RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2018-05-19 08:57:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2300, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԻՆԱ ՊԵՏՐՈՎՆԱ ՏՈԿՄԱԿՈՎԱ, ՆՈՒՅՆ ԻՆՔԸՙ ԱՐՈՒՍՅԱԿ ՊԵՐՃԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անցած ամիս, Մոսկվայում, 89 տարեկան հասակում վախճանվեց Իրինա Տոկմակովան: Գրական եւ պետական մրցանակների դափնեկիր, ռուս ժամանակակից մանկագրության ամենահայտնի եւ սիրված դեմքերից մեկը, հավասարապես հաջող էր թե՛ բանաստեղծության, թե՛ արձակի, թե՛ թատերգության մեջ: Տոկմակովայի «Ռոստիկը եւ Կեշան» զվարճալի պատմվածքը տողերիս հողինակի մանկության սիրելի գրքույկներից էր... Նա նաեւ անխոնջ թարգմանիչ էր, որ գիտեր անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, լեհերեն, բուլղարերեն, նաեւ հայերեն: Տարիներ անց բանաստեղծ Յուրի Սահակյանն ինձ տեղեկացրեց, որ Տոկմակովայի օրիորդական ազգանունը Մանուկովա է (Տոկմակովան նրա նկարիչ ամուսնու ազգանունն է): Դա արթնացրեց հետաքրքրությունս, սակայն ինձ մատչելի տպագիր աղբյուրները լռում էին մանկագրուհու ծագման մասին: Մնում էր դիմել հենց իրենՙ Իրինա Տոկմակովային: Եվ պատասխանը չուշացավ. Մոսկվայից ստացա 1995 թվականի դեկտեմբերի 2 թվակիր նրա պատասխան նամակը: Հաճելի անակնկալ էր նամակածրարի վրա նրա ձեռագիր ռուսերեն Արմենիա-ի կողքին տեսնել նաեւ հայատառ ՀԱՅԱՍՏԱՆ-ը...

Թարգմանաբար ներկայացնում եմ այդ նամակը որոշ կրճատումներով.

«Հաճույքով պատասխանում եմ Ձեր բոլոր հարցերին: Ես երկու ազգի խառնուրդ եմ: Մայրսՙ Դիլիգենսկայա Լիդիա Ալեքսանդրովնան, զտարյուն ռուս էր: Իմ հայրը զտարյուն հայ էր, պապիս ազգանունն իսկապես Մանուկյան էր: Իմ նախնիների ընտանիքն ապրել է Ախալցխա քաղաքում.... Ռուսաստանում եւ Գերմանիայում ուսանած հորս անունը Պյոտր Կարպովիչ Մանուկով էր, այդպես վերափոխեցին, երբ նա սկսեց աշխատել Ռուսաստանում: Նա կնքվել էր որպես Պերճ, այդպես էլ նրան հիշեցին հուղարկավորման կարգի ժամանակ Մոսկվայի հայկական եկեղեցում, երբ նա վախճանվեց 1965 թվականին: Թաղված է հայկական գերեզմանատանը: (Այսօր Վիկիպեդիայում Տոկմակովայիՙ տարբեր լեզուներով ներկայացվող կենսագրության մեջ նշվում է նրա մասնակի հայ ծագումը, սակայն չգիտես ինչու նրա հորՙ ճարտարագետ-Էլեկտրոտեխնիկ Պերճ Կարապետի Մանուկյանի մահվան թվականը նշվում է ոչ թե 1965-ը, այլ 1971-ը - Ա. Բ.):

Ինձ վեցամյա տարիքում (այնպես որ ես ամեն ինչ հիշում եմ) մկրտել է հայ հոգեւորականը: Ու չնայած արտացոլված չէ ոչ մի փաստաթղթում, իմ մկրտության անունն Արուսյակ է :

Իմ ընտանիքը երկլեզու էր: Մեզ հետ ապրում էր հորս քույրը, որին ես իմ երկրորդ մայրն էի համարում: Նա հորս եւ ինձ հետ հայոց լեզվով էր խոսում, եւ ես կարողանում էի ազատ խոսել հայերեն, բայց հիմա, երբ ոչ մեկի հետ չեմ կարող խոսել, լեզուն մոռացվում է: Ինձ շատ քիչ քերականություն են սովորեցրել, այնպես որ ես կարդում եմ դժվարությամբ: Սակայն մանկական գրքերըՙ հայկական ժողովրդական երգիկները, Մուրադյանի (Սուրենի), Սիլվա Կապուտիկյանի, Հռիփսիմե Պողոսյանի, Հոբոս-Ապերի բանաստեղծությունները ես թարգմանել եմ բնագրից:

Երբ լրացավ իմ 16 տարին, հորաքույրս պնդեց, որ ես հայուհի գրվեմ: Այնպես որ ես անձնագրով հայուհի եմ, թեեւ օրենքով վերցնում են մոր ազգությունը»:

Ես իմ նամակի հետ ուղարկել էի հայ մամուլում տպագրված Տոկմակովայի մի քանի բանաստեղծություններըՙ Յուրի Սահակյանի թարգմանությամբ, որի համար նա շնորհակալություն էր հայտնել եւ նամակն ավարտել այսպես. «Բանաստեղծություններն ինձ հաջողվեց որոշ ջանք թափելով կարդալ»:

Դրանից երկու տարի անց լինելով Մոսկվայումՙ զանգահարեցի Իրինա Տոկմակովային: Նա վատառողջ էր, ուստիեւ մեր հանդիպումը չկայացավ, սակայն բավական զրուցեցինք տարբեր հարցերի շուրջ: Հարցնում էր Հայաստանի վիճակի մասին, նրա ձայնի մեջ զգալի էր սրտալից անհանգստություն: Ողջ զրույցը ռուսերեն էր, միայն վերջում, վկայակոչելով հորաքրոջը, Իրինա Պետրովնան հայերեն ասաց. «Համբերությունը կյանք է» :

... Ռուս գրականության անդաստանում քիչ չեն եղել ու հիմա էլ կան ստեղծագործական ինքնատիպ անհատականությամբ օժտված հայուհիներ, սակայն միակ ակնառու հայազգի մանկագրուհին մնում է արդեն երջանկահիշատակ Իրինա Պետրովնա Տոկմակովան: Նույն ինքըՙ Արուսյակ Պերճի Մանուկյանը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 18-05-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ