RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 18:52:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2291, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ» ՌՈՒՍԱՄԵՏ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ

Նաիր ՅԱՆ

Դեռ անցյալ տարվանից լրատվամիջոցներում ու հասարակության տարբեր շրջանակներում խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանի կինոարտադրության մի խումբ հայ ներկայացուցիչներ ծրագրել են 1988 թվականի երկրաշարժի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմ նկարահանել: Սցենարը քննարկվեց նաեւ մեր մշակույթի նախարարությունում, իսկ ամռանը տեղի ունեցավ ֆիլմի նախնական փակ դիտումը: «Երկրաշարժ» ֆիլմը դիտել էին նաեւ Ռուսաստանում, եւ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հավաստիացնում էր, թե դահլիճից բոլորը լաց լինելով են դուրս եկել, ու արձագանքները դրական են: Այս աշնանը ֆիլմը ներկայացվեց նաեւ գյումրեցիներինՙ հենց Գյումրիում: Պրեմիերայից հետո Գյումրիից կռճտացող ատամների ձայներ հասան Երեւան:

«Երկրաշարժի» պաշտոնական պրեմիերան տեղի ունեցավ նաեւ Երեւանի «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել:

Տեսանք ու էլի մեզ խեղճացած, փոքրացած- մի բուռ դարձած զգացինք: Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում Գյումրիում: «Երկրաշարժի» օրիգինալ տարբերակը ռուսերեն է. ֆիլմը հայ կինոդիտողի համար ներկայացվեց հայերեն հնչյունավորմամբ: Այսինքնՙ եթե հերոսը հայ է, հնչյունավորումն էլ է հայերեն, իսկ եթե ռուս է, նրա խոսքը հենց ռուսերեն էլ հնչում է: Դե մենք սովետական անցյալ ունեցող ժողովուրդ ենք, ռուսերենը մեր ենթագիտակցության մեջ է նստած: Ու գենետիկական հիշողությամբ անգամ անկախության շրջանում ծնված մեր երեխաները, մեկ էլՙ հո՜պ. ընտիր ռուսերենով են խոսում: Երեւի այս հանգամանքը հաշվի առնելով էլ ֆիլմում ռուսները ռուսերեն են խոսում, իսկ հայերը նրանց հետՙ իհարկե, դարձյալ ռուսերեն:

Ուրեմն այսպես, Կոնստանտին Բերեժնին Ռուսաստանից իր ընտանիքի մոտՙ Գյումրի է գալիս հենց երկրաշարժի օրը: Քաղաքը քանդվել-ավերվել է: Ու մարդու առաջին քայլը ո՞րը պետք է լինի. իհարկե, նախ եւ առաջ իր հարազտներին փնտրելը: Բայց Բերեժնին զարմանալիորն դա անում է հաջորդ օրը, իսկ մինչ այդ ուրիշներին է օգնում: Հաջորդ օրն իր բնակարանի փլատակների տակից հանում է դեռահաս դստեր մարմինը: Աղջիկը երաժիշտ էրՙ ուսյալ ու կրթյալ, ինտելիգենտ ընտանիքի զավակ: Բերեժնու կինը հինգ-վեց տարեկան որդու հետ երկրաշարժից մի քանի րոպե առաջ Գյումրու շուկայից միս է գնում: Ինքըՙ նրբագեղ, բերկիրթ ռուս կինՙ Գյումրու բազարում, որտեղ բոլոր կողմերում անխնամ, խեղճուկրակ արտաքինով, քաղաքակրթությունից ու կրթությունից հեռու ամբոխն է իր առօրյայով զբաղված: Ի՞նչ արվեստների ու արհեստների քաղաք, ի՞նչ բան: Գյումրիում հազիվ մի ինտելիգենտ ընտանիք կար, այն էլ ռուս էր: Հենց այդ ընտանիքի պատմությունն էլ ֆիլմի մեխն է:

Գյումրին ու գյումրեցին առանձնահատուկ են իրենց կոլորիտով, նկարագրով, դիմագծով. համենայն դեպս, մենք այդպես գիտեինք մինչեւ այս ֆիլմը: Երեւի հենց դրա համար էլ մեր ռեժիսորներից շատերն իրենց ֆիլմերը Գյումրիում են նկարել ու գյումրեցի կերպարներին շեշտադրել: «Երկրաշարժ» ֆիլմում (թեեւ ռեժիսորը նույնպես հայ է) ներկայացված են սովորական մարդիկ, որոնց գյումրեցի կամ ուղղակի հայ լինելը, այսինքնՙ ուրույն, ազգային, հայեցի նկարագիր ունենալը չի ընդգծվում: Միայն մի դեպքումՙ Միքայել Պողոսյանի մարմնավորած հերոսն է ազգային ավանդույթի նշույլ դրսեւորում, երբ իր աղջկանն ու փեսային չի թողնում հայրական տուն մտնել, թե ինչ է դուստրն առանց ծնողնրի թույլտվության է ամուսնացել:

Ֆիլմի գործողությունները կարող էին նույն հաջողությամբ լինել, ասենք, Իսպանիայում, Իսրայելում, Չիլլիում, եթե, Աստված մի արասցե, այնտեղ երկրաշարժ եղած լիներ, ու եթե իսպանացիները, հրեաները, չիլլիացիները թույլ տային իրենց հետ կատարված ողբերգության ֆոնին կառուցել ռուսների հավաքական կերպարը: Ֆիլմի հայ հեղինակներն իրենց առջեւ խնդիր չեն դրել ներկայացնել իրենց ժողովրդին, հայի հավաքական կերպարը: Խնդիր չեն դրել, որ կինոդիտողը ճանաչի հայ ժողովրդին ու Հայաստանը, ցավի նրան պատուհասած ողբերգության համար: Եթե ցավելու, ափսոսալու պատճառ կա, ապա միայն կապված երկրաշարժի ռուս զոհերի հետ: Իհարկե, չափուկշեռքի ենթարկելու նպատակ չունենք, բայց ինչո՞ւ ստվերել հայոց ողբերգությունն ու տասնյակ հազարավոր հայ զոհերին, ու այդ հսկայական թվի կողքին դնել ռուս ընտանիքի օրինակը: Եթե խնդիրը ֆիլմ նկարելու համար ռուսական ֆինանսավորումն է ու, հետեւաբար, ռուս կերպարներին սցենարի առանցքում պահելը, այդ դեպքում ինչո՞ւ հայաստանյան երկրաշարժի թեմա: Ռուսներին կարելի էր հերոսացնել ու ամեն ինչ ռուսիֆիկացնել այլ թեմա ու սցենար ընտրելով: Մի քանի տարի առաջ նկարահանվեց ղարաբաղյան թեմայով «Եթե բոլորը» ֆիլմըՙ դարձյալ մեր պատերազմում, մեր ողբերգության ֆոնին օրինակ բերելով ռուսին, ստեղծելով ռուսի հերոսական կերպարը: Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ մասնակից ու զոհ մենք ենք տվելՙ հաշվի առնելով մեր ազգի փոքր թվաքանակը, բայց տեսե՞լ եք մի ռուսական ֆիլմ, որի առանցքային հերոսը հայ լինի:

Հասկանալի էՙ երկրաշարժ լինում է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր անկյուններում, երկրաշարժը համամարդկային ողբերգություն է, բայց կարելի էր չէ՞ թեման ներկայացնելիս օգտվել առիթից ու ներկայացնել համամարդկային ողբերգության ազգային երանգները, աղետը դիմագրավելու, ընկալել-ընդունելու մեր կերպն ու յուրահատկությունները: Մանավանդ որ բազմաթիվ իրական պատմություններ կան, ու մանավանդ որ ֆիլմը նախաձեռնող ամբողջ թիմը կազմված է հայերից: Ո՞րն էր այս ֆիլմի ուղերձը, շեշտադրումը, չէ՞որ աղետնՙ աղետ, բայց այն տեղի է ունեցել հենց Հայաստանում: Ի՞նչ պատկեր, ի՞նչ արժեհամակարգ, մտավոր, հոգեւոր ի՞նչ նկարագիր ունի այն ազգը, որին պատուհասել է արհավիրքը: Հայ սցենարիստները, ռեժիսորը, պրոդյուսերն այս հարցերը չեն կարեւորել: Մարդիկ էինՙ ինչ-որ քաղաքում ապրում, որոնց հետ տեղի ունեցավ այդ դժբախտությունը, ուղղակի մարդիկ, ոչ թե ժողովուրդ, ազգ, երկիր, պետություն: Ու այդ մարդկանց օգնության են հասնում ռուսներըՙ արդեն որպես հավաքական կերպարՙ բարեկիրթ, մարդասեր, մեծահոգի: Մեր ազգային ողբերգության վրա վեր է հառնել ռուս ազգի, Ռուսաստանի իդեալական, մաքրամաքուր կերպար-հուշարձանը: Ու որպեսզի տպավորություն չստեղծվի, թե միայն ռուսներն են երկրաշարժից տուժած մարդկային խմբին օգնել, ֆիլմում ստեղծվել է մի ֆրանսիացու կերպար, որը, ենթադրվում էՙ նույնպես օգնելու համար է եկել:

Ֆիլմի կերպարներից մեկը բեռնատարով զոհվածների ու վիրավորների է տեղափոխում, իսկ թափքումՙ կաթսայով խաշ է տանում: Պարզվում էՙ հենց երկրաշարժի օրը նրա ծննդյան տարեդարձն է եղել: Հարազատները, հյուրերը զոհվել են, ծնունդը կիսատ է մնացել: Ամբողջ օրը խաշն այս ու այն կողմ տանելովՙ երեկոյան խարույկի մոտ հավաքվածներին խաշ է հյուրասիրում, թեՙ ծնունդս կիսատ մնաց, խաշը չհասցրինք ուտել, կերեք: Իբր տրագիկոմեդիա. ողբերգության գրոտեսկային դրսեւորում, իսկ իրականումՙ իրականությունից կտրված վարքագիծ: 25,000 զոհված գյումրեցիների հարազատներն ավելի լավ կասենՙ հնարավո՞ր էր նման բան:

Իհարկե, չենք հերքում, որ արվեստը, կինոն նրա համար չեն, որ կյանքը դրսեւորեն սանտիմետր առ սանտիմետրՙ անշեղ ճշգրտությամբ, բայց գոնե պետք է երկրաշարժ ապրած մարդու մաշկի տակ մտնել գոնե մտովի, կշռադատելՙ ի՞նչ կարող էր նա անել եւ ինչՙ ոչ, ի՞նչ է հնարավոր սպասել նրանից եւ ինչՙ ոչ:

Ճարտարապետ Կոնստանտին Բերեժնին բանտ է նստել, որովհետեւ տարիներ առաջ պատահաբար վթարի է ենթարկել մի հայ ընտանիքիՙ այս դեպքումՙ գյումրեցի: Ամբողջ ընտանիքից ողջ է մնում միայն տասներկուամյա Ռոբերտը, որին որդեգրում ու պահում են նրա հարազատները: Երկրաշարժի օրը բանտից Գյումրի վերադարձած Բերեժնիին սպասում էր Ռոբերտըՙ զոհված ընտանիքի վերժը լուծելու համար: Բայց երկրաշարժը բեկումնային դեր է ունենում. ռուս ճարտարապետը, որին հայ ոստիկանին մարմանվորող Հրանտ Թոխատյանը հիացական գնահատական է տալիսՙ բոլոր ժամանակների հրամանատար, օգնում է Ռոբերտինՙ փլատակների տակից հանել մի աղջկա: Ու Ռոբերտը փոխում է իր վերաբերմունքը Բերեժնու նկատմամբ, ավելին, պարզվում էՙ ռուսն ընդունակ է հերոսական անձնազոհ քայլի: Անտեսելով սեփական ողբերգությունըՙ դստեր մահն ու այն, որ կնոջ ու որդու ճակատագիրն անհայտ էՙ Բերեժնին կանգնում է կյանքի ու մահվան միջեւ, երբ հանցագործ հայերից կազմված խումբը փորձում է զենքի ուժով փրկարարներից խլել մեքենան, որն այդ պահին պանելն էր բարձրացնումՙ ողջ մնացած մի աղջկա փլատակների տակից հանելու համար:

Իսկ այդ հանցագործների խմբի առկայությունը ֆիլմում առնվազն վիրավորական է մեզ համար: Հասկանալի է, որ աղետների, պատերազմների քաոսային իրավիճակներում ջրի երես են դուրս գալիս նաեւ հանցագործները, ստահակներն ու սրիկաները, որոնք փորձում են օգուտ քաղել իրադրությունից: Ու երկրաշարժից վայրկյաններ անց էկրանին ձեւավորվում է գող-ավազակների, մարդասպանների մի ոհմակ: Մենքՙ հայերս, մեր, միայն մեր նկատմամբ շատ ռեալիստ ու օբյեկտիվ ենք ախր: Մի փոքրիկ տրածքում, տասը-քսան հոգու մեջ ցույց տալ, թե ինչպես է հանցավոր խումբն ալան-թալան սկսում, ողջ մնացածի ողբաձայն օգնության կանչն անտեսում, թե ինչ է մարդուն փրկելուց օգուտ չկա. ժամանակը քիչ է, հարկավոր է ոսկի, փող փնտրել-գտնել, խանութներ թալանել: Միջազգային էկրանին ներկայացնել հայի նման կերպար, ուղղակի անպատվաբեր է: Այն էլ այն դեպքում, երբ օտարներն իրենց կյանքը վտանգելով եկել են երկրաշարժից տուժածներին անշահախնդրորեն օգնելու եւ փրկելու: Մի ռուս մեծ մեքենայի օգնությամբ փլատակների տակից փորձում է հանել հայ աղջկան, մյուս ռուսը, որպես գիտակ ճարտարապետՙ աշխատանքային խորհուրդներ է տալիս փրկարար խմբին, իսկ հենց այդ ժամանակ հանցագործ խումբը սառնասրտորեն ատրճանակ ու դանակ է բանեցնումՙ իրենց գործողությունները կանխողներին ոչնչացնելու համար: Ու ռուս ճարտարապետն ինքնազոհության է դիմում. հանցագործի դանակը խրվում է նրա մարմնի մեջ: Ճարտարապետը մեռնում է, բայց գոհ էՙ երիտասարդ կյանք փրկեց: Իսկ Ռոբերտը զղջում է, որ այդքան տարի վրեժով էր լցված նրա հանդեպ:

«Երկրաշարժը» հայ հանրության համար չէ: Այն նկարահանվել է ռուս հանդիսատեսի, Ռուսաստանի համար: «Երկրաշարժը» միջոց ու հնարավորություն էՙ ռուս հասկացությանը տուրք տալու եւ ռուսամեծար ծառայություն մատուցելու համար: Այս ֆիլմը միգուցե դրամարկղային հաջողություն բերի հեղինակներին, բայց ոչ հայկական հպարտություն:

Հ.Գ. - Ինչ-որ հնդկական ավանդույթ է ձեւավորվել: Նկատել եմ, որ ռեժիսորների գերնպատակը հանդիսատեսին լացացնելն է: Ֆիլմի արժեքը չափվում է թաց անձեռոցիկ-թաշկինակների թվով: Հանդիսատեսը դահլիճից ուռած-կարմրած աչքերո՞վ դուրս եկավ, ուրեմն, շնորհավորում եմ, ֆիլմը հաջողված է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ