RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 31-08-2018



ԿԱԼԵՅԴՈՍԿՈՊ

Տեղադրվել է` 2018-08-31 00:47:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1056, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ՆԻԼ ՍԱՅՄՈՆԸ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Վերջին տասնամյակում երիկամի հետ կապված խնդիրների եւ ալցհայմեր հիվանդության դեմ պայքարելուց հետո Նյու Յորքի եպիսկոպոսական (պրեսբիտերական) հիվանդանոցում 91 տարեկանում թոքերի բորբոքումից օգոստոսի 26-ին վախճանվել է ամերիկացի ժամանակակից խոշորագույն դրամատուրգ Մարվին Նիլ Սայմոնը :

Սայմոնը ծնվել էր 1927-ի հուլիսի 4-ին Բրոնքսում (Նյու Յորք) ապրող հրեա մի ընտանիքում: Հայրըՙ Իրվինգը հագուստի վաճառական էր, մայրըՙ Մեմին տնային տնտեսուհի: Ունեցել է դժվարին, հիմնականում դժբախտ մանկություն մեծ դեպրեսիայի տարիների ֆինանսական դժվարությունների եւ ծնողների անհամերաշխ, «փոթորկալից» կյանքի որպես արդյունք: Դրա պատճառով էլ ինքն ու ավագ եղբայրըՙ Դենին ստիպված են եղել հաճախ ապրել ազգականների տանը: Իրավիճակը նաեւ ստիպել է Նիլին փախչել ընտանեկան վեճերից եւ ապաստան գտնել կինոթատրոններում, որտեղ ըմբոշխնել է Չարլի Չապլինի, Բաստեր Քիթոնի, Լորելի եւ Հարդիի կինոկատակերգությունները:

Անկախ լինելու ցանկությունն ու տխուր ու ցավալի երեւույթները հաղթահարելու վաղ ձեւավորված մտադրությունը խթան են հանդիսացել, որ նա սկսի գրել կատակերգություններ եւ ստիպի մարդկանց «ուշագնաց լինել ծիծաղելուց»: Գրելաոճը բարելավելու նպատակով շաբաթական երեք օր գրադարան է այցելել կարդալու Մարկ Տվեյնի, Ռոբերտ Բենչլիի, Ջորջ Կաուֆմենի եւ ուրիշների ստեղծագործությունները: 1945-46 թվերին հաճախել է Դենվերի համալսարանը:

Հիսունականներին ավագ դպրոցն ավարտելուց եւ օդուժի պահեստային մասում ծառայելուց հետո եղբորըՙ Դենիի հետ սկսել է կատակերգական սցենարներ գրել ռադիոհեռուստատեսային շոու ծրագրերի համար, որոնցից Մաքս Լիբմենի «Your Show of Shows»-ի համար գրված սցենարը 2 Էմմի մրցանակի առաջադրում է պարգեւել Նիլին: Այնուհետեւ 1961-ին Բրուքս Ատկինսոն թատրոնում տեղի է ունեցել նրա «Come Blow Your Horn» (Արի նվագիր քո փողը) պիեսի առաջին բեմադրությունը: Հետագայում այն ներկայացվել է 678 անգամ: Բծախնդիր դրամատուրգ է եղել: Մոտ քսան անգամ վերափոխել է պիեսը, մինչեւ իր խոսքերով «ի վերջո թատրոնն ու ես բացահայտեցինք միմյանց»: Եղել է բավական ամաչկոտՙ մինչեւ կարողացել է ինքնահաստատվել:

«Զբոսայգում ոտաբոբիկ» (1963) եւ «Կենտ զույգը» (The Odd Couple) (1965) պիեսները բեմադրելուց հետո դարձել է հռչակավոր: Այդ հաջողված գործերին հաջորդել են «Լավ բժիշկը», «Աստծո նախընտրածը», «Նրանք նվագում են մեր երգը», «Ջեյքի կանայք», «Ծիծաղը 23-րդ հարկում», «Բիլոքսի Բլուզ» եւ այլ պիեսները, որոնք շոշափել են ինչպես ռոմանտիկական, այնպես էլ հումորային եւ դրամատիկական թեմաներ: 1965-ին նրա պիեսներից չորսը միաժամանակ բեմադրվել են Բրոդվեյի թատրոններում:

Իր պիեսներում նա մեծ չափով օգտագործել է իր կյանքի եւ փորձառության դրվագներ: Ընդհանուր առմամբ գրել է 30-ից ավելի պիեսներ եւ նույնքան կինոսցենարներ, որոնք հիմնված են եղել իր պիեսների վրա: Բայց միշտ նախընտրել է պիեսներ գրելը, որովհետեւ «Թատրոնը ավանդույթ ունի», նշել է նա: Բազմիցս ներկայացվել է «Էմմի», «Թոնի» եւ այլ մրցանակների: Արժանացել երեք Թոնի մրցանակների եւ մեկ Պուլիցեր մրցանակի: Միակ դրամատուրգն է, որ Նյու Յորքում իր անունով թատրոն ունիՙ The Neil Simon Theater:

Նիլ Սայմոնը ամուսնացած է եղել հինգ անգամ: Առաջին կնոջիցՙ պարուհի Ջոան Բաիմից, որը մահացել է քաղցկեղից, ունի 2 դուստր: Հետագայում որդեգրել է նաեւ 3-րդ կնոջՙ դերասանուհի Դայան Լանդերի դստերը:

Ավելացնենք, որ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Նիլ Սայմոնի երկու պիեսներըՙ «Զբոսայգում ոտաբոբիկը» Գուժ Մանուկյանի եւ Վիոլետա Գեւորգյանի հրաշալի խաղարկությամբ եւ «Կենտ զույգը» Սոս Ջանիբեկյանի եւ Արման Նշանյանի դերակատարությամբ: Սփյուռքահայ թատերական կյանքում նույնպես ունեցել է իր գործերի բեմադրությունները, որոնցից մեզ հայտնի է Բեյրութում ՀԲԸնկերակցության «Վահրամ Փափազյան» թատերախմբի ներկայացմամբ «Կենտ զույգը» ներկայացումը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 31-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ