RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016



ՖԻԼՄԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2016-07-07 20:52:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1782, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՀԵՏՔԵՐ. ՉՈՐՍ ԴՐՎԱԳ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

1. ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ 1935-Ի՞Ն

1935-ին սփյուռքահայ մամուլում գրվել է. «Ամերիկահայ թերթերը կը գրեն.- «Փարամաունտ» (Paramount) շարժանկարի ընկերութիւնը մօտ օրէն ցուցադրութեան պիտի հանէ Մեծ եղեռնի հայ կեանքէն առնուած «The last Outpost»- Վերջին Յառաջապահը- պատկերախաղը, որ կը ներկայացնէ հայկական ողբերգութիւնը, ջարդերն ու հալածանքը: Այս կտորին մէջ խաղալու համար ընկերութիւնը կոչ ըրած է հայերու, որպէսզի որոշ դերեր առնեն: Ներկայացած են միայն քանի մը գորգավաճառներ ու փերեզակներ, որոնք զուրկ ըլլալով դերասանական յատկութիւններէՙ մերժուած են: Գլխաւոր դերերը պիտի խաղան Կէրի Կրանթ եւ Քլոտ Րէյնդ (պիտի լինի Ռեյնս- Ա. Բ.), որոնց երկուքն ալ պիտի ներկայացնեն անգլիացի հարիւրապետներուն դերերը» (Ուիլեըմ Քեմպըրլի Փալմըր հայկ. Ջարդերը շարժանկարի վրայ, «Յուսաբեր», 12.09.1935):

Փաստորեն, ըստ այս աղբյուրի, 1935-ին Ամերիկայում Մեծ եղեռնին վերաբերող ֆիլմ է նկարահանվել: Իսկապես, ֆիլմագրություններում նշվում է, որ Չարլզ Բարթոնի եւ Լուի Գանիեի «Վերջին ուղեկալը» ֆիլմի հերոսների մեջ կան նաեւ հայ պատրիարք, հայ սպա, հայ պահակ...

Այսօր Համացանցը հայաստանցիներիս հնարավորություն է տալիս դիտել տասնամյակներ շարունակ անմատչելի մնացած շատ կինոնկարներ: Եվ պարզվեց, որ թեեւ ֆիլմի գործողությունները կատարվում են «ինչ-որ տեղ Քրդստանում», սակայն իրականում «Մեծ եղեռնի հայ կեանքէն» չեն առնված: Հայ բառը չի հնչում ողջ ֆիլմում, սակայն ելնելով ֆիլմի գործող անձանց մեջ երեք հայ հերոսների հիշատակությունիցՙ ենթադրում ենք, որ դրանք ֆիլմի սկզբում ներկայացված գաղթականներն են, որոնց գնդակահարում են: Նրանց հետ սպանվում է նաեւ բանտարկված ռուս զինվորականը, որի դերակատարն էլ հայազգի նշանավոր դերասան Ակիմ Թամիրովն է, որի անունը, սակայն, նշված չէ դերակատարների մեջ:

2. ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ ԽՈՐՀՐԴԱ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ

Մոսկվայում ծնված հայազգի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը 1968 թվականին Նորվեգիայի կինեմատոգրաֆիստների համագործակցությամբ նկարահանեց «Ընդամենը մեկ կյանք. Պատմություն Ֆրիտյոֆ Նանսենի մասին» ( Bare et liv - historien om Fridtjof Nansen ) խաղարկային կինոնկարը, որը մեծ բեւեռախույզի եւ մարդասերի կենսագրության հնարավորինս սեղմ կինոտարբերակն է:

Նանսենի անունն անքակտելի է Հայոց ցեղասպանության թեմայից, ուստիեւ այդ նյութի շուրջ տասնամյակներ շարունակ լռություն պահպանած Մոսկվան պիտի որ առանձնակի պատրաստակամությամբ չխոսեր այդ մասին: Երեւանում արդեն հանրությունը սկսել էր պահանջել մոռացությունից հանել խնդիրը, նույն 1968 թվականին Երեւանում սկսվել էր Եղեռնի զոհերի հուշահամալիրի շինարարությունը, ուստիեւ խորհրդառուս կինոգործիչները չէին կարող շրջանցել «Նանսենը եւ հայերը» թեման:

Չգիտենք, որքանով է ռեժիսոր Միքայելյանի ծագումն ազդել իր ֆիլմում այդ կարճ դրվագի ի հայտ գալու վրա (ֆիլմի սցենարի չորս հեղինակներից երկուսը նորվեգական կողմից են, չորսըՙ խորհրդային): Ինչեւէ, էկրանին անսպասելիորեն հայտնվում են չորս հայերՙ մի կին, մի հոգեւորական, մի ծերունի եւ միջին տարիքի մի տղամարդ: Տարիքոտ կինն ասում է. «Մենք հայեր ենք: Արեւմտահայեր: Թուրքերը մեզ քշում էին մեր բնակատեղերից: Կոտորում էին կանանց, երեխաներին, ծերերին: Այժմ մենք թափառում ենք աշխարհով մեկ, ուզում ենք վերադառնալ հայրենիք: Նանսենն եք, դուք մեզ կօգնեք»: Արեւելահայերեն խոսող արեւմտահայ կնոջ այս խոսքերն անգլերեն է թարգմանվում որոշ շեղումներով (ի դեպ, ռուսերեն թարգմանությունն էլ իր հերթին փոքր-ինչ տարբեր է): Տարեց հայուհուՙ փոքր-ինչ թատերական հնչող այս խոսքին հետեւում է ֆիլմի հերոսներից մեկի հարցը Նանսենին. «Եվ ի՞նչ: Ուրեմն, հիմա էլ հայե՞րը»: Եվ ոչ մի խոսք Նանսենի հայանպաստ գործունեության մասին, ինչը, ելնելով ֆիլմից, ինքնին ենթադրվում է:

Քի՞չ է: Ոչ այնքան. 1960-ականներին մեծ էկրանից հնչեց մոռացության տրված ողբերգությունըՙ թուրքերը կոտորում էին հայերին...

Ֆիլմի ենթագրերում չկան հայկական ազգանուններ: Սակայն էպիզոդների բաժնում առկա «Ը. ԽՈՐՈչՈՔ» նշումը բացահայտում է տարեց հայուհու դերակատարինՙ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, ասմունքի վարպետ Հայկուհի Գարագաշին (1900-1973), որը մինչ այդ «Հայֆիլմում» նկարահանվել էր «Ում է ժպտում կյանքը», «Առաջին սիրո երգը», «Հյուսիսային ծիածան», «Լուսաբացից առաջ», «Լալվարի որսկանը» եւ «Քաոս» կինոնկարներում: Նանսենին այցելած հայուհու դերը Հայկուհի Գարագաշի վերջին դերն էր կինոյում:

3. «ԶՎԱՐԹՆՈՑԸ» ԼԵՀԱԿԱՆ ԿԻՆՈՀԵՔԻԱԹՈՒՄ

1985 թվականին լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկին նկարահանեց «Պան Կլյաքսայի ուղեւորությունը» մանկական ֆիլմ-հեքիաթը հրաշագործ Ամբրոզի Կլյաքսայի (Թանաքաբծի) արկածների մասին: Այս հերոսը պատմում է փոքրիկ Պետրեկին, թե ինչպես Մեծ Էլեկտրոնիկը ծրագրել է ոչնչացնել թանաքի պաշարները Հեքիաթների Թագավորությունում, որպեսզի մարդիկ զրկվեն իրենց ֆանտազիաները գրի առնելու հնարավորությունից եւ ենթարկվեն մեքենաների կամքին: Հերոսներն ուղեւորվում են տարբեր երկրներ, արկածների են հանդիպում ամենատարբեր վայրերում... եւ ահա հայ հանդիսատեսը տեսնում է իրեն քաջ ծանոթ մի տեղանքՙ «Զվարթնոց» օդակայանի շենքը: Լեհ-խորհրդային արտադրության կինոնկարի հեղինակները, ի թիվս Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի օդակայանի նորաբաց շենքի, տեսել են իրենց երեւակայական աշխարհի գործողության վայրերից մեկը: Եվ իսկապես, այդ մոդեռն շինությունը (որպիսիք քիչ էին ԽՍՀՄ տարածքում) չափազանց հարմար էր արդիական հեքիաթի համար: Այս առթիվ չենք կարող ցավով չնշել այն խայտառակ իրողությունը, որ անգամ օտարերկրյա կինոհեքիաթ մուտք գործած այդ հետաքրքրական կառույցը այսօր տեղական ինչ-ինչ ուժեր նույնպես ցանկանում են վերացնել երկրի երեսից...

4. ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻԼՄՈՒՄ

Հռչակավոր ամերիկյան կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի վերջին աշխատանքներից է «Երիտասարդություն առանց երիտասարդության» կինոնկարը (2007)ՙ ռումին գրող Միրչա Էլիադայի համանուն վիպակի էկրանացումը, որն իր գեղարվեստական արժանիքներով բավական զիջում է «Կնքահոր» հեղինակի նախորդ ֆիլմերին: Ֆիլմի հերոսիՙ կայծակնահար եղած յոթանասունամյա լեզվաբան-փիլիսոփայի մոտ սկսվում են անոմալ երեւույթներ: Քանի որ նա աշխատություն է գրում լեզուների ծագման մասին, կինոնկարում օգտագործվել են 12 լեզու, այդ թվումՙ ինչ-որ մտացածին արհեստական լեզու:

Եվ ահա կադրից դուրս հնչող իտալերեն եւ չինարեն խոսքերից հետո ամերիկյան առոգանությամբ հնչում էՙ

Եթէ տժգոյն մահու հրեշտակ

Անհուն ժպիտով մ իջնէ իմ դէմ,

Շոգիանան ցաւքս ու հոգիս,

Գիտցէ՛ք, որ դեռ կենդանի եմ:

Ինչպե՞ս է Պետրոս Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծության առաջին տունը հայտնվել ամերիկյան ֆիլմում...

Եթե Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը» կինոնկարում վիդեոյից լսվում է հայկական «Պույպույ մուկիկը» մուլտֆիլմի հայտնի երգը, կամ Ռոբեր Գեդիգյանի (Կետիկեան) «Քաղաքը հանգիստ է» ֆիլմի վերջում հերոսները սկսում են խոսել հայերեն, այդ անդրադարձների ծագումը հասկանալի է, մինչդեռ Կոպոլայի ֆիլմի դեպքում... Բայց այստեղ եւս խառն է «հայի մատը»: «Երիտասարդություն առանց երիտասարդության» կինոնկարի գործադիր արտադրիչն Անահիտ Նազարյանն է, որի համագործակցությունը Կոպոլայի հետ սկսվել է դեռեւս 1979-ինՙ նշանավոր «Ապոկալիպսիսըՙ հիմա» կինոերկից: Եվ չնայած Անահիտ Նազարյանն ինքը չի տիրապետում հայոց լեզվին, սակայն ջերմորեն կապված է իր հայկական ժառանգությանը, երկու անգամ եղել է Հայաստանում, եւ իր ընտրությամբ է Կոպոլայի կինոերկ մուտք գործել «Սկյուտարի սոխակի»ՙ հայ քնարերգության մեծագույն դեմք Պետրոս Դուրյանի բանաստեղծության այդ հատվածը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ