RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2017-12-21 18:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 8639, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՄՈՌԱՑ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Խաչիկ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծննդյան 80 եւ մահվան 25-ամյակի առթիվ

Դժվար է ներկայացնել հայ ժողովրդի ամենանշանավոր երգահանների ու երաժշտասերների սերն ու համակրանքը այդքան վայելած, այդքան սիրված ու գնահատված հայ երգչուհուՙ աստվածատուր սոպրանո եւ արտաքին հրաշալի կերպար ունեցող ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ:


Լուսինեի մասին երկու գիրք կա գրվածՙ պրոֆեսոր Կարլեն Դանիելյան («Լուսինե Զաքարյան», Երեւան, 1981 թ.) եւ պրոֆեսոր Լիդա Գեւորգյանՙ Խորեն Պալյանի երկխոսությամբՙ նկարազարդ գիրքը (տպված Երեւան, 1999): Երկու գրքերում էլ շատ մեծ սիրով ու խանդավառությամբ ներկայացված են ոչ միայն տաղանդավոր երգչուհու կյանքն ու շրջագայությունները, այլեւ բերվում են մեծահռչակ կոմպոզիտորների, գրողների եւ այլ արվեստագետների վկայությունները, ինչպես նաեւ նրա մասին Հայաստանի եւ Սփյուռքի մամուլում հրատարակված ակնարկները, հոդվածները, հուշագրությունները, ինչպես նաեւ նկարները :

Ես, որպես Լուսինեի երկրպագու, մշտական ունկնդիր եւ շատ համերգների մասնակից, ցանկանում եմ որոշ տվյալներ ներկայացնել նրա կյանքից:

Լուսինե Զաքարյանը եւ Խորեն Պալյանը (երկու նշանավոր հայրենադարձ երգիչներ) միասին երգել են Մայր տաճարում, շարականներ են կատարել Սբ. պատարագից: Լուսինեն շատ է սիրվել ու հարգվել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից: Խորենն աշխատանքի էր անցել Երեւանի Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում որպես գրաբարի դասախոս եւ ուսանողներին ու դասախոսներին հաճախ էր հրավիրում իր եւ Լուսինեի համերգներին: Լուսինեին ժողովուրդը սիրում էր անչափ եւ շատ բարձր էր գնահատում նրա թե՛ ժողովրդական եւ թե՛ դասական երգերի կատարումները:

Լավ հիշում եմՙ Լուսինե Զաքարյանի առաջին համերգներից մեկն էր համալսարանի դահլիճումՙ հատուկ Երեւանի ուսանողների եւ դասախոսների համար. համերգը լսում էր նաեւ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Գուրգեն Սեւակը: Նա շատ հավանեց Լուսինեին եւ հրավիրեց ամբիոնՙ սուրճ խմելու: Լուսինեն եկավ ամբիոն Խորենի հետ, շատ զգացվեց ակադեմիկոսի գովեստի խոսքերից եւ սիրով պատասխանեց նրա հարցերին.

- Սիրունիկ աչիկ ջան, քո այդ հրաշալի ձայնի եւ գեղեցիկ արտաքինի հետ քո անունըՙ Սվետլանա , բոլորովին սազական չէ: Սվետլանան հայերեն կլինի Լուսինե:

Ասենք, որ Զաքարյանի առաջին համերգների հայտագրերում գրվում էր «Սվետլանա Զաքարյան»: Հայոց լեզվի ամբիոնում երգչուհին պատմեց ողջ ճշմարտությունը եւ դրանից հետո ամբողջ կյանքում եւ ամենուրեք գրվեց հայերենՙ Լուսինե :

Նա պատմեց, որ մայրական պապը լեհահայ է եղել, հայտնի երաժիշտ, ձայնը մշակել է Իտալիայում, մոտիկից վայելել է անմահ Կարուզոյի երգը եւ դարձել հայտնի երգիչ, Շալյապինի մտերիմ ընկերն ու բարեկամը: Մայրական տատը եւ մայրը շատ գեղեցիկ են եղել եւ շատ լավ ձայն են ունեցել, եղել են դաշնակահարուհիներ: Տատը թոռնուհւ համար նույնպես դաշնամուր էր գնել: Հայրըՙ Հաբեթը եւ եղբայրըՙ Դավիթը, նույնպես շնորհալի երաժիշտներ են եղել: Ահա թե որտեղից է Լուսինեի արվեստը:

Այնուհետեւ Լուսինեն պատմեց, որ տասնյակ հազարավոր տեղահան արված հայ ընտանիքների հետ իրենց ընտանիքը նույնպես տեղափոխվել է Կովկաս, նախ բնակվել է Թիֆլիսում, ապաՙ Ախալցխայում, որտեղ էլ 1937 թ.-ի հունիսի 1-ին ծնվել է Լուսինեն, որի ծննդյան վկայականում գրանցված է եղել Սվետլանա Հաբեթի Զաքարյան: Այստեղ, ռուսական դպրոցում, նա ստացել է իր սկզբնական կրթությունը, նաեւՙ երաժշտական: 1952 թ.ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երեւան: Այստեղ միջնակարգ կրթությունը շարունակել է ռուսական դպրոցում, ապաՙ ընդունվել է Կոմիտասի անվան կոնսերվատորիա, եւ հրաշալի ձայն ունենալու շնորհիվ նրան հրավիրում են որպես մեներգիչ հանդես գալու Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում, որտեղ էլ ծանոթանում է նույնպես մեներգիչ, նույնպես հայրենադարձ Խորեն Պալյանի հետ, մինչեւ կյանքի վերջը մնում են հարազատներ. ամուսնանում են 1968 թ.ին, սակայն ժառանգ չեն ունենում:

Դժվար է գնահատել Սբ. Էջմիածնի դերը Լուսինեի կյանքում. պետք է հատկապես նշել Վեհափառ Հայրապետի բացառիկ վերաբերմունքը Լուսինեի հանդեպ: «Այս աղջիկը աստվածատուր ձայն ունի», ասում էր նա: Իսկ Տիրամայրը շատ սիրով լսում էր նրա երգն ու շարականները եւ հաճախ կրկնում. «Մեր աղոթքն Աստծուն ես հասցնում»:

Իսկ Պարույր Սեւակն ասում էր. «Լուսինեն ոչ թե երգում է, այլ աղոթում»:

Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ սովետական իշխանության տարիներին ընդհանրապես, մեղմ ասած, չէր քաջալերվում համերգների ժամանակ հոգեւոր երգեր երգել: Նույնը վերաբերում էր նաեւ Լուսինեին: Բայց նա աստիճանաբար հաղթահարեց այդ խոչընդոտը, եւ նրա մենահամերգների ժամանակ ժողովուրդը նաեւ հոգեւոր երգեր լսեց:

Երեք տասնամյակ շարունակ Լուսինեն իր հրեշտակային ձայնով շատ բարձր գնահատվեց ոչ միայն հայ, այլեւ արտասահմանյան բազմահազար արվեստագետների եւ հասարակ ժողովրդի կողմից: Հիշատակենք դրանցից միայն մի քանիսը: Աշխարհահռչակ երաժիշտ Արամ Խաչատրյանը լսելով Լուսինեի համերգըՙ գրում է. «Սիրելի՛ Լուսինե, Ձեր այս համերգից ես ստացա իսկական վիթխարի գեղարվեստական բավականություն... Ձեր կատարման կարողությունը եւ կատարման անաղարտությունը հմայում է լսողին: Թող Ձեր արվեստը պատռի բոլոր սահմանները եւ նվաճի տիեզերքը»:

Ինչպես շատ ճիշտ նկատել է Լուսինեի շնորհալի կենսագիր դոկտոր, պրոֆեսոր Լիդա Գեւորգյանըՙ «Դժվար է գտնել մեկ հայ այլ երգչուհու, որին այդքան շատ ակնարկներ, հոդվածներ ու ջերմ խոսքեր նվիրված լինենՙ սփռված Հայաստանի եւ Սփյուռքի հայ մամուլի էջերում», եւ նա դրանցից մի քանիսն է բերում իր գրքում: Մենք դրանցից հիշեցինք միայն Արամ Խաչատրյանի խոսքը:

Բերենք նաեւ արտասահմանյան տաղանդավոր կոմպոզիտորների ասույթներից.

«Այն ձայնը, որ ես լսեցի, ամենաանգերազանցելի ձայներից էր, որ երբեւէ լսել եմ կյանքում, եւ իմ պատկերացումը հրաշքների երկիր Հայաստանի մասին ամբողջական չէր լինի, եթե չլիներ այս նոր հրաշքիՙ Լուսինե Զաքարյանի երգը» (էջ 86):

Կամ անգլիացի հայտնի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտեի խոսքը այն մասին, որ Լուսինեն հրաշալի երգում է նաեւ տարբեր երկրների հռչակավոր կոմպոզիտորների արիաներից, նաեւ իր գործերից: «Դուք երգեցիք այնպես, ինչպես ես կցանկանայի, կարծես թե հատկապես ես Ձեզ համար էի գրել այդ երգերը: Ես լսել էի Հայաստանի հարուստ անցյալի եւ ինքնատիպ բնության մասին, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ հազարավոր կիլոմետրեր բաժանող այս հեռավոր քաղաքում կհանդիպեմ այսպիսի հաճելի անակնկալիՙ իմ երգերի հիասքանչ կատարողին», գրել է նա:

Եվ իսկապես, Լուսինեի բազմահարուստ երգացանկում տեղ են գտել աշխարհի տարբեր երկրների ամենանշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններից շատ հատվածներ: Հիշենք դրանցից թեկուզ մի քանիսինՙ Վերդի, Մոցարտ, Բերլիոզ, Գրիգ, Ռոսինի, Ռախմանինով, Բախ, Շուբերտ, Չայկովսկի, Լիստ եւ էլի ուրիշներ:

Այս բոլորը շատ ճիշտ եւ տեղին է ասված, բայց ամենից առաջ պետք է հատուկ ընդգծել, որ Լուսինեի առաջին ուսուցիչը եւ պաշտամունքը եղել է ԿՈՄԻՏԱՍ վարդապետը:

Լուսինե Զաքարյանի երգացանկում 50-ից ավելի կոմիտասյան երգեր կան, որոնք նա հնչեցնում էր ոչ միայն Հայաստանի գյուղերում ու քաղաքներում, այլեւ տարբեր բազմաթիվ երկրներում:

Իսկ թե ինչպիսի ձայն ուներ Լուսինեն եւ ինչպես էր երգում, կասեն միայն նրան լսողները: Ահա՛ մի իրական դեպք. 1969 թ. Կոմիտասի ծննդյան 100-ամյակին էր նվիրված Լուսինեի մենահամերգըՙ Կոմպոզիտորների տան դահլիճում (Դեմիրճյան փողոց): Համերգն անցավ պայծառ գունագեղությամբ. «բիս»-երն ու ծափերը թույլ չէին տալիս երգչուհուն հեռանալ բեմից: Ի վերջո նրա հետ շատերս դուրս ենք գալիս փողոց եւ նրան խանդաղատանքով նստեցրինք ավտոմեքենա: Թե ունկնդիրներից ով ինչ էր թողել դահլիճումՙ չգիտեմ, իսկ ես մոռացել էի գրքերիս ու տետրերիս պայուսակը. դա հիշեցի տանը եւ գնացի ու վերցրի հաջորդ օրը...

Լուսեղեն Լուսինեն (այդպես են շատերը գնահատում նրան) արդեն կենդանության օրոք սրբուհի էր, թեեւ սուրբ կոչումը ետմահու անձնաշնորհ է: Նրա ձայնը հավերժ կենդանի է ու պիտի հնչի առմիշտՙ հավիտյանս հավիտենից:

Անմոռաց երգչուհին իր մահկանացուն կնքեց 1982 թ.-ի դեկտեմբերի 31-ին եւ հուղարկավորվեց Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակումՙ Վազգեն վեհափառի մորՙ Տիրամոր անմիջապես աջ կողքին:

Լուսինեի թաղման արարողությունը վերածվեց համաժողովրդական սգո հանդեսի, բազմաթիվ մահախոսականներ արտասանվեցին ու բանաստեղծություններ գրվեցին: Ահա՛ դրանցից մի քառատողՙ

Նա Զվարթնոցի հրեշտակի պես

Դռներն է բացում հավիտենության,

Նա չվերծանվող հին խազ է ասես...

Եվ մի խոսք է սուրբ- Երկիր Հայաստան...

Էդուարդոս Մեժելայտիս. թարգմ. Վահագն Դավթյանի

Նկար 1. Լուսանկարը` ամերիկահայ լուսանկարիչ Հարություն Չոլաքյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ