RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 19-08-2016



Տեղադրվել է` 2016-08-18 21:54:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 2743, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐԻ ՍԵՎՆ ՈՒ ՍՊԻՏԱԿԸ

Նաիր ՅԱՆ

Գրողները լավ ընթերցող են փնտրում, ընթերցողներըՙ լավ գրող։ Ու էլի ընդհանուր հորձանքին տրվելով ու մոդայիկ երեւալու համար հայացքներս հառում ենք անուն հանած, բայց իրականում գրական-գեղարվեստական համեստ արժեքների կրող Մարկեսին ու Կոելյոյին։ Գրական անունների ճանաչված լինելը եւս ճիշտ ու համառ PR-ից է կախված, որի արդյունքում հասարակությունն ինքնամոռաց կսկսի տուրք տալ հնչեղ անուններին, գրախանություների առաջ հերթ կկանգնիՙ հերթական բեսթսելերը ձեռք բերելու համար։ Ու եթե անգամ հիասթափվի էլ, միեւնույն է, հմայված կարծիք կհայտնի իր կարդացածի մասին։ Այս հորձանուտում է, որ անտեսված են մնում տաղանդավոր, բայց չգովազդվող հեղինակները։ Այս հորձանուտում է, որ նաեւ բացահայտվում են շնորհալի ու հետաքրքրական գրողները։

Եթե ոչ հեռավոր անցյալում գրադարաններն էին գրական դաշտի լակմուսի թուղթը, ապա այսօր այդ դերում գրախանութներն են։ Նախՙ գրադարանները հազվադեպ են ստանում նոր գրքեր, եւ ընթերցողները լավ գիտեն, որ ժամանակակիցների գործերը պետք է փնտրել գրախանութներում։ Իսկ գրախանութները շահագրգռված են վաճառել պահանջարկ ունեցող գրքեր, որովհետեւ մասնավոր են ու, բնականաբար, շահույթ են հետապնդում։ Եթե գիրքը տարեկան վաճառվում է 100-200 օրինակով, ուրեմն ընտիր ցուցանիշ է. հեղինակը սիրված ու պահանջված է։ Ի դեպ, հիմա քիչ են կարդում պոետներին։ Օրինակՙ Ֆրանսիայում բանաստեղծությունների ժողովածուները հրատարակվում են սովորաբար 500 օրինակով, հետեւաբար քիչ էլ վաճառվում են։ Ավելորդ է երեւակայել, թե գիրքը հեղինակին եկամուտ է բերում։ Գիրք հրատարակելն ընդամենը մխիթարանք է ու հոգեկան բավարարվածություն, որի առավելագույն արտահայտությունը ընկերական շրջապատում թեթեւ գինարբուքը կամ մի գավաթ գինով կամ գարեջրով գրքի ծնունդը նշելն է։ Իսկ եթե ոտանավոր գրող աղջնակը կամ երիտասարդը որոշել է մեկ-երկու օրինակով իր ժողովածուն տպագրել ու հյուրերի ներկայությամբ իր մայրիկի ծննդյան տարեդարձին հաճելի նվեր անել, ուրեմն սա էլ շնորհանդեսի մեկ այլ դրսեւորում է, որի մասին եւս ֆեյսբուքը մի քանի վկայություններ է արձանագրել։ Երջանիկ մայրիկըՙ որդու կամ դստրիկի գիրքը շուրթերին հպած, «բանաստեղծ» որդու կամ դստրիկի նույնքան երջանիկ դեմքըՙ վերեւում վերնագիրՙ «Ահա եւ իմ առաջին գիրքը»։ Իհարկե, իրականումՙ առաջին ու վերջին գիրքը։

Ժամանակակից աշխարհը նախապատվությունը տալիս է արձակին, հայ ընթերցողըՙ նույնպես։ Այս համատեքստում բեւեռացված են իրական եւ վիրտուալ իրականությունները. սոցցանցերում, մանավորապես ֆեյսբուքում ու առանձին բլոգներում մեծ դիտում են ապահովում բանաստեղծությունները, ասենք մի աղջնակի հանգավորված ոտանավորը կարող է հավաքել մի քանի հազար like, սակայն տպագիր տարբերակի վրա հաստատ մի մատ փոշի կնստի։ Սոցցանցերը տարերային են ու խաբուսիկ, սակայն հանրահռչակման ու քարոզչության տեսակետիցՙ հասանելի ու մատչելի հարթակ, որտեղ ինքնադրսեւորվում են նաեւ տաղանդավոր ու շնորհաշատ ստեղծագործողները։ Գրականագետներն ու գրաքննադատները դարձյալ ոչ հեռավոր անցյալում գնահատում էին նոր գրողներին։ Նրանց մասնագիտական կարծիքի հիման վրա էր ստեղծվում հասարակական արձագանքը, որոշվում հեղինակի գրական ճակատագիրը։ Մեր օրերում չկա գրաքննադատություն, չկա մասնագիտական գնահատական. գրական դաշտի քաոսում ամեն մեկն իր ճանապարհն է ակոսում իր ճարպկության ու հնարավորությունների չափով։

Գռուզ մազեր, անփույթ հագուկապ, խռիվ մորուք, մաշված քթերով կոշիկներ ու օղու հոտ. գրողի կարծրացած այս կերպարն այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում ու, առավել եւս, գրավում։ Մեր ժամանակների երիտասարդ գրողները ոչ մի առնչություն չունեն վերոնշյալ կարծրատիպի հետ։ Նրանք մեծ մասամբ արտաքնապես ոչնչով չեն տարբերվում ՀՀ մյուս քաղաքացիներից, բայց ոմանք տեւական ժամանակ աշխատել են իրենց իմիջի վրաՙ համոզված, որ անսովոր արտաքինը եւ վարքագիծը եւս նպաստում են հանրաճանաչ լինելուն։ Օրինակՙ Արամ Պաչյանը սկսեց բանդանա կապել գլխին, հագուկապով նմանվել ռեփերներին, կոշիկների քուղերը չկապել ու, ամենակարեւորը, անհասանելի մնալ շատերի ու հատկապես լրագրողների համար. նա բջջային հեռախոս չի պահում։ Իմիջ է, ոչինչ չես կարող ասել. ընդ որում, աշխատող իմիջ է։ Մի ժամանակ Արամ Պաչյանի երկրպագուհիներն անխնա դարպասում էին երիտասարդ գրողին։

Աղջիկների հետապնդումներից գլխացավանքի մեջ էր նաեւ բանաստեղծ Կարեն Անտաշյանը ։ Նրանք տպագրվելու խնդիր չունեն. հրատարակիչները ձեռք ձեռքից խլում են նրանց անտիպները։ Գրական դաշտում քչերն են նման բախտի արժանանում։ Գուրգեն Խանջյանի , Լեւոն Խեչոյանի , Հովհաննես Թեքգյոզյանի , Հովհաննես Գրիգորյանի գործերը եւս հետաքրքրում են հրատարակիչներին։ Թեեւ պետք է նշել, որ նրանք եւս լավագույն դեպքում տպագրվում են 500 օրինակով։ Ու երբ գրքի միջազգային տոնավաճառներում մեր հեղինակներին թարգմանելու եւ տպագրելու նպատակով մերոնք բանակցում են օտարազգի հրատարակիչների հետ, վերջիններս զարմանում են, թե ինչպես կարող է պահանջարկ վայելող գրողը հրատարակվել ընդամենը մի քանի հարյուր օրինակով, ընթերցասիրության նահանջ, եւլն։ Դե արի ու նրանց բացատրիր, որ դրա համար հազար ու մի պատճառ կաՙ փոքր երկիր, 40 տոկոս աղքատություն։ Դե արի ու բացատրիր, որ մենք մեր ամսական եկամտի 60 տոկոսը սննդին ենք տալիս, 20-30-ըՙ կոմունալ ծախսերին եւ միայն կես տոկոսն ենք, այն էլ ժամանակ առ ժամանակ, հատկացնում հոգեւոր սննդին։

Մեր հեղինակներն օտար լեզվով ավելի մեծ տպաքանակով են հրատարակվում, քան մայրենի լեզվով։ Արամ Պաչյանի «Ռոբինզոն» գիրքն ուկրաիներեն տպագրվել է 2000 օրինակով, մինչդեռ նրա երեք գրքերը միասին հայերեն հրատարակվել են 1500 տպաքանակով։ Չորս ամսում ուկրաիներենը սպառվել է, ու պատրաստում են երկրորդ հրատարակությունը։ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպն ԱՄՆ-ում հրատարակվեց հենց ամերիկացիների պատվերով, Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» լույս տեսավ թուրքերերն, հիմա տպագրվում է նաեւ Կանադայում։ Ուկրաինացիները կարդացել են Լեւոն Խեչոյանի «Խնկի ծառն» ու ապշել, որ մեր օրերում նման գրող կա ու նա Նոբելյան մրցանակ չի ստացել։

Գրախանութների դարակները վկայում են, որ ժամանակակից մի քանի հայ գրողներից բացի, մեծ պահանջարկ են վայելում նաեւ թարգմանական գրքերը։ Այս ասպարեզում մեր հրատարակիչները համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ։ Մեր պետությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, եթե այլ երկրներից մեր գրողներին օտար լեզվով հրատարակելու առաջարկներ են լինում։ Նույնատիպ քաղաքականություն են որդեգրել նաեւ ուրիշ պետությունները։

Գրքերի աշխարհում ցավոտ է մանկապատանեկան գրականության խնդիրը։ Մանկական գրքեր մեծ ցանկության դեպքում դեռ հնարավոր է գտնել, բայց ինչ վերաբերում է պատանեկան գրականությանը, հարցը շատ լուրջ է։ Մեր դեռահասները շարունակում են մնալ «Ռոբին Հուդի», «Գանձերի կղզու», «Ռոբինզոն Կրուզոյի», «Տասնհինգամյա նավապետի» հույսին։ Առավել ինտելեկտուալները կարդում են «Գարգանտյուա եւ Պանտագրյուել», «Գուլիվերի ճանապարհորդությունները», «Երեքի սիրտը», «Մարտին Իդենը», «Հարի Փոթերը», «Ալ կարմիր առագաստները»։ Չմոռանանք նշել Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» եւ «Սեւանի ափինը», որոնք կարդալուց առաջ մեր պատանիներին պետք է պատմել պիոներ, կոմունիստ, հոկտեմբերիկ հասկացությունների մասին։

Տեղական հրատարակիչները փորձում են ամեն կերպ քաջալերել, որպեսզի պատանեկան գրականություն ստեղծվի, անգամ քառակի հոնորարներ են խոստանում, բայցՙ ապարդյուն։ Մերոնք չեն ստեղծագործում ֆանտազիայի կամ դեռահասներին հետաքրքրող այլ ժանրերով ու թեմաներով։ Պատմվածքի մրցույթների ժամանակ մի քանի հարյուր հայտ է ստացվում, սակայն դրանցից եւ ոչ մեկը պատանիների համար չէ։ Եթե մանկական գրականությունը լավ է վաճառվում, ուրեմն ընթերցողներ ունի։ Սակայն ո՞ւր են չքանում ընթերցասեր երեխաները պատանեկան տարիքում։ Պատասխանը պարզ է. պարզապես այդ տարիքին համապատասխան գրականություն չունենք, այդ փուլը բաց է մնում, եւ մենք կորցնում ենք պոտենցիալ ընթերցողին, որը դեռահասության տարիքում պետք է շարունակեր կապը գրքերի հետ եւ նախապատրաստվեր ավելի բարդ ու հասուն գրականություն կարդալուն։ Գրականագետները մի քանի գրողների անուններ են տալիս, որոնք պատանեկան որոշ գրվածքներ ունեն։ Դրանք, սակայն, ճանաչում ձեռք չեն բերում ու մնում են աննկատ։

Գալիս ու հանգում ենք նույն կետին. ամեն ոք, ամեն ինչ մարկետինգի կարիք ունի, հարկավոր է ներկայացնել, մատուցել, հանրահռչակել, քարոզել, իրազեկել, առաջ հրել, այլապես տաղանդն ու անգամ հանճարն անտեսված ու անհայտ կմնան։ Գիրք հրատարակելուց բացի, պետք է ճանապարհներ գտնելՙ գիրքն ընթերցողին հասցնելու համար։ Պետական ֆինանսավորմամբ հատկապես երիտասարդ գրողների բազմաթիվ գրքեր են տպագրվում, բայց ո՞վ է երբեւէ լսել դրանց մասին։ Համացանցը, տեղեկատվական տեխնոլոգիաները անսպառ հնարավորություն են տալիս, պարզապես հարկավոր է ճիշտ, նպատակային ու խելացի գործել, քանի որ նույն դաշտում թացն ու չորն իրար են խառնվել ու անորակը որակյալի փաթեթավորմամբ է մատուցվում, անճաշակն ու անարժեքը արժեքավորի տեղ է հրամցվում։ Այստեղ արդեն հարկավոր է գիտակի քիմք, բարձրաճաշակի, գեղագետի հոտառություն ու ներքին արժեհամակարգ, որպեսզի համընդհանուր քաոսում զատվի ու զտվի լավագույնը։ Ու դա պետք է արվի պետական հովանավորությամբ, պետական մակարդակով ու քարոզչությամբ։ Անցել են այն ժամանակները, երբ համոզված էինք, թե լավը, գեղեցիկը, որակյալն անպայման կգտնի իր սպառողին, իրեն սպասողին։ Հայտնի ճշմարտություն է. հարկավոր է տաղանդավորին ճանապարհ ցույց տալ, անտաղանդն ինքը կգտնի իր ճանապարհը։

Նկար 1. Արամ Պաչյան

Նկար 2. Գուրգեն Խանջյան

Նկար 3. Հովհաննես Գրիգորյան

Նկար 4. Լեւոն Խեչոյան

Նկար 5. Կարեն Անտաշյան

Նկար 6. Հովհաննես Թեքգյոզյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ