազրույցներից մեկում ասել է, թե հայ ժողովրդի մասին գիրք գրելու գաղափարը ծնվել է դեռեւս 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կարդալով եվրոպական թերթերը, ծանոթացել է հայ ժողովրդի ողբերգությանը եւ ցնցվել ...եւ որոշել է այդ բոլորը մարդկությանը ներկայացնել պատմական վեպով: Այնուհետեւ 3 տարի շարունակ Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը: Իսկ բուն վեպը գրելուն ազդել է 1929 թվականին Դամասկոսի գորգագործական ֆաբրիկա նրա այցը, երբ տեսել է այնտեղ աշխատող հայ մանուկների դեմքերը: 1933 թվականին գրված վեպը միայն 1934-35 թվականների ընթացքում թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով: Չեխերեն ունեցել է 7 հրատարակություն:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ՙ ամփոփելով 2015-ին Չեխիայում անցկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները: Դեսպանը նշեց, որ թեեւ ներկա երեկոն 2015-ի վերջին միջոցառումն էՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին, բայց մյուս տարի եւս կկազմակերպվեն ձեռնարկներ:

Դեսպանը կարեւորեց նաեւ Չեխիայի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը Երեւանում անցկացված ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Իր ելույթի ավարտին դեսպան Սեյրանյանը բարձր գնահատեց հրատարակված գրքերն ու ամսագիրը եւ ողջունեց հրատարակչությունների ներկայացուցիչներին:

Այնուհետեւ Ֆրանց Վերֆելի «40 օր» (այդպես է չեխերեն թարգմանության վերնագիրը) գրքի նոր հրատարակությունը ներկայացրեց «Վիշեհրադ» հրատարակչության խմբագիր դոկտոր Ֆիլիպ Օուտրատան : Նա նախ նշեց, որ գրքի վերահրատարակությունը առնչվում է 3 կարեւոր տարեթվերիՙ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի, Վերֆելի ծննդյան 125 ամյակի եւ նրա մահվան 70-ամյա տարելիցի հետ: Բանախոսը նշեց, որ հայտնի բանասեր Հանուշ Կարլախը գրքի երկրորդ թարգմանիչն է: Այս թարգմանությամբ գիրքը լույս է տեսնում երրորդ անգամ, իսկ նախորդ թարգմանությամբ լույս է տեսել 4 անգամ:

Անդրադառնալով գրքի գեղարվեստական արժեքին, խմբագիրը շեշտեց, որ այն իրավամբ մտել է համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ: Այնուհետեւ նա անդրադարձավ Վերֆելի ստեղծագործությանը եւ հայ ժողովրդի ողբերգությանը:

Ռումինահայ գրող, սենատոր, Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի չեխերեն թարգմանությանն անդրադարձավ վեպի թարգմանչուհի Յարմիլա Հորակովան : Նա նախ ներկայացրեց գրքի հեղինակի կենսագրականը, իսկ այնուհետ մի հատված ընթերցեց գրքիցՙ նվիրված Նեմեսիս օպերացիային:

Գիրքը Ռումինիայում լույս է տեսել 2009 թվականին, եւ արդեն թարգմանվել է մոտ մեկ տասնյակ լեզուներով, այդ թվում հայերեն:

Նշենք, որ Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայում, Ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում եւ այս վեպում տալիս է իր ընտանիքի պատմությունըՙ հայ ժողովրդի պատմության միջոցով:

«Համաշխարհային գրականությանը նվիրված Պլավ» գրական ամսագրի այս տարվա հատուկ համարն ամբողջությամբ նվիրված է Ցեղասպանության մասին հայ գրականությանը: Այն ներկայացրեց համարի պատասխանատու խմբագիր Պավլա Նեհասիլովան : Նա նշեց, որ առաջին անգամ չեխերենով ներկայացվել են ժամանակակից հայ գրողներ Ալեքսանդր Թոփչյանի, Վահագն Գրիգորյանի, Անահիտ Թոփչյանի, Արմեն Շեկոյանի ստեղծագործությունները, արեւմտահայ պոետների գործեր: «Պլավի» խմբագիրը նշեց, որ ամսագրում տեղ են գտել նաեւ դասականների գործեր, որոնք կապված չեն ցեղասպանության թեմայինՙ հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից, Հովհաննես Թումանյանի եւ այլ հայ գրողների ստեղծագործություններ: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր թարգմանիչներին եւ աջակիցներին:

Վերջում Հակոբ Ասատրյանը եւ Պավլա Նեհլասիլովան հայերենով ու չեխերենով ընթերցեցին Դանիել Վարուժանի բանաստեղծություններից:

Ձեռնարկի ողջ ընթացքում ներկաներին իր ելույթներով հիացրեց Հրադեց Կրալովեից ժամանած երգչուհի Ալվինա Աղաջանյանը : Նա կատարեց Կոմիտասի, ժողովրդական եւ ժամանակակից հայրենասիրական երգեր:

Վերջում տրվեց նաեւ փոքր հյուրասիրություն, ճաշակեցին «Մարլենկա» հայտնի թխվածքի տեսականին, սպառվեցին վաճառքի դրված գրքերն ու ամսագրերը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 11-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ