RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 20:32:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 3284, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆ ՈՒ ՀԻՆԸ

Նաիր ՅԱՆ

Որպեսզի հասարակությունն էլ տեղյակ լիներ, թե պետությունը ո՛ր գրողի գրքերի տպագրությանն է աջակցելու, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գրողներին առաջարկել էր հետեւյալ տարբերակը. հեռուստատեսության ուղիղ եթերում գրողները ներկայացնում են իրենց անտիպ ստեղծագործություները: Տաղավարում նստած են հրատարակիչներ, գրականագետներ, մի խոսքովՙ մասնագիտական տարբեր օղակներ իրենց կարծիքն են հայտնում, հեռուստալսարանն էլՙ իր: Ու բաց, թափանցիկ հարաբերությունների մթնոլորտում որ գրողի ստեղծագործությունը հավանության արժանանար, դա էլ կտպագրվեր պետպատվերով: Այս տարբերակը մեր գրողները մերժեցին. մերժեցին հատկապես միջին ու ավագ սերնդի գրողները: Ոմանք պատճառաբանեցին, թե իրենք անուն, հեղինակություն ունեցող մտավորականներ են, «իրենց չի սազում գնան ուղիղ եթերներում միմոսություն անեն, թե ինչ է պետությունը մի-երկու կոպեկ է տալու, որ գիրք տպեն»:

Նրանք, ովքեր առանց պետական աջակցության էլ կարող են տպագրվել, տպագրվեցին, նրանց, ում գրքերն առանց մեծագույն ջանքերի էլ պիտի հասնեին ընթերցողին, հասան, բայց գրքի նակատմամբ պետական հարգալից ու ընդգծված մոտեցման կարիքն, անկախ ամեն ինչից, պետք է լինի: Երբ պետությունն է գնահատում արժեքներն ու բարձր արժեհամակարգ սահմանում, հասարակությունն այդ արժեքների ու արժեհամակարգի հանդեպ ավելի ձգված է դառնում, փորձում իր մտավոր, հոգեւոր որակները հասցնել-հավասարեցնել բարձր նշաձողին: Գրողի, արտիստի, կոմպոզիտորի, նկարչի նկատմամբ պետական ակնածանքն ու գնահատանքը դաստիարակող, կրթող, ուսուցանող, օրինակ ծառայող իմաստ ունի:

Բանաստեղծուհի Մետաքսեն պատմում էր, որ սովետական տարիներին մինչեւ կինո-Երեւանի մոտ գտնվող իր տնից ոտքով հասնում էր Գրողների միություն, երեք ժամ էր տեւում. մարդիկ կանգնեցնում էին նրան, զրուցում, իր բանաստեղծությունները կարդում: Մեր ժամանակներում էլ էր Մետաքսեն իր շքեղ ու փարթամ կեցվածքով, գունեղ հագուկապով անցնում նույն ճանապարհով, բայց հազարից մեկն էր նրան կանգնեցնումՙ այն էլ որեւէ սոցիալական հարցով այս կամ այն մեծահարուստին միջնորդելու, բարեխոսելու խնդրանքով: Շատ հեռու չգնանք. Շիրազ, Սեւակ, Սահյան տպագրվում էին մի քանի տասնյակ հազար օրինակով, մեր ծնողները հատուկ բաժանորդագրվում էին, որ հայ, ռուս, արտասահմանյան դասականների մատենաշարերըՙ որպես արժեքավոր ժառանգություն փոխանցեին մեզ, մենք էլՙ մեր երեխաներին: Ինչքան էլ մեր գրողները բողոքեին գրաքննությունից, վերեւների կուսակցական մամլիչներից, միեւնույն է, այդ նույն վերեւների կողմից մեծ հարգանքի ու հովանավորության էին արժանանում: Եվ անկախության շրջանում գիրք-գրողի, նկար-նկարչի, արվեստ-արվեստագետի նկատմամաբ պետական վերաբերմունքի կտրուկ շրջադարձն ու կայծակնային արժեզրկման օրինաչափությունը դարձավ հասարակական արհամարհական վերաբերմունքի ձեւավորողը:

Վերջին ժամանակներում գիրքն ու գրողին արժեւորելու փորձեր են արվում. հասկացել են, որ արվեստի, գիտության ինչ ճյուղ ու ոլորտ էլ ջանան կարեւորել, հիմքում գիրքն է: Եթե չկա ինտելեկտ, մտավոր պաշար, չի լինի ոչինչ, եթե չկա կրթվածության բավականաչափ մակարդակ, երկիրը զարգացնելու, տնտեսական ազդակներ արթնացնելու որեւէ հույս ունենալն անհույս է: Սկսեց գովազդվել գիրքը, օրինակՙ «Գիրք կարդալը նորաձեւ է» վերնագրով ցուցապաստառներ փակցվեցին, թարգմանական ու ժամանակակից գրականությունը քարոզող հարթակներ ձեւավորվեցին: Կարծես սկսել ենք ջարդել ավանդական կարծրատիպերը. գրողների հատուկ ցանկ կար, որ պարտադիր ամեն տարի պետք է պետպատվերով հրատարակվեր: Արդյունքումՙ գրական խոտանՙ ինչքան ուզես: Հիմա պետությունը փոխել է մոտեցումն ու գիրք հրատարակելու մոդելը. թող տպագրվի նա, ով պահանջարկ ունի, ով ավելի շատ կգովազդվի, ում ավելի շատ կճանաչի հասարակությունը: Այսինքնՙ կամաց-կամաց ձեւավորվում է ձեւաչափՙ գիրքն ապրանք է, այն պետք է գովազդել, վաճառել ու շահույթ ստանալ: Մեր երկրում վերջին փուլը դեռ չի գործում, իսկ առաջին երկուսըՙ մասամբ: Հրատարակիչները շահույթ չեն ստանում, հազիվ գրքի ծախսածածկումն են գլուխ բերում, բայց երբ փոխվի գրքի ու գրողի նկատմամաբ հասարակական վերաբերմունքը, գիրքը նաեւ շահութաբեր կդառնա թե՛ հրատարակչի, թե՛ գրողի համար:

Այսօր մի քանի գրող կա, որ հրատարակվելու խնդիր չունի. հրատարակիչներն իրենք են առաջարկում տպագրել նրանց գրքերը, օրինակՙ Գուրգեն Խանջյան, Արամ Պաչյան, Համբարձում Համբարձումյան, Լեւոն Խեչոյան, Հրաչ Սարիբեկյան: Անգամ այդ դեպքում այս գրողների գրքերը մի քանի հարյուր օրինակով են տպվում: Գուրգեն Խանջյանը 7 գիրք ունի, եթե դրանցից յուրաքանչյուրը տարեկան վաճառվի 1000 օրինակով, հեղինակը կարող է հանգիստ ապրել, սոցիալական խնդիրներ լուծելու համար այլ աշխատանքնով չզբաղվել ու իրեն նվիրել միայն գրելուն: Բայց Խանջյանի ցուցանիշներն այսօր վատը չեն: Նրա վերջին գիրքը վերջին 5 ամսում վաճառվել է 300 օրինակով: Արամ Պաչյանի, Հրաչ Սարիբեկյանի ցուցանիշներն ավելի լավն են, նրանց գրքերի 1000 օրինակն է վաճառվել: Այնպես որ կարելի է հույս ունենալ, որ ժամանակակից գրողներն ավելի մեծ ճանաչում ձեռք կբերեն ու ավելի մեծ պահանջարկ կունենան: Ժամանակակից գրական-գեղարվեստական միտքըՙ հանձին մի քանի գրողների, ինքնարտահայտման հետաքրքրական ձեւաչափերի, ազատ, անկաշկանդ, համարձակ խոսքի տիրույթներում արմատներ գցելու միտումներ ունեն: Ընթերցողների մի շերտ կա, որ անհամբերությամբ սպասում է օրինակՙ Կարեն Անտաշյանի, Արմեն Շեկոյանի, Գուրգեն Խանջյանի, Հովիկ Աֆյանի, Արծվի Բախչինյանի, Մհեր Արշակյանի, Արամ Պաչյանի, Հուսիկ Արայի եւ էլի մի քանի գրողների նոր գործերի հրապարակմանը: Նշանակում էՙ թեկուզ փոքր թվով, բայց գեղարվեստական գրականության կարիք ունեցող ինտելեկտուալ ընթերցասերներ ունենք, որոնց համար վերոնշյալ անունները սիրված ու գնահատված են:

Ժամանակակից գրողներին հանրահռչակելու, գիրքը հասարակությանը մոտեցնելու նպատակով մշակույթի նախարարությունը նոյեմբերի 24-26-ը կազմակերպել էր գրքի երեւանյան փառատոն: Ներկայացված էին 25-ից ավելի հրատարակիչներ իրենց լավագույն հավաքածուներով: Վաճառվող գրքերի գները մեծ մասամբ զեղչված էին. հրատարակիչները դժգոհ չէին առեւտրից ու գրքի նկատմամաբ հանրության հետաքրքրությունից: Բայց մի բան պարզ ու ընդգծված էր. շատերն ինչքան էլ հետաքրքրված են եղել նոր լույս տեսած գրականությամբ, այնուամենայնիվ գնել չեն կարողացել: Գաղտնիք չէ, որ այսօր ինտելեկտուալ շերտը սոցիալական ամենօրյա խնդիր է փորձում լուծել ու 5-6.000 դրամը նրա մեկ օրվա կերակրվելու փողն է: Գրքերի տաղավարները ներկայացնող-վաճառողները հաստատում ենՙ այցելուներն ավելի շատ էին, քան գնորդները, թեեւ այցելուների 90 տոկոսը պոտենցիալ գնորդ կլիներ, եթե գրպանում գումար ունենար: Իսկ նրանք, ում գրպանում գումար կա, գիրք գնելու ներքին պահանջ չունեն. սա է ցավալին:

Մշակույթի նախարարությունը ժամանակակից գրողներին հրատարակելու նոր մոտեցում է որդեգրել: Գրքի երեւանյան փառատոնի փակմանը ներկայացվեցին այն գրողները, որոնց անտիպները լավագույնն են ճանաչվել: Մրցույթի 4 անվանակարգերում ներկայացվել է 133 հայտ: Ստեղծագործությունների հեղինակների անունները մասնագիտական հանձնաժողովից գաղտնի են պահվել, հանձնաժողովի անդամների անուններն էլ գաղտնի են պահվել գրողներից: Արդյունքում մանկապատանեկան գրականություն անվանակարգում առաջին մրցանակին է արժանացել Սիլվա Հովհաննիսյանը , երկրորդ մրցանակինՙ Էլֆիկ Զոհրաբյանը : Դրամատուրգիա անվանակարգում հաղթել է Գուրգեն Խանջյանը , երկրորդ տեղում Անուշ Ասլիբեկյանն էր: Չափածոյի առաջին տեղում Ներսես Աթաբեկյանն էր, երկրորդումՙ Հուսիկ Արան . արձակ անվանակարգի առաջին մրցանակակիրը Համբարձում Համբարձումյանն էր, երկրորդըՙ Հովհաննես Երանյանը : Նախարարությունն առաջին տեղի համար սահմանել էր 500.000, իսկ երկրորդ տեղի համարՙ 300.000 դրամ մրցանակ. բայց կա պայմանՙ հեղինակներն այդ գումարները պետք է օգտագործեն իրենց գրքերը տպագրելու համար:

Գրահրատարակչական գործում փորձառություն ունեցող մասնագետները վստահեցնում են, որ մրցանակակիր գրողներն առանց այդ էլ հրատարակիչների կողմից պահանջված են ու նրանց գրքերը կտպագրեն սեփական ծախսերով, իսկ մրցանակ-պարգեւները կմնան գրողներինՙ որպես հոնորար: Նման փոքր գումարներ տպագրական ոլորտում սկսել են շրջանառվել: Հրատարակիչները մեր փոքր շուկային արդեն տիրապետում են, գիտեն, որ կան գրողներ, որոնք թեկուզ փոքր թվաքանակով, բայց ունեն հավատարիմ ընթերցողներ. նրանց փոքր բյուջեի վրա կարելի է հույս դնել, գիրք տպել ու վաճառելու ակնկալիք ունենալ:

Սովետական ժամանակների գրողներն աստղաբաշխական հոնորար են ստացել: Այդ տարիներին գրական-գեղարվեստական, անգամ մասնագիտական գրականություն ստեղծած սերնդի ներկայացուցիչները պատմում են, որ բյուջեից ահռելի գումարներ էին դուրս գրվում. խմբագրություններին հրահանգվում էրՙ մտածեք, ստեղծագործեք, եղածը քիչումիչ ձեւափոխեք, տպեք, հո գումարը չի՞ վերադարձվելու բյուջե: Այդ տարիներին էլ է գրական խոտան տպագրվելՙ ահռելի քանակով ու չափովՙ ահռելի քանակով ու չափով հոնորարի դիմաց: Մեր գրողների հոնորարները հասել են տասնյակ հազար ռուբլիների. օրինակՙ Սերո Խանզադյանն իր հերթական գրքի համար ստացել է 300.000 ռուբլի հոնորար, որը հավասար է այսօրվա 300.000 եվրոյի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 01-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ