RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2197, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ. «ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՏՔՆ ՈՒ ԽԻՂՃԸ»

Տիգրան ԵԿԱՎՅԱՆ, France-Arme՛nie

Վահե Օշականի կյանքն ու ստեղծագործությունը սփյուռքյան փորձառության բուն էությունն են: Կինովավերագրող Հրայր Անմահունի Յուլմեսեքյանի ֆիլմը (Վահե Օշական. Միջնարար) ողջունելի է որպես մի թանկարժեք քար, որն ավելացվում է ազատ եւ արտատարածքային հայ մտքի կառույցին:

Այնքան էլ լավ չենք ճանաչում սփյուռքի ամենամեծ գրողներից մեկինՙ Վահե Օշականին, ով տեւական հետք է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մտքի վրա: Լիբանանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հայախոս շրջանակներից դուրս նրա անունը պակաս հայտնի է, քան իր հորՙ նշանավոր գրող եւ գրաքննադատ Հակոբ Օշականինը (1883-1947): Պլովդիվում (Բուլղարիա) 1922թ. ծնված Վահե Օշականը վախճանվել է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) 2000 թվականին: Մանկությունը եւ դպրոցական տարիները անցկացրել է Կիպրոսում եւ Երուսաղեմում, դոկտորական թեզը պաշտպանել է Սորբոնում, բուհական դասավանդմամբ զբաղվել է Լիբանանում (գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն), ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Արցախում, ապա կրկին Միացյալ Նահանգներում...

Վահե Օշականի կյանքը եւ մտավոր գործունեության ընթացքը համահունչ են իր ժողովրդի ճակատագրին: Մերձավոր Արեւելքի անկայունության պատճառով Նոր աշխարհ տեղափոխվելովՙ նա այդուհանդերձ չկարողացավ վերջնականապես այնտեղ հաստատվել: Դրանից ողբերգություն չսարքելովՙ նա միջավայրը որպես գործիք կիրառեց ի նպաստ գրական ստեղծարարության: 1950-ականների Փարիզի էկզիստենցիալիստական դպրոցում ձեւավորված երիտասարդ Վահեն գրականության մեջ իր առաջին քայլերը կատարեց ՀՅԴ նորընծա ակտիվիստ դառնալուն զուգահեռ: Բեյրութում եւ Միացյալ Նահանգներում լույս տեսած նրա արձակ բանաստեղծությունների գլխավոր ժողովածուները խորապես ազդեցին ժամանակակից հայկական պոեզիայի վրա: Էկզսիտենցիալիզմի ներդրումներից ազդված Վահե Օշականն այդուհանդերձ զարգացնում է «աբսուրդի պոեզիա»: Նրա նովելների որոշ ժողովածուներ Արեւելքի եւ Արեւմուտքի ընթերցողների վրա տեւական հետք են թողել սփյուռքում ընդունված շաբլոնների ուժգին վիճարկման, սփյուռքյան իրականության եւ տաբուների հետազոտման միջոցով, դիմելով նույնիսկ սրբություններին, կամ յուրօրինակ մոտեցմամբ եւ ընդդիմախոսությամբ անդրադառնալով հայկական ահաբեկչության հարցին: Այս ամենի մասին խոսվում է գրողի մերձավորներից մեկի 1994 թ. նկարահանած վավերագրական ֆիլմում, որի DVD տարբերակը վերջերս լույս տեսավ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության միջոցներով:

Բեյրութում ծնված, Լիբանանի Գեղարվեստի ակադեմիայում եւ Սան Ֆրանցիսկոյի Արվեստի ինստիտուտում կրթված բազմակողմանի արվեստագետ Հրայր Անմահունին գրողի հետ ծանոթացել եւ բարեկամացել է 1984 թ., երբ վերջինս տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո: Երկուսն էլ աշխատում էին «Համազգայինի» տեղական մասնաճյուղի ծառայությունում: Կենսագրական տվյալներին զուգահեռ, մեր կինովավերագրողը 1994 թ. ընդառաջեց Վահե Օշականի հետ շփված սփյուռքահայ երեք նշանավոր մտավորականների: Դրանք են Բեյրութում նկարահանված մանկավարժ եւ բանասեր Գրիգոր Շահինյանը (1930-2009), Փարիզում նկարահանված գրող Գրիգոր Պըլտյանը եւ Մոնրեալում 1994 թ. մի հրապարակային դասախոսության ժամանակ նկարահանված փիլիսոփա Մարկ Նշանյանը. վերջինս չի թաքցնում Վահե Օշականի հոգեւոր ժառանգորդ լինելը: Բոլոր երեքն էլ վերծանում են ուսուցչի մտածողությունը, փորձելով թափանցել մինչ այդ շրջանցված մի առեղծվածի մեջ. Վահե Օշականը ինչպե՞ս է կարողացել պահպանել մեծ հեռավորությունը, լիովին ինտեգրվել միաժամանակ ներսին (ըմբռնել սփյուռքահայության քաղաքական ու մշակութային ավանդական կառույցները) եւ դրսին, լինել ավանդախախտ գրողՙ վճռականապես միտված ապագային եւ ուրվականներից զերծ նոր հայկականությանը: Այս առումով Վահե Օշականին ենք պարտական նախադրյալները սփյուռքաշինական այն գործունեության, որը ընդհատվեց նրա մահով: Լսադիտողական այդ արխիվները տեսնելիս անհնար է չհուզվել: Եվ սա մեզ խորհել է տալիս միջսերնդային կապի անկայունության եւ հանգիստ չտվող հարցի մասին. ի՞նչ կմնա հետո:

Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ