RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Ու՜Ֆ եսիմ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 24-11-2017



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2017-11-23 21:01:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 4253, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ԶՈՒՅԳԸ. ՄԻԽԱՅԻԼ ԿԱՐԱԿԱՇ ԵՎ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՊՈՊՈՎԱ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

1910-ական թվականներին, մոտ մեկ տասնամյակ, Պետերբուրգի օպերայի սիրահարների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելել Միխայիլ Կարակաշ - Ելիզավետա Պոպովա երիտասարդ ամուսնական զույգը: Երկուսն էլ օժտված էին հմայիչ արտաքինով, փայլուն վոկալ տվյալներով եւ դերասանական օժտվածությամբ: Ու թեեւ ռուս երգասերների շրջանում վայելած վիթխարի ժողովրդականությանըՙ շատերն անտեղյակ էին ամուսինների, հատկապես կնոջ հայկական ծագմանը: Ինչպես վկայել է պարուհի Ժենյա Արիստակյան-Պոլյակինան Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող իր անտիպ հուշերում, Կարակաշը «Դժբախտաբար... հայերեն չգիտեր.... Նրա կինն էր Պոպովան, սոպրանո, որը շատ մեծ հաջողություն էր գտած Պետրոգրադի պետական խմբի մեջ, եւ նույնպես հայուհի (էր)»: Հայ ընտանիքիՙ Պոպով ազգանուն ունենալը չպետք է արտառոց թվա, քանի որ Ռուսաստանում հաստատված հայերի զգալի մասը, սկսած միջին դարերից, որդեգրում էր ռուսական ազգանուններ. այս ազգանունով ռուսահայերից հայտնի են Քիշնեւի առաջին տպագրիչ Ակիմ Պոպովը, բժիշկ, լրագրող Լեոն Պոպովը եւ բարեգործ Վարդան Պոպովը...

Երգիչ, օպերայի բեմադրիչ, մանկավարժ Միխայիլ Կարակաշը (1887-1937) ծնվել է Սիմֆերոպոլի մոտ գտնվող Կարակաշ դաստակերտում: Նա բանաստեղծ Ռափայել Պատկանյանի Վարվառա քրոջ եւ վաճառական ու կալվածատեր Հովհաննես Կարակաշի թոռն էր, երկրաբան, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Նիկոլայ Կարակաշի (1862-1915) եւ երգչուհի Նադեժդա Վարնեկի (1859-1940-ից հետո) որդին: Միխայիլն ուսանել է Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական բաժանմունքում, սակայն ձայնային տվյալները եւ սերն օպերայի հանդեպ նրան ստիպել են գնալ այլ ուղղությամբ, մանավանդ որ ընտանիքը որոշ չափով երաժշտական էր. մորից նա արդեն ստացել էր երգեցողության դասեր, իսկ մորաքրոջ դուստրն էր առաջին հայ օպերային երգչուհիներից Մագդալինա Գենջյանը: 1910-ին ավարտելով Պետերբուրգի կոնսերվատորիանՙ Միխայիլ Կարակաշը, Մարիինյան թատրոնի ավանդույթի համաձայն, հանդես է եկել երիտասարդ երգիչների մրցույթումՙ կատարելով Եվգենի Օնեգինի դերերգը համանուն օպերայի առաջին դեբյուտային ներկայացման մեջ, օպերային հեղինակությունների կողքին: Հաջորդ օրը մամուլը նշել է սկսնակ երգչի բացառիկ հաջողությունը, որը գտնվել է իր փառաբանված խաղընկերների հետ հավասար բարձունքում: Նրա «երկրորդ դեբյուտը» Ռիմսկի-Կորսակովի «Թագավորական հարսնացուն» օպերայում էր, որից հետո նրան ընդունել են Ռուսաստանի թիվ մեկ օպերային թատրոնը որպես լիրիկական բարիտոնի գլխավոր դերերգիչ: Որոշ ժամանակ էլ արվեստը կատարելագործել է իտալացի պրոֆեսորների մոտՙ Միլանում:

Մետաղական տեմբրով ու հստակ առոգանությամբ օժտված ձայնի եւ դերասանական բարձր կուլտուրայի տեր Միխայիլ Կարակաշը ընդամենը 23-30 տարեկանում Մարիինյան թատրոնի աստղերից էր եւ հանրության բացարձակ սիրելին: Կատարել է Դեւի, Իշխան Իգորի, Դոն Ժուանի (համանուն օպերաներում), Մերկուցիոյի («Ռոմեո եւ Ջուլիետ»), Էսկամիլիոյի («Կարմեն»), Վալենտինի («Ֆաուստ»), Ֆիգարոյի («Սեւիլյան սափրիչ»), Նեւերի («Հուգենոտներ»), Տոնիոյի («Պայացներ»), Ֆերֆաքսի («Գեյշա»), Ապոլլոնի («Օրեստես») եւ այլ դերերգեր: Եղել է Եվգենի Օնեգինի դերերգի հիմնական կատարողը եւ իշխան Ելեցկիի միակ դերակատարը «Ագռավի աղջիկը» օպերայում, իսկ «Մադամ Բաթերֆլայի» առաջին ռուսաստանյան բեմադրության մեջ կատարել է Շարպլեսի դերերգը: Հաճախ հանդես է եկել ռուս օպերային արվեստի մեծանուն դեմքեր Անտոնինա Նեժդանովայի եւ Ֆեոդոր Շալյապինի ընկերակցությամբ, վերջինիս հետ «Սեւիլյան սափրիչում»ՙ ավելի քան քսան անգամ: Սակայն 1916 թվականին մի ներկայացման ժամանակ Շալյապինի մեղքով տեղի է ունեցել մի խոշոր սկանդալ, որը մամուլի շնորհիվ հանրածանոթ է դարձել: Կարակաշը պահանջել է, որ Շալյապինը ներողություն խնդրի իրենից եւ հրաժարվել է երգել նրա հետ: Շալյապինին թատրոնի ղեկավարությունը պաշտոնապես նկատողություն է հայտարարել, որից հետո գրեթե երկու տարի այս երկու երգիչները բեմում չեն հանդիպել...

Հայազգի երգիչը հանդես է եկել նաեւ Գլինկայի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ստրավինսկու, Գրեչանինովի եւ այլոց կամերային ստեղծագործությունների կատարմամբ: Ի դեպ, 1916-ին Ղրիմում հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանին, որը նրան է ձոնել իր «Հայաստանին» ռոմանսը: Պահպանվել է երգչի նամակըՙ ուղղված Սպենդիարյանին, որտեղ նա երկու անգամ խորին շնորհակալություն է հայտնում իրեն նման պատվի արժանացրած լինելու համար (նամակի տեքստը տե՛ս А. Спендиаров, Письма, Ереван, 1962, էջ 344-345): Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում եւ արտասահմանում (Վիեննա, Բեռլին, Պրահա, Բուդապեշտ): 1913-ին Պետերբուրգի «Գրամոֆոն» ստուդիայում ձայնագրել է տաս երգ, այդ թվում, որպես տուրք ժամանակինՙ Յակոբսոնի «Ավիացիոն երգը»: Դրանց մի մասն, ի դեպ, այսօր հասանելի են համացանցում...

Դարձյալ վկայակոչենք Ժենյա Արիստակյանի հուշերը. «(Կարակաշը) մի շատ գեղեցիկ երիտասարդ էր։ Ես նորան տեսա առաջին անգամ 1918-ին, Մեծ սյունազարդ սրահի մեջ, Մոսկվայում կազմակերպված էր հայկական երեկույթ։ ....Իբրեւ սոլիստ բեմ եկավ Կարակաշըՙ բարձրահասակ, սեւ գանգուր մազերով, սպիտակ դեմքով, սեւ հոնք եւ թարթիչներով, որոնց միջից փայլում էին խոշոր մոխրագույն աչքերը։ Նա նման էր հին Հունաստանի այնքան գեղեցիկ աստվածներից մեկին։ Նորա ունեցած ձայնը (բարիտոն), շատ մեծածավալ չէր, ընդհակառակը, փոքր եւ քնքուշ էր։ Նա երգեց Օնեգինի արիան, Տորեադորի երգը եւ մի քանի ռոմանսներ։ Ժողովուրդը նորան բուռն ծափահարեց, որովհետեւ Կարակաշը բացի իր գեղեցկությունից շատ ազատ էր պահում իրեն բեմի վրա։ Իր ձեւերից բխում էր կյանքի ծարավ, նրա աչքերը նայում էին խմբված ամբոխին այնքան զվարթ, եւ երբ նա ասում էր, ամեն մի երգից առաջՙ «իսկ հիմա պիտի երգեմ այս կամ այն երգը», կարծես թե ուզում էր ասել. «ես այստեղ եկած եմ ձեզ հաճույք պատճառելու, այո, բայց եւ նույն ժամանակ ես ինքս շատ մեծ հաճույքով երգում եմ ոչ միայն ձեզ համար, այլ որովհետեւ անչափ սիրում եմ երգել»:

1913-ին Կարակաշն ամուսնացել է Մարիինյան թատրոնի մեներգչուհի Ելիզավետա Պոպովայի (1889-1967) հետ: Աստրախանի հոգեւոր ուսումնարանի տնօրենի դուստրը երաժշտական կրթությունն ստացել էր նախ ծննդավայրում, ապաՙ Պետերբուրգում եւ 1912 թվականից հաջողությամբ հանդես էր գալիս Մարիինյան թատրոնում: Պոպովայի նշանավոր դերերգերն էին Դոննա Աննան («Քարե հյուր»), Լիզան («Ագռավի աղջիկը»), Շամախիի թագուհին («Ոսկե աքաղաղ»), Թամարան («Դեւը»), Մադամ Բաթերֆլայը, Տոսկան, Կարմենը (համանուն օպերաներում), Նեդդան («Պայացներ»), Միմին («Բոհեմ») եւ այլն: Ելիզավետա Պոպովայի «ձայնը լայնածավալ ուժեղ սոպրանո էր, եւ Կարակաշը շատ էր հպարտանում իր կնոջ ունեցած հաջողություններով։ Միասին նրանք երգած են «Եվգենի Օնեգին» օպերան, ուր Պոպովան Տատյանա էր, իսկ Կարակաշըՙ Օնեգին։ Պետրոգրադի ուսանող-ուսանողուհիները այդ ներկայացումից հետո միշտ կորցրած էին լինում իրենց գույնը, այնքան էին գոռում «բիս» եւ «բռավո» (Ժենյա Արիստակյան)։ Ի դեպ, Սմոլնիի ինստիտուտի եւ այլ էլիտար հաստատությունների աշակերտուհիներին հատուկ տանում էին Մարիինյան թատրոնՙ «Կարակաշին ու Պոպովային լսելու»: Ու նաեւ տեսնելու. անգամ արտաքնապես ամուսինները թվում էին իրենց հերոսների կենդանի մարմնացումները, եւ նրանց դուետը համարվում էր բացառիկ իրադարձություն Մարիինյան թատրոնի պատմության մեջ: Պոպովան նույնպես հանդես է եկել նաեւ որպես կամերային երգչուհիՙ կատարելով Բախի, Գրիգի, Լիստի գործերը, սերբական երգեր, իսկ 1913-ին դարձել է Ռախմանինովի «Զանգեր» պոեմի առաջին կատարողըՙ հեղինակի նվագավարությամբ...

1918-ին ամուսինները տեղափոխվել են Մոսկվա, մեկ տարի աշխատել Մեծ թատրոնում եւ այլուր, 1921-ին մեկնել են Հռոմ, որտեղ «Ռուսական ծիծեռնակ» թատրոնի կազմում հանդես են եկել Իտալիայի քաղաքներում, իսկ 1923-ինՙ Փարիզ, որտեղ աշխատել են Կուզնեցովա-Բենուայի օպերային խմբում, նրա կազմում հյուրախաղերով շրջել Բարսելոնայում, Զագրեբում եւ Բուդապեշտում: Կարակաշը «Շանզ Էլիզե» թատրոնում բեմադրել է «Իշխան Իգոր», «Սադկո» եւ «Ջրահարսը» օպերաները: Հաստատվելով Բելգրադումՙ Կարակաշ-Պոպովա զույգը դարձել է «Մանեժ» ռուսական հանրամատչելի թատրոնի մեներգիչներ (1923-1927 թթ.): Հայտնի չէ ինչ պատճառով սիրված երգիչ Կարակաշն աշխատանքին զուգահեռ ուսանել է Բելգրադի համալսարանի տեխնիկական բաժնում եւ 1935-ին մասնակցել նշանավոր Պանչեւոյի կամրջի շինարարությանը: 1931-ին Կարակաշը դարձել է Փարիզի Ռուսական կոնսերվատորիայի պրոֆեսոր, իսկ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի Պրահայի խմբի կազմում որպես դրամատիկական դերասան հանդես է եկել Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» պիեսում: Բելգրադում Կարակաշը մի քանի տարի եղել է նաեւ օպերային դրամատիկական թատրոնի գլխավոր բեմադրիչը, բեմադրել «Իշխան Իգորը» եւ «Սեւիլյան սափրիչը», իսկ Պոպովան եղել է այդ թատրոնի գլխավոր մեներգչուհին:

Միխայիլ Կարակաշը հանկարծամահ է եղել ընդամենը 50 տարեկանում, Բուխարեստում, որտեղ մեկնել էր հյուրախաղերի, մասնագետների կարծիքովՙ այդպես էլ չասելով իր «վերջին խոսքը» ո՛չ որպես երգիչ, ո՛չ որպես բեմադրիչ: Կա վկայություն, որ կյանքի վերջին տարում Բուխարեստի հայերից նա սկսել է հայերենի դասեր առնել... Իսկ Ելիզավետա Պոպովան շարունակել է Բելգրադում ելույթները որպես կամերային երգչուհիՙ տարածելով ռուս եւ խորհրդային երգահանների գործերը: 1945-ին, պատերազմի ավարտից հետո, միակ որդու հետ նա վերադարձել է Մոսկվա, որտեղ երբեմն ելույթներ է ունեցել: Ցավոք, 1967-ին, 78-ամյա Ելիզավետա Պոպովա-Կարակաշը զոհվել է ավտովթարից, սեւծովյան Լազարեւսկ ավանում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ