RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018



Տեղադրվել է` 2018-07-12 21:24:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1838, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ» ԿԱԽՎԱԾ

Նաիր ՅԱՆ

Կարմիրի ֆենոմենը բացահայտվել է վաղուց. կարմիրը գրավիչ է, ձգող: Կարմիր գորգն այս անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջեւ էր փռված: Կինոյի հետ կապ ունեցող ու չունեցեղ հանդիսականները հրավիրատոմսերով, երեկոյան հանդերձանքով, փորձելով քայլքին հանդիսավորություն հաղորդելՙ անցան կարմիր գորգի վրայովՙ վայելելով գոնե 10-20 վայրկյան իրենց կարեւորված զգալու բերկրանքը: 15 տարի անընդմեջ նույն դեմքերը. միայն հագուստներն են տարբեր: Սա ամենեւին էլ չի նշանակում, թե «Ոսկե ծիրանը» ամեն տարի հավատարմորեն ընդգրկում է կինոյի հետ կապ ունեցող ու չունեցող նույն մարդկանց: Սա նշանակում է, որ կա հրավիրյալ հանդիսատեսի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմի ու համախոհների շրջանակներում ընդգրկված նույն խումբը, որն այլ խմբերի հետ առնչություն չունի, ստեղծել է հատուկ տրամադրություն, որի սահմանագծից ներս այլ տրամադրություն չի ընդունում: Կինոգետների, լրագրողների անփոփոխ մի խումբ կա, որը հավատում ու հավատացնում է, թե «Ոսկե ծիրանը» Երեւանում ստեղծում է թեժ կինոմթնոլորտ, այն անգերազանցելի իրադարձություն է եւ մեծ առավելություններ ունի: Այն, որ «Ոսկե ծիրանը» շատ ճկուն է իր քաղաքականության մեջ ու արագ է կողմնորոշվում եւ զգումՙ որտեղից է հովանավորչության հոտ գալիս, միանշանակ է: Բացի պետական ֆինանսավորումից, «Ոսկե ծիրանը» ունի մասնավոր հովանավորների ստվար խումբ: Մի քանի հարյուր միլիոն դրամ. դա գրեթե նույնքան է, որքան կինոլորտին հատկացված ամբողջ բյուջեն, որը պետք է ծախսվի ամբողջ տարվա ընթացքում, իսկ փառատոնն այն ծախսում է մեկ շաբաթում: Բայց հարցը միայն ծախսելը չէ, այլ ծախսածի արդյունքը:

«Ոսկե ծիրանը» սկզբնական տարիներին ընդունվեց որպես նորություն. շատերը հույսեր կապեցին, թե միգուցե այն կամրջի հայ եւ միջազգային կինոիրականությունը, ստեղծի համագործակցության, հայկական կինոյի զարգացման նոր հնարավորություններ: Դա 15 տարի առաջ էր: 15 տարի է անցել. փառատոնի քաղաքականությունն ու ռազմավարությունը նույնն է մնացելՙ օտարերկրյա ֆիլմեր բերել, հրավիրել օտարազգի կինոգործիչների, կազմակերպել ասուլիսներ, պրեսս-կոկտեյլներ, հոբելյաններ նշել: 15 տարի սպասում ենք, որ ՀՀ շարքային քաղաքացիներիս հարկերից ձեւավորվող պետբյուջից «Ոսկե ծիրանին» հատկացվող պետական գումարները ծախսելու դիմաց ՀՀ շարքային կինոռեժիսորները, սցենարիստները նույնպես տեղ կունենան այս փառատոնում: Սպասում ենք, որ կազմակերպիչները կփոխեն մարտավարությունը, կստեղծեն սցենարական, պրոդյուսերական, ռեժիսորական դպրոց: Խոսքը կինոյի եւ թատրոնի ինստիտուտում իրենց ղեկավարած կուրսերի մասին չէ, որտեղից դուրս են գալիս կուրսղեկերին կուռք դարձրած ու «Ոսկե ծիրանին» ծառայելու պատրաստ երիտասարդ կամավորներ: Խոսքը լուրջ արտադրանքի մասին էՙ սցենարներ, նախագծեր, որոնք պետք է հետաքրքրեն դրսի պրոդյուսերներին: Հայաստան գալիս են առնվազն կես դար առաջ հմայքի ու փառքի գագաթնակետին եղած կինոաստղեր, հայտնի ռեժիսորներ: 15 տարի հմայելու եւ գայթակղելու նույն գործիքն օգտագործել, թե տեսեք-տեսեք, այսինչ հայտնի մարդն է համաձայնել քարտեզի վրա չերեւացող մեր երկիր գալ, առնվազն նշանակում է չափն անցնել ու շահագործել մեր բյուջեն, ձեռք առնել հանրությանը: Փառատոնի, այսպես կոչված պատվավոր հյուրերի անուններն այնպիսի մեծարանքով են հնչեցվում, կարծես նրանք մեծ ողորմություն են անում, որ մեր երկիր են գալիս, մեզ նման անհայտ, անանուն ազգի են հյուրընկալվում: Իսկ մեր պարտքն է նրանց հարգել-պատվել, նրա ներկայությամբ խիստ ամոթխած ու դաստիարակված վարքագիծ ցույց տալ, միայն շոյող, մեծարող հարցեր տալ եւ 8-րդ զգայարանով զգալՙ հենց հոգնեցին, հանգիստ թողնել նրանց, որ վայելեն հինգաստղանի հյուրանոցի հարմարավետությունը, հայկական ծիրանի բույրը եւ մեր հյուրընկալության մյուս շռայլությունները: Ու մենք պետք է միշտ ականջներիս օղ անենք, որ մեզ համար մեծ պատիվ է դրսի ռեժիսորների ներկայությունը վայելելը, նրանց մոտիկից տեսնելն ու լսելը, լուսանկարվելը: Իսկ հանդիպումներին հաջորդած նախատինքըՙ բա ամոթ չի՞, Օրնելա Մուտիին նման հարց կտա՞ն, կամ ի՞նչ իրավունքով եք մեզՙ կազմակերպիչներիս հարցնում. «Այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել»:

Յուրաքանչյուր փառատոն ծառայում է իր երկրի կինոյի շահերին, հարթակ ստեղծում նախ ի՛ր կինոյի զարգացման համար, հնարավորություն տալիս նախ ի՛ր կինոգործիչներին, ուշադրության կենտրոնում պահում նոր սենդին, որովհետեւ ինչպես բոլոր ոլորտներում, կինոյում էլ պետք է բնական սերնդափոխություն լինի: Յուրաքանչյուր երկրի կինոփառատոնին կից գործում է կինոշուկա: Հենց կինոշուկայում են որոշվում հաջորդ փառատոնի ծրագրերը ու ցուցադրվելիք ֆիլմերը, որովհետեւ այս հարթակում իրար են հանդիպում սցենարիստը, ռեժիսորն ու պրոդյուսերը, ստեղծվում են համագործակցության ու համարտադրության հստակ նախադրյալներ: Յուրքանչյուր երկրի կինոշուկայում դոմինանտն իր քաղաքացու, իր ազգի կինոն է: Հիշենք, թե Կաննի կինոշուկայի մեր մասնակցությունն ամեն տարի իրարամերժ, թշնամական ինչ արձագանք է առաջացնում, որովհետեւ բոլոր հարցերը կապվում են անիմաստ ծախսված պետական գումարների ու անարդյունք հանդիպումների հետ: Պետական գումարներ. մենք Կանն ենք գնում մեր, եւ ոչ թե Ֆրանսիայի փողերով, որովհետեւ Կաննի կինոշուկայի կազմակերպիչներն իրավամբ մտածում են, որ այդ մե՛նք պետք է շահագրգված լինենք, որ մեր նախագծերը ներկայացնենք այնտեղ եւ փորձենք միջազգային հարթակում համարտադրողներ գտնել, կարճ ասածՙ վաճառենք մեր նախագծերը: Իսկ մենք բավական չէ մինչեւ հիմա «Ոսկե ծիրանին» կից կինոշուկա չենք ստեղծել, այսինքնՙ հայկական սցենարական դպրոցի զարգացման համար մատ մատի չենք տվել, բավական չէ, որ հայկական սցենարներն ու Հայաստանըՙ որպես կինոնկարահանման վայրՙ ոչ մի պրոդյուսերի չի հետաքրքրում, դեռ մի բան էլ եկողներին պատվում-ուտեցնում-ման ենք տալիս:

15 տարվա ընթացքում սցենարական նախագծերի առումով մենք պետք է բավական մեծ ձեռքբերումների հասած լինեինք: Դարն ապրած աստղերին, թեկուզեւ մրցանակակիր ռեժիսորներին Հայաստան բերելովՙ մենք աչքկապոցի ենք խաղում: Վատնվում, փոշիանում են պետական ու մասնավոր հովանավորների գումարները: 2018 թվականի ֆիլմերի հայտերին դեռ ոչ մի գրոշ չի տրվել, մինչդեռ արդեն 2019 թվականի հայտերը հաստատելու ժամանակն է լրանում: Ի վերջո 30 տարվա մեջ ոչ մի մրցունակ, ուժեղ ֆիլմ չի նկարվել Հայաստանում: Սա ի՞նչ աբսուրդ է. բառի լիարժեք ու բովանդակային իմաստով կինո չունեցող երկրում 15 տարի շարունակ կինոփառատոն է անցկացվում, ու ոչ մի նախարար չի հարցնումՙ «Ոսկե ծիրանի» հարգելի կազմակերպիչներ, ցույց տվեք ազգային կինեմատոգրաֆի զարգացմանը, հանրահռչակմանը նպաստող, դրսի պրոդյուսերների համար գրավիչ որեւէ ծրագիր: Կինոփառատոնը ֆիլմ ցուցադրելու, մեր կինոյի վարպետների անուններով աստղեր բացելու, պատվավոր հյուրերի հնչեղ անունների ցանկ ներկայացնելու ու պետական գումարները սեփական PR-ին ծառայեցնելու համար չէ: Փառատոնը, այն էլՙ միջազգային հռչակված, պետք է ծառայի նախ եւ առաջ սեփական երկրի շահերին: 15 տարվա փառատոնը վաղուց պետք է հիմնադրամ ունենար, որպեսզի ամեն տարի պետբյուջեից փող չտաներ ու բեմերից չհորդորեր Ռալֆ Յիրիկյանինՙ թե հենց հիմա այսքան մարդու առաջ խոստացեք, որ հաջորդ տարի էլ եք հովանավորելու մեզ: Նման զավեշտ ոչ մի երկրում չկա: Դեռ ինչքա՞ն ենք ինքնախաբեությամբ զբաղվելու, թե դրսից լավ ֆիլմեր են բերվում, բաց չթողնենք հնարավորությունը, գնանք-նայենք: Դրանց 80 տոկոսը վաղուց նկարահանված ու տարբեր փառատոներում ցուցադրված ֆիլմեր են: Ի դեպ, իրեն հարգող յուրաքանչյուր փառատոն պայման է դնում, որ ներկայացվելիք ֆիլմերն առաջինն ինքը ցուցադրի: Իսկ մենք ցուցադրում ենք բազմակի մրցանակակիր, համաշխարհային մի քանի պրեմիերա անցած ֆիլմեր: Իհարկե, կան նաեւ նոր արտադրված կինոնկարներ, որոնք մի քանի ամսից են տեղադրվելու համացանցում: Մենք կհամբերենք, մի քիչ էլ ուշացումով կտեսնենք դրանք. ազգովին կինոման չենք:

Կինոոլորտի պետական կառավարումը վաղուց տեղափոխվել է «Ոսկե ծիրան»: Չափազանցություն չի լինի, եթե ասվի, որ ամեն բան այնտեղ է որոշվում: Այդպես եղել է նախորդ իշխանությունների ու մշակույթի նախորդ նախարարների ժամանակ. հավակնությունները շարունակվում են նաեւ նոր իշխանությունների օրոք: Կինոյի պետական քաղաքականության, ազգային կինոյի զարգացման ռազմավարության որեւէ փոփոխություն չի նշմարվում: Միայն երկրի ղեկավարների դեմքերն են փոխված. քաղաքականությունը նույնն էՙ չկա երեւույթի խորքերը ներթափանցելու, նեղ անձնական շահերին ծառայող նկրտումները բացահայտելու քաղաքական կամքի որեւէ դրսեւորում ու ցանկությունՙ պարզելու, թե որտեղ ու ինչպես է մսխվում մեր երկրի մտավոր եւ ֆինանսական կապիտալը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ