RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016



ՑՈՒՑԱՍՐԱՀ-ԱԼԲՈՄ

Տեղադրվել է` 2016-07-07 20:52:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1717, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ARTBEEP-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«ԵԹԵ ՁԵԶ ՈՐԵՎԷ ՆԿԱՐ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ, ԳՆԵՔ ԱՅՍՕՐ...»

Իր տեսակի մեջ նկարների եզակի ցուցադրություն տեղի ունեցավ անցած ուրբաթ ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի նորաոճ, հարմարավետ դահլիճում.- ցուցահանդես-վաճառք, որ իրականացնում էր ARTBEEP-ը: Ներկայացված 40 հայ արվեստագետների 55 աշխատանքների գերակշռող մասը նկարներ էին: Արվեստասեր հանրության, նաեւ նկարահավաքորդների ուշադրությունը գրաված այս ցուցադրությունը իսկապես յուրահատկություններ ուներՙ գաղափարի, նպատակի, մոտեցման, մանավանդ որ բարեգործական մաս ուներ իր մեջ: Հյուրընկալ մուտքը, նկարների հետ ընդհանուր ծանոթությունը, երաժշտության ստեղծած տրամադրությունները ապահովել էին արվեստային հաճելի մթնոլորտ: ARTBEEP-իՙ Գեղարվեստի ակադեմիայի համագործակցությամբ այս ցուցահանդեսը եւ դրանից առաջ էլ բեյրութահայ մտավորական Գրիգոր Շահինյանիՙ Շահան Շահնուրին նվիրված երեք գրքերի (հրատարակությունըՙ «Ազգ» թերթի) շնորհանդեսը գեղեցիկ սկիզբ էրՙ Բարեգործականի այս վայրը մշակութային կենտրոնի վերածելու. այս մասին ասաց ՀԲԸՄ-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեքյանը : Ողջունելով հյուրերինՙ նա ներկայացրեց նախագծի գաղափարի հեղինակ Վաղարշակ Բարսեղյանին : ARTBEEP-ը (artbeep.am) ստեղծվել է 6 ամիս առաջՙ նպատակ ունենալով արվեստի համաշխարհային շուկայում ներկայացնել Արեւելյան եւ Հարավային Եվրոպայի ժամանակակից նկարիչներին, միաժանակ ներգրավելով նաեւ արվեստասերների եւ նկարահավաքորդների: Այս ընթացքում 7 երկրի շուրջ 100 նկարիչ 1000 աշխատանքով մասնակցում է ծրագրինՙ Հայաստանից, Վրաստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից: Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել մայիսին Լոնդոնում եւ ունեցել է հաջողություն, վաճառվել է 10 նկար, որից 6-ըՙ հայ նկարիչների գործեր: Սա լավագույն ճանապարհներից էՙ ներկայիսՙ հատկապես հայաստանցի նկարիչների համարՙ համաշխարհային շուկա դուրս գալու եւ վաճառք իրականացնելուՙ նկատի ունենալով արվեստի տեղական շուկայի սահմանափակ հնարավորություններն ու թույլ զարգացածությունը: Ինչպե՞ս է ծագել նման ծրագրի գաղափարը, այդ մասին հակիրճ, պարզ եւ ամփոփ ներկայացրեց Վաղարշակ Բարսեղյանը:

Նա պատմեց, որ երբ իր ընտանիքը 15 տարի Հայաստանից բացակայելուց հետո Երեւանում բնակարան գնեց, ցանկություն կար նկարներ ունենալ տան պատերին: Հետաքրքրվելով պարզել է, որ այստեղ լավ նկարիչների ուժեղ գործեր չկան: «Կա Վերնիսաժ եւ մի քանի պատկերասրահ, այնտեղ մի քանի նկար հավանեցի, բայց առասպելական գների էին, այսինքնՙ եթե դրանք կախեի պատերին, այդ նկարների գումարը ավելի թանկ կլիներ, քան բնակարանն իր նորոգությունով: Զանգեցի Կիեւի, Թիֆլիսի, Մինսկի ընկերներիսՙտեղեկանելու ինչպես է վիճակն այնտեղ: Ասացինՙ այդպիսի մարդիկ շատ չկան: Մեծահարուստները Լոնդոնից գնում են հայտնի նկարչի մի թույլ գործ, գալիս ասում ենՙ Էնդի Ուորհոլ եմ գնել: Միջին շերտն էլ Վերնիսաժից է գնում, կարեւորըՙ էժան լինի: Կան եւ լավ գործեր, տարեկան մի 5-10 նկար է վաճառվում, եւ այդ հեղինակներն էլ ապրում են, ինչպես Արեւելյան Եվրոպայի նկարիչները 100 տարի առաջ, Մոդիլիանիի ժամանակներում:

Ի վերջո, իմ ուզած նկարները գնեցի: Հանդիպում էի այդ նկարիչներին, այցելում նրանց արվեստանոցները, ընտրում լավագույն գործեր: Այդ պրոցեսի ընթացքում ծնվեց ARTBEEP-ի գաղափարըՙ ինչու չմիավորել մեր տարածաշրջանի նկարիչներին նկար սիրող մարդկանց հետ»:

Նա հույս ունի, որ այս ցուցահանդեսը եւս կունենա հաջողություն, ինչպես նախորդը: Ներկայացված գործերը առնչվում էին հայկական միջավայրի, բնության հետՙ տարբեր ոճերի, տարբեր ուղղություններիՙ դասականից մինչեւ մոդեռնիստական մոտեցումներովՙ հայտնի նկարիչների աշխատանքներ (Էդուարդ Իսաբեկյան, Անատոլի Գրիգորյան, Էդվարդ Վարդանյան, Արամ Իսաբեկյան, Սարո Կալենց, Կարեն Աղամյան, Փարավոն Միրզոյան, Սուրեն Սաֆար, Ավետիք Ավետիսյան, Վիլիկ Զաքարյան, Տիգրան Թոքմաջյան...), ինչպես նաեւ ոչ այնքան հայտնի:

ARTBEEP-ն ունի աշխատելաոճի մի քանի սկզբունքներ, բոլորովին կարեւոր չէ արվեստագետի հայտնիության հանգամանքը, կարեւորը գործն է, որակը: Ինչպես հայտնի է եւ ինչը նաեւ բնական էՙ հայտնի շատ նկարիչներ ունեն նաեւ թույլ գործեր: Ավարտին նա տեղեկացրեց, որ վաճառված նկարների հասույթի 10 տոկոսը տրամադրվելու է Արցախի օգնության ֆոնդին, գումարի մեծ մասըՙ նկարիչներին, եւ մնացածըՙ ARTBEEP-ին: Ուշագրավ էր նաեւ մոտեցումը, թե նրանք, ովքեր ունեցել են ներդրում այս ֆոնդին կամ այս կամ այն պատճառով համակիր չեն այդ մոտեցմանը, կարող են իրենց դուր եկած նկարը գնել ուղղակի նկարչից, այդ պարագայում գումարն ամբողջությամբ նկարչինն է:

ARTBEEP-ի թե՛ գաղափարը, թե՛ իրագործումը, հիշյալ ցուցահանդեսի բարձր մակարդակով կազմակերպումը ողջունեցին Կարեն Աղամյանը եւ Արամ Իսաբեկյանը. նա նաեւ մասնակցել էր էքսպոզիցիային: Ողջունելի համարվեց քանդակների ընդգրկումը ցուցադրության մեջ, առանց տարիքային սահմանափակումների մասնակցության ազատ ձեւը, որտեղ նաեւ ուսանողների աշխատանքներ են տեղ գտել, իսկ գլխավորըՙ որ հայ նկարիչները նաեւ այս ճանապարհով մուտք կգործեն արվեստի համաշխարհային շուկա:

Վերջում ուզում եմ ընդգծել Վաղարշակ Բարսեղյանի մոտեցումըՙ նկարի, արվեստի գործի ձեռք բերման վերաբերյալՙ ոչ միայն իբրեւ գեղարվեստական արժեք ու գեղագիտական հաճույք, նաեւ իբրեւ ինվեստիցիա: «Եթե որեւէ նկար ձեզ դուր է եկել, գնեք այսօր, այն ձեզ երկար տարիներ կուրախացնի, իսկ ձեր թոռների համար կապիտալ է: Պատկերացրեք, որ ձեր պապերից մեկը ժամանակին Սարյանի նկար գնած լիներ...»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ