RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1713, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅԵՐԵՆԸ

Նաիր ՅԱՆ

Լեզվի պետական տեսչությունը հեղափոխությունից հետո, ավելի ստույգՙ հունիսի 11-ին, դարձել է Կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտե: Այն, որ «պետական» բառն այս կառույցի անվան միջից հանվել է, մի շարք լեզվաբաններ, նաեւ տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը համարում են կարգավիճակի անկում, լիազորությունների կրճատում: Լեզվի կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիթ Գյուրջինյանը , սակայն, նույն կարծիքին չէ. կառույցը պատկանում է կրթության եւ գիտության նախարարությանը, ուրեմն արդեն իսկ պետական կարգավիճակ ունի: Նախկինում լեզվի տեսչությունը ոչ հայատառ ցուցանակների համար իրավունք ուներ տնտեսվարող սուբյեկտին ենթարկել 250 հազար դրամ տուգանքի: Դեռ 2008 թվականից դատական գործերի մի ամբողջ տրցակ կա, որ կես ճանապարհին է մնացել: Օտարագիր ցուցանակների տերերը նախընտրում են 250 հազար դրամ տուգանք վճարել, քան մի քանի հարյուր հազար դրամով հայատառ նոր ցուցանակ տեղադրել եւ կորցնել իրենց «կեղծ արեւմտյան կարգավիճակը»: Լեզվի տեսչության աշխատակիցների ստուգայցերն ու հարուցած դատական գործերը վկայում են, որ օրենքի այս կետի կիրառումն անարդյունավետ ու ձեւական է: Բայց որ օրենքը պահանջում է ոչ հայատառ ցուցանակի համար տուգանել, փաստ է, ու եթե մի տնտեսվարողը տուգանվել է, մյուսըՙ ոչ, արդեն իսկ անարդար է:

Օրենքն այսուհետեւ էլ կկիրառվի, բայց ոչ լեզվի կոմիտեի կողմից: Կառույցի աշխատակիցները Երեւանի կենտրոնական փողոցներում շրջել ու լուսանկարել են բոլոր ցուցանակները. պատկերը շատ տխուր չէ: Օրենքի խախտման դեպքերն այնքան էլ շատ չեն. խախտողները պետք է տուգանվեն: Ինչպես նշվեց, լեզվի կոմիտեն տուգանքի ենթակա փաստեր ունի, բայց տուգանելու գործառույթներ այլեւս չունի: Առայժմ հայտնի չէ, թե որ կառույցին է վերապահվելու այդ իրավասությունը:

Ինչպես լեզվի քաղաքականության մի շարք հարցեր, այս խնդիրը եւս քննարկումների փուլում է: Քննարկումների փուլում է նաեւ պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակումը: Լեզվի մասին օրենքն ընդունվել է 1993 թվականին. այն ժամանակ այլ իրավիճակ էր: Որքան էլ որ անկախություն էինք ձեռք բերել, պետական համակարգում, մտավորականների, արվեստագետների շրջանում հաղորդակցման լեզուն հիմնականում ռուսերենն էր: Սովետական շրջանում հայերենի ստորադասումը ռուսերենին սովորական եւ ընդունված երեւույթ էր. 1993-ին ընդունված Լեզվի մասին օրենքում առանցքային շեշտադրումը ռուսերենի գերակայությունն օրենսդրորեն սահմանափակելն էր. Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է:

25 տարի է անցել: Լեզվի մասին օրենքը մշակման, նորացման կարիք ունի. ժամանակներն ու մարտահրավերները փոխվել են: Ռուսերենի գերակայությունը վնասազերծելը վաղուց ակտուալ չէ: Դրա փոխարեն ունենք հայերենի պահպանման ու տարածման, ճիշտ կիրառման, ուղղախոսական, տերմինաբանական, արեւմտահայերենի պահպանման, հայոց լեզուն ՏՏ ոլորտում կիրառելի դարձնելու բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է դառնան պետական քաղաքական հայեցակարգ: Լեզվի կոմիտեն հենց այս գործառույթներն իրականացնող կառույց պետք է դառնաՙ համագործակցելով պետական ու հասարակական բազմաթիվ հարթակների հետ: Դպրոց, բուհ, Ակադեմիա, ԶԼՄ-ներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակություն, սոցցանցեր ու էլի մի շարք օղակներ պետք է շաղկապված աշխատեն իրար հետ, որպեսզի մի օր նորից չկանգնենք նույն փաստի առաջՙ ինչպես այն ժամանակ լեզվի տեսչությունը, հիմա էլ լեզվի կոմիտեն օտարված է, նրա աշխատանքը չի երեւում կամ ինքնանպատակ ու անարդյունավետ է: Եթե որդեգրվելու է նախորդ աշխատաոճը, ուրեմն սկզբում մեր աքլո՞րը կկանչի, թե՞ հարեւանինըՙ մեկ է:

Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հստակ անելիքներ, քայլեր չի նշում, բայց հավաստիացնում է, որ տուգանային քաղաքականությունից անցում է կատարվելու կանխարգելիչ, քարոզչական-հորդորական քաղաքականության: Իսկ լեզվական պետական քաղաքականության բարեփոխման ծրագրի մշակումն ու իրականացումնՙ ապագայում: Օտարամոլության դեմ պայքարելու ճանապարհը լեզվաքարոզչությունն է համացանցում ու ԶԼՄ-ներում: Նպատակ կա լեզվական հեռուստանախագիծ իրականացնել: «Լեզվի կոմիտե» ֆեյսբուքյան էջում լեզվական տարածված սխալները ներկայացնելովՙ բացատրվում են ճիշտ տարբերակները. սա եւս հանրության հետ կապ պահպանելու եւ լեզվական սխալները կանխարգելելու պարզ միջոց է, որն, ի դեպ, աշխատող տարբերակ է: Էջն օրական մի քանի հազար այցելու ունի: Ամբիոնային, խրատական, տուգանային դիրքորոշումով աշխատանքն, անկասկած, անհաջողության կմատնվի. նախադեպը լեզվի տեսչության նախորդ երկու տասնամյակների կենսագրությունն է: Իրականում լեզվի տեչություն, թե կոմիտե, պետական, թե ոչ պետական, էական դեր չեն կարող ունենալ, եթե անգամ ոչ միայն օտարագիր ցուցանակների, այլեւ «ցտեսություն ձեզ»-ի համար 1 միլիոն դրամ տուգանեն: Ի դեպ, իրական անեկդոտ. պաշոտնյաներն իրենց ենթականերին ստիպում են, որ իրենց «ցտեսություն ձեզ» ասենՙ ի նշան մեծարանքի: Պաշտոնյաների կարծիքովՙ «Ցտեսությունն» առանց «ձեզ»-ի ճիշտ տարբերակ է, բայց մի տեսակ արհամարհական է:

Լեզվի պետական քաղաքականության հիմքում ուղղախոսությունը, գրագետ խոսքը պահպանելը, օտարամոլությունից խուսափելը, հայոց լեզուն տարածելն է: Համակարգչային աշխարհում հայերենը շատ քիչ է կիրառվում. անգամ մեր երկրի սահմաններում հաղորդագրութունները լատինատառ են: Մենք ինքներս մեր լեզուն բավականաչափ չենք հարգում ու սիրում. ժարգոնը, փողոցային լեզուն, ժողովրդախոսակցական տարրեը ներխուժել են ԶԼՄ-ներ, հեռուստաեթեր. սոցցանցերի հաղորդակցության լեզուն հիմնականում լատինատառ հայերենն էՙ խոսակցական ցցուն դրսեւորումներով: Հայերենի գերազանց իմացությունը սեփական երկրում չի խրախուսվում անգամ մասանգիտական դաշտում, օրինակՙ լրագրության մեջ: Հայոց լեզվի վերաբերյալ գիտելիքներ կարող են ունենալ միայն հայոց լեզվի ուսուցիչներն ու դասախոսները, այն էլՙ ըստ դիպլոմի հավաստիության:

Իրականում մեր երեխաները հենց դպրոցից են տուն բերում «ցտեսություն ձեզ»-ը, «բարձրունք»-ը, «ի խորոտ սրտե»-ն, «ինքստինքյան»-ը, «ինչքամ»-ը, «այսինքս»-ը, «համբյուր»-ը, «հույր»-ը եւ այլն: Բայց փոխարենը դպրոցի տարրական դասարաններում պահանջում են հոմանիշ-հականիշների բառարանից դուրս գրել կապույտ բառի առնվազն 10 հոմանիշ, իմանալ ագուգա , ամիճ , ակնակապիճ , հարթաշուրթ բառերի նշանակությունը, որովհետեւ արդեն 3-րդ դասարանից պատրաստվում են ընդունելության քննությունների շտեմարաններն անվրեպ լրացնելու արհեստին: Լեզվի կոմիտեն կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ է, բայց իրավունք չունի խառնվելու քննական թեսթերի պատրաստմանը: Նաեւ փաստարկված դիտողություններ անելու իրավունք չունի, երբ ակնհայտ է հայոց լեզվի «Շտեմարան» կոչված ձեռնարկների հակագիտելիքային ու հակալեզվական մակարդակը: Եթե երեխան դպրոցական տարիքից խճճվում է հայոց լեզվի քերականական կանոնների հորձանուտումՙ չունենալով բանավոր զարգացած խոսք, բառապաշար, ինչպե՞ս սիրի իր մայրենի լեզուն: Երբ երեխային սեփական կարծիքը, պատկերացումներն արտահայտելու փոխարեն 2-րդ դասարանից պարտադրում են ճիշտ գրել փասիան , բարձրաբերձ , երփներանգ , դաստիարակ բառերը, նրան հնարավո՞ր է գրավել հայոց լեզվի գեղեցկությամբ: Ընդունելության քննությունների արդյունքներն արդեն որերորդ տարին ցույց են տալիս, որ դիմորդների անգլերենի իմացությունը գերազանցում է հայոց լեզվի գիտելիքներին, որովհետեւ ժամանակակից թեսթային համակարգով գիտելիք ստուգելը բացառվում է: Այս երեւույթի դեմ բողոքում են բոլորըՙ ուսուցիչ ու դասախոս, դիմորդ ու աշակերտ, բայցՙ ապարդյուն: Դպրոցական ուսուցման ներկա համակարգի արդյունքում հայոց լեզվի թերի իմացությամբ ՀՀ քաղաքացուց հնարավո՞ր է գրագետ խոսք ակնկալել: Փորձեք աշխատանքի ընդունվելիս նշել, որ գերազանց տիրապետում եք հայերենին. կես գրոշի արժեք չի ունենա ձեր բարձրակարգ հայերենը: Փոխարենը խրախուսվում է օտար լեզուների իմացությունը, եթե անգամ մթերային խանութի վաճառող կամ լավաշ թխող եք ուզում աշխատել, երբ ձեր գործատուն ոչ մի բառ չգիտի այդ լեզվից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ