RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017



15 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Տեղադրվել է` 2017-12-21 18:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 7794, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ՈՒ ՆՐԱՆԻՑ ՀԵՏՈՆ

Նաիր ՅԱՆ

15 տարի է անցել Հրանտ Մաթեւոսյանի մահից: Իսկ մահից երկու տարի առաջ նա դեռ գրողների միության նախագահ էր: Հերթական համագումարն էր: 300- 400 գրողներ, որ մինչ այդ հազվադեպ էին մտնում միության շենք, առավել եւսՙ դահլիճ, խռնվել էին պատերի տակ ու միջանցքներում: Լրագրողներն ակնկալում էին ինտրիգային, թեժ համագումար, որովհետեւ դրա նախադրյալներն ակներեւ էին: 4 տարի գրողների միությունը ղեկավարած Հրանտ Մաթեւոսյանը հայտարարել էր, որ թեկնածությունն այլեւս չի դնելու: Դրանից գրողներն ակտիվացել էին, խումբ-խումբ իրենց թեկնածուներին էին առաջադրում, ավելի ճիշտՙ ոչ թե առաջադրում, այլ առաջ բրթումՙ մյուսների վրա ցեխ շպրտելով ու գրողական շքեղ բառապաշարով հայհոյելով: Բանը հասավ ծեծկռտուքիՙ էլ գող փիսո, էլ քաչալ շուն...Այդ օրը հիշողներից ոմանք եթե որպես գրքի մարդ օրերից մի օր գրիչը ձեռքներն են վերցրել ու երկու տող բան գրել, պիտի հիմա ամոթից կարմրեն: Այդ օրը եթե գրքի մարդկանց ձեռքներին զենք լիներ, ոչ ոք գրողների միությունից կենդանի դուրս չէր գա: Սոդոմ-գոմոր...

Մի քանի ժամ տեւող հակամարտությունը հանկարծ բեկանվեց օդում հնչած մի պարզ հարցիցՙ որտե՞ղ է Հրանտը: Ճոճվող սրերը մի քանի վայրկյան օդում քարացան, բումերանգի պես դուրս պրծած հայհոյանքները կես ճամփին մնացին, բռունցքված զայրույթը ոմանց կոկորդում մնաց, բայց հարաբերական անդորրը կարճ տեւեց: Կյանքի ու մահու կռվում Հրանտ Մաթեւոսյանի ուր լինելը բազում բանակների բաժանված գրողներին չէր հետաքրքրում. էքստազը կուլմինացիային էր հասել: Փրփուրը բերաններինՙ նրանք սեփական կնոջն ու զավակին անգամ չէին ճանաչի կամ հիշի, էլ ուր մնացՙ Հրանտին, այն էլՙ Մաթեւոսյան... Գրողների միության բոլոր հարկերը, սենյակները, դահլիճը, սրահը, նախագահի առանձնասենյակը, անգամ զուգարանները վերածվել էին ռազմի դաշտի: Բայց դու մի ասա մի ծածուկ տեղ կաՙ 2-3 քմ.անաղարտ, խաղաղ, լուռ մի անկյունՙ դահլիճի ետնաբեմի մութ խորշը: Հրանտը, այն էլՙ Մաթեւոսյան, գտել էր այդ խաղաղ անկյունն ու մտել այնտեղՙ հեռու իրար կոկորդ կրծելու, դիմակ պատռելու մոլուցքից : Մի քանի ժամ այդ խորշում նստած է եղել, ու ոչ ոք նրա տեղը չի էլ իմացել: Այդպես Հրանտ Մաթեւսյանն այնտեղ էր մնացել ու հակամարտության ամենաթեժ պահինՙ համագումարի արդյունքները պարզ դառնալուց հետո աննկատ դուրս է եկել-հեռացել միությունից:

Մի քանի տարի հետո նույն գրողների միությունում մեծ շուքով ներկայացվեցին Հրանտ Մաթեւոսյանիՙ հետմահու հրատարակված երկու գրեքերըՙ «Սպիտակ թղթի առջեւ» եւ «Ես ես եմ» ժողովածուները: Շնորհանդեսներին ներկա էին նաեւ երեք-չորս տարի առաջ նույն դահլիճում իրար կոկորդ կրծող գրողներըՙ ժպտադեմ, լայնծիծաղ, մտավորականի բերետով ու վանդակավոր շարֆով, մեղմաբարո վարքով, Հրանտի նոր գրքերի էջերն ակնածանքով թերթող ու դառը հառաչ արձակող: Նրանք բոցաշունչ ելույթներ ունեցան, գովեցին մաթեւոսյանական գրիչը, ամենատես աչքն ու զգայուն հոգին: Շատերը չգիտեին, նոր իմացան, որ գրողների միության նախկին ղեկավարն այդքան տարի լռել է ու իր լռության պատճառների մասին թուղթ ու թանաքով գրել, գրածները պահել գզրոցներում: Ինչ իմանաս, հանկարծ ու մի օր, մի հարմար պահ եղավ, հիշեցին ու տպարան տարան գրածները: Այդպես էլ եղավ: «Սպիտակ թղթի առջեւ» ու «Ես ես եմ» ժողովածուները պարզեցին, որ Հրանտ Մաթեւոսյանն երկրի ու ժողովրդի գլխին եկածից իր պատյանի մեջ է քաշվել, ցավն ու մտորումները գունդ ու կծիկ դարձրել, բայց գրել է ու գրել:

Երբ Հրանտ Մաթեւոսյանը մահացավ, 2002-ի դեկտեմբերի մի ցուրտ օր էրՙ 18-ը: Վերջին հրաժեշտին խումբ-խումբ հավաքված մեր մտավորականներն ու արվեստագետներն իրար մեջ ասացինՙ կարգին գրողներից մնացին Աղասին ու Զեյթունցյանը: Հետաքրքրական էՙ նրանցից հետո ի՞նչ են ասել:

Հրանտ Մաթեւոսյանը մերօրյա անկախ Հայաստանում ոչ մի գրական մրցանակ չի ստացել: Նա Հայաստանն իր երկիրն էր համարում. դրանից էին բխում նրա լռությունն ու ինքն իր մեջ պարփակված լինելը: Իր երկրում կատարվող ամեն ինչը նա կիկլոպյան աչքով էր տեսնում, սրված զգայարաններով զգում. թե քննադատում էր, քննադատում էր սրտի ցավից ու անափ սիրուց: Սովետական գրաքննության ժամանակներում ասելիքը տողատակերում դրոշմող գրողը գրաքննությունից ձերբազատված ժամանակներում գեղարվեստական արձակը հաճախ փոխարինել է հրապարակախոսությամբ: Ժամանակի տագնապներն ու վտանգները դա էին թելադրում: Երկիրն ու ազգը մատների արանքով հոսում-թափվում էին չգիտես թե ուր: Մաթեւոսյանը փոխվել էր. նրա լռությունը քարացել, ոչ այն է տարակուսանքի, ոչ այն է բռնկվելուն նախորդող անդորրի էր վերածվել: Այն, ինչն անվանում էին նոր ժամանակներ, նրանը չէին, դեմ էին նրա սկզբունքներին, կերպին ու տեսակին: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հիշում է. «Մի անգամ փողոցում մի կնոջ տեսանքՙ երեխայի ձեռքը բռնած գնում էր: Նայեց Հրանտ Մաթեւոսյանը նրան ու ասացՙ քո սերունդը միայնակ կին տեսավ, իմը, բարեբախտաբար, ոչ: Այսուհետեւ միայնակ կինն ու միայնակ մայրը սովորական երեւույթ են դառնալու»:

Հրանտ Մաթեւոսյանն իր շուրջը կատարվող ամեն ինչին էր ուշադիր, ամեն ինչն էր անց կացնում իր հոգու ու սրտի միջով. դրա համար էլ նրա սիրտն ու հոգին չդիմացան: Նա նոր ժամանակների վարքուբարքին, ցածրացող արժեհամակարգին արձագանքեցՙ չհարմարվելով ու չհանդուրժելով, նախ կռիվ տալով ինքն իր հետ: Իր կռիվն ավարտվեց 2002-ի դեկտեմբերի 18-ին, բայց շարունակվելու է, քանի դեռ նրա կերպարը կենդանի է մեր հիշողության մեջ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ