RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018



ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-10 20:58:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1811, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԻՍ ՈՒՏՈՂՆԵՐ» - 180

Հարցազրույցըՙ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Օրերս լրացավ ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գրքի 6 ամսյակը կամ 180 օրյակը. 180... լավ թիվ է, մանավանդՙ հայացքային փոփոխությունների աստիճանավորման տեսանկյունից:

Այս գիրքն արդեն փորձառու լրագրողի անդրանիկ ժողովածուն է, որտեղ առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում տարբեր տարիներին գրված նրա պատմվածքները, որոնք, ինչպես ինքն է ասումՙ գրվել են ժամանակի անկեղծ պատահականությամբ ու ազնիվ մուսայի ներկայությամբ: Իմ ու ինձ ծանոթ ընթերցողների կողմից սրտանց շնորհավում եմ Հովիկինՙ իր գրքի կեսամյակի կապակցությամբ, եւ օգտվելով առիթից, կփորձեմ իր գրքում տեղ գտած պատմվածքների քանակով հարցեր ուղղել նրան, որը սոսկ հարցազրույց լինելուց բացի եւս մեկ հնարավորություն է այլ լույսի տակ բացահայտել համեմատաբար հին լրագրողին ու նոր գրողին:


- Ի՞նչը Ձեզ բերեց գրականության աշխարհ...

- Իսկ գրականության աշխարհ կա՞: Կա աշխարհ, որտեղ կան ծառեր, սարեր, երջանիկները, որոնք նաեւ ծով ունեն, կամ օվկիանոսի ափին են ապրում, կա սեր, չնայած շատերը դրան չեն հավատում, կա արվեստ, որտեղ նետվում են կա՛մ շատ փող աշխատելու, կա՛մ աշխարհը փրկելու ցանկությամբ, եւ կան մարդիկ, ովքեր այս ամենի մասին գրում են, կամ էլ կարդում: Չնայած ոչ մի գրող աշխարհը չի փրկել, բայց կարդալով դա հնարավոր է:

- Ինչո՞ւ «Միս ուտողներ»:

- Որովհետեւ նրանց մասին է, ավելի ճիշտՙ մերՙ ոչ ազնիվներիս, ընդ որում ազնիվՙ նախ եւ առաջ ինքներս մեր առջեւ: Ես չեմ հավատում, որ ազնիվ մարդ լինում է, ամենաազնիվներն անգամ չեն ասում, թաքցնում են, որ իրենք ազնիվ են, որպեսզի իրենց գովեն, իրենց սիրեն, իրենց մասին խոսեն: Իսկ սա արդեն ազնվություն չէ, գոնե 100 տոկոսանոց: Միս ուտողները սեփական անազնվությունը խոստովանած ազնիվներն են, կամ ազնիվ-անազնիվ խաղի մեջ մոլորվածները: Մարդկանց մեծամասնությունը, մարդիկ:

- Ինչպես գիտենք, այս ժողովածուն Ձեր գրական պատանեկությունն է: Եթե երբեւէ հնարավոր լինի որեւէ բան այժմ, 180 օր հետո, կփոխե՞ք այնտեղ:

- Երբեք: Ոչինչ չէի փոխի: Ինչպես ասացիք, սա իմ պատանեկությունն է, իսկ այնտեղ բան փոխել ես չեմ ցանկանա, հնարավոր էլ չէ. գիրքն արդեն կա, արագահոս ժամանակն արդեն անցել է:

- Երբեւէ երազե՞լ եք գրող դառնալու մասին:

- Չէ, երբ շատ փոքր էի, երազում էի բժիշկ դառնալու մասին, հետո երազեցի իրավաբան դառնալ, մի քանի օր անդադար երազում էի բանկիր դառնալու մասին, հետո սկսեցի երազել արեւելագիտության մասին, սակայն ընդունվեցի հոգեբանության ֆակուլտետ, մեկ տարի անց տեղափոխվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ եւ հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ այս ամենը դառնալու համար ես պետք է գրող դառնամ:

- Ինչի՞ մասին եք մտածում, երբ չեք գրում:

- Նայած, թե ժամը քանիսն է: Օրինակ երեկոյան 21:20-ից սկսած մտածում եմՙ տուն վերադառնալու մասին, առավոտյան 08:00-ին մտածում եմ մի քիչ էլ քնելու մասին, օրվա ընթացքում եթե չեմ կարդում, ուրեմն գրում եմ: Հայրենիքի, ժողովրդի, իշխանության, ընդդիմության, Թրամփի կամ Պուտինի, Մարսում կյանքի, Քիմ Քարդաշյանի կամ Կոնգոյի գետաբերանի մրրիկների մասին չեմ մտածում...

- Ձեզ նմանեցնո՞ւմ եք որեւէ գրողի:

- Այն բոլորինՙ ում կարդացել եմ կամ կարդում եմ: Նմանվելն անխուսափելի է ե՛ւ գրականության մեջ, ե՛ւ կյանքում: Չնմանվելու ցանկությունը եւս: Ցանկացած նոր գրող կամ շարունակում է հնին, կամ հերքում է նրան: Իսկ ովքեր ոչ դա են անում, ոչ էլ մյուսը, այլ նոր բան են ասում, հանճար են:

- Գրականության մեջ խուսափո՞ւմ եք որեւէ բանից:

- Շատ բաներից եմ խուսափում: Օրինակՙ բացասական կերպար ստեղծելուց: Սեփական հերոսին չսիրելուց: Ընթերցողին չծիծաղեցնելուց: Սեռական ակտի բոլոր մանրամասները նկարագրելուց, գիտական ֆանտաստիկայից, անտառում միայն ծառեր ու կենդանիներ տեսնելուց, բնություն գովերգելուց կամ անձրեւի կաթիլների բաղադրությունն ու նկարագիրը մանրամասն տալուց: Ես սիրում եմ մարդուն, սիրում եմ նրան լացացնել, հուզել, ծիծաղեցնել, կծել, ապտակել, ուշքի բերել, ...մի խոսքովՙ ձեռքը բռնել ու նայել աչքերի մեջ:

- Ո՞վքեր են Ձեր գրքի հերոսները:

- Նրանք, որոնց արածը ամենեւին էլ հերոսություն չէ: Ուղղակի ապրում են, ուղղակի ուտում են, խմում են, ծխում են, սիրում եմ, տիրում են, բռնաբարում կամ բռնաբարվում են, խոսում կամ լռում են, երբեմն նույնիսկ սպանում են, կամ ասենքՙ մանկատուն են պայթեցնում, բայց նրանք բոլորը այնքան մարդկային են:

- Դուք լրագրող եք. լրագրությունը չի՞ խանգարում գրականությանը:

- Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ն չի խանգարում լրագրությունը: Լրագրությունն ինքը գրականություն է, եթե թույլ կտաքՙ առանձին ժանր: Այ, լինում են չէ՞ աղջիկներ եւ գիշերային թիթեռնիկներ: Պատկերացրեք գրականությունն աղջիկներն են, լրագրությունըՙ գիշերային թիթեռնիկները: Մեկը մյուսին խանգարո՞ւմ է, խանգարում է, իսկ մեկը մյուսին չի՞ օգնում, օգնում է:

- Որ հարցը չէիք ուզենա լսելՙ Ձեր գրքի հետ կապված:

- Միակ բանը, որը չէի ուզենա լսել գրքիս հետ կապվածՙ լռությունն է: Լռությունըՙ որպես գնահատական լավագույն մարդասպանն է: Գուցե դրա համար էլ ես մարդկանց եմ սիրում, ոչ թե ծառեր:

- Ձեզ համար ո՞վ է ամենալավ գրողը. ո՞ւմ համար եք Դու՛ք ամենալավ գրողը:

- Ամենալավ գրողը նա է, ում գիրքը գնում ես կամ գողանում: Իսկ ես... Չեմ հավատա նրան, ով կասի, թե ես ամենալավ գրողն եմ: Մի՞թե նա ոչինչ չի կարդացել:

- Ունե՞ք գրականության հետ կապված դեռեւս չիրականացված նպատակ կամ նպատակներ:

- Ես գրականության մեջ մեկ գիրք ունեմ, ընդ որում վստահ չեմ, որ այն գրականություն է: Իսկ երբ հասկանամ, որ բոլոր նպատակներս կատարվել են գրականության մեջ, այլեւս չեմ գրի:

- Ո՞վ է Ձեր պատմվածքներն առաջինը կարդում:

- Կինս: Ընդ որումՙ երեք անգամ: Առաջին անգամ, որպեսզի հասկանա, թե էլ ինչեր եմ հորինել, երկրորդ անգամ, որպեսզի վիճի հետս որոշ նախադասությունների, բառերի ու կետադրական նշանների շուրջ, եւ վերջին անգամ կարդում է... Մի անգամ հարցրեցիՙ ինչո՞ւ, ասաց, որովհետեւ լավն են:

- Կա՞ որեւէ մեկը, որը գրող դառնալու ճանապարհին ուղղորդել է Ձեզ:

- Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչսՙ ընկեր Աբրահամյանը, ով հիմա իմ լավ բարեկամն է: Մի անգամ նա հանձնարարել էր, որ շարադրություն գրեինք աշնան մասին: Երբ կարդաց իմը, ասացՙ սրանից հետո դո՛ւ կգրես, էլ քրոջդ չտաս, որ գրի: Դրանից հետո ես եմ գրում, կամ դրանից հետո գրում եմ:

- Ընթերցողին դուր է եկել Ձեր առաջին ժողովածուն եւ նա սիրրով սպասում է երկրորդին, զուր չե՞ն նրա սպասումները...

- Սպասումները երբեք զուր չեն: Երկրորդ ժողովածուն պատրաստվում է, կարող եմ միայն ասել, որ այնտեղ իմ գործն ավարտվել է, մնում է ծառ կտրեն, կխնդրեմ, որ առողջ ծառ չլինի, դրա փայտից թուղթ պատրաստեն, որի վրա էլ տպեն:

- Նոր գրքի «բնակիչները» կապ ունե՞ն «Միս ուտողներ» հետ:

- Նոր գիրքը կկոչվիՙ «Անվճար աղավնիներ»: Իհարկե կապ ունեն, դրանք նույն միս ուտողներն են, ուղղակի ավելի մեծացած:

- Հիմա գրեթե բոլոր գրողները տուրք են տալիս ժամանակի պահանջին, որը հաճախ նաեւ խանգարում էՙ առողջ գործ ստեղծելուն, իսկ Դուք ի՞նչ սկզբունքով եք գրում Ձեր ստեղծագործությունները:

- Սկզբունք չկա, կա քաղաք, որն ունի շատ փողոցներ, որտեղ քայլում են շատ մարդիկ, որոնք այնքան հետաքրքիր են ապրում, որ անհնար է չգրելը: Իսկ ժամանակի պահանջին տուրք տալը...Գիտեք, կա երկու ժամանակ, երբ Ադամն ու Եվան դրախտում էին, եւ երբ նրանք դուրս եկան այնտեղից: Այդ օրվանից մինչեւ այսօր մարդը չի փոխվել:

- Ի՞նչ եք ակնկալում Ձեր ընթերցողից:

- Հերթ կանգնել գրախանութների մոտ. պարտադիր չէՙ որ իմ գրքի համար:

- Յուրաքանչյուրիս կյանքում կա մեկը կամ մի քանիսը, որ մեզնից շատ են տխրում մեր անհաջողությունների պատճառով եւ ամենաշատն ուրախանումՙ հաջողությունների համար. ո՞վ է Ձեր այդ մեկը կամ մի քանիսը:

- Նրանք, որոնք իմ մասին խոսելիս կամ մտածելիս ասում ենՙ իմ որդին է, իմ ամուսինն է, իմ հայրն է, իմ եղբայրն է, իմ ընկերն է... Ես երջանիկ եմ, քանի որ շատերինն եմ:

- Ըստ Ձեզ, գրողի մեջ ո՞րն է բնավարության ամենաանտանելի գիծը:

- Իրեն աշխարհի փրկիչ երեւակայելը: Ընդ որումՙ կապ չունի գրողն ինչպես է «աշխարհը փրկում», մարդ սպանելո՞վ, թե՞ մարդասպաններին սիրելով: Աշխարհը մի փրկիչ ունի, Ամերիկան, որին, ի դեպ, աշխարհում քչերն են սիրում:

- Եթե մի օր ընտրության առջեւ կանգնեք, ո՞ր գրիչը կընտրեքՙ գրողի՞, թե՞ լրագրողի:

- Գրողի, բայց անպայման մի հոդված կգրեմ այդ ընտրության մասին:

- Հանուն ինչի՞ երբեք չեք լքի գրականության աշխարհը:

- Երբ հնարավոր լինի երբեք չլքել իրական աշխարհը, անպայման կհանդիպենք եւ ես կպատասխանեմ այդ հարցին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ