RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 20-07-2018



Տեղադրվել է` 2018-07-19 22:56:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2142, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԲ ՏԵՍԱ «ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄԸ»

Նաիր ՅԱՆ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» նոր ներկայացումը հանրության շրջանում եւ զանգվածային լրատվամիջոցների անդրադարձներում մեծ ռեզոնանս է առաջացրել: Հանրապետության տարբեր վայրերից, նաեւ Երեւանից նախապես տոմսեր են պատվիրում, գնում Գյումրիՙ հատուկ այդ ներկայացումը դիտելու: Լրատվամիջոցները լուսաբանել էին նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի այցը Գյումրու թատրոն. տեսանյութերի ու հոդվածների մեխն այն էր, որ հանդիսատեսը հուզված է դուրս եկել դահլիճից, իսկ մշակույթի երիտասարդ նախարարը չի կարողացել զսպել արցունքները եւ հուզմունքից դժվարացել է խոսել: Ասում ենՙ հիմա արդեն Գյումրի գալիս են ոչ թե քյալլա կամ խաշ ուտելու, այլ «Հարսանիք թիկունքում» բեմադրությունը դիտելու: Գյումրին շաբաթական 400-500 հյուր է ունենում. նման ցուցանիշ երբեք չի եղել: Անշլագ են բոլոր ներկայացումները:

Այս տեղեկությունները հաստատում են գյումրեցիները: Ստելու կամ չափազանցելու հավանականությունը գրեթե զրոյի է հավասարեցված, անգամ եթե պատմողները գյումրեցիներն են: Ներկայացման գովազդային հոլովակը շրջում է համացանցում ու հեռուստաէկրաններին: Հայկոն, որ ներկայացման երաժշտության հեղինակն է, բեմի վրա դաշնամուր է նվագում, իսկ դերասանները ներկայացնում են ամենահուզառատ տեսարաններից մեկը: Մի խոսքով, ինչ մեղքս թաքցնեմ, շատ էի ուզում տեսնել «Հարսանիք թիկունքումը»:

Գյումրու թատրոնը եկավ Երեւանՙ եռօրյա հյուրախաղերի: «Հարսանիք թիկունքումը» երկու անգամ խաղացին Սունդուկյանի անվան թատրոնում, մեկ օր էլ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Երեք ներկայացումների տոմսերն էլ նախօրոք էին սպառվել:

Բեմում գյումրեցի ընտանիքը պատրաստվում է հարսանիքի: Արարողության համար Երեւանից Գյումրի է եկել փեսա Արմենի մանկության ընկեր Արամը, Մոսկվայից եկել են մորաքույրն ու մորաքրոջ ամուսինը: Տատը վերջապես թույլ է տվել, որ արցախյան պատերազմում զոհված որդուՙ Արմենի քեռու մեծադիր լուսանկարը հանեն իր սենյակից ու կախեն հարսանյաց սեղանի վերեւում, որպեսզի ամբողջ ընտանիքը ներկա լինի հարսանյաց արարողությանը: Հարսանեկան պատրաստություն, բարձր տրամադրություն, գյումրեցու հումորՙ արանքում անցումներ արցախյան պատերազմի, պատերազմից հետո տիրող անարդարությունների, մեծահարուստների տղաները չեն ծառայում, սովորական ընտանիքների զավակներն են ծառայում թեմաներին: Մայրը նեղանում է դստերից, որ Մոսկվայում Զեյնաբ անունով ադրբեջանցու ընտանիքի հետ հարեւանություն է անում. Զեյնաբի դեղատնից գնված դեղերն էլ թափում է: Ադրբեջանցու հետ հարեւանությունը դավաճանություն է ու անարգանք ադրբեջանցու գնդակից զոհված որդու հիշատակին: Գյումրեցի որդեկորույս մոր համոզմունքն է:

Գյումրեցի ընտանիքը եզդի հարեւան ունիՙ Սանամը, որի երկու որդիները ծառայում են բանակում: Հայկական շարքային հարսանիքՙ շարքային արարողակարգերով. հարսին փեսայի տուն են բերում, որ շեմքի ափսեները կոտրի, «էս տուն բարով եկար հարս» ասեն ու գնան ռեստորանՙ քեֆ անելու. տարածվում է հանկարծահաս պատերազմի լուրը: Մեր իմացած ապրիլյան քառօրյան է: Սկզբում ոչ ոք լուրջ չի ընդունում լուրը, կարծում են հերթական դիվերսիան է, մինչեւ որ հարեւան Սանամը շանթահարվածի պես դուրս է նետվումՙ անհանգստացած որդիների համար: Գնա՞լ ռեստորան, թե չգնալ. այս է խնդիրը: Հարսանիք է. մարդիկ են հրավիրված, ինչպե՞ս վարվել: Մինչ ավագներն այս հարցն են քննարկում, փեսա Արմենը դուրս է գալիս: Դու մի ասաՙ ոչ մեկին տեղյակ չի պահել ու Արցախ է գնացել. նրա հետ էլ մանկության ընկեր Արամն ու զոհված քեռու կանադաբնակ որդի Նարեկը:

Թե Անահիտ Աղասարյանն իր պիեսում ինչպես է ներկայացրել այս պատմության կերպարներին, եւ հերոսներն ավելի «հում» են պիեսո՞ւմ, թե՞ բեմադրության մեջ, դժվար է ասել: Բայց այն աստիճան պարզունակ դարձնել արցախյան պատերազմի թեման, որ թատերական բեմադրության ու հեռուստատեսային սերիալի միջեւ հավասարության նշան դրվի... Նպատակ կա «Հարսանիք թիկունքումը» նկարահանել: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն այդ նախաձեռնությունն անվանեց հեռուստաթատրոն, ասաց, որ այդկերպ ուզում են վերականգնել հեռուստաթատրոնի բարի ավանդույթները: Երբ «Հարսանիք թիկունքումը» նկարահանվի, այն ժամանակ միգուցե իրենք էլ համոզվեն, որ հերթական հայկական սերիալն է ստացվել: Կենցաղային զրույցներ ու ռեպլիկներ, «Երկիրը իշխանություններին է պատկանում, բայց պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք, տալիս ժողովրդին ու ասումՙ դե պաշտպանեք», բողոք, դժգոհություն իշխանություններից, արտագաղթից, Պուտինից ու պատերազմ հրահրելու իրական պատճառներից, բանավեճ, ինչպես մեր հարեւան Ռաֆիկ ու Հակոբ ձյաձյաներն են ամեն օր անում նարդի խաղալիս:

Կենցաղային խոսակցություններ, սուրճ խմել, կատակել, ինչպես ես եմ անում հարեւաններիս հետ, երբ նրանց հետ կենցաղային խոսակցության, սուրճ խմելու եւ կատակելու ժամանակ եմ ունենում: Փաստորեն մի ամբողջ դահլիճ, դահլիճի հետ էլ եսՙ մոտ երկու ժամ լսեցինք ու տեսնաք այն, ինչ լսում ու տեսնում ենք ամեն օր մեր շրջապատում, տանը, տրանսպորտում ու խանութում: Ամեն ինչ ուղիղ, պարզունակ, առանց թատերական դրամատիզմի, առանց կերպարների ձեւավորման ու հասունացման պրոցեսի, առանց հոգեբանական բախումների ու կուլմինացիայի: Մեր կենցաղը, մեկ-երկու օրվա դեպքերը բեմ էին բարձրացելՙ ճիշտ եւ ճիշտ նույնությամբ, ինչպես անցնում է մեր կենցաղային օրըՙ ավելացրած Հայկոյի տեսահոլովակային երաժշտությունը:

Ցեղասպանություն, արցախյան պատերազմ. այս թեմաները ոչ կինոյում, ոչ թատրոնում այդպես էլ արվեստի ու գեղագիտական ճաշակի խորքային ընդգրկումներով ոչ բեմ են բարձրանում, ոչ էլ էկրան: Ինչ էլ արվել ու արվում է, զանգվածային սպառման համար է, մեկանգամյա օգտագործման սկզբունքով: Խորքային, դրամատիկական, գաղափարական ու գաղափարակիր կերպարներ չկան. չկա արցախյան հերոսամարտում որդի կորցրած մոր, հայր կորցրած որդու, ամուսին կորցրած կնոջ խտացված կերպար, չկա հերոսը: Թույլ, չհամոզող, դրամատիզմ չապրող, ներքին հոգեբանական կռիվներ չտվող կերպարներ ենՙ անցողիկ ու հետք չթողնող:

«Հարսանիք թիկունքումը» կշարունակի դահլիճներ լցնել, որովհետեւ շեշտը դրված է հենց դահլիճ լցնելու, զանգվածների էմոցիոնալ պահանջները բավարարելու վրա: Բայց խորհել, դատել, ծանրութեթեւ անել, առավել եւս գեղագիտական ճաշակ բարձրացնել, ինքնամաքրման, ինքնաճանաչման դրդել ներկայացումը չի կարող: Զանգվածային սպառման համար նախատեսված շոուանման, սերիալատիպ նախագծերը հիմնականում կա՛մ պիտի ծիծաղեցնեն հանրությանը, կա՛մ լացացնեն: Եթե արվում է կամ մեկը կամ մյուսը, ուրեմն մասսայական արձագանքն ապահովված է: Հիասքանչն այն է, որ արդյունքից գոհ են նաեւ մշակույթի ոլորտի ղեկավարները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 20-07-2018

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ