RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 11-12-2015



ՀԱՄԵՐԳ

Տեղադրվել է` 2015-12-15 00:04:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1427, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎ. «ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԻՄ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ԵՆ...»

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

Արամ Խաչատրյանի անվան երրորդ փառատոնը ավարտվեց «Խաչատրյանը եւ ջազը» համերգով

...Սրանից մի քառասուն տարի առաջ հեռուստացույցով դիտեցի մի համերգ, որը հիշեցի ամբողջ կայնքս. հոլանդական Exception խումբը, որը հայտնի է դասական երաժշտության իր յուրատեսակ ջազ/ջազ-ռոք մշակումներով, կատարում էր դինամիկ մի գործՙ պարզվեց, որ դա Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ն է... Ի՛նչ մեղքս թաքցնեմ, այն ժամանակ դեռ այնքան էլ լավ ծանոթ չէի մեր հանճարեղ հայրենակցի ստեղծագործություններին, ուստի սկզբից մտածեցի, որ իրենց իսկ ջազային գործն է` բանն այն է, որ այն շատ ներդաշնակ էր հնչում ջազային-այսպես կոչված «էստրադային» ոճի մեջ...

...Այս մասին նորից հիշեցի, երբ օրեր առաջ հայտարարվեց «Խաչատրյանը եւ ջազը» համերգի մասին, որով պետք է եզրափակվեր ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի անվան երրորդ միջազգային փառատոնը:

Համերգին պիտի մասնակցեին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ)ՙ հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, Հայաստանի պետական ջազ-նվագախումբըՙ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նաեւՙ տաղանդավոր եւ յուրահատուկ դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

Ինչպես դեկտեմբերի 5-ի համերգի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արմեն Հյուսնունցը , «բազմաթիվ ջազմեններ են անդրադառնում դասական երաժշտությանը, ինչից դասական երաժշտությունը չի տուժում... Այս նախագիծը եւս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Խաչատրյանի երաժշտությունը բացառիկ ազգային է, իսկ ազգային երաժշտության ջազային մեկնաբանությունը միշտ արդարացված է»:

Իսկ Վահագն Հայրապետյանի խոսքերով, «Մաեստրոն թուղթ ու մատիտով ամբողջ աշխարհին միայնակ ներկայացրել է մեր ազգը, երկիրը, պատմությունը: Խաչատրյանը համաշխարհային մեծություն է, ու մենք պետք է կարողանանք արժանին մատուցել նրան: Այս նախագիծն ինձ համար շատ կարեւոր է: Արամ Խաչատրյանը հայկական ջազի կայացմանը նպաստողներից մեկն է եղել: Երբ Արտեմի Այվազյանը ստեղծում էր առաջին ջազ նվագախումբը, Խաչատրյանն այն մարդն էր, որ գնաց դռնեդուռՙ Կենտկոմ, մշակույթի նախարարություն, որ այդ ամենը լինի... Արամ Խաչատրյանն ինքը կողմ էր նորարարության, ու ես վստահ եմ, որ այս նախագիծը նա կհավաներ...»:

«Ազգ»-ի խնդրանքով ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը , ամփոփելով Խաչատրյանի անվան փառատոնը, ասաց. «Խաչատրյանը հերոս է, որի երաժշտության ինքնատիպության համար նրան համարում ենք մեծ հայ եւ համամարդկային արժեք: Հպարտ եմ, որ Երիտասարդական նվագախումբը կյանքի կոչեց նրա անվան փառատոնը: Պարզապես չէինք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն»:

Ըստ Ս. Սմբատյանի, այս տարվա փառատոնի կարեւոր յուրահատկություններից էր այն, որ այն ուներ հստակ ձեւաչափՙ ամեն չորեքշաբթի` կամերային, ամեն շաբաթ օր` սիմֆոնիկ համերգներ (ընդհանուր առմամբՙ 10 կամերային եւ 10 սիմֆոնիկ համերգ): Այդ այսպես կոչված «աբոնեմենտային» համակարգը շատ հարմար է ինչպես հայ երաժշտասերների, այնպես էլ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների համար, ընդգծեց մաեստրո Սմբատյանը: Ըստ նրա, կազմակերպիչներն աշխատել են հնարավորինս հագեցած ու հետաքրքրական փառատոնային ծրագիր ներկայացնել հանդիսատեսին:

Ընդ որում, փառատոնի ամբողջ ընթացքը հեռարձակվել է առցանցՙ ավելի ու ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելով դասական երաժշտության գոհարները:

Խոսելով «Խաչատրյանը եւ ջազը» նախագծի մասին, Սերգեյ Սմբատյանը մեջբերեց հանճարեղ երաժիշտի խոսքերից. «Ջազն այն երաժշտությունն է, որն ինձ ուրախություն է պարգեւում»: Իր կարծիքովՙ «Խաչատրյանը եւ ջազը» նախագիծը պետք է ներկայացվի նաեւ արտասահմանում, եւ, իհարկե՛, Հայաստանի մարզերում:

Իսկ համերգը, որի պատվավոր հանդիսատեսների թվում էին ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի բացման առթիվ Երեւան ժամանած ռուսաստանյան բարձրաստիճան հյուրերը, փառահեղ էր...

ՀՊԵՆ-ի եւ ջազ-նվագախմբի անդամները այնքան ներդաշնակ էին փոխլրացնում միմիանց, որ թվում էր, թե դասական եւ ջազային երաժիշտները երկար տարիներ են համատեղ նվագում...

...Վահագն Հայրապետյանը մենակատարն է Խաչատրյանի հեղինակած Հայկական ԽՍՀ օրհներգի կատարման ընթացքում, իհարկե՛, իրեն բնորոշ իմպրովիզացիայով...

Դահլիճը, նաեւՙ նվագախումբը, քար լռություն է պահպանում, երբ Արմեն Հյուսնունցը սոպրանո-սաքսոֆոնով կատարում է շատ գեղեցիկ մի հատված «Օրորոցային»-իցՙ «Գայանե» բալետից: Այդ լռությունը խախտվում է միայն ծափահարությունների իսկական պայթյունով...

Սրան հետեւում են «Երիտասարդ քրդերի պարը», «Ուզունդարան» նույն բալետից, Ս.Սմբատյանին վահանակի մոտ փոխարինում է Ա. Հյուսնունցը: Տեղին եւ գեղեցիկ է հնչում այստեղ էլեկտրակիթառի մենակատարումը...

Խաչատրյան եւ դուդո՞ւկ: Այո՛, նա է գրել «Պեպո» կինոնկարի երաժշտությունը: Մենակատարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը: Դուդուկը, նվագախումբը, դաշնամուրը, դհոլը եւ հարվածային գործիքները (Տիգրան Սանոյան) այնպիսի մի համույթ են ստեղծում, որ թվում է, թե հենց հիմա համերգասրահի տանիքը կթռչի-կգնա...

Եվ նորից մենակատարն է Վահագն Հայրապետյանըՙ «Անդանտինո»:

Հետո էլ «Գարուն-Երեւան» երգն ենք լսում...

Եվ նորից թնդում է դահլիճը. երկու վիրտուոզ ընկերներՙ Հայրապետյանը եւ Հյուսնունցը կատարում են «Վալսը» Խաչատրյանի «Դիմակահանդեսից»:

Համերգը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Լեւոն Մալխասյանի 70-ամյակին, ով կատարեց Արամ Խաչատրյանին նվիրված Առնո Բաբաջանյանի «Անուրջները» եւ «Նոկտյուրնը»: Իսկ «Մալխասի»ՙ ռեգ-թայմի կատարումը ստիպեց հանդիսականին գրեթե պարել...

...Սկսեցինք «Սուսերով պարից»... Հենց դրանով էլ ավարտվեց համերգը, ու էլի փայլեց հարվածորդը:

Լեգենդար խորհրդային գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, խոհերը կիսելով սույն տողերի հեղինակի հետ, ասաց «Խելագարվել կարելի է... Պարզապես ցնցող է... Մեծն Խաչատրյանի այսպիսի՛ մեկնաբանություն... Մեծ ուրախություն է այս բոլորը լսելը, շատ հավանեցի...»:

Իսկ մեր հայրենակից, ռուսաստանյան հայտնի կոմպոզիտոր եւ դաշնակահար Լեւոն Օգանեզովը ասաց. «...Ես հավանեցի համերգը, հետաքրքրական էր... Երաժիշտները հիանալի էինՙ հարվածորդը, սաքսոֆոնահարը... Այն, ինչ իրենք արեցին «Վալսը» «Դիմակահանդեսից» կատարելիսՙ դա մի ուրիշ թեմա է, ես հիացած եմ... Հատուկ ուզում եմ նշել նաեւ, որ ինձ շատ դուր եկավ Սերգեյ Սմբատյանիՙ նվագախումբը ղեկավարելու ոճը... Ես պարզապես երջանիկ եմ, որ իմ պատմական հայրենիք Հայաստանում առկա է այսպիսի կատարողական մակարդակ, որը լավագույնն է ամբողջ հետխորհրդային տարածքում»:

Լուսանկարներըՙ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 11-12-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ