RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2387, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃՇՄԱՐԻՏ ԱՐՎԵՍՏԻ ԱՆՄԵԿՆԵԼԻ ՀՄԱՅՔԸ

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ, Բանասեր, մշակութաբան

Քամանչահար Հակոբ Խալաթյանի ծննդյան 60-ամյակի առթիվ

Ամեն ժողովուրդ իր ազգային երաժշտական մտածելակերպն ունի, իր ինքնատիպ մեղեդիներն ու յուրօրինակ նվագարանները, որոնցով կատարվում են այդ մեղեդիները: Իր դարավոր պատմության ընթացքում մեր ժողովուրդն էլ բազում հետաքրքրական նվագարաններ է ստեղծելՙ փողային, լարային ու հարկանային երաժշտական գործիքների մի ողջ համակարգ, որոնք մեծ դեր են ունեցել մեր ընդհանուր երաժշտարվեստի զարգացման գործում: Դրանցից մեկն էլ քամանչան էՙ լարային, աղեղնավոր, սքանչելի մի նվագարան, որը հնուց ի վեր սիրված է եղել հայ երաժշտասեր հանրության կողմից:

Քամանչայի վարպետ կատարողներ շատ ենք ունեցել, այդ նվագարանով են հանդես եկել նաեւ մեր մեծանուն աշուղներից շատերը (Նաղաշ Հովնաթան, Սայաթ-Նովա, Աշոտ եւ ուրիշներ): Բայց եղել են եւ այնպիսիք, որոնք իրենց անզուգական կատարումներով համաշխարհային ճանաչման են հասցրել հայկական հինավուրց այդ նվագարանը: Հիշատակության են արժանի հատկապես մեծահռչակ վարպետներ Սաշա Օգանեզաշվիլին (Ալեքսանդր Օգանով), Լեւոն Կարախանը, Քամանչիստ Ռուբենը, որոնք ոչ միայն վարպետ կատարողներ էին, այլեւ հմտորեն ձեւափոխեցին, կատարելագործեցին այդ նվագարանըՙ հասցնելով այն լիարժեք համերգային գործիքի մակարդակի: Այս վարպետների կատարողական ավանդույթները հետագայում շարունակեցին Արտեմ Մեջինյանը, Նորայր Հովհաննիսյանը, Հակոբ Արաբյանը, Մարտին Խաչատրյանը եւ ուրիշներ: Այսօր էլ շնորհալի քամանչահարներ ունենք, որոնցից մեկն էլ արեւելյան նվագարանների միջազգային մրցույթի դափնեկիր Հակոբ Խալաթյանն է: Վերջերս (նոյեմբերի 3-ին) Կամերային Երաժշտության Ազգային կենտրոնի սրահում նա համերգային կատարումների հրաշալի մի երեկո նվիրեց մեր երաժշտասեր հանրությանը:

Լուսահոգի վարպետիՙ Մարտին Խաչատրյանի բազմաշնորհ այս սանին վաղուց եմ ճանաչում, բազմիցս ունկնդրել եմ նրա հրաշալի կատարումները: Երաժշտական ուսումնարանում Մ. Խաչատրյանին աշակերտելուց հետո, Հակոբ Խալաթյանն ուսումը շարունակել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որն ավարտելով 1986 -ին ՙ համերգային ակտիվ գործունեություն է ծավալել: Նա ոչ միայն շնորհալի երաժիշտ է ու նկարիչ, այլեւ հրաշալի մարդ ու լավ ընկեր: Իր ողջ էությամբ Հակոբ Խալաթյանն արվեստի մարդ է, ճշմարիտ արվեստագետ, այն արվեստագետներից, որոնք պատրաստ են համարձակ կերպով կոտրել կարծրատիպերը, նոր ուղիներ, կատարման նոր ոճեր, մեկնաբանման նոր ձեւեր փնտրելով: Գուցե նաեւ դա է պատճառը, որ ազգային նվագարանով դասական, ակադեմիական լուրջ ստեղծագործություններ ներկայացնելու հարցում եւս առաջիններից մեկը նա է: Ուստի, պատահական չէ, որ մեր ազգային հրաշալի նվագարաններըՙ քամանչան ու քամանին Հակոբ Խալաթյանը բազմիցս ներկայացրել է նաեւ մեր երկրի սահմաններից դուրս:

Շարունակելով Սաշա Օգանեզաշվիլու եւ հատկապես Կոմիտասի աշակերտ, ազգային նվագարանների հրաշալի գիտակ, շնորհալի երաժիշտ, խմբավար ու մանկավարժ Վարդան Բունու (Բունիաթյան) ավանդույթները, Հ. Խալաթյանը փոփոխում, կատարելագործում է մեր նվագարաններըՙ գեղարվեստական մի նոր կատարելության հասցնելով դրանք: Հաճախ իր պատրաստած գործիքներին նա անուններ է տալիսՙ դրանցից յուրաքանչյուրը գործածելով կոնկրետ ստեղծագործություններ կատարելու համար: Տարիներ առաջ (2000 թ. գարնանը), երբ առաջին անգամ մի համերգի ժամանակ լսեցի Հակոբ Խալաթյանի կատարումները, դրանք ոչ միայն ինձ հաճելի ու հոգեհարազատ թվացին, այլեւ մի այնպիսի զգացում ունեի, ասես գտել, բացահայտել էի վաղուց փնտրած իմ հոգու մեղեդին: Հետագայում մոտիկից ծանոթացանք, ընկերացանք ու համոզվեցի, որ չեմ սխալվել, նա հիրավի իր ինքնատիպ ներաշխարհն ունեցող, հետաքրքիր ու բազմաբնույթ արվեստագետ է, որի հետ շփվելով մենք էլ հոգեպես հարստանում ենք:

Այս վերջին համերգն էլ (03/11-2016-ին), որ շնորհալի երաժիշտիՙ Հակոբ Խալաթյանի ծննդյան 60-ամյակի առթիվ էր կազմակերպվել, ասես յուրօրինակ հաշվետվությունն էր տարիների ընթացքում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների: Երաժշտագետ, «Երաժշտական Հայաստան» հանդեսի եւ «Երաժիշտ» թերթի հիմնադիր-խմբագիր Գոհար Շագոյանն էլ իր բացման խոսքում հանգամանորեն ներկայացրեց Հ. Խալաթյանի 30-ամյա մշակութային գործունեությունը: Ապա հնչեց Սայաթ-Նովայի «Յիս կանչում իմ լալանին» հիասքանչ երգի քնքույշ մեղեդինՙ հոբելյարի գեղեցիկ մեկնաբանմամբ: Այնուհետեւ Հ. Խալաթյանը ինքնատիպ մի երաժիշտիՙ Գրիգոր Առաքելյանի հետ միասին, քամանչայի եւ հայկական վիոլայի (մեծ քամանի) հետաքրքրական զուգորդմամբ կատարեց Գրիգոր Նարեկացու «Տաղ վարդավառի» ստեղծագործությունը: Ներկաները մեծ բավականությամբ ունկնդրեցին նաեւ կոմպոզիտորներ Մանվել Բեգլարյանի, Էդուարդ Աբրահամյանի եւ Սարգիս Բարխուդարյանի ստեղծագործություններըՙ քամանչայի, ջութակահարների քառյակի, դաշնամուրի եւ թավջութակի կատարմամբ: Հնչեցին նաեւ ժողովրդական մեղեդիներ ու պարեղանակներ: Նշենք, որ, համերգի այս բաժնում առանձնակի ջերմությամբ ընդունվեցին հատկապես Կոմիտասի «Լոռվա գութաներգը» քամանչայի ու հայկական վիոլայի կատարմամբ եւ համշենցիների պարերի շարանը, որը Հ. Խալաթյանը կատարեց իր պատրաստած «Անահիտ» քամանիով:

Համերգասրահի հարակից սրահում ցուցադրված էին Հակոբ Խալաթյանի յուրօրինակ նկարչական աշխատանքներըՙ դիմանկարներ, նատյուրմորտներ, ակվարելային հետաքրքրական բնապատկեր-էտյուդներ: Իրար միահյուսվող մեղեդին ու գունեղ բնապատկերներն արվեստների մի թովիչ համանվագ էին ստեղծումՙ ներկաների էությունը ողողելով հոգեպարար ջերմությամբ: Կերպարվեստի այդ գեղեցիկ աշխատանքների մասին ջերմ խոսքով հանդես եկավ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ղարիբ Եղիազարյանը: Համերգի երկրորդ բաժնում Հակոբ Խալաթյանը հանդես եկավ Հայաստանի Պետական կամերային նվագախմբի հետՙ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Կատարվեցին կոմպոզիտորներ Ստեփան Շաքարյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները եւ Գրիգոր Առաքելյանի «Արեւի երգ ու պար» հիասքանչ երկըՙ հեղինակի եւ Հ. Խալաթյանի մեկնաբանմամբ: Այն ունկնդիրների կողմից ջերմությամբ ընդունվեց:

Ցավոք, վերջին տարիներին նվազել է հետաքրքրությունն ազգային նվագարանների նկատմամբ: Ուստի կարծում եմ, նման համերգներն անհրաժեշտություն ենՙ երիտասարդներին խանդավառելու, նրանց մեջ ազգային նվագարանների հանդեպ սեր ու հետաքրքրություն արթնացնելու տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, պետք է նշենք, որ հենց Հակոբ Խալաթյանի պես երաժիշտների շնորհիվ է, որ կարող ենք մեր ազգային նվագարանների անկրկնելի հմայքը հասանելի ու ընկալելի դարձնել նաեւ ողջ աշխարհի երաժշտասեր հանրությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ