RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



ՀԵՏՄԱՀՈՒ

Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2119, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՆՍԱՀԱՍՏԱՏ ՎՐՁՆՈՒՄՆԵՐ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

ԱՐՓԵՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«Արփենիկ Նալբանդյանը անհունորեն սիրում էր կյանքն իր բազմազանությամբ, զգացմունքներով եւ երազներով, անքակտելիորեն կապված էր մարդկանց ու բնության հետ: Նա փնտրում էր վեհը, իմաստային լավն ու գեղեցիկը»: 1967-ին Նկարիչների տանը Արփենիկ Նալբանդյանի հետմահու ցուցահանդեսի առիթով Արա Սարգսյանի այս խոսքերի ճշմարտացիությունը մեկ անգամ եւս հաստատում է Ազգային պատկերասրահում նկարչուհու 100-ամյակին նվիրված ցուցահանդեսըՙ բացված անցած ուրբաթ, հոկտեմբերի 28-ին: Հիրավի կյանքն իր լայն թեւերով սփռված է Արփենիկ Նալբանդյանի կտավներումՙ առատորեն բաշխվող: Անգամ մեկ հայացքով ընդգրկելով երեք սրահներում ներկայացված 70-ից ավելի աշխատանքները, դժվար չէ տեսնել կյանքի հանդեպ կրքի հասնող բուռն սերՙ գույների շնչառության տաք արձագանքներում: Ինչպես ցուցահանդեսի բացմանը նկարչուհու որդինՙ Արամ Իսաբեկյանն ասացՙ նրա շռայլ, լայն վրձնահարվածները ներքին ուժ, ինչ - որ տեղ առնականություն են հաղորդում կտավներին, ինչը վկայում է հեղինակի կամային հատկանիշների, ամուր խառնվածքի մասին: Ցուցադրված գործերի զգալի մասը Ազգային պատկերասրահի հավաքածուից են ընտրված, մնացածըՙ ընտանիքը եւ մասնավոր հավաքածուորդներն են տրամադրել: Գունային լայն գամմա, բաց տարածություններ, պինդ վրձնահարվածներով քսվածքներ, որ նկարներին հաղորդում են կենսահաստատ լավատեսությունՙ լինի դիմանկար, բնանկար թե նատյուրմորտ:

Դիմանկարների շարքում, իսկ դրանք բավականին են, կինը առաջնային է կարծես: Նա ստեղծում է կանացի ընդհանրական կերպար եւ կարելի է ասելՙ ամբողջացնում դա ինքնադիմանկարներում, որտեղ խիստ արտահայտված խառնվածքային գծեր կան, եւ դրանք բազմազան ենՙ կանացի քնքշության հետ մեկտեղ ուժի արտահայտություն, մեղմության հետ կամք ու դիմակայություն, խոնարհության հետ պայքարի ձգտում: «Մերկ կինը», «Սեւամորթ կինը», ահա երկու շատ տպավորիչ պորտրետ, որպես բնության ձայնի արձագանքՙ կնոջ ֆիզիկական, երկրային բնույթի մեջ թրթռացողՙ կյանքով լեցուն, զգացմունքային, ուժեղ: Սովորաբար նման դեպքերում խոսում են հոգեբանական նրբերանգների արտահայտությունների մասին, սակայն նկարչուհին կարծես այդ պահը չէ, որ արձանագրում է. նա փնտրում - գտնում է խառնվածքի ամենաբնորոշ գծերը, նրանք ոչ այնքան խորհողՙ որքան ապրող, արարող, կյանքին արձագանքող կերպարներ են: Այդպիսին է ինքն իր դիմանկարներումՙ կամային, խառնվածքի հաստատակամությամբ, միաժամանակ փխրուն կանացի բնէությամբ, ինչպես դա տեսնում ենք յասամանի թափանցիկ բույրով հագեցած «Ինքնանկար հայելու մեջ» նկարում, իսկ «Աշնան ծաղիկներ», «Աղբյուրի մոտ», «Մեր բակը» գործերում եւ մի շարք նատյուրմորտներում գույնը անմիջականորեն սնվում է կյանքի թարմ ավիշներից: Իհարկե, կան նաեւ հոգեկան, ներքին վիճակների վերապրումային արտահայտություններ, ինչպեսՙ Մհեր Մկրտչյանի դիմանկարն է, որի մասին Մարտին Միքայելյանն ասում է, որ հայ բեմի վարպետին, ոչ ոք այդպես չի տեսել, ինչպես Արփենիկ Նալբանդյանը:

Ճակատագիրը նրան ընտրել էր գեղանկարչության համար, նրա եղբայրըՙ Դմիտրի Նալբանդյանը նույնպես նշանավոր նկարիչ էր: Հետագայում նա կյանքը կապում է հայ ժամանակակից նկարչության երեւելի վարպետ Էդուարդ Իսաբեկյանի հետ, ում հետ ծանոթանում է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում սովորելու տարիներին, որտեղ աշակերտել է Ալեքսանդր Բաժբեուկ - Մելիքյանին: «Նա խորհրդային ոչ մի նկարչի նման չէ, ասում է Մարտին Միքայելյանը, թեեւ մի փոքր ազդեցություններ ունեցել է իր ուսուցչիցՙ վաղ շրջանի գործերում նկատելի, եւ Էդուարդ Իսաբեկյանից մեկ - երկու տարիՙ համատեղ կյանքի անխուսափելիությունից, բայց այն, ինչ տեսնում ենք այս ցուցահանդեսում, միայն նրարչության խնդիր չէ: Այս արդյունքին հասնելու համար պետք է լինել շատ լավ մարդ, խորը անհատականություն, որպիսին Արփենիկ Նալբանդյանն էր: Հենց իր ժամանակին էլ եղան մարդիկ եւ կռահեցին, որ նա սովորական նկարչուհի չէ, ինչպեսՙ Արա Սարգսյանը, Արա Բեքարյանը»:

Վերադառնալով Երեւանՙ Արփենիկ Նալբանդյանը դասախոսական աշխատանքի է անցնում Գեղարվեստի ակադեմիայում: Այստեղ է, որ լավագույնս բացվում են նրա մանկավարժական եւ մարդկային բարձր հատկանիշները, որի մասին դեռ հուզմունքով են շարունակում խոսել իր աշակերտները, թեՙ բախտավորություն էր ունենալ այդպիսի ուսուցիչ, որ շրջապատում էր սաներին մայրական հոգատարությամբ ու սիրով: Այդ մասին ցուցահանդեսի բացմանը խոսեց նաեւ Արամ Իսաբեկյանը : Շնորհակալությամբ դիմելով ներկաներին, ցուցահանդեսի կազմակերպիչներինՙ Ազգային պատկերասրահի աշխատակիցներին ու ղեկավարությանը, Մշակույթի նախարարությանը, բոլոր նրանց, ովքեր հիշում են Արփենիկ Նալբանդյանին, նա ասաց, որ այն ջերմությունը, որ մայրը տվել է ուսանողներին, կյանքի ընթացքում զգացել է իր հանդեպ, «նրա շռայլ բարությունը, տաղանդը ուսանողների հետ կիսելու շնորհն իմ վրա էլ է անդրադարձել»:

Ցավոք, կյանքից վաղաժամ հեռացավ նկարչուհին, ստեղծագործական ուժերի ծաղկուն շրջանում, սակայն թողած պատկառելի ժառանգությամբ նա ուրույն, պատվավոր տեղ է զբաղեցնում հայ կերպարվեստի պատմության էջերում: Կյանքի օրոք ունեցավ ընդամենը երկու ցուցահանդես, եւս մեկըՙ 1967-ին, հետմահու, եւ 2001-ին, երբ Գեղակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահի բացումը նշանավորվեց տաղանդավոր նկարչուհու աշխատանքների ցուցադրությամբ: Ազգային պատկերասրահի հոբելյանական այս ցուցադրությունը հնարավորինս ընդլայնված է, թեեւ որդին ափսոսանք է հայտնում, որ նկարչուհու շուրջ 400 -ի հասնող գործերից հնարավոր չեղավ առավել քանակություն ապահովել: Այդուհանդերձ, ընտրված գործերը, լինելով հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանների արտահայտություններ, թե՛ ժամանակային, թե՛ ժանրային առումներով, ամբողջական պատկերացում տալիս են նրա արվեստի մասին, ինչը լրացվում է այս առիթով տպագրված պատկերագրքի էջերում:

Ցուցահանդեսի բացման խոսքում ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը եւ ցուցահանդեսի համակարգող Հասմիկ Բադալյանը համառոտ անդրադարձան Արփենիկ Նալբանդյանի կյանքի ուղուն, արվեստի հիմնական առանձնահատկություններին, ցուցահանդեսի բնույթին:

Հոբելյանական ցուցահանդեսին ներկա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհավորելով արվեստասեր հանրությանը, ակնկալեց, որ հաջորդ օրերին եւս սրահը լեցուն կլինի այցելուներովՙ գրավելով հատկապես երիտասարդների ուշադրությունն ու հետաքրքրությունը:

Մեր կարճ զրույցի ընթացքում Մարտին Միքայելյանը հիշեց Պաբլո Պիկասոյի խոսքերը. «Արվեստը չունի անցյալ, արվեստը չունի ապագա, արվեստը ունի ներկա եւ ամբողջովին ներկայի մեջ է: Եվ ահա մենք դա տեսնում ենք այս ցուցահանդեսումՙ ինչպես է շնորհաշատ նկարչուհին նորովի երեւում մեզ, այսօր ՙ ներկայում...»:

...Եվ որովհետեւՙ «Այդ արվեստը ոչ հնարովի, սրտից եկող, բնությունից եկող, տաղանդից եկող նկարչություն է»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ