RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 21:11:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2267, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ Է

Նաիր ՅԱՆ

Գտնվել է աճյունների 3 սնդուկ, բացվել են երկուսը, 3-րդի համար սպասում են ՀՀ նախագահի ներկայությանը

Դեռեւս 1970-ականներից հնագետների ուշադրությունը սեւեռված է Աղցք ավանում գտնվող հնավայրի վրա: Այն մոտավորապես 50 հա է: Ժամանակ առ ժամանակ անդրադարձ եղել է այս տեղանքին, որովհետեւ տարբեր մասնագետներ պարբերաբար կարծիք են հայտնել, թե այստեղ հայոց արքաների դամբարանն է: Նույնսիկ Վազգեն Սարգսյանը 1990-ականներին առաջարկել է ավանդույթ դարձնելՙ Հայաստանի նախագահների երդման արարողությունը խորհրդանշաբար անցկացնել Աղցքում: Աղցքը պեղելու անհրաժեշտության մասին հնագետները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել են, բայց գումար չի եղել, չեն պեղել: Անցյալ տարի կառավարությունը վերջապես ուշադրություն դարձրեց Աղցքին, գումար հատկացրեց, ու հնագիտական արշավախումբը սկսեց պեղումները:

Մոտ մեկ տարի է անցել. հնագետները պեղել են ընդամենը կես հա տարածք եւ արժանահավատ բացահայտումներ կատարել: Ավելի ճիշտՙ հողի շերտերի տակից պատմական ճշմարտություն ու քողարկված ապացույցներ են ի հայտ եկել: Արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանն, ամփոփելով դեռեւս անավարտ պեղումների արդյունքը, նշեց. «Մեզ ուրախություն պատճառողը ոչ միայն գտածոներն են, այլեւ այն տարածքը, որտեղից պեղել ենք այդ գտածոները: Պատկերացնո՞ւմ եքՙ խոնարհված եկեղեցի, որից հետքեր են պահպանվել միայն: Ու այդ եկեղեցու խորանի սալահատակի տակ հայտնաբերել ենք քարե երեք սնդուկ: Իսկ այդ եկեղեցին Աղցքից վանքն է, որը 4-րդ դարասկզբին է թվագրվում: Նշանակում էՙ մենք գործ ունենք Հին Արեւելքի քրիստոնեական ամենահին եկեղեցու հետ, որը Հայաստանում է կառուցվել: Մեր իմացած սիրիական հնագույն եկեղեցին թվագրվում է 5-րդ դարին. Աղցքից վանքը, փաստորեն, ավելի հին է: Մեր հայտնագործությունը համաքրիստոնեական նշանակություն ունի եւ քրիստոնյա աշխարհի համար կարեւորագույն բացահայտում է: Ու հենց վաղ քրիստոնեական այս հուշարձանի սալահատակի տակ մենք հայտնաբերեցինք ոսկորներ պարունակող երեք սնդուկ: Դրանց կափարիչների վրա խաչ է դրոշմված: Կասկած չկա, որ այդ ոսկորները հայոց արքաների մասունքներն են, որոնք չէին կարող ամփոփվել պատահական վայրում: Այստեղից եզրակացությունՙ Աղցքից վանքը կրթական, մշակութային կարեւորգույն կենտրոն է եղել: Պատմությանը հայտնի է Կոմիտաս Աղցքեցի կաթողիկոսի անունը: Ուրեմն վանքին կից եղել է դպրանոց, որտեղ ուսանել է վեհափառը»:

Քերթողահայ Մովսես Խորենացին եւ պատմիչ Փավստոս Բուզանդն իրենց աշխատություններում պատմում են, որ պարսիկները հայոց արքաների դամբարանները կողոպտել են, ծով հարստության հետ տարել նաեւ մեր թագավորների ոսկորներըՙ հավատացած, որ այդպիսով կթուլացնեն հայոց ուժը եւ Հայաստանը կհպատակեցնեն Պարսկաստանին: Իսկ հայտնի է, որ հնագույն ժամանակներում աշխարհում երեք հզորագույն պետություն է եղելՙ Հայաստանը, Պարսկաստանն ու Բյուզանդիան: Ավանդության համաձայնՙ պարսիկները հերթական անգամ գողացել են հայոց արքաների ոսկորները, սակայն Վասակ Մամիկոնյանն իր հեծելազորով հետապնդել է նրանց, սրախողխող արել ու վերադարձրել մեր թագավորների ոսկորները:

Հնագետները, պատմությանը հայտնի դեպքերը վերլուծելով ու համադրելով իրենց հայտնաբերած գտածոների հետ, համոզմունք են հայտնում, որ արքաների մասունքները վերահուղարկավորվել են հենց Աղցքից վանքում: Զանազանել, թե ոսկորներից որը ում է պատկանումՙ հեթանո՞ս, թե քրիստոնյա արքաներին, անհնար է եղել: Դրանք գողացվել են տարբեր գերեզմաններից: Իսկ քանի որ անընդունելի է եղել հեթանոս արքաների ոսկորները վերահուղարկավորել Էջմիածնում, ուստի արքաների մասունքներն ի մի են բերվել քարե սնդուկներում ու թաղվել Աղցքում:

«Ինչպես Շրիմանը ժամանակին ապացուցեց, որ Հոմերոսիՙ Տրոյային վերաբերող պատմությունը իսկություն է, այնպես էլ մեր պեղումներն են ցույց տալիս, որ Խորենացու եւ Բուզանդի վկայությունները ճիշտ են: Սա անհավանական թվացող իրողություն է, որը կհետաքրքրի նաեւ օտարազգի գիտնականներին ու հատկապես իրանցիներին: Ամենայն հավանականությամբ մեր հայտնաբերած ոսկորները պատկանում են Արտաշիսյան եւ Արշակունի արքաներին: Ու հստակ է, որ Հայաստանի տարածքում Աղցքը հայոց արքաներիՙ առայժմ միակ հայտնաբերված դամբարանն է»,- ներկայացրեց Հակոբ Սիմոնյանը:

Հարկ է, որ ոսկորները լաբորատոր հետազոտությանՙ ԴՆԹ-ի ենթարկվեն, որպեսզի պարզվի, թե ինչպիսի գենետիկա են ունեցել մեր արքաները: Հստակ արդյունք ստանալու համար հետազոտությանն անհրաժեշտ են օրգանական նյութեր, օրինակՙ կալոգեն: Եթե այն չկա, ԴՆԹ-ն պարզելը դժվար է: Լաբորատոր հետազոտությունները պետք է կատարվեն աշխարհի խոշորագույն լաբորատորիաներում: Եթե օրգանական նյութեր չհայտնաբերվեն, ոսկորները կթաղվեն իրենց տեղումՙ սպասելով ավելի լավ ժամանակների, երբ անհրաժեշտ բացահայտումները կկատարվեն եկող սերունդների հայտնաբերած գիտատեխնիկական նոր միջոցներով:

Հնագետների մեծագույն ցանկությունն է Աղցքում ստեղծել Հայոց պետականության թանգարան: Նրանք պատմում են, որ պեղումների ընթացքում շատ այցելուներ են ունեցել, օրական 500-ից ավելի: Հայոց արքաների դամբարանով հետաքրքրված ու ոգեւորված են հատկապես սփյուռքահայերը: Արշավախումբն առաջարկում է Աղցքը դարձնել զբոսաշրջության կենտրոն: Ի վերջո, պարզից էլ պարզ էՙ աշխարհի որ երկիրն էլ նման հնավայր ունենար, անպայման զբոսաշրջության համար գրավիչ, շահութաբեր վայր կդարձներ:

Աղցքում բացվել է հայոց արքաների մասունքները պարունակող երեք սնդուկներից երկուսը: Հնագետներն իրենց հայտնագործության մասին տեղեկացրել են նաեւ իշխանություններին ու առաջարկել երրորդ սնդուկը բացել ՀՀ նախագահի ներկայությամբ: Հրավերն ուղարկված է համապատասխան հասցեով. սպասում են պատասխանի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 04-11-2016

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ