RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-12-15 02:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 7747, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍ ԳԻՐՔԸ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի գրողների միությունը նախաձեռնել է «XXI դարի հայ պոեզիա եւ արձակ» մատենաշարը: Արդեն լույս է տեսել այս հրատարակության առաջին գիրքըՙ Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլեւս» բանաստեղծությունների ժողովածուն: Կոսյանը դրամատուրգ է, բանաստեղծ եւ հրապարակախոս, երկար ժամանակ «Գրական թերթի» յուրաքանչյուր համարում վարում է «Գրողի քաղաքական ամբիոն» սյունակըՙ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նյու Յորքում անգլերենով բեմադրվել է նրա թատերգությունը եւ արժանացել ջերմ ընդունելության: Այսօր նա հայ գրական ու հասարակական կյանքում կարեւոր ներկայություն է: Բայց այստեղ խոսքս սեւեռվելու է նրա բացառապես պոեզիայի վրաՙ սույն գրքի օրինակով:

Սամվել Կոսյանը հետսեւակյան բանաստեղծների սերնդից էՙ Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Հովհաննես, Արմեն Մարտիրոսյան, Արտեմ Հարությունյան, Արեւշատ Ավագյան, որքան էլ սերնդակիցՙ յուրաքանչյուրն ունի իր բանաստեղծական հուզաշխարհը, ինքն է եւ նման չէ մյուսներին: «Սերունդ» ասվածը ընդամենը ժամանակային տարածք է, կարեւորըՙ ինչպիսի յուրահատկություններով է աչքի ընկնում քո պոեզիան այդ ժամանակի մեջ: Այստեղ ժամանակը ֆիզիկական մարմին է, բանաստեղծի հոգեկերտվածքն է որոշում նրա գրողական արժեքայնությունը, որը նման է անշփոթելի անձնագրի: Կարող ես պատկանել այս կամ այն սերնդին եւ անձնագիր կամ մատնահետք չունենալ, եւ այդպիսիք շատ ավելի շատ են:

Գրական քննադատությունը իր ուշադրության կենտրոնում պահում-պահպանում է պոետների նշածս շղթան, հավասարման նշան չդնելով նրանց միջեւՙ արդարացիորեն նշում յուրաքանչյուրի բանաստեղծական արվեստի յուրահատկությունները, կիրառում արժեքայնության ժամանակակից որոշ չափանիշներ, ցույց տալիս ավագ կամ գրեթե ավագ հեղինակների դերը մեզանում ավանդաբար առաջնակարգ ժանրի զարգացման ճանապարհին: Սամվել Կոսյանը այդ շղթայում բացակայում է, լավագույն դեպքում նշվում «ձեւի համար», իբրեւ «ուղեկից», այսպես նաեւ, անցյալ դարասկզբին մեր մի քանի ականավոր գրողներ էին ընկալվում: Ափսոս: Եթե քննադատությունն այսօր աչքերն առավել լայն բացի, չենթարկվի իներցիայի ուժին, հանդես բերի լայնախոհ հայացք, շղթայում կտեսնի նաեւ Սամվել Կոսյանին, որ գրական կյանքին ավելի է անհրաժեշտ, քան, գուցե, նրան: Չմեղադրեմ միայն քննադատությանը, Կոսյանն էլ է մեղավորՙ իր բացառիկ համեստությունը, որ հակադարձ համեմատական է նրա պոեզիայի արժեքայնությանը, մրցավազքի մեջ չէ, հակառակ ոմանցՙ բնավ չի պայքարում ճանաչում ձեռք բերելու համար: Բավական է ասել, որ իր 70-ամյակը «Գրական թերթում» նշեց ընդամենը 70 տող բանաստեղծությամբ, որ կարող էր արդարացիորեն շատ ավելին անել: Նա այսպիսին է, մարդկային բնավորությամբ «ժամանակավրեպ»: Հավանաբար նա է ճշմարիտ: Միշտ չէ, որ ինքնագովեստը հաստատում է թագավորին, երբեմն մերկացնում է նրա մերկությունը: Կոսյանի պոեզիան իմաստուն մարդու խոսք է, որ, ցավոք սրտի, ներկայումս շատ քչերը գիտեն:

«Բառը հենարան չէ այլեւս» գիրքը հարց է ենթադրումՙ ի՞նչն է հենարան: Հեղինակի պատասխանը հանգում է հոգու դրամային: Կարդում եմ. «Պոեզիան կյանքը չի, հակառակը, //Կյանքը չի եղել ու չի էլ լինելու, //Նա է այն դաժան մոլորակը, //Ուր պոետը գնում է մեռնելու» : Այս մասամբ բանավիճային «տեսաբանությամբ» են գրված Կոսյանի շատ բանաստեղծություններ, որով նա ինքնանման երանգ է ներարկում ժամանակակից բանաստեղծությանը:

Նրա բանաստեղծական կառույցը բաժանվում է երկու մասիՙ դասական - ռիթմական եւ ժամանակակից - ազատ, որը վաղուց ի վեր նոր չէ եւ աշխարհին տվել է բազմաթիվ ընտիր բանաստեղծներ: Սամվել Կոսյանը երկուսին էլ տիրապետում է հավասարապես վարպետորեն, նյութն է թելադրում, թե որ սկզբունքը կիրառի: «Նեղ» անձնական, սիրային ու «հուշագրական» գործերն աչքի են ընկնում ռիթմականությամբ (տե՛ս գրքի «21-րդ դարից թաքուն», «Խառնածին տողեր», «Չնախատեսված չորսիկներ» բաժինները), մնացածը, որ ժողովածուի մեծ մասն է, մեզ է ներկայանում ազատ, բայց ոչ արձակունակ խոսքի հանգով: Ազատ կամ այսպես կոչված սպիտակ բանաստեղծությունն էլ ունի ներքին ռիթմ, բայց այն չի վերածվում մեղեդայնությանՙ ինչպես հանգաբանության դեպքում:

«Փորձիր մանկությունդ հագնել, ծերության ուսերից իջնել ցած»: Սամվել Կոսյանի պոեզիան գտնվում է այս երկու հանգրվանների միջեւ եւ արտահայտում է ժայռերին բախվող մեր ժամանակի հոսող գետը: Այդ բանաստեղծության գլխավոր հուզմունքը դրաման է: Դրաման պարտադիր ներկայություն պիտի լինի թե՛ գրականության եւ թե՛ արվեստների տարածքներում, թեեւ շատ գործեր գիտեմ նույնիսկ դրամատիկ դիպվածներով, որտեղ դրամա չկա:

Կոսյանի բանաստեղծության լեզուն պատկերավոր է, բայց չի վերածվում պատկերահանդեսի, այստեղ պատկերավորությունը զարդարանք չէ, այլ երեւույթի խորքից բխող ճառագայթ: «Միտքս հեղուկ է, շոգին չի դիմանում», «Կապույտ ալիքները գրկում են ինձ», «Թրջված ժամանակը փորձում է մաշկիդ մեջ ներծծվել», «Քո կայարանը քո հիվանդ մարմինն է հիմա», «Նույն հիվանդությունները, որ մարմնիս վրա են, ինչպես չղջիկները քարանձավի պատին», «Բանաստեղծության արձակուրդը երկարում է», «Առավոտն իսկապես թռչուն է, ուղարկված անծանոթ եթերից», «Աստղ ընկավ բաժակիս մեջ», «Ծանր կափարիչ է գիշերը», «Տարիները հիվանդ են իմ մեջ»: Եվ այլն: Ինչպես նկատեցիքՙ Կոսյանը տպավորիչ պատկերավորության հասնում է առանց զանգուլակային բառերի, ոչ մի գեղեցկախոսություն, այդպիսի բան-ասացներ էլ կան, գեղգեղում են, սակայն չեն դառնում քեզ հմայող երգասան թռչնակ:

Վերջին հարյուրամյակի գլխավոր դրամաներից մեկը, գուցե ամենագլխավոր, մենակության զգացողությունն է, մարդն իրեն միայնակ է գիտակցում մարդաշատ աշխարհում, հատկապես ինտելեկտուալ մարդը: Սամվել Կոսյանի պոեզիայում մենակությունն էական թեմա է, այս զգացողությունը նա անցկացնում է իր միջով, տրտմում է, տառապում ոչ թե ուրիշների մենակությունից, այլ իր, դա իր դրաման է: «Ես կղզի դարձա, երբ ավելացան հոգսի ջրերը, ու դեպի ինձՙ սիրո նավակները խորտակվեցին», «Միայնությունը չի սիրում թռչել եւ չի սիրում նրանց, ովքեր թռչում են», «Միայնակ եմ, միեւնույն է»: Խորտակված նավակներով շրջապատված միայնակ կղզում բանաստեղծը խորհրդածում է մեր կյանքի ու ժամանակի տխուր երեւույթների մասին եւ գրում չափազանց իրական տողեր: «Հիմա ապրողների մեջ մեռածներն ավելի շատ են», «Քո կայարանը քո հիվանդ մարմինն է, քո գնացքը քո կյանքն է, որ վաղուց փակուղի է մտել», «Ես մեռնում եմ, որովհետեւ չեմ ապրում», «Մահը կյանքի մեջ է, իսկ մահվան մեջ կյանք չկա», «Մի սպանեք, որ ձեզ էլ չսպանեն... մի հեռացեք, որ մոտենալը անհնարին չդառնա», «Փոքրիկ այս երկրում որտեղի՞ց այսքան ատելություն», «Բառի մահը ժամանակի նշանն է», «Կախարդանքի պարան է տարածությունըՙ փաթաթված երեխաների քնքուշ պարանոցից», «Սպառվել են դժոխքի տեղերը», «Հիմա մենակիս փրկություն չկա», «Ու տիեզերքը կարծես դատարկ է, ոչ սեր, ոչ կարոտ - մեռյալ հոգիներ»... Կարելի է նման օրինակները բազմապատկել, որոնք ոմանց հոռետեսություն կթվան, բայց ես այդպես չեմ կարծում, հոռետեսությունն էլ է գրականություն, որ ձգտում է կյանքի իրական բովանդակությանը, այստեղ Կոսյանը ժամանակի արթուն վկան է եւ առողջ վկայություններ է տալիս մեր մասին: Ասացիՙ նա ելնում է իրենից եւ, ի վերջո, հանգում է մեզ: Նրա ներանձնական դիտումներում ներկա է մեր այս տարածությունն ու ժամանակը: Սամվել Կոսյանի մտածողությունը նշանային է եւ մետաֆորիկ, իրականության նշան-մետաֆորներ:

Շատ կուզենայի կարդայիք այս գիրքը, ճանաչեիք բանաստեղծին, նա էլ դուք եւ շատերս ենք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ