RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2018-11-09 13:04:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 757, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ՀԱՅՈՒՀԻՙ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԵՐԻՑ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ֆլորա Զաբելի մահվան 50-ամյակի առթիվ

Մեր ժողովրդի ներկայացուցիչներից շատերին վիճակված է եղել մի շարք բնագավառներում լինել առաջինը, դառնալ ռահվիրաներ, ուղի հարթողներ ...

Կինոյի պատմաբանները «տասներորդ մուսայի»ՙ կինոարվեստի պատմության առաջին աստղերից մեկը համարում են հայազգի ամերիկյան մի արտիստուհուՙ Ֆլորա Զաբելին (1880-1968), որի մասնակցությամբ ստեղծված առաջին կինոնկարն էկրան է բարձրացել 1913 թվականին... Նրա անունը հայտնի է միայն կինոյի եւ ամերիկահայերի պատմության նեղ մասնագետներին, ուստիեւ ավելորդ չենք համարում կրկին անդրադառնալ նրանՙ մանավանդ հաշվի առնելով, որ այս տարի լրանում է դերասանուհու մահվան 50-ամյակը...

Նրա ծննդյան անունն էր Իզաբել Մանգասարյան : Հայրըՙ ծնունդով մաշկերտցի Մանգասար Մկրտիչ Մանգասարյանը (1859-1943), ժամանակին ԱՄՆ-ում ճանաչված փիլիսոփա էրՙ ռացիոնալիստ եւ աշխարհականության ջատագով: Աստվածաբանական կրթություն ստանալուց եւ Ֆիլադելֆիայի պրեսբիտերական եկեղեցու պաստոր աշխատելուց հետո նա մոտիկից հաղորդակցվել է բնական գիտություններին, դուրս է եկել եկեղեցուց ու դառնալով անկախ քարոզիչՙ սկսել է հերքել աստվածաբանական հիմնական դրույթները: Իր հայացքներով Մանգասարյանն ուշադրություն է գրավել ամերիկյան մտավորական շրջանակներում, հայտնի մարդիկ գրել են նրա մասին: 1885-1926 թթ. առանձին գրքերով հրատարակել է քննադատական ոգով գրված 15 անգլերեն աշխատությունՙ «Մի ձայն Արեւելքից», «Ավետարանը քողազերծված», «Ճշմարտությունը Հիսուսի մասին. նա առասպե՞լ է», «Վոլտեր», «Շեքսպիրի ռացիոնալիզմը. հրեայի եւ քրիստոնյայի մասին նրա հայացքը «Վենետիկի վաճառական»-ում» եւ այլն (մի քանիսը վերահրատարակվել են 2008-ին): Ամերիկյան մամուլում ծաղրել է ամերիկացի միսիոներների այն բանդագուշանքը, թե իբր Աստված թույլատրել է հայկական ջարդերը, որպեսզի թուրքերը հետագայում զղջան ու քրիստոնեություն ընդունեն: Ի դեպ, երբ Մանգասար Մանգասարյանը որոշ ժամանակ անց վերադարձել է Թուրքիա, այնտեղ բանտարկվել է, եւ դուստրըՙ Զաբելը դրամահավաք է կազմակերպելՙ հորը վերադարձնելու նպատակով...

Մանգասարյանը եւ նրա կինըՙ ծնունդով ամասիացի Ագապի Ալթունյանը , ունեցել են չորս զավակՙ Իզաբելը, Քրիսթինը, Արմեն Փարքերը եւ Ջորջ Փաուլը: Ապագա դերասանուհինՙ Իզաբելը ծնվել է 1880-ի ապրիլի 1-ին, Մարզվանում, մեկ տարեկան է եղել, երբ ծնողները տեղափոխվել են ԱՄՆՙ Ֆիլադելֆիա, ապաՙ Նյու Յորք: Իզաբելը երաժշտական կրթություն է ստացել Չիքագոյում, որտեղ էլ 1890-ական թթ. վերջից հանդես է եկել «Քեսըլ սքուեր» օպերային խմբումՙ Ֆլորա Զաբել բեմական անվամբ: 1900 թ. քսանամյա դերասանուհին «Դեյլի» թատրոնում փոխարինել է հանկարծակի հիվանդացած դերասանուհիներից մեկինՙ ստանձնելով Փոփիի դերը «Սան թոյ» թատերախաղում: Ամերիկյան թատրոնի պատմության մեջ Ֆլորա Զաբելը հիշվում է որպես 1900-1910-ական թթ. աչքի ընկնող երգչուհի-դերասանուհիներից: Նրա լուսանկարը երկու անգամ հրատարակվել է Դանիել Բլումի «Ամերիկյան թատրոնի պատկերազարդ պատմություն. 1900-1956» մեծածավալ հատորում: «Դեյլի» թատրոնում Ֆլորա Զաբելի դերերից էին նաեւ Իզաբել Բլայթը («Սուրհանդակ տղան», այս ներկայացման մեջ նրա մի երգը եղել է այդ շրջանի սիրված երգերից) եւ Անեթը («Տխմար թագավորը») դերերը: 1903-ից հանդես է եկել թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան, վոդեւիլի լեգենդ Ռայմոնդ Հիչքոքի (1865-1929) թատերախմբում, որի հետ ամուսնացել է 1905-ին: Ամուսնու հետ միասին Ֆլորա Զաբելը հանդես է եկել «Յանկի հյուպատոսը» (Բոնիթա), «Իզի Դաուսոն» (Սեդի Քոլինզ), «Յանկի զբոսաշրջիկը» (Գրեյս Ուիթնի), «Լա Մասքոթ» (Բեթինա) եւ այլ երաժշտախաղերում: Հիչքոք ամուսինները համատեղ ապրել են մոտ քառորդ դար: Ռայմոնդը մահացել է 1929 թ., իսկ Իզաբելն ապրել է մինչեւ 88 տարեկանըՙ վախճանվելով 1968-ի հոկտեմբերի 7-ին, Նյու Յորքում...

Բրոդվեյի տարբեր թատրոններում Ֆլորա Զաբելը հանդես է եկել նաեւ «Մարգարտե աղջիկը» (Նադին), «Մարդը, որ սեփականացրել է Բրոդվեյը» (Սիլվիա Բրիդվել), «Վալս «Համբույր» (Նելլա), «Պիպ-պիբի՜պ» (տիկին Ջեյմս Ուելինգթոն), «Աղջիկը տնից» (Խուանիտա Արգիլլա) եւ այլ ներկայացումներում:

«Դերասանների ծննդյան գիրքը» ժողովածուում Ֆլորա Զաբելի մասին գրվել է հետեւյալը. «Ինչպես կարելի է դատել նրա թխագույն եւ ոգեվառ գեղեցկությունից, Օր. Զաբելը բնիկ ամերիկացի չէ... Օր. Զաբելի թատերական հաջողությունը բաղդատաբար հեշտ է եղել, բայց եւ այնպես պետք է հաշվի առնել անսովոր գրավչությունը եւ անձնական հմայքը ու հանդիսականների ուշադրությունը գրավելու կարողությունը, որոնցով միայն կարելի է բացատրել նրա հաջողությունը»:

Ֆլորա Զաբելը նկարահանվել է վեց ֆիլմում (առաջին չորսումՙ ամուսնու ընկերակցությամբ), որոնք մեծ մասամբ չեն պահպանվել: Առաջին անգամ, ինչպես նշվեց, նա էկրանին երեւացել է 1913 թ.ՙ «Ահա՛ ձեր գլխարկը» ֆիլմում, որին հետեւել է «Վայրի վագրը» (1914): Հաջորդ տարի Ջորջ Վ. Թերուիլինգերի «Օղակապոչ ռնգեղջյուրը» ֆիլմում նա կատարել է իշխանուհի Մարիբել Լորինգի դերը: Նույն 1915 թ. Զաբել-Հիչքոք զույգը նկարահանվել է նաեւ համր կինոյի ճանաչված կատակերգակ դերասան եւ բեմադրիչ Ռոսքո Արբաքլի «Գյուղական սկանդալ» ֆիլմում, գլխավոր հերոս Էդիի սիրած աղջկա դերում: 1916-ին հայազգի դերասանուհին խաղացել է Ջեյմս Դարքինի «Կարմիր այրին» կինոկատակերգությունում, որի բեմական տարբերակում նա արդեն հանդես էր եկել: Ֆիլմի գլխավոր դերակատարն էր հոլիվուդյան աստղերից Ջոն Բարիմորը, որի հերոսըՙ Սիսերո Հանիբալ Բաթսը, Լոնդոնում մեղրամսի ժամանակ մի շարք արկածներ է ունենում կնոջՙ ռուս պարուհի Աննա Վարվառայի (Ֆլորա Զաբել) հետ: 1918-ին էկրան է բարձրացել Ֆլորա Զաբելի մասնակցությամբ վերջին ֆիլմըՙ Չարլզ Ջիբլինի «Կատարյալ 36»-ը, համր կինոյի աստղ Մեյբլ Նորմանի գլխավոր դերակատարմամբ: Զաբելը կատարել է Նորմանի մշտական հերոսուհուՙ Մեյբլի ընկերուհի Լենայի դերը...

Այս դերակատարումների շնորհիվ Ֆլորա Զաբելի լուսանկարը հաճախ է երեւացել 1910-ական թթ. հոլիվուդյան առաջին կինոպարբերականներում, մինչեւ անգամ նրա պատկերը հայտնվել է «Ֆաթիմա» ծխախոտի տուփերին...

1920-ին Ֆլորա Զաբելը հրաժեշտ է տվել բեմին (թեեւ 1930-ին մեկ անգամ բեմ է բարձրացել տիկին Վան Ալենի դերովՙ «Մարդը ոտնափայտերի վրա» թատերախաղում): Ամերիկայի համար հախուռն 1920-ականներին Ֆլորա Զաբելը եղել է Նյու Փորթ Ռիչիում (Ֆլորիդա) հաստատված կինոյի եւ թատրոնի համայնքի անդամ: Բոհեմական կյանքով ապրող այդ համայնքի անդամներից էին դերասաններ Էդ Ուինը, Գլորիա Սվենսոնը, գոլֆի երբեմնի աստղ Ջին Սարազենը եւ անգամՙ հայտնի գանգստեր Ալ Կապոնեն:

Ամերիկահայ գաղութը Ֆլորա Զաբելի գործունեության սկզբից իսկ հետաքրքրություն է ցուցաբերել ամերիկյան արվեստի բնագավառում համբավ ձեռք բերած առաջին հայրենակցուհու հանդեպ (թեեւ 1907-ին որոշ հայերի վրդովմունք է պատճառել ամերիկացի լրագրողին Ֆլորա Զաբելի տված այն պատասխանը, թե մի քանի օր անհետ կորած իր ամուսնուն վստահաբար առեւանգել են հայ շանտաժիստները, հավանաբարՙ դաշնակցականները): 1928-ին Էդուարդ Քորբերը երգչուհի Ռոզ Զուլալյանի մասին գրած հոդվածում հիշել է նաեւ «ամերիկյան կոմիկական օպերայի ժողովրդական աստղ Ֆլորա Զաբելին»ՙ նշելով, որ այդ երկու երգչուհիների միջեւ ցեղային հատկանիշների սերտ նմանություններ կան: 1934-ին էլ գրվել է, որ Ֆլորա Զաբելը մտադրվել է բացել հայկական ռեստորան: Իսկ 1930 թ. մասնակցելով մեծանուն բեմադրիչ Ռուբեն Մամուլյանի ծնողների պատվին տրված հանդիսությանըՙ Ֆլորա Զաբելն ասել է. «Ուրախ եմ եւ հպարտ կը զգամ, որ որպէս Հայ կրկին ցեղիս զաւակներուն հետ կը գտնուիմ ու կը մասնակցիմ անոնց զգացումներուն»...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ