RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016



ԿՈԹՈՂԱՅԻՆ ԳՈՐԾ

Տեղադրվել է` 2016-06-30 22:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3385, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄՊՐԵՍԻՈՆԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Իմպրեսիոնիզմ. Նկարիչ հայեր»ՙ շքեղ, մեծադիր պատկերագիրքը ներկայացնում է համաշխարհային մշակույթում հեղաշրջում առաջացրած գեղարվեստական ամենաազդեցիկ ուղղություններից մեկիՙ իմպրեսիոնիզմիՙ հայ կերպարվեստի վրա ունեցած ազդեցության եւ դրա անմիջական եւ անուղղակի կրողների համահավաք ամբողջությունըՙ սկսած հայ իրականության մեջ նրա հիմնադիր Եղիշե Թադեւոսյանից մինչեւ մեր ժամանակների նկարիչներՙ Արամ Իսաբեկյան, Փարավոն Միրզոյան եւ ուրիշներ:

Մասնավորապես նկարչության համար իմպրեսիոնիզմը ունեցավ հսկայական նշանակությունՙ երբ գեղարվեստական միտքը, գեղագիտական հայացքը սալոնային միջավայրից տեղափոխվեց դեպի կյանք, դեպի բնություն, դեպի լույս, եւ դրանց անմիջական տպավորությունները հանձնվեցին կտավին: Գեղարվեստական այս հոսանքի եւ դրա կրող արվեստագետների հոգեւոր հայրենիքը դարձավ Ֆրանսիան, Փարիզըՙ նրանց տանիքը, այն լավագույն միջավայրը արվեստի համար, որ կարող էր երբեւէ ստեղծվել: Իմպրեսիոնիզմի հիմնադիր Կլոդ Մոնեն եւ նրա ժամանակակիցներըՙ Էդուարդ Մանե, Էդգար Դեգա, Կամիլ Պիսարո, Օգյուստ Ռենուար, հիրավի փոխեցին նկարչության ընդունված դասական հունըՙ սալոնային, փակ միջավայրից դուրս գալով բաց, օդասուն տարածքներՙ պլեներ, որտեղ լույսը փոխում է իրերի բնույթն ու զգացողություններն աշխարհի: Մերձ, հնարավորինս ավելի մերձ բնությանըՙ «Մենք նկարում ենք այնպես, ինչպես թռչունն է երգում», այսպես է ասել Կլոդ Մոնեն: Հետագայում Պոլ Սեզանը կասի. «Նկարել բնությունից նշանակում է ոչ թե առարկան ընդօրինակել, այլ իրականացնել զգայությունները»: Ավելի ուշ աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից Արշիլ Գորկին իմպրեսիոնիզմը կհամարի «անստվեր լույսի արվեստ»:

Եվ իհարկե, հայերը, որ համարվում են նկարչական ժողովուրդ, հնարավոր չէր համաշխարհային մշակույթի վրա ահռելի ազդեցություն գործած այս հոսանքից անմասն մնային եւ չունենային հետեւորդներ: Ահա այս գեղարվեստական խնդիրն է հետաքրքրել պատկերագրքի հեղինակինՙ Երեւանի մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին , երբ մտահղացել է կազմել, ամբողջացնել հայ այն նկարիչներին, որոնք հետեւորդ են այդ ուղղության եւ կամ որոնց գործերում այս կամ այն չափով ներկա են իմպրեսիոնիզմի տարրեր: Անշուշտ նման ուսումնասիրությունը, հավաքչական աշխատանքը բավական ժամանակ է առել. ստվարածավալ պատկերագիրք, որտեղ համահավաք ներկայացված են իմպրեսիոնիստական ոճով ստեղծագործած հայազգի 37 նկարիչների շուրջ 300 աշխատանքների գունավոր վերատպություններ եւ մեկնաբանություններ: Յուրաքանչյուրի անվան կողքին բերվում են նաեւ հատվածներ նրա գրավոր ժառանգությունից եւ հեղինակի մասին նշանավոր մարդկանց կարծիքներ:

Պատկերագրքի շնորհանդեսին, որ տեղի ունեցավ անցած հինգշաբթի, Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում, հեղինակը իր շնորհակալական եւ մեկնաբանական խոսքում նշեց, որ չլինելով արվեստաբանՙ սիրով է այս աշխատանքը կատարել, մեկ անգամ եւս հավաստելով նկարչության հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքը, որի վկայություններից մեկն էլ նկարահավաքորդի իր հոբբին է: Թերեւս դա է հիմնական շարժառիթըՙ հեղինակելու կերպարվեստի մասին արդեն երկրորդ գիրքը: Առաջինը «Սոցռեալիզմը Խորհրդային Հայաստանի կերպարվեստում», հեղինակակցությամբ արվեստաբան Հրավարդ Հակոբյանի, աշխատությունը լույս է տեսել տարիներ առաջ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:

Հանդիսականին նախապես ներկայացվող տեսաֆիլմը ընդհանուր ակնարկ էր արվեստի մեջ այս ուղղության կատարած դերի ու նշանակության, պատկերագրքի մասին ընդհանուր տպավորություն եւ հեղինակի աշխատանքի գնահատությունՙ գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի կողմից, ինչը բավականին լավ մտահղացում եւ մուտք էրՙ ներկայացվող թեմայի, գեղարվեստական տվյալ միջավայրի մեջ հանդիսականին ներգրավելու: Շնորհավորանքի, նկարիչների անունից շնորհակալական առաջին խոսքը Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատկերագիրքը համարեց մշակութային արժեքՙ ընդգծելով, որ 21-րդ դար հայ ժողովուրդը հասել է հոգեւոր-մշակութային արժեքների շնորհիվ: Միաժամանակ նա նշեց, որ տարբեր ժամանակներում այդ արժեքներն ստեղծողները կարիք են ունեցել հոգածու ձեռքերի, շատ գաղափարներ, ծրագրեր կմնային չիրագործված, եթե չլինեին դրանց գնահատողներն ու հովանավորողները: Պատկառելի ֆինանսական միջոցներ պահանջող այս պատկերագիրքը նույնպես կմնար որպես մտահղացում, եթե չլիներ պետերբուրգաբնակ մեր հայրենակից Հրաչ Պողոսյանը , ում Էդ. Շարմազանովը ներկայացրեց որպես իսկական բարերար, բարեգործությունը քրիստոնեաբար ընկալող եւ այդպես մատուցող անձնավորություն, որ գովազդի, կամ մարդկանցից շնորհակալություն ստանալու համար չի անում, այլՙ իբրեւ հոգու պարտք, հովանավորելով կարեւոր արժեքներՙ լինի եկեղեցու վերանորոգչական աշխատանք, գրքի տպագրություն, կամ արվեստի գործ:

Մի քանի ընդհանուր խոսքով ներկայացնելով արվեստաբանության ասպարեզում մինչ այսօր հայկական իմպրեսիոնիզմին վերաբերող գիտական աշխատություններն ու մենագրություններըՙ Եղիշե Թադեւոսյանի մասին Ռուբեն Դրամբյանի մենագրությունից մինչեւ ներկայիս շրջանի աշխատությունները, ՀՀ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը առանձնացրեց պատկերագրքի երեք հիմնական առավելություններըՙ մեկ գրքում հայկական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների համահավաք, ստվար քանակը, շուրջ 300 գունավոր վերատպությունները մեկ ալբոմում զետեղելու եւ բարձր տպագրությամբ այն իրականացելու հանգամանքը եւ որ այդ 300 - ից գրեթե մեկ երրորդը առաջին անգամ են դրվում հանրային շրջանառության մեջՙ ըստ որում նաեւ արվեստաբաններին անծանոթ, քանի որ դրանք գտնվում են ոչ միայն մշտական ցուցադրություններում, այլեւ պահոցներում, արխիվներում, անհատ նկարահավաքորդների մոտ, եւ այս ամենը մեկտեղել եւ ներկայացնել մեկ ընդհանրության մեջ, իսկապես շնորհակալ աշխատանք է:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը ՙ ընդհանրացումների տանող իր խոսքին բնորոշ, բավական խորը անդրադարձ կատարեց հայ մշակույթի բնույթին եւ համաշխարհային գանձարանում նրա առանձնահատուկ տեղին, իմպրեսիոնիզմինՙ որպես ոչ միայն «գեղարվեստական - գեղագիտական ուղղություն, այլեւ որպես աշխարհայացքի փոփոխություն, նոր գաղափարախոսություն, իբրեւ ազատության պոռթկում, մումիայի վերածվող արվեստի դեմ ընդվզում», եւ այս ամենի համատեքստում հայկականը որպես այդ պրոցեսի գործոն մասնակից մշակույթ, որ դարի, ժամանակի հետեւից չի գնում, այլ համընթաց է ժամանակի ամենաառաջավոր, նորագույն ուղղություններին, եւ որ հայկական ստեղծագործ միտքը երբեք հետ չի մնացել համաշխարհային նորացվող պրոցեսներից: Հայաստանը, իբրեւ մշակութային ֆենոմեն, դիտարկվեց որպես եվրոպական արեւելք. «քաղաքակրթությունների պատերազմների այս ժամանակներում, չնայած պատմական դժվարագույն ճակատագրին, քաղաքակրթությունների հաշտեցման երկիր»: Մի շարք նկարիչներիՙ լայն հանրության համար նորովի բացահայտումը, նաեւ հնարավորինս նոր նյութ ներկայացնելու սկզբունքը, որով հեղինակը առաջնորդվել է պատկերագիրքը կազմելիս, գրքի առավելություններից են, միաժամանակ առանձին միավորները համակարգելու, ամբողջությունը տեսնելու, համակողմանիորեն ներկայացնելու շնորհիվ գիքը ձեռք է բերում է ճանաչողական- նշանակություն, մշակութաբանական արժեք:

Շնորհակալությամբ դիմելով ներկաներինՙ Ռուբեն Միրզախանյանը մի քանի լրացնող մեկնաբանություն արեց, նախՙ վերնագրի հետ կապված, որն ավելի ճիշտ է արտահայտում գրքի բովանդակությունը, որովհետեւ ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի տարբեր երկրներիՙ ծագումով հայ նկարիչներին, որոնց միավորում է արմատներով հայ լինելու հանգամանքը: Նա նկատեց, որ գրքում կան նկարիչներ, որոնք առանձին ուղղությունների հիմնադիրներ են, ինչպես Արշիլ Գորկին, Երվանդ Քոչարը, սակայն ստեղծագործական սկզբնական շրջանում կրել են իմպրեսիոնիստ վարպետների աղդեցություններ, եւ գրքում ընտրված են հենց այդ գործերը:

Նա շնորհակալությամբ անդրադարձավ այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել պատկերագրքի հրատարակության պատրաստման եւ տպագրության աշխատանքներինՙ խմբագրինՙ Արտաշես Մարտիրոսյանին , տեքստի անգլերեն եւ ռուսերեն թարգմանիչ Տիգրան Միքայելյանին , հրատարակիչՙ «Տիգրան Մեծ» տպագրատան տնօրեն Վրեժ Մարկոսյանին եւ առանձահատուկ վերաբերմունքով ընդգծեց երկու անունՙ գրքի մեկենաս Հրաչ Պողոսյանի, որ ինչպես արդեն ասվեց, նշանավոր բարերար է Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում, եւ որի նյութական աջակցությամբ շուրջ 50 եկեղեցի է վերակառուցվել, քանդակներ են ստեղծվել ու տեղադրվել երկու երկրներում, գրքեր տպագրվել, եւ Արա Հակոբյանին , որ մասնակցել է նկարիչների ցուցակի ճշգրտմանը եւ կատարել գրքում զետեղված նկարների ընտրությունը, սակայն խառնվածքին բնորոշ համեստությամբ հրաժարվել է իր անունը որեւէ կերպ առանձնացնելուց: Հեղինակը հավաստեց, որ ի տարբերություն իր նախորդ հրապարակումների, այս գիրքը ստեղծվել է ավելի անկաշկանդ մոտեցմամբ եւ առանձնահատուկ սիրով, անշուշտ թերություններ կլինեն, հուսով է, սակայն, որ ընթերցողը առավելություններ ավելի շատ կգտնի:

Հանդիսությունն ուղեկցվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական կատարումներովՙ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 01-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ