RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 19, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՉԻՊՈԼԻՆՈ» ԲԱԼԵՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՆ 35 ՏԱՐԻ ԱՆՑ

Ջորջ ՉԱԽԱԼՅԱՆ

...Միջին եւ ավագ սերնդի մարդիկ կհիշեն «Չիպոլինո» լեգենդար մուլտիպլիկացիոն կինոնկարըՙ ստեղծված իտալացի մանկագիր Ջաննի Ռոդարիի պատմվածքի հիման վրա, որի հիմքում ընկած է բարու եւ չարի հավերժական պայքարը: Սակայն ոչ մեծ թվով մարդիկ այդ հեռուստադիտողներից տեղյակ են, որ դրանում հնչող հրաշալի երաժշտության հեղինակը մեր հայրենակից Կարեն Սուրենի Խաչատրյանն էՙ մեծն Արամ Խաչատրյանի զարմիկը:

Եվ... կարո՞ղ եք հիշել, թե վերջին անգամ մեր Օպերայի եւ բալետի թատրոնում ե՞րբ է բեմադրվել մանկական ներկայացում: Հուշենք. ամենայն հավանականությամբ, 1980-ականների կեսերինՙ դա եղել է Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետը (բեմադրող խորեոգրաֆՙ թատրոնի ներկայիս գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյան):

Եվ ահա գտնվում է մի «բարի պապիկ», այն էՙ Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան-կրտսերը, որը ՌԴ Մեծ թատրոնից գնում է 1974-ից այնտեղ ներկայացվող եւ իրավամբ «Մանկական Սպարտակ» մականունը ստացած «Չիպոլինո» մանկական բալետըՙ Կարեն Խաչատրյանի երաժշտությամբ, եւ համաձայնության գալիս իր վաղեմի բարեկամ, դրա առաջին բեմադրող խորեոգրաֆ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Հենրիխ Մայորովի հետ Երեւանում այն բեմադրելու վերաբերյալ: (Օրբելյանը, ինչպես մի՛շտ, վճարեց սեփական գրպանից: Ծ.Խ.):

...Ասել, թե նոյեմբերի 4-ի երեկոյան Օպերայի եւ բալետի թատրոնում տոն էր, կնշանակի գրեթե ոչինչ չասել... Аншлаг, Sold-out? Կարծում ենք, շատ մեծ չափազանցություն չէր լինի ասելը, որ այսպիսի տոնախմբություն վաղուց չէր տեսել այս դահլիճը. մանուկները, իրենց ծնողները, ծնողների ծնողները ծափ էին տալիս, երգում եւ նույնիսկ պարում... Եվ ներկայացման ավարտից ընդամենը վայրկյան հետո նրանք բոլորըՙ ե՛ւ ջահել, ե՛ւ ահել, նետվեցին դեպի բեմ, որպեսզի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեն Օրբելյանին, Մայորովին, իր օգնական, դուստր Աննային, պարողներին, երաժիշտներին, բոլորին-բոլորին...

Չմոռանա՛նք նշել, որ մինչ ներկայացումը կսկսվեր, մաեստրո Օրբելյանը հերթական անակնկալն էր պատրաստել թատրոն այցելած մանուկների համար. այս անգամ իրեն հյուր էին եկել «Օրրան»-ի երեխաները... Փոքրիկ Դիանայի հետ նրանք կտրեցին «Չիպոլինո» տորթը:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցներ «ոտքի վրա»ՙ առանց մեկնաբանության:

Մարինե Պետրոսյան , թատրոնի եւ կինոյի սիրված դերասանուհի, ով եկել էր երկու դստրիկների հետ.

- Շատ թարմ շունչ զգացի, եւ նոր երիտասարդ պարողների տեսա բեմում, եւ, իհարկե՛, գույնզգույն դեկորացիաները եւ կոստյումները հրաշալի էին... Որպես դերասանուհի միայն խորհուրդ կտայի մի փոքր ավելի շատ շեշտադրում անել կատակերգական միմիկայի, շարժումների վրա...

Իր կրտսեր դստրիկը (անունը չլսվեց), «ի՞նչը դուրդ եկավ, բալիկս» հարցիս ի պատասխան.

- Սաղ...

Արմեն Գրիգորյան , բալետային խմբի ղեկավար.

- Տղաներն եւ աղջիկները լավ պարեցին, սակայն կարող էին է՛լ ավելի լավ կատարել: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ անցած մեկ տարվա ընթացքում, ինչ այստեղ եմ աշխատում, որակական աճն ակնհայտ է:

Ռուբեն Ասատրյան , դիրիժոր.

- Նվագախմբի անդամների կատարողական մակարդակը զգալիորեն բարձրացել է, ի՛նչ խոսք, եւ այսօր դրանում համոզվեցիՙ ամեն ինչ շատ ներդաշնակ էր: Մի շատ կարեւոր բան էլ կա. այժմ թատրոնում շատ լավ բարոյահոգեբանական մթնոլորտ էՙ շնորհիվ մաեստրո Օրբելյանի խառնվածքի, կազմակերպական ունակութունների: Հիմա այստեղ աշխատանքի եմ գալիս հաճույքով:

Շոմբի Շարփ , ՀՀ-ում ՄԱԿ-ի դեսպան.

- Ամեն ինչ հրաշալի էր, գունեղ զգեստներ, դեկորացիաներ, հսկայական դրական էներգիա էր պտտվում բեմի եւ դահլիճի մեջ:

Վինչենցո դել Մոնակո , ՀՀ-ում Իտալիայի դեսպան.

- Գեղեցիկ մի երեւույթ էր, թարմացնող մեր առօրյայում... Սոցիալական մեսիջներ կան այս ներկայացման մեջ, որի նախապատմությունն ունի իտալական եւ ռուսական արմատներ, եւ որն ըմբոշխնեցին բոլոր տարիքների հանդիսատեսները:

Հենրիխ Մայորով , բեմադրող խորեոգրաֆ.

- Ամիսներ առաջ այստեղ դիտեցի «Ժիզել» եւ «Գայանե» բալետները, եւ միանգամից հասկացա, որ հայ պարողները շատ լավն են: Գիտե՛ք, «Ժիզելը» որակի մի յուրօրինակ քննություն է պարողի համար, իսկ «Գայանեն» բացահայտում է նրա ազգային խառնվածքը: Եվ հենց դա էր, որ այսօր թույլ տվեց մենակատարներին միանգամից «վառվել-միանալ», եւ նրանք պարում էին ո՛չ թե վերջին շնչով, այլ ունենալով ուժերի լրացուցիչ պաշար: Մի խոսքով, մենակատարները (Չիպոլինոյի դերապարողՙ 23-ամյա Վահագն Մարգարյան) հիանալի էին, եւ այստեղ կա լավ մանկավարժական դրվածք: Գիտե՛ք, կատակերգություն պարելը շատ ավելի դժվար է, քան դրամա: Այնպես որ հանդիսատեսին չե՛ս խաբի, այն էլ հայ մանուկին, ում վառվռուն աչքերում տեսնում ես բազմահազարամյա մշակութային գենը: Այսպիսի հանդիսատես վաղուց չէի տեսել, իսկապես...

Կոնստանտին Օրբելյան .

- Ես կարծում եմ, որ ստացվեց հիանալի ներկայացում: Գունեղ դեկորացիաներՙ Մեծ թատրոնի լեգենդար գլխավոր նկարիչ, ԽՍՀՄ ժող. նկարիչ երջանկահիշատակ Վալերի Լեվենտալի հեղինակությամբ, կոստյումներ, հիանալի կատարումներ շաղախված հումորով... Երեխաներին չե՛ս խաբի, ինքներդ տեսաք, թե ինչպես էին նրանք հրճվում... Մեր պարողները ընդամենը յոթ շաբաթում, ամեն օր պարապելով Հենրիխ Մայորովի ղեկավարությամբ, հասան լավագույն արդյունքի: Պետք է հաշվի առնել նաեւ, որ մեր տղաներն ու աղջիկները դրա հետ մեկտեղ ներկայացումների էին մասնակցում:

... Կարող եք վերհիշել, թե ե՞րբ է վերջին անգամ Երեւանում զրոյից բեմադրվել լիամետրաժ բալետ... Տաս, քսան տարի առա՞ջ...

- Մանկական ներկայացում չի բեմադրվել մեր թատրոնում մի քանի տասնամյակ... (Եղել է Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» օպերան, որը այժմ պատրաստվում ենք վերաբեմադրելՙ մեծն Թումանյանի հոբելյանին ընդառաջ):

Մայորովը «Չիպոլինոն» բեմադրել է ավելի քան քառասուն անգամ նախկին ԽՍՀՄ մոտ քսան քաղաքներումՙ Սանկտ-Պետերբուրգ, Կիեվ, Խարկով, Վիլնյուս, Ռոստով, Խաբարովսկ, Նովոսիբիրսկ...

Ինչո՞ւ ես որոշեցի այս ներկայացումը բեմադրել մեր թատրոնում:

Նախեւառաջ այն պատճառով, որ դրա երաժշտությունը գրվել է հայի կողմից, երկրորդՙ շատ եմ սիրում համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմը, որում հենց Խաչատրյանի երաժշտությունն է, դե հետո էլ այն շատ գունեղ է, գրավիչ:

Սկզբում ուզում էի վարձել ներկայացումը, սակայն իրենք չհամաձայնվեցին, եւ ես գնեցի այն...

- Որո՞նք են մոտակա ծրագրերը :

- Նոյեմբերի 10-ին մեզ մոտ մի նոր պրեմիերա է, առաջնախաղՙ «Կարմենի» նոր բեմականացումն է: Մենակատարներն են Կարինե Բաբաջանյանը, Լիպարիտ Ավետիսյանը եւ ռուսաստանցի հիանալի երիտասարդ բաս Դմիտրի Պոպովը, որը վերջերս փայլեց «Կարինե»-ում:

Հ.Գ. Այսուհետ «Չիպոլինոն» մշտապես կլինի թատրոնի խաղացանկում, եւ դպրոցական ձմեռային արձակուրդների օրերին կներկայացվի ցերեկային ժամերին:

Համընդհանուր ափսոսանքի արժանացավ այն, որ, չնայած նախօրոք ուղարկված հրավերների, հրաշք ներկայացումը չկարողացավ ըմբոշխնել եւ ո՛չ մի պաշտոնյա մշակույթի նախարարությունիցՙ հավանաբար գերզբաղվածության պատճառով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ