RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 27-07-2018



ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-07-26 21:49:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4630, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ

Նաիր ՅԱՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկ տարուց ավելի անդորր էր տիրում։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Կոնստանտին Օրբելյանին նշանակեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրենՙ վստահ, որ մաեստրոն այս կառույցը ոտքի կկանգնեցնի։ Նա վստահ էր, որ դիրիժորը կօգտագործի իր միջազգային կապերը եւ այդկերպ օգտակար կլինի մեր օպերային արվեստին: Իսկ թե ինչ էր կատարվում օպերային թատրոնում մինչ այս նշանակումը, հայտնի պատմություն է։

Երեք տարի առաջ նախարար Հասմիկ Պողոսյանը թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին հանեց. ծայր առավ ինտրիգային խառնաշփոթը։ Կարեն Դուրգարյանին սատարեց ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը։ Կրքերը բորբոքվեցին, ի վերջո Կարեն Դուրգարյանը հեռացավ օպերային թատրոնից էլ, երկրից էլ։ Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորի հաստիքին Հասմիկ Պողոսյանը ձեռք չտվեց. Էդվարդ Թոփչյանը մնաց։ Թե քողարկված ինչ նպատակներ էին հետապնդվում Հայաստանի երկու գլխավոր նվագախմբերի դիրիժորական վահականկների շուրջը, եւ այդ վահանակների մոտ ում էին ցանկանում կանգնած տեսնել մեր երկրի երաժշտական ոլորտն առերես ու ընդհատակյա ղեկավարող անձինք, շատերին էր պարզ։ Ժողովուրդն ասում էՙ մախաթը քթոցում չես թաքցնի։

Դեռ Էդգար Հովհաննիսյանի, Վալերի Գերգիեւի, Օհան Դուրյանի, Տիգրան Լեւոնյանի ժամանակներից է օպերայի - բալետի ակադեմիական թատրոնում անառողջ մթնոլորտ տիրում: Ու միշտ չէ, որ տարաձայնությունները ստեղծագործական հողի վրա են ձեւավորվել: Անհանդուրժողականությունը, առանձին ճամբարների բաժանվելու, մեկը մյուսին մերժելու, ջնջելու քաղաքականությունն այստեղ սովորական երեւույթ է: Հիմա էլ Կոնստանտին Օրբելյանի դեմ է թատրոնում ներքին խռովություն հասունանում: Թեեւ թատրոնի պատերից դուրսՙ տարբեր ճամբարներից էլ են թրեր ճոճվում մաեստրոյի ուղղությամբ:

Կարեն Դուրգարյանը կարճ ժամանակով հայրենիք է վերադարձել. ոչ ուղիղ, անուններ չնշելովՙ նա հայտարարեց. «Երեք տարվա ընթացքում օպերային թատրոնում ոչինչ չի փոխվել, աշխատանքն արդյունավետ չէ: Որպեսզի դրական տեղաշարժ լիներ, պետք է թատրոնը գոնե մեկ տարի առաջ պլանավորած լիներ իր խաղացանկը, ամիսներ առաջ պետք է տոմսեր վաճառած լինեին: Բացի այդ, ՊՈԱԿ-ների մասին օրենքը թույլ չի տալիս, որ նույն մարդը միաժամանակ լինի ե՛ւ գեղարվեստական ղեկավար, ե՛ւ տնօրեն: Իսկ տնօրենի մենեջմենթական աշխատանքը չի կատարվում»,- դարձյալ անուն չնշելովՙ նկատեց Կարեն Դուրգարյանը: Նա պատմեց, որ տարբեր քաղաքներում մի քանի անգամ հանդիպել է Կոնստանտին Օրբելյանին, միասին սուրճ են խմել. մաեստրոն ասել է, որ ուզում է «Չիպոլինոն» բեմադրել, Կարեն Դուրգարյանն էլ օգնել է նրանՙ տալով իր մեծ ու լայն շրջապատի հեռախոսահամարները: Այդքանը արտասահմանում, իսկ Հայաստանումՙ արդեն ոչ Օրբելյանի անմիջական ներկայությամբ, նա մատնանշում է երեւանյան օպերային թատրոնիՙ իր դիտարկած սխալներն ու բացթողումները:

Կողմնապահություն կլինի, եթե ասենք, որ թատրոնի ղեկավարման հետ կապված այդ սխալները վերջին 1,5 տարում են ի հայտ եկել: Ի՞նչ է, դրանից առաջ, հենց թեկուզ Կարեն Դուրգարյանի օրոք թատրոնը փայլո՞ւմ էր իր երկացանկով, վաճառված տոմսերի քանակով, լեփ-լեցուն դահլիճներով կամ ներքին առողջ մթնոլորտով: Միայն այն, որ 2000-2017 թվականներին թատրոնն ունեցել է ընդամենը 9 ներկայացում, իսկ վերջին 6 ամսում 4 նոր բեմադրություն է արվել, նախորդ ու ներկա իրավիճակների մասին ահագին բան է ասում: 60 տարվա ընդմիջումից հետո մեր արտիստները հուլիսի 24-ին Մեծ թատրոնում ներկայացրել են Արամ Խարատրյանի «Գայանե» բալետը: Տոմսերը սպառվել են շատ արագ ու շատ վաղ: Սեպտեմբերին մեր թատրոնը կմեկնի Քուվեյթ. այնտեղ բացվելու է ազգային օպերային թատրոն, բացման ներկայացումը կլինի երեւանյան օպերային թատրոնի «Կախարգական սրինգ» օպերան: Այնուհետեւ մեր արտիստները կուղեւորվեն Դուբայՙ նույն օպերան ներկայացնելու այնտեղ: Օրբելյանը երբեք չէր բարձարաձայնել, թե սեփական գրպանից որքան է դնում օպերային թատրոնի վրա: Օրերս նա նշեց, որ «Կախարդական սրինգն» ամբողջությամբ բեմադրվել է իր անձնական միջոցներով. ոչ մի լումա պետությունից: Կոնստանտին Օրբելյանը ծրագրել է որդեգրել գերմանական խաղացանկՙ ամեն օր ներկայացումներՙ բացի երկուշաբթիից, ընդ որում նաեւ մանկական բեմադրություններ:

Իհարկե, նման խաղացանկը նպատակ դարձնելը քիչ է, պետք է այն իրագործելու համար ռեսուրսներ ունենալ: Աչքկապոցի չենք խաղում. մենք չունենք օպերային արվեստի սիրահար ու գիտակ բազմահազար հանդիսատես, որը մեկ ամիս առաջ կգնի «Կարմենի» կամ «Բյուրեղապակյա դղյակի» տոմսերն ու սրտատրոփ կսպասի ներկայացման երանելի օրվան: Լավ երկացանկ ունենալն էլ է խնդիր. բարձրարժեք ներկայացման ինքնարժեքը ցածր լինել չի կարող: Ամենօրյա բեմադրությունների համար մեծ նվախագումբ ու երգչախումբ է պետք, որպեսզի արտիստները մեկը մյուսին փոխարիներով աշխատեն: Իսկ նման ծավալներն ապահովելու համար պետք է մեծացնել նաեւ աշխատավարձի ծավալները: Մեր թատրոնում ծանր դեկորացիաներով ներկայացումներն աստիճանաբար դուրս են գալիս խաղացանկից, դուրս են գալիս նաեւ ցածր պահանջարկ ունեցող բեմադրությունները, իսկ պահանջարկի աստիճանը որոշվում է հանդիսատեսի թվով: Ծանր դեկորացիայի ու ցածր պահանջարկի պատճառներով օպերային թատրոնում տարեկան նույնիսկ մեկ-երկու անգամ էլ չեն ներկայացվում, օրինակՙ «Աիդան», «Սայաթ-Նովան», «Երկրաշարժը»: Բայց այս ներկայացումների վրա պետբյուջեից միլիոններ են ծախսվել: Ստացվում էՙ ժողովրդի գրպանից պետբյուջե գնացած գումարները ոչ նպատակային են ծախսվել: «Աիդայի», «Սայաթ-Նովայի» դեկորացիաները ծանր ու ծավալուն են: Այդ դեպքում Կոնստանտին Օրբելյանն ինչպե՞ս է պատկերացնում ամենօրյա փոփոխվող խաղացանկը, երբ երեքշաբթի ներկայացվի «Կարմենը», չորեքշաբթիՙ «Մանոնը», իսկ հինգշաբթիՙ «Գայանեն»: Եթե «Աիդայի» դեկորները տեղադրել-հավաքելն է իրենից մեծ դժվարություն ներկայացնում, ըստ գերմանական խաղացանկիՙ յուրաքանչյուր նոր նեկայացման դեկորների քանդել-հավաքելու ամենօրա գրաֆիկն ինչպե՞ս է իրականացվելու: Իսկ ամեն օր լիքը դահլիճ ունենալն էլ մի ուրիշ խնդիր է: Ի վերջո, պետք է հաշվի առնելՙ օպերան ու բալետն ամենածախսատար արվեստն է: Ծախսերը շատ են, դրա համար էլ օպերային թատրոնի բեմը հաճախ է վարձակալությամբ տրվում, ուրեմն շաբաթական 6 օր աշխատելու պարագայում վարձակալության համար միակ ազատ օրը մնալու է երկուշաբթին: Աշխատանքային նման ծավալ վերցնելու համար համակարգված մոտեցում, ադմինիստրատիվ կառավարման իդեալական աշխատաոճ է պետք, ինչը տնօրենի պարտականությունն է, իսկ հայտնի է, որ Կոնստանտին Օրբելյանը նաեւ տնօրեն է, ու նաեւ գեղարվեստական ղեկավար լինելովՙ պարտավոր է միաժամանակ զբաղվել թատրոնի ստեղծագործական աշխատանքով: Հայտնի է նաեւ, որ նրա նկատմամաբ անվստահություն հայտնողներն արդեն բացեիբաց կասկածի տակ են առնում Օրբելյանի մասանգիտական որակներն ու հմտությունները, անգամ լրագրողների բերանով հեգնական հարցեր ուղղումՙ մինչեւ հիմա քանի՞ համերգ ու ներկայացում եք չափ տվել: Մաեստրոյի ականջին, անկասկած, հասնում են շշուկով ու բարձրաձայն արված դիտողությունները, նա նաեւ տեսնում է իր դեմ ուղղված անհանդուրժողականության ու անվստահության նետերը: Մաեստրոյի տրամադրությունն ընկած է, ու դա թաքցնելու բան չէ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 27-07-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ