RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 24-11-2017



ԵՐԱԺԻՇՏԸ ԵՎ ՄԵՆՔ

Տեղադրվել է` 2017-11-23 21:01:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3286, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԵՐԳ ԳՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ԲԵՄԱԿԱՆ ԼՈՒՅՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Մարինե ԿԱՐՈՅԱՆ

(մասն երկրորդ)

Տեսնե՞լ, թե՞ լսել

Համերգային դահլիճը նման է թատրոնի, իսկ երաժիշտ կատարողըՙ դերասանի: Իսկ հանդիսատեսի համար համերգը թե՛ տեսողական եւ թե՛ լսողական փորձառություն է: Նա լսում է ոչ միայն ականջներով, այլեւ աչքերով: Այսպիսով, համերգային կատարում ունկնդրելիս լսարանի համար միայն երաժշտությունը չէ, որ կարեւորվում է: Ինչպիսի՞ արտաքին ունի մենակատարը, ինչպե՞ս է նա շարժվում բեմի վրա, եւ ի՞նչ հագուստ ունի հագած - այս ամենը, դժբախտաբար, երբեմն նույնիսկ ավելի է կարեւորվում, քան երաժշտությունն ինքը:

Որպես կատարող երաժիշտներ մենք երկատված անհատականություն ունենք: Սա մի փոքր շիզոֆրենիկ վիճակ էՙ քրտնաջան աշխատող նյարդային մեկի եւ բեմ դուրս եկող ճանաչելի անհատի միջեւ: Եվ այդ երկու վիճակների ամենաակնառու տարբերությունը երեւում է մեր հագուստի ընտրության մեջ:

Հայտնի է, որ բեմ դուրս գալու համար մենք այնպիսի հագուստներ ենք կրում, որ երբեք չէինք կրի առօրյա կյանքում: Կրելով այդ համերգային հագուստները, մենք գիտենք, որ այլեւս հատուկ դեր ենք ստանձնում, որը մեզ դնում է հատուկ իրավիճակի մեջ:

Համերգային հագուստը մի քանի դեր ունի. այն առանձնացնում է կատարողին ունկնդրից եւ կատարողին հատուկ դերակատարում է հանձնարարում: Այսպիսով, ծայրահեղ բազմազան լինելով հանդերձ, այն կարծես համազգեստի մի տեսակ լինի:

Բայց համազգեստի մասին խոսելիս, սկզբում անպայման պիտի անդրադառնալ նվագախմբի անդամներին: Դուք գնում եք փոփ համերգի լիակատար վստահությամբ, որ անսահմանափակ տեսականի կտեսնեք երաժիշտների հագուստի մեջ: Գնում եք որեւէ նվագախմբի կատարմամբ դասական երաժշտություն լսելու, եւ լիակատար համոզված եք հակառակի մեջ, քանի որ նվագախմբի բոլոր անդամները (երբեմն հարյուր եւ ավելի) սովորաբար սեւ հագուստներով են ՙ սպիտակի մի կտորով, թերեւս: Ինչո՞ւ են նրանք միշտ սեւ գույնի «համազգեստ» կրում:

Բացատրությունը դարձյալ պետք է փնտրել ավանդապաշտության մեջ: Ազնվականական դղյակներում հանդես եկող 18-րդ դարի առաջին նվագախմբերի անդամները երաժիշտներ էին, որոնք ծառայում էին տվյալ ազնվականին եւ հագնվում էին ինչպես մյուս ծառաներըՙ սեւ տուքսեդո/սմոքինգ: Հիշեցնեմ նաեւ, որ այս ժամանակահատվածում նվագախմբերում միայն տղամարդիկ էին նվագում: Այդ իսկ պատճառով, երբ 20-րդ դարի կեսերից կանանց թույլատրվեց նվագել պրոֆեսիոնալ նվագախմբերում, նրանց համազգեստը նույնպես նմանեցվեց տղամարդկանց համազգեստինՙ ամբողջովին սեւ զգեստ կամ սպիտակ վերնաշապիկ ու սեւ կիսաշրջազգեստ/տաբատ:

Այսօր այսպիսի համազգեստը համարվում է դասական եւ ընդունելի նաեւ այն պատճառով, որ այն իբր չի շեղում ունկնդրի ուշադրությունը երաժշտությունից: Այդ դեպքում բնական հարց է ծագում. նկատի ունենալով, որ ունկնդիրը ցանկանում է կենտրոնանալ նվագախմբի ստեղծած երաժշտության, այլ ոչ թե տեսողական ինֆորմացիայի վրա, ինչո՞ւ չտեղադրել ամբողջ նվագախումբը ավելի ցածր հարթակի վրա, ինչպես օպերայում կամ բալետում:

Բայց այստեղ է, որ թաղված է շան գլուխը: Հարցումները պարզել են, որ դասական համերգային լսարանը շատ է սիրում դիտել պրոֆեսիոնալ երաժշտինՙ իր աշխատելու ընթացքում այնպես, ինչպես ռեստորանի այցելուն է սիրում դիտել, թե ինչպես են իր աչքի առջեւ սուշի պատրաստում: Դա տպավորիչ է, եւ ավելի հասկանալի է դարձնում դրա համար վճարելու իմաստը: Ուրեմն, եթե մենք սիրում ենք վայելել երաժշտի հմուտ աշխատանքային գործընթացը, ինչո՞ւ թույլ չտալ նրան հագնվել ըստ ճաշակի:

Այստեղ էլ հառնում է մենակատարի խնդիրը: Նվագախմբի անդամները այդպես են հագնվում, քանի որ հակառակ դեպքում մենակատարի համար դժվար կլիներ բոլորի հայացքների կիզակետը դառնալ: Ինչ խոսք, նա բոլորովին էլ պարտադրված չէ կրել սեւ-սպիտակ հագուստ, քանի որ նա երեկոյի «հատուկ հյուրն» է: Եվ այս հատուկ հյուրի նկատմամբ բոլորովին այլ օրենքներ են գործում (ասենք, որ երբեմն դրանք ոչ պակաս խիստ են):

Դուք հավանաբար շատ կզարմանաք երբ իմանաք, որ դասական երաժշտության մենակատարների վրա աճող ճնշում կաՙ ավելի «հետաքրքրական» տեսք ունենալ: Սա մի իրականություն է, որ գալիս է հեռուստացույցից, ֆիլմերից եւ տարատեսակ շոուներից: Դժբախտաբար պիտի ընդգծենք, որ մենք ապրում ենք շեշտադրված վիզուալ հասարակության մեջ: Սա նշանակում է, որ որեւէ, նույնիսկ դասական համերգի հաջողությունը նաեւ մեծապես կախված է մենակատարի հագուստից:

Սա հատկապես վերաբերում է օպերային երգչուհիներին: Կարգախոսը նույնն է. որքան բաց, այնքան լավ: Ռենե Ֆլեմինգը գրում է, որ իր նախկին մենեջերը պնդում էր, որ երգչուհին նիհարի, իսկ որոշ ժամանակ անց նրան առաջարկվեց «վերանայել սեփական պահարանը» եւ «մտածել ավելի լայն լանջաբացվածքների մասին»:

Փառք Աստծո, մյուս կատարողների համար այսօր ավելի ազատ հագուստային կոդ է աշխատում, այնքան ազատ, որ երբեմն նրանք նույնիսկ գերադասում են կարճ շրջազգեստ, ջինս կամ սպորտային կոշիկներ կրել բեմումՙ այդպիսով մի տեսակ ջնջելով ունկնդրի եւ մենակատարի միջեւ ընկած տարածությունը: (Իրականում, ես այնքան էլ համոզված չեմ, որ լսարանին դա դուր է գալիս: Կարծում եմ, որ ունկնդիրը գերադասում է, որ մենակատարը ընդգծված հատուկ արտաքին տեսք ունենա, ինչը մեծացնում է կենդանի կատարման եւ երեկոյի հրաշքի եզակիության զգացումը):

Բեմի վրա մենակատարի ներկայության մյուս խնդիրը նրա շարժուձեւն է, նրա ժեստերը: Երաժիշտ- կատարողները հաճախ օգտագործում են իրենց մարմնի լեզուն որպես հատուկ արտահայտչամիջոցներՙ երաժշտության այս կամ այն հատվածը ընդգծելու, այս կամ այն տարրը առանձնացնելու համար: Բեմական պահվածքը անձամբ ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան հագուստը: Հավատում եմ, որ ժեստը պիտի ծառայի երաժշտությանը, եւ ոչ թե կատարողին: Բոլորս տարբեր ժամանակներում ականատեսն ենք եղել չափազանցված շարժուձեւի, ձեռքերի կամ գլխի իմաստազուրկ թափահարումների, ոմանք հաճախ պարզապես զավեշտալի են, եթե չասենք նյարդայնացնող: Ինչ խոսք, եթե այդ ժեստերը երաժշտության բովանդակության արդյունք են, ապա ունկնդիրը դրանք ընկալում է որպես երաժշտի մարմնի բնական ռեակցիա, որոնք իրապես ուժեղացնում են տպավորությունը լսածից:

Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը կյանքի վերջին շրջանում գերադասում էր ելույթ ունենալ ամբողջովին մթնեցված դահլիճում, որտեղ լուսավորված էր միայն իր նոտակալը: Նա կարծում էր, որ կատարողի դեմքը կամ ձեռքերը տեսնելը միայն խանգարում է երաժշտությունը ամբողջովին ընկալելուն:

Ինչպես ասում են, ճաշակի հարց է:

***

Վերջին երկու հոդվածներում մենք խոսեցինք դասական երաժշտության համերգի մյուս դերակատարիՙ կատարողի ուրույն դժվարությունների մասին: Մեր ցանկությունն էր ընթերցողին մի փոքր մտցնել դասական երաժշտի առօրյայի, նրա յուրօրինակ կյանքի խոհանոցի մի անկյուն:

Ընթերցողի մոտ, հնարավոր է, բնական հարցեր ծագեն. Ուրեմն ինչո՞ւ եք դուք դա անում: Ինչո՞ւ եք ընտրում այդ բարդ մասնագիտությունը:

Պատասխանը մեկն է.

Որովհետեւ իսկապես մեծ առավելություն էՙ կարողանալ կատարել այս հիասքանչ երաժշտությունը, ստեղծագործություններ, որ գտնվում են Արիստոտելի ու Շեքսպիրի ժառանգության հետ մեկ հարթակի վրա: Դա մի առանձնակի զգացում է, երբ ունկնդրի հետ կիսում ես այդ ստեղծագործությունների քո տեսլականըՙ նորից ու նորից պատմելով հին/նոր պատմություններ: Դա պարգեւ է -պարգեւ սեփական անձին եւ նրանց, ովքեր գերադասում են լսել դասական երաժշտություն: Այս չքնաղ ստեղծագործություններում այնքա՛ն բան կա կրկին ու կրկին հետազոտելու ու հասկանալու: Բաներ, որ կարող են անվերջ զարմացնել ու ոգեշնչել: Մեր մասնագիտությունը սա է:

Մենք դա՛ ենք անում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ