RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1195, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐԱՆՁԱՎԻՑ ԾՆՎԱԾ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Գորիս-Երեւան

Գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը 8 տարի առաջ Գորիսի հազարավոր քարանձավներից մեկը մաքրել է աղբից ու դարձրել իր արվեստանոցը:

Նախկինում բնակեցված քարանձավն այսօր վերածվել է 61-ամյա գեղանկարչի արվեստանոցի:

Նկարիչը 8 տարի առաջ Գորիսի հազարավոր քարանձավներից մեկը մաքրեց աղբից ու վերածեց յուրօրինակ ստուդիայի:

Նա նշում է, որ տարածքից 40 մեքենա աղբ է հանել, 2 հոր բացահայտել, որոնք բերնեբերան լիքն են եղել քար ու ավազով: Հորերը, գեղանկարչի խոսքով, ժամանակին ցորենի եւ կարտոֆիլի ամբարներ են եղել: Քարանձավն այժմ տարածքում ու Հայաստանում երեւի թե միակն է, որը ծառայում է որպես արվեստանոց:

«Վերջին մարդը քարանձավից այնպես չէ, որ շատ վաղուց է հեռացելՙ 80 տարի է ընդամենն անցել: Երբ այստեղ ստեղծագործում ես, մտքերդ 100-150 տարի հետ են գնում ու սկսում ես «տեսնել»ՙ ովքեր են ապրել, ինչ կենցաղ ունեցել, գուցե նաեւ ստեղծագործող են եղել: Քարանձավն արվեստանոցի վերածելու գաղափարը տարիների ընթացքում է ծնվել. այստեղ շատ եմ եղել ու միշտ մտածում էի, որ այս տարածքը, որը քարանձավներով հարուստ է, կարելի է վերածել մշակութային կենտրոնի»,- ասում է Մարտիրոսյանը: Քարանձավի մթությանը նկարչի աչքը արագ է ընտելացել, ու թեեւ լինում են դեպքեր, որ դրսում էլ է նկարումՙ ծառերի տակ, սակայն քարանձավում ստեղծագործելը ոգեշնչում է իրեն:

Քարանձավում միայն նկարչի աշխատանքները չէ, որ ցուցադրվում են, այնտեղ յուրահատուկ հնություններ էլ կան: «Ես 2000-3000 տարվա հնություններ ունեի, որոնք ընկերներս էին ինձ նվիրել, եւ դրանք էլ բերեցի այստեղ: Բացի այդՙ քարանձավ-արվեստանոցում ունեմ նաեւ սափորներ, ճախարակ, երաժշտական գործիքներ, թասեր... Այս ամենով միջավայր եմ ստեղծել ու ուզում եմ ցույց տալ, թե նախկինում մեր պապերն ինչպես են ապրել, կենցաղում ինչեր են օգտագործել, ինչ թասերով ջուր խմել: Կուզեիՙ կողքի քարանձավը լիներ, օրինակ, բրուտագործի արվեստանոց, ու այդպես շարունակՙ յուրաքանչյուր քարանձավ մի արվեստանոցի վերածվեր: Գորիսի բնությունն արդեն իսկ տրամադրում է ստեղծագործել, իսկ այս քարանձավների մեջ կան պատմություններ»,- ասում է նկարիչը:

Նրա արվեստանոցը հյուրերի պակաս չի ունենումՙ Գորիսի հյուրանոցներն իրենց հյուրերին միշտ այնտեղ են տանումՙ զարմացնելու: Քարանձավ-արվեստանոցի մասին անգամ ֆիլմեր են նկարել օտարերկրացիները, իսկ Ֆրանսիայում բնակվող մի հայ պատանի, ով շրջում էր մարզերով ու իր դիպլոմայինի համար թեմա փնտրում, քարանձավ-արվեստանոցը տեսնելուն պես որոշել է հենց այն էլ դարձնել իր աշխատանքի թեման: «Արվեստանոցում հյուրընկալում եմ նաեւ ընկերներիս: Ես կարողացել եմ մի միջավայր ստեղծել, որը ոչ միայն ինձ է հարմար, այլ նաեւ հետաքրքրական է մյուսներին: Իհարկե, ձմռանն այստեղ հնարավոր չէ աշխատել, ու չնայած վառարան ունեմ, բայց, միեւնույն է, ցուրտ է լինում: Բացի այդՙ աշնան վերջին էլ անձրեւաջրերն են ողողում արվեստանոցը, դրա համար էլ աշնան սկզբին իրերս հավաքում ու տուն եմ տեղափոխում: Նկարները խոնավությունից ու ոչ կայուն ջերմաստիճանից փչանում են, օդափոխության խնդիր էլ կա»,- ասում է Մարտիրոսյանը:

Նրա խոսքովՙ իր արվեստանոց-քարանձավի հարեւանությամբ գտնվող քարանձավները գոմի են վերածվել այժմ, իսկ հարակից տարածքը որպես արոտավայր է ծառայում: «Քարանձավից քիչ այն կողմ թթենիներ են եղել, գորիսեցիներն այս տարածքն անվանում ենՙ Թթենիների մոտ: Մի փոքր վերեւում էլ քարանձավային թատրոնն է: Այստեղ ուսումնասիրություն չի եղել, այստեղ կան քարանձավներ, որոնք մի քանի հարյուր, իսկ որոշներն էլ մի քանի հազար տարվա պատմություն ունեն: Քարանձավը լավայի մնացորդ է, քար չէ: Պատմությունը վկայում է, որ տարիներ առաջ այստեղ հրաբուխ է եղել, տարիների ընթացքում անձրեւներից մաքրվելով ու լվացվելով, լավայի մնացորդները դարձել են քարանձավներ: Այստեղ ժամանակին քարանձավային քաղաք է եղել, մարդիկ են բնակվել: Մի փոքր վերեւ աղբյուր կա, որը ծառայել է լվացվելու, լողանալու համար, դրսում նաեւ թոնիր է եղել»,- ասում է գեղանկարիչը:

Մարտիրոսյանը նշում է, որ պետական մարմինների աջակցությամբ միայն կարող են տարածքը կարգի բերել ու մշակութային կենտրոնի վերածել: Նրա խոսքովՙ այն կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու խթանել զբոսաշրջիկների այցը: Ի դեպ, գեղանկարիչը դասավանդում է նաեւ Գորիսի համալսարանի գեղանկարչության բաժնում, որտեղ այս տարի 10 դիմորդ է ընդունվել: «Գորիսում կան տաղանդավոր երիտասարդներ, սակայն դրսեւորվելու տեղ չկա: Ես տարիներ շարունակ պայքարել եմ, որ Գորիսում ուսումնարան, արվեստանոցներներ լինեն, քանի որ աշակերտներ կան, որ ստեղծագործում են, բայց հետո չգիտեն ինչ անել: Երեւանում, օրինակ, հաճախ են ցուցահանդեսներ կազմակերպվում, հաճախ միջոցառումներ են լինում, իսկ այստեղ ավելի պասիվ է»,- ասում է նկարիչը:

Մարտիրոսյանը նաեւ քանդակագործությամբ է զբաղվումՙ Բակունցի թանգարանի քանդակների հեղինակն է. «Իմ արվեստն է, իմ քարանձավը, իմ տարածքըՙ ես ինձ այստեղ լավ եմ զգում: Չէի մտածում, որ այսքան հանրահռչակ կդառնա քարանձավ-արվեստանոցս: Կուզեի, որ մշակութային կյանքը Գորիսում աշխուժանար, քանի որ մշակույթը մարդու մեջ բոլորովին այլ արժեքներ է սերմանում: Գորիսում հոգեւոր մթնոլորտը քիչ է, ստեղծագործողներըՙ նույնպես: Պետք է ինքդ քո մեջ ուժ գտնես, սկսես ստեղծագործել ու կարողանաս քո հետեւից սերունդ բերել»:

Ի դեպ, գեղանկարիչի Ֆրանսիայի ցուցահանդեսը տեւել է 1 ժամ, քանի որ բոլոր նկարները տեղում գնել են:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ