RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



ՄԱՏՈՒՑՈՒՄ

Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2552, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵԹԵ ՄԵՆԱԿ ԵՍ, 1-2 ԿՄ ԿՎԱԶԵՍ, ԵԹԵ ՀԵՏԴ ՄԵԿԸ ԼԻՆԻ` 5»

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Քանդակագործ Գեւորգ Ջորջ Կասաբյան

Հոկտեմբերի 28-ի երեկոյան Բեռլինի «InteriorDAsein» պատկերասրահում բացվեց քանդակագործ, նկարիչ Գեւորգ Ջորջ Կասաբյանի «Ընտրած դիտարկումներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Հալեպահայ, երեւանաբնակ քանդակագործն այստեղ էր նկարիչ Արչի Գալենցի (գեղանկարիչ Հարություն Կալենցի թոռը) հրավերով` իր իսկ արվեստի սրահում ներկայանալու: Նա ցուցադրության համար ընտրել էր շուրջ 40 գրաֆիկ աշխատանքներ եւ մի շարք մինիմալիստական քանդակների լուսանկարներ միայն: Դրանք առավելապես ներկայացնում էին կնոջ մարմնի տարբեր մասերը: Այս ամենին զուգահեռ նրա աշխատանքների մասին էին պատմում երկու տեսաֆիլմեր:

«Քանի որ ես մինիմալիստ եմ, չեմ կարող կանացի մարմին նկարել, այլ նկարում եւ քանդակում եմ մարմնի մասերը: Կինն ինձ համար էներգետիկայի սիմվոլ է: Առանց կնոջ մարդը մոթիվեյշն ու էներգիա չունի, որովհետեւ այդ ձգտումը չի կարող ունենալ, ես դրան եմ հավատում: Կնոջ կուրծքն օրինակ` ես դիտում եմ էներգիայի աղբյուր, որովհետեւ երեխան ծնված պարագային անմիջապես փնտրում է այն` իր գոյություն ունենալու առաջին նախաճաշը»,- մեզ հետ զրույցի ընթացքում պարզաբանեց քանդակագործը:

Բեռլինի հանդիսատեսին հեղինակը ներկայացրել էր իր 300 գծանկարներից շուրջ չորս տասնյակը: Վարպետը նշեց, որ սրանցով ինքն ուզում է ցույց տալ, որ հայերը 6000 տարուց ավել գոյություն ունեցող մշակույթ ունեն եւ նմանատիպ քանդակներ են արել իրենց տների, գերեզմանաքարերի եւ առհասարակ տարատեսակ կառույցների վրա:

«Արչին քովս եկած էր, երբ որ ստուդիոս այցելեց, տեսավ արվեստի այս տեսակ մոտեցումս, կործանման եզրին կանգնած, անտիկվար շենքերու եւ քարերու գծանկարները, որոշեց, որ արժանի են ցուցադրության: Ընտրեցի այսքանը, իսկ քանդակները բնականաբար ծավալի եւ քաշի առումով հնարավոր չէր տեղափոխելը, դրա համար ֆոտոներն եք տեսնում»,- պարզաբանեց քանդակագործը:

Մինիմալիստական ուղղության հետեւորդ արվեստագետը պատմում է, որ երբ 1999-ին Հայաստան է եկել եւ հայկական տուֆն է տեսել, այն իր համար էներգետիկ նոր դաշտ է բացել: «70-ականներին Կանադայում արված գծանկարներ ունեի, դրանցից տարբեր նյութերով քանդակներ էի արել, բայց հոգեկան աուրայի հետ կապ չկար: Երբ եկա Հայաստանՙ տուֆը շոշափեցի, հասկացա, որ դրա վրա պիտի հոգի ստանամ: Նկարիչների միությունում կայացած ցուցահանդեսում որ տեսան, շատերը զարմացան, թե ինչպես կարելի է տուֆի վրա քանդակել: Հիմա ես ժամանակակից տեխնոլոգիա եմ օգտագործում, ժամանակակից նյութեր ու մետաղ: Ես 21-րդ դարի մարդ եմ, իսկ 21-րդ դարի մարդը պետք է 21-րդ դարի տվյալներ օգտագործի: Ու ամենակարեւորը` մենք մեր կողքինին պիտի սիրենք, որովհետեւ, եթե մենակ եսՙ 1-2 կմ կվազես, եթե հետդ մեկը լինի` 5»,- հավաստիացնում է զրուցակիցս:

Գեւորգ Ջորջ Կասաբյանը ցուցահանդեսով Բեռլինում ներկայանում էր առաջին անգամ: Նրա մինիմալիստական աշխատանքները «InteriorDAsein» պատկերասրահի պատերը զարդարեցին մինչեւ նոյեմբերի 6-ը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ