RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018



Տեղադրվել է` 2018-07-12 21:24:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1925, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԻՍԸՙ 2018-Ի ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Գորիս-Երեւան

«Գորիսըՙ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը տրվեց «Զանգեր» հուշարձանի բացման արարողությամբ: Հուշարձանի հեղինակ Սեւադա Զաքարյանի խոսքով, Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված այս հուշարձանը Գորիսի, նրա բնապատկերների օրգանական շարունակությունն է. «Սյունիքի խորհրդանիշներից մեկի` «Զանգերը» վերակառուցելու միտքն առաջացել է դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին: «Զանգերը» ոչ միայն Սյունիք-Արցախ մայրուղու վրա վեր խոյացող խորհրդանիշ է, այլեւ հանգստի գոտի, որը մինչեւ այսօր անտարբեր չի թողել ոչ մի զբոսաշրջիկի»: (Իր ապականվածությամբ, մարդկային արտաթորանքներո՞վ):

Լրագրողների հետ զրույցում մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ուրախությունը հայտնեց, որ հենց Գորիսն է հռչակվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, քանի որ սա հնարավորություն է ներկայացնելու Գորիսի հիանալի ճարտարապետությունը, մշակույթը, բնապատկերները. «Չափազանց կարեւոր է, որ նման միջոցառումներ անցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում, քանի որ դա նպաստում է համայնքների համաչափ զարգացմանն ու մշակութային կյանքի ակտիվացմանը: Այս ծրագրի կարեւորագույն նպատակներից մեկն էլ արժեքների փոխանակումն է մշակութային հարթակում, ինչի հնարավորությունն այս երկու օրերին կունենան ԱՊՀ ութ երկրից Հայաստան ժամանած շուրջ 150 պատվիրակները»: Նախարարն ավելացրեց նաեւ, որ տարվա ընթացքում ներկայացվելու է հայկական մշակույթը` շեշտը դնելով Գորիսի մշակութային առանձնահատկությունների վրա:

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համանախագահ, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայլ Շվիդկոյը Գորիսն անվանեց խորհրդանշական քաղաք, Հայաստանի խորհրդանիշներից մեկը. «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են դառնում այն քաղաքները, որոնք մշակութային խորհրդանիշ են հանդիսանում: Ես հույս ունեմ, որ տարին Գորիսի համար կլինի կարեւոր ու արդյունավետ, եւ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տիտղոսն այս հրաշալի քաղաքի կյանքում դրական նոր փոփոխություններ կբերի»:

Առաջին օրվա միջոցառումներից էր «Արթ Էքսպոն» («Art Expo»)ՙ ժամանակակից արվեստի, արհեստագործության եւ ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառը. Գորիսիՙ Գրիգոր Տաթեւացու անունը կրող հրապարակում տեղադրված շուրջ 20 տաղավարներում իրենց մշակութային «արտադրանքով» ներկայացան Հայաստանի մարզերն ու միջոցառմանը մասնակցող ԱՊՀ մի շարք երկրներ:

Ներկայացված էին ձեռագործ աշխատանքներ, իրենց երկրներին բնորոշ ուտեստներ, ինչպես նաեւ գեղանկարներ եւ այլն:

Պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց սրճարան-գրախանութի բացման արարողությունը, որը հնարավորություն կտա մարզաբնակ երիտասարդներին իրենց ժամանցը անցկացնել մշակութային միջավայրում:

Ապա Քարահունջ համայնքում տեղի ունեցավ «Թթի փառատոնը»ՙ ժողովրդական երգ ու պարի ուղեկցությամբ: Հետաքրքրական մի փաստ. փառատոնի ընթացում աջ ու ձախ բոլորն անխտիր խորոված էին պատրաստում ու այդպես էլ հասկանալի չէր, թթի փառատոն է, թե՞ խորովածի:

Մի շարք միջոցառումներից հետո առաջին օրվա ամփոփումը եղավ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հատուկ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համար ստեղծված նվագախմբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Հայաստանի երաժիշտները: ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանը:

Ծրագրում հնչեցին 20-րդ դարի հայ եւ ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Նվագախումբն առաջին անգամ կատարեց նաեւ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի հիմնը, որի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է: Մշակութային երեկոն եզրափակվեց ԱՊՀ երկրների DJ fest-ով:

Իսկ ահա հաջորդ օրը, Գ. Տաթեւացու անվան հրապարակը ողողված էր էստրադային-ջազ մեղեդիներով. առիթըՙ Կոստանտին Օրբելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հիանալի համերգն էր:

Շուրջ երկու օր Գորիսը «ապրում եւ շնչում էր» մշակույթով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018

AZG Daily #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ