RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016



ԳԵՂԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-05-19 22:05:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Անի ԱՎԱԳՅԱՆ

Նրան վաղուց էի ճանաչում, բայց վերջին հանդիպումն ավելի գործնական էրՙ արվեստագետի ներաշխարհը բացահայտելու, նրա ստեղծագործական աշխարհն ավելի լավ ճանաչելու համար: Ասում են տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են կյանքի բոլոր բնագավառներում: Կարելի է լինել լավ նկարչուհի, ստեղծել գեղեցիկ կոլաժներ, զբաղվել զարդարվեստով, նկարել հրակայուն ափսեների, խեցեգործական զանազան իրերի վրա, լինել հայրենասեր մարդ կամ հոգատար մայրիկ, գեղեցիկ հայուհի եւ վերջապեսՙ լավ զրուցակից: Հնարավոր է, բայց երբ այս բոլորը միահյուսվում են, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ սովորական մարդու մասին է: Ոտք դնելով նկարչուհի Նինա Աղավելյանի բնակարանՙ առաջին վայրկյանից հասկանում ես, որ մուտք ես գործել արվեստագետի տուն. ամենուր պատերից կախված նկարները, սեղանին շարված ներկերը դրա վառ ապացույցն են:

Ստորեւ ներկայացնում եմ մեր զրույցից մի փոքրիկ հատված:


- Դուք սովորել եք Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետում, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք դառնալ նկարչուհի:

- 1978 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետը: Հիշում եմ մեր դասախոսներին. նրանք բոլորը իրենց գործի լավագույն մասնագետներ էին: Կրթությունը կամերային էր, պարզ, ամուր, հետագայում ընտրեցի արվեստի ճանապարհը եւ ավելի ամրապնդվեցի: Արվեստի ճանապարհը ընտրեցի ընտանեկան կյանքի բերումով, քանի որ ամուսինս գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցին էր: Հետաքրքրականն այն է, որ փոքր տարիքից ստեղծագործել եմ, եւ այդ պրոցեսը բոլորին զարմացնում էր բացի ինձնից, ես ապրում էի այդ ամենը եւ մտածում, որ այդպես էլ պետք է լիներ: Սկսեցի նկարել, ինձ խրախուսում էին արվեստագետ ընկերներս, արվեստասերները: Շուտով Նկարիչների միությունում ունեցա անհատական ցուցահանդես եւ մեկ ամիս անց դարձա Նկարիչների միության անդամ: Մինչ օրս մասնակցում եմ Միության ներսում կազմակերպվող գրեթե բոլոր ցուցահանդեսներին: Ունեցել եմ շատ անհատական ցուցահանդեսներ:

- Ինչքանո՞վ փիլիսոփայությունը եւ հոգեբանությունը օգնեցեին ձեզ նկարչության բնագավառում հաջողություններ ունենալու:

- Երբ պատրաստ ես լինում հոգեբանորեն , դու կարողանում ես կյանքը ճիշտ հաղթահարել եւ ճիշտ հունով ընթանալ, ճիշտ ճանապարհ ընտրել քո եւ կողքինիդ համար: Իսկ արվեստին, եթե մենք նայում ենք փիլիսոփայորեն. արվեստը կյանք է, կյանքըՙ փիլիսոփայություն, եւ նրանք իրար փոխկապակցված իրար լրացնում են:

- Տարբեր մարդկանց ոգեշնչման վայրերը տարբեր են. որտե՞ղ եւ ինչպես են ստեղծվում ձեր նկարները:

- Ես ինքս ինձ բազմիցս այդ հարցը տվել եմ: Առիթներ շատ են եղել դրսում լինելու, եւ երբ փորձել եմ այնտեղ ստեղծագործել, գրեթե չի ստացվել: Այդ պատճառով մինչեւ այսօր իմ մտքով չի անցել իմ բնակության վայրը փոխել: Հավանաբար իմ հայրենիքը այն միակ վայրն է, որտեղ ես կարող եմ ստեղծագործել, քանի որ արմատներով ամբողջովին կառչած եմ իմ հողին, ջրին: Հայրենիքը հոգեբանական եւ մշակութային կատեգորիա է, որի հետ ծնվել ես եւ որին կձուլվես. հող էիր, հող դարձար:

- Խոսեցինք ոգեշնչման մասին, իսկ ի՞նչը կարող է լինել ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Ոգեշնչման աղբյուր կարող է լինել բնությունը, երեխայի կողմից մի փոքրիկ ժեստը, ժպիտը, համբույրը, առերեւույթ այն ամենը, ինչը կարող է գեղեցիկ մատուցվել: Մեր ընկերները, նայելով նկարներին, հարցնում են, թե ինչպես եմ ստեղծել այսպիսի կտավներ: Երբ հետաքրքրվում են, դու սկսում ես ավելի շատ աշխատել:

- Ո՞վ է առաջինը տեսնում ձեր ստեղծագործությունները, ո՞ւմ խորհուրդներին եք հետեւում:

- Առաջինը իմ աղջիկն է տեսնում, եւ նրա կարծիքը շատ կարեւոր է, քանի որ հետաքրքրական ընթացք է տալիս ստեղծագործելու պրոցեսին:

- Գիտեմ, որ բացի նկարելուց նաեւ կոլաժներ եք ստեղծում:

- Վերջերս զբաղվում եմ բատիկ ստեղծագործություներով , այն արվում է մետաքսի վրա, զբաղվում եմ զարդարվեստով, կավի վրա եմ նկարում, զարդարում եմ կերամիկաներ, ստեղծում եմ կոլաժներ: Կոլաժների հիմքում ընկած են իմ առաջին ստեղծագործությունները, ձեռքիս տակ ընկած ամեն պիտանի եւ անպիտան իր ես վերածում էի արվեստի գործերի:

- Վերջերս եղել եք Փարիզում, գործնական նպատակներո՞վ էիք այցելել, թե՞ զուտ հանգստի:

- Կարելի է ասելՙ կիսագործնական: Ես մեկնեցի աղջկանս հետ, եւ պատկերացրեք, որ մենք 27 օր շարունակ այցելեցինք շատ թանգարաններ: Փարիզում լինելն երջանկություն է, քանի որ այնտեղից կարելի է մեծ լիցքեր ստանալ: Եվ ինձ ցավ է պատճառում այն, որ Հայաստանում թանգարանների համար հերթեր չկան, իսկ Փարիզում մտնելու համար ժամերով հերթ էինք կանգնում: Կարծում եմ, որ մենքՙ հայերս, շատ արվեստասեր ենք, իսկ արվեստի պահանջարկը այնտեղ էՙ արեւմուտքում: Տեսնում եք, ինչից էլ որ խոսում ենք, սկսում ենք արվեստով եւ ավարտում արվեստով: Այդպիսին է մարդկությունը. առանց արվեստի հնարավոր չէ գոյատեւել, հուսանք , որ սա գեղեցկության չափանիշ կլինի, եւ աշխարհը այս չափանիշներով կփրկվի:

- Վերջերս Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Դիմանկար» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցեցիք նաեւ դուք, ի՞նչ են ձեր տպավորությունները:

- Շատ հեաքրքրական ցուցահանդես էր, եւ ես մասնակցում էի մի կտավով, որը հիշեցնում էր թագուհու: Երկար մտածում էիՙ ում կարելի է տեսնել այս վեհանձն թագուհու կերպարում. հասկացա, որ մեր բոլոր թագուհիներն էլ լավն են եղել, եւ որոշեցի կտավն ուղղակի անվանել «Թագուհի»: Պետք է ասեմ, որ դիմանկարը բոլոր ժամանակներում էլ կարեւոր տեղ է ունեցել կերպարվեստում, եւ այս ցուցահանդեսին մասնակցում էին 100-ից ավելի նկարիչներ, եւ ամեն մեկն իր յուրօրինակությամբ տարբեր էր:

- Իսկ նոր ցուցահանդեսների կարո՞ղ ենք սպասել, ի՞նչ հետագա ծրագրեր ունեք:

- Ծրագրեր կան, հաջորդ տարի Նկարիչների միությունում տեղի կունենա իմ հոբելյանական ցուցահանդեսը: 2018 թվականի համար անհատական ցուցահանդեսի հրավեր եմ ստացել նաեւ Փարիզից, այսինքնՙ Փարիզում գտնվելը նպատակային եղավ:

- 21-րդ դարում մեծ տարածում ունի համացանցըՙ ինտերնետային կայքեր, թերթեր ու գործակալություններ, ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում առցանց միջավայրում:

- Համացանցը ունի իր դրական եւ բացասական կողմերը: Դրական է այն, որ կարող ես մի վայրկյանում կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ, բայց համացանցում նաեւ շատ բացասական բաներ ենք տեսնում: Իմ գործունեությունը սահմանափակվում է հիմնականում ֆեյսբուքյան տարածքում: Ունեմ ե՛ւ սովորական, ե՛ւ արվեստագետի էջ: Այն լավ հնարավորություններ է մեզ տալիս նոր ծրագրերի, գործունեություն ծավալելու համար:

- Ի՞նչ եք կարծում, նոր սերունդը որքանո՞վ է հետաքրքրված արվեստով:

- Պետք է ասեմ, որ հին ու նոր սերնդի մեջ շատ բան չի փոխվել, քանի որ այս հետաքրքրությունը մշակույթի մեջ արյան միջոցով է փոխանցվում: Կարծում եմ, կա այն մշակութային շերտը, որի շնորհիվ հայ մշակույթը կարող է ապրել դեռ երկար:

- Վերջին ժամանակներում երկրում տիրող պատերազմական իրադրությունը բնականաբար իր ազդեցությունն է ունենում նաեւ մեզ վրա: Ի՞նչ եք կարծում, որքանով է այս իրավիճակը ազդում արվեստագետի եւ ընդհանրապես մեր կայնքի բնականոն ընթացքի վրա:

- Պատերազմը բոլոր ոլորտների վրա է թողնում իր բացասական ազդեցությունը: Որպես մտավորական եւ արվեստագետՙ բարոյապես իրավունք չունենք անտարբեր լինելու եւ չտեսնելու այն, ինչ կատարվում է պատերազմական գոտում, եւ այն ներքին պատերազմը, որ անօրեն կեղեքում է մեր երկիրը: Մենք արվեստագետներս այդ առումով մշտարթուն ենք պահպանելու մեր հայրենիքի հոգեւոր սահմանները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ