RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018



ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-03-01 20:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1767, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՓԱՐԻԶԻ ԵՎ ԲԵՅՐՈՒԹԻ ՄԻՋԵՎ

Մարտին ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Մի հին տեղում (լավ չեմ հիշում, թերեւս, ասորական պնակիտի վրա) գրված է, թե ոչ մեկը մյուսից ավելին չէ:

Հարություն Թորոսյանն ինձ համար Ռոբերտ Էլիբեկյանից, Հակոբ Հակոբյանից, Էմիլ Գազազից եւ մյուսներից պակաս անհատականություն չէ: Բայց հայության մեջ ու որոշ չափով արտերկրում, Հարությունը այս անունների նման ճանաչում չունի:Պատճառներ կան, անկասկած, սակայն ինձ հետաքրքրում է հատկապես մեկըՙ սեփական անձին կամ ստեղծագործությանը կարեւորություն չտալու տոհմական մեծահոգությունը:

Վերեւում հիշատակված անունները, նաեւ Ֆրանսիայում ճանաչված Գառզուն ու Ժանսեմը, տարբեր գրավչություններով, ճաշակով ու տեսանկյուններով մի «գյուտ» կամ «հանք» են հայտնագործել եւ անընդհատ փորել, պեղել են այդ «հանքը»: Նրանց ստեղծագործական փնտրտուքը պտույտ է եղել այդ «հայտնագործության» շուրջը: Արվեստը գնահատողներին հետաքրքրել է այդ պտույտի, շարժման կերպը, բովանդակությունը, տեսակը:

Այդպիսի եւ բոլորովին ոչ սովորական արվեստագետ էր Հարությունի ուսուցիչներից մեկըՙ Մերձավոր Արեւելքի մեծագույն գեղանկարիչ (համենայնդեպս Մինաս Ավետիսյանի, Սեյրան Խաթլամաջյանի եւ այլոց կարծիքով) Պոլ Կիրակոսյանը: Մեր թվարկած ճանաչված անուններից թերեւս միայն Ռոբերտ Էլիբեկյանի գեղանկարչությունը կարող է ներդաշնակել Պոլի հետաքրքրական կտավներին:

Ըստ երեւույթին, որեւէ «սկիզբ» չի ոգեւորել Հարությունին այնքան, որ տրամաբանական շարունակություն ունենար իր ստեղծագործական առօրյայում: Ինչ-որ իմաստով նա նման է Պիկասսոյին, առանց սակայն վերջինիս եռանդուժն ու խառնվածքն ունենալու: Պիկասսոն սիրահարվել է ոչ հաճախ, բայց խորապես, Հարությունըՙ հաճախ, բայց` թեթեւ: (Ներեցեք, եթե սխալվում եմ):

Միջերկրականի արեւելյան ափին բանաստեղծ ծնված մեր այս նկարիչը փորձել է բացել իրարից քիչ տարբերվող, սակայն նկատելիորեն զանազանվող (հատկապես մասնագետի հայացքով) ոճական դռներ, սկիզբներ: Մի թեթեւ որոնումը, փոքր փնտրտուքը, կարճ ժամանակում ձանձրացրել է եւ նա մղվել է փնտրելու բոլորովին ուրիշ մի բան, որին «մուտք» կամՙ «դուռ» ենք կոչում պայմանականորեն:

Հարությունը առանձին մեկն է հայության մեջ: Եթե նրան ամբողջ հասակով եւ էությամբ տակավին չեն զգում եւ չեն տեսնում Հայաստանի եւ սփյուռքի արվեստասերները, ողբերգություն չէ, եւ բնական է: Մեր ժամանակներում ուշադրություն են գրավում բոլորովին ուրիշ երեւույթներ եւ արժեքներ, որոնք «մեր մանկության շրջանին» (ինչպես կասեր Հարությունը) գոյություն ունեին ստվերի մեջ միայն եւ չէինք նկատում:

Հայաստանում նույնպես նոր հայեցակարգը, նոր ժամանակների ճաշակը, ըմբռնելի երեւույթ է: Հեշտ չէ բացատրել, թե ինչպես բիզնեսի հոգեբանությունն ուսումնասիրած Դեմյան Հերստը հարստացավ եւ աշխարհում անուն վաստակեց: Ինչպես ծնունդով օժտված Մարտին Պետրոսյանը (որին Մինաս Ավետիսյանը համարում էր միակը Հայաստանում. կարդացեք Ռուբեն Զարյանի հուշերը) անկախության տարիներին հայտնվեց գնահատության չափանիշերի լուսանցքում:

Լրագրողները, արվեստաբանները, նկարիչներն ու քանդակագործները (առավել եւս մյուս բնագավառների մասնագետները) չնայած տեղեկատվության մեծ հնարավորությանը, քաղաքներ, երկրներ, թանգարաններ տեսնելու իրողությանը, շարունակում են մնալ մ.թ.ա. 4-րդ դարում Զեւքսիսի պատկերած խաղողը իրականի հետ շփոթած թռչունի վիճակում: Աշխարհի հասարակությունը բնազդորեն մեծամասնությամբ պաշտում է իրականությունը գերիրական պատկերող արվեստագետներին. ահա թե ինչու ԱՄՆ-ի հռչակավոր թանգարաններից մեկի սեփականատեր Ժան Պոլ Գետտին իր մեծ ցուցատարածքը ծանրաբեռնել է նաեւ արվեստի պատմության համար համարյա նշանակություն չունեցող 17-18-րդ դարերի «վիրտուոզ» պատկերներով: Աշխարհի բոլոր ծագերում այդպիսի պատկերներին, որոնք Վան Գոգի, Գոգենի, Սեզանի հակառակ բեւեռումն են, մարդիկ նայում են զարմանքով եւ հիացմունքով: Տարբեր երկրներում ապրող, բայց միեւնույն ճաշակով միավորված այս մարդիկ երբեք ուղղակիորեն (առանց արվեստաբանական տեքստի) չեն կարող զգալ Մատիսի, Մարտիրոս Սարյանի, ռուսական ավանգարդի, Մոնդրիանի, պարսկական, հայկական մանրանկարչության լուսանկարչությունից, ակադեմականությունից խիստ զանազանվող ինքնատիպությունը եւ հակառակըՙ Սալվադոր Դալիի հորինվածքների առջեւ հայտնվում են գերագույն հաճույքի հոգեբանական ճիրաններում:

Երկրագնդի այս մեծածավալ ճաշակը ձեւավորվել է վերջին երեք-չորս դարերում, իտալական, ֆրանսիական, գերմանական, ռուսական ակադեմիաների եւ սրանցում կրթված նկարիչների, քանդակագործների շնորհիվ:

Հայության մեջ այս ընդհանուր ճաշակը տարածել եւ ամրապնդել է նկարիչների, քանդակագործների մեծամասնությունըՙ ակադեմիայի միջակ դասախոսից սկսած մինչեւ հռչակավոր ծովանկարիչը: Եթե Կառլեն Մուրադյանը չհրատարակեր Արշիլ Գորկու նամակները, որոնք մերոնց մեջ առաջացնում են սենտիմենտալ ապրումներ, դժվար թե 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկը դառնար հայության խորհրդանիշներից մեկը:

«Պիկասսոյին ես ընկալում եմ որպես դիվային ճարպկությամբ օժտված երեւույթ... «Գեռնիկա»-ն պարոդիա է... «Ավինյոնի աղջիկները»ՙ ծաղրանկար»,-1977 թվին Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայում արտասանած ճառի մեջ ասաց ազգությամբ հայ, ֆրանսիացի նկարիչ, նորաթուխ ակադեմիականը: Հայաստանի հայտնի դեմքերը քննադատության փոխարեն գովեստներ շռայլեցին ակադեմիկոսի հասցեին:

Հարությունը քչերից էր, որ այդ ելույթի առիթով նկատեց, թե «ատիկա Պիկասսոյի եւ Սեզանի դէմ անբարոյական արարք մըն էր»:

Իսկ որ Պիկասոն 20-րդ դարի նկատելի երեւույթներից էՙ ապացուցված է բազմաթիվ անգամ: Ավելորդ է ասել, թե նա առանց վախենալու արտահայտում է իր բնազդները, իսկ դրանք, եթե անգամ վայրենի են, գեղեցիկ են, տրամաբանական, զարմանալի նկարչական:

Հարությունի կյանքի եւ արվեստի մեջ պարզորոշ ցոլանում է այն հետաքրքիր ճանապարհը, որն անցել է հայկական գեղանկարչությունն ու քանդակագործությունը` 1950-ից 1990-ական թվականներին:

Նախ նկատենք, որ այդ ժամանակահատվածում հատկապես Բեյրութի եւ Հալեպի հայ գաղթօջախները ինքնատիպ հայաստաններ էին եւ համայնքի անդամները զորավոր թելերով կապված էին Վարդան Զորավարի, Մեսրոպ Մաշտոցի, Հայրենիքի գաղափարներին: Մինչդեռ Խորհրդային Հայաստանում այդպիսի համընդհանուր հոգեւոր ներդաշնակություն գոյություն չուներ, եւ շատ քչերն էին խորությամբ զգում իրենց արմատները:

1950-ականների վերջերին Հարությունը զարգացած որեւէ երկրում կարող էր ներկայացնել Հայաստանն ու Հայությունը, իբրեւ հայության ճամփան ու «արքայական լեզուն» իր մեջ խորապես կրող մեկը ու նաեւ տեսքովՙ գեղեցիկ հայ տղամարդ:

Հիմա նա ունի հարուստ կենսագրություն: Պաշտոնապես գնահատված է իբրեւ Լիբանանի ականավոր արվեստագետներից մեկը, բազմաթիվ մրցանակներ է շահել, նկարչությունն ուսանել է Բեյրութում ու Փարիզում: Հայաստանի եւ Արցախի թանգարաններին նա նվիրել է հին, հազվագյուտ, արժեքավոր դրամներ: Նա 1970-1980-ականներին եւ այսօր էլ համայն հայության գործուն դեմքերից է եւ ուշադրության է արժանացել ոչ միայն իր բարեկիրթ վարքով ու կեցվածքով, այլեւ լիբանանահայ մամուլում լույս տեսնող բազմաթիվ խելացի հոդվածներով:(*) Հարությունը Հայաստանում միավորեց բազմաթիվ նկարիչների, մանավանդ արվեստաբանների, որոնք երբեմն անհաշտ ախոյաններ էին թվում: Մի գրքում Արշակ Չոպանյանը Պետրոս Դուրյանի մասին ասել է, թե այս «թռչունի հոգին վերլուծումը չէ ճանչած»: Բանաստեղծ, «թռչունի հոգի» Հարությունը հավասարակշռված, խորամիտ եւ հեռատես մեկն է:

Սակայն մեզ հետաքրքրում է հատկապես նրա նկարչությունն ու գիրը, որոնք բարեբախտաբար արտացոլված են Բեյրութում հրատարակված «Խոհեր կեանքի եւ արուեստի մասին», «Դիտանկիւնէս», «Անկարելի սէր» գրքերում, բազմաթիվ ուսումնասիրություններում եւ երկու շքեղ նկարչական ալբոմներում:

Նրա նկարչությունն ու գիրը հարուստ նյութեր են պարունակում վերլուծական ուսումնասիրությունների եւ ավարտաճառերի համար:

Մեզ հետաքրքրում է գունային նուրբ եւ ձեւերի ու ծավալների ոչ հավակնոտ հարաբերություններով կառուցված, երբեմն զուսպ, իսկ երբեմն նաեւ անմիջական, ազատ, անկաշկանդ նրա կտավները:

Չկա ակադեմիական կրթություն ստացած հայտնի նկարիչ, որի վրա այս կամ այն չափով չի ազդել 16-րդ դարից հայտնի խիստ կարգ ու կանոնը: Մեր Սուրենյանցը համենայնդեպս ակադեմիականությունը հաղթահարեց մեծ դժվարությամբ: Հռչակավոր ակադեմիական Ժան Դոմինիկ Էնգրը կրթության այդ տեսակի դեմ ապստամբում էր իր հոգու խորքում, հատկապես օրագրում գրելով. «Առհասարակ պետք է նկարել կոպիտ, նյարդային եւ ազատ»:

Հարությունը ակադեմիական գայթակղությունները կռահել է ուշ, եւ եթե ոչ կտավների վրա, ապա գրի միջոցով ապստամբել է, ասելով, թե «Առաջին տպավորութիւնը, առաջին ապրումը անկրկնելի է: Պատրաստի ճերմակ մակերեսին տրված վրձինի առաջին հարուածները կը նմանին սիրոյ առաջին համբոյրներուն: Հոս է, որ պիտի գիտնանք վճռել...»:

Իսկ 1989-ին նա ասել է. «Մարդ եթէ կարենար մոռնալ իր սորվածները, եթէ կարենար նկարել մանուկի մը պէս...»:

Այս հասարակ ճշմարտությունը մեծ հռչակ եւ համբավ ունեցող նկարիչներն ու արձանագործները չեն կռահում դժբախտաբար կամ հասկանում են ուշացած, արդեն առաջացած տարիքում:

Ահա թե նաեւ ինչու են մեզ համար կարեւոր Հարություն Թորոսյանի թե՛ կտավները, եւ թե՛ իր հայերեն գիրը:

*) Գեղանկարիչ Հարություն Թորոսյանը շատ հոդվածներ է գրել նաեւ «Ազգ»ի համարՙ ընդհանրապես հայրենասիրական, խորը հայկականությամբ տոգորուն եւ հոգատար գուրգուրանքով անդրադառնալով նաեւ Ֆրանսիայում թե Լիբանանում հայտնված հայ երիտասարդ նկարիչների գործերին: Խմբ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ