RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-10 20:58:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1534, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «Gallery Z-ՈՒՄ»

Հ.Ծ.

Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Ատուելս պողոտայում գտնվող «Gallery Z-ում» (տնօրեն Պերճ Զոբյան) տարիներ շարունակ ցուցադրվել են համաշխարհային ճանաչման արժանացած նկարիչների, այդ թվում նաեւ հին ու նոր ժամանակների 400-ից ավելի հայ նկարիչների ստեղծագործությունները: Այս անգամ ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 6-ը պատկերասրահում ներկայացվել են Սիմոն Սամսոնյանի (1915-2003), Գեւորգ Մուրադի (1970), Աղասիի (1964), Ռաֆայել Աթոյանի (1931-2014), Լարա Բիի (1977), Էմմա Գրիգորյանի (1943), Ալեքսանդր Գրիգորյանի եւ Էլիբեկյանների երեք սերունդների (Արեգ- 1970, Ռոբերտ- 1941, Վաղարշակ- 1910-1994) կտավները:

Սիմոն Սամսոնյանը Մեծ եղեռնի ժամանակ որբացած եւ Հունաստանի ու Եգիպտոսի որբանոցներում մեծացած արվեստագետ է, որին Սամսոնյան ազգանունն են տվել Սամսունում ծնված լինելու պատճառով: Ուսանել է Կահիրեի հայկական Գալուստյան եւ արվեստի Լեոնարդո դա Վինչի վարժարաններում: Եվրոպական երկրներում ճանապարհորդելուց հետո վերադարձել է Եգիպտոս եւ ստեղծագործել հիմնականում կուբիզմի ոճով: ԱՄՆ է տեղափոխվել 1968-ին: Նրան բնորոշ են համարձակ գծերն ու հարուստ գույները: «Խորհրդանշական կուբիզմ» հորջորջված նրա կտավները ցուցադրված են Մ. Նահանգներում, Եգիպտոսում, Հայաստանում, Ֆրանսիայում եւ Ավստրիայում:

Գեւորգ Մուրադը ծնվել է Հալեպում (Սիրիա): Ավարտել է Երեւանի Գեղարվեստի ինստիտուտը: Նրա բազմաշերտ եւ զգացմունքային կտավները դիտողի առաջ բացում են հայ ժողովրդի պատմության եւ տառապանքի էջերը: Անդամակցում է Յո-Յո-Մայի «Մետաքսի ճանապարհ համույթին»: Ապրում է Նյու Յորքում: Կտավները ցուցադրված են Փարիզում եւ Դուբայում:

Աղասին (Պողոս Թասլաքյան) ծնվել է Լիբանանում: Սովորել է Հայաստանում եւ Իտալիայում (Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում): Կտավները ցուցադրված են Հայաստանում, Իտալիայում եւ Լիբանանում: Սիրում է օգտագործել հիմնականում մուգ գույներ:

Ռաֆայել Աթոյանը ծնվել է Լենինականում (Հայաստան): Ավարտել է Թերլեմեզյանի անվան եւ Երեւանի գեղարվեստաթատերական կրթօջախները: Վաստակավոր նկարչի կոչմանն է արժանացել 1982-ին: Ֆրեզնո (Կալիֆոռնիա) է տեղափոխվել 1988-ի երկրաշարժից հետո: Նրա կտավները ցուցադրվել են Խորհրդային Միության եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Նկարներում բնության գրկում մարդկանց խաղաղ տեսարաններ են: Ունի նաեւ դիմանկարներ եւ նատյուրմորտեր:

Լարա Բին ծնվել է Բեյրութում (Լիբանան) եւ սովորել Թորոս Ռոսլինի անվան արվեստի ակադեմիայում: 2001-ին ավարտել է Լիբանանի Գեղարվեստի համալսարանը: Մ. Նահանգներ է տեղափոխվել 2002-ին, որտեղ երկու տարի անց մասնակցել է Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ Փրովիդենսում կայացած խմբակային ցուցահանդեսների: Ապրում է Կալիֆոռնիայում:

Էմմա Գրիգորյանը գյումրեցի է: Հաճախել է Թերլեմեզյանի անվան եւ Երեւանի գեղարվեստաթատերական կրթօջախները: 1971-ին դարձել է Նկարիչների միության անդամ: Ներկայիս ապրում է Քուինզում (Նյու Յորք, ԱՄՆ): Կտավները ներկայացվել են ինչպես խմբակային, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում:

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է Հայաստանում: Նկարիչ է, քանդակագործ եւ բանաստեղծ: Հայտնի են նրա Ուիլյամ Սարոյանի եւ Ալեք Մանուկյանի դիմանկարները:

Էլիբեկյանների ընտանիքում նկարչությունը մի սերնդից մյուսին է անցել ժառանգաբար: Վաղարշակը եւ Ռոբերտը ծնվել են Թբիլիսիում: Արեգը ՙ Երեւանում: Վաղարշակի կտավներում պատկերված են հին Թիֆլիսի կենցաղը, ավանդույթները եւ բանահյուսությունը ներկայացնող տեսարաններ: Ռոբերտը Երեւան տեղափոխվելով ավարտել է գեղարվեստաթատերական ինստիտուտը 1969-ին եւ ստեղծել կտավներից բացի նաեւ օպերաների, ֆիլմերի եւ ներկայացումների համար հրաշալի դեկորացիաներ: Արեգը նույնպես ավարտել է (1992-ին) Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Տեղափոխվել է Մոնրեալ եւ հաճախակի այցելում է Փարիզ, որտեղ ներշնչանքի աղբյուր են ծառայում կամուրջները, կաֆեները եւ նավահանգիստները: Էլիբեկյաններից յուրաքաչյուրն իր արժանի տեղն ունի աշխարհի հեղինակավոր թանգարանների կտավների մշտական ցուցադրություններում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել «www.armenian-artgalleryz.com» կայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ