RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 429, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԱՐՇԱՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԴԵՄ

Հայրենասեր Հայասերյան

Մեծն Վալերի Գերգիեւին, հանճարեղ Օհան Դուրյանին եւ այլոց հալածելով ստիպեցիք հեռանալ Հայաստանից, հիմա հանուն Օպերայի եւ բալետի թատրոնի աշխարհում լավագույններից մեկը դարձնելու համար իր գրպանից հարյուր հազարավոր դոլարներ ներդնող Օրբելյանի հետեւի՞ց եք ընկել...

Երեքշաբթի, ինչպես միշտ, օրս սկսելով Ֆեյսբուքի նորություններին ծանոթանալուց, մեծ զարմանքով նկատեցի իմ եւ շատ ու շատերի կողմից հարգված մտավորական, երաժշտական մենեջեր Նիկողայոս (Նիկա) Բաբայանի բավականին ուշագրավ գրառումը, որը ներկայացվում է թարգմանաբար.

«Դե սա արդեն որեւէ սահմաններից դո՛ւրս է (ոպրտՐպՊպս): Օրիո՛րդ, Դուք Ձեզ այդ ի՞նչ եք թուլ տալիս: Իսկ արդյոք ունի՞ Մակունցը կաշվե բաճկոն եւ մաուզեր, որպեսզի այն թափահարի ոլորտի «մեղք գործած» աշխատակիցների դեմքին, ձեռքի հետ էլ գնդակահարի ամեն տասերորդի՞ն: Դա ի՞նչ է, Ձեր ծանրակշիռ ներդրո՞ւմն է նախընտրական արշավի մեջ, հա՞... Բավակա՛ն է վարկաբեկել վարչապետին, այն էլ առաջիկա բարդ ընտրությունների նախօրեին, բավակա՛ն է»:

Դրան հետեւում էր Մակունցի հետեւյալ գրառումը նույն ցանցում, արված, իդեպ, նախորդ օրը ժամը...0:01-ին.

«Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանինՙ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը եւ պահանջում խստագույնս հետեւել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»...

....Առաջին հարցը, որ ծագեց մտքումս, դա այն էր, թե ինչո՞ւ է նախարարը պաշտոնական նկատողության համար օգտագործում Ֆեյսբուքը:

Երկրորդ.եթե այն բանավոր է, ապա բանավոր զգուշացումը ինչո՞ւ է որոշել անել գրավոր, այլ ո՛չ թե իր մոտ հրավիրելով «մեղավորին». այսինքն դա արել է ի ցույց բոլորիՙ առցանց:

Նախարար Մակունցը կոչ է արել նաեւ այս զգուշացումն ի գիտություն ընդունել ՀՀ մշակնախի ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին:

Дальше-больше. Մակունցն վաղ առավոտյան իր մոտ է հրավիրում Օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին եւ իր «խորը մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: Մեր ունեցած եւ վստահելի աղբյուրից ստացված տեղեկությունների համաձայն, փոքրիշատե համոզիչ փաստացի բացատրություններ իր իսկ առաջ քաշած «մեղադրանքների» վերաբերյալ նախարար Մակունցը չի տվել, առավել եւսՙ մաեստրո Օրբելյանի անձի հետ կապված եւ ո՛չ մի խնդիր չի բարձրաձայնել:

Նուն օրը Մակունցը իր աշխատասենյակում զրուցել է Կարինե Կիրակոսյանի հետ, որը, մեր ունեցած տեղեկություններով, պահանջել է բավարար հիմքեր վերոնշյալ «մեղադրանքը» ի լուր աշխարհի հնչեցնելու համար, սակայն...(Մինչ այդ Թատրոնի տնօրենի գործունյա տեղակալը հայտնել էր լրատվամիջոցներին, որ նույնն արել է պաշտոնական նամակի միջոցովՙ ուղղված նախարար Մակունցին, եւ սպասում է նախարարի պատասխանին):

...Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, «Օպերային թատրոնում զարմացած էին նախարարի բանավոր զգուշացումից, նախՙ որ նման քարոզչություն չե՛ն նկատել, հետոՙ ո՞ւմ օգտին եւ ինչո՞ւ պիտի աներ տնօրենի տեղակալը, չէ՞ որ դրանով առաջին հերթին իրեն էր վնասելու: Մնում է ենթադրել, որ դա նախարարի կողմից մտածված նախընտրական PR քայլ էր»:

Չի բացառվում նաեւ, որ վերոհիշյալի հետ մեկտեղ նպատակ կար «ձեռքի հետ» հերթական «տակառը գլորել» մաեստրո Օրբելյանի վրա...

...Վերջին տարվա ընթացքում լսում ենք Կոնստանտին Օրբելյանի հասցեին նմանատիպ բաներ.«Կարծում եմ, գլխավոր տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները պետք է տարանջատվե՛նՙ հանուն Թատրոնի ավելի արդյունավետ աշխատանքի» (Լ.Մակունց)

«Օրբելյանը տարվա մեջ 150 օր բացակայում է թատրոնից»...

«Արտասահման հյուրախաղերի է տանում միայն իր սիրելի կատարողներին»...

Եվ այլն...

Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին, խոսելով միմիայն փաստերով.

Այն 17 տարվա ընթացքում, երբ թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները առանձնացված էին, ընդամենը 8 ներկայացում է բեմադրվել, որոնցից 4-ը, ի դեպ, մասնագետների կարծիքով, ցածրորակ են եղել, իսկ այս տարվա միայն 6 ամսում բեմադրվել է 6-ը:

Այս տարվա ամռանը Մեծ թատրոնի բեմում պատմության մեջ առաջին անգամ հայկական բալետը փայլեց Խաչատրյանի անմահ «Գայանե»-ով, եւ այդ բեմադրությունն այնքան հաջողված էր, որ Մեծ թատրոնի ղեկավարությունը հրավիրեց մերոնց եկող տարի նորից հանդես գալ այդ լեգենդար բեմում «Անուշ» օպերայովՙ մեծն Թումանյանի 150-ամյակի առթիվ, իսկ ոչ-պակաս հռչակավոր Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնը ցանկանում է իր մոտ բեմադրել խաչատրյանական «Դիմակահանդեսը»` մեր պարողների մասնակցությամբ:

Կարդացե՛ք Էմիրությունների եւ Քուվեյթի առաջատար թերթերը, եւ կտեսնե՛ք, թե ի՛նչ հիացական խոսքեր են դրանք շռայլում մերոնց հասցեինՙ ընդամենը տաս օրում Բիզեի «Կարմեն»-ի եւ Մոցարտի «Կախարդական սրինգի» 8 ներկայացումների համար:

Դրանից հետո էլ, ըստ էության, առանց ընդմիջման, թատրոնի անձնակազմը անցավ Մասընեի շատ բարդ «Մանոն» օպերայի քրտնաջան փորձերին, որպեսզի պատվով ներկայացնի այն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակիցներին:

Եվ այս բոլոր ներկայացումների բեմադրման համար անհրաժեշտ ծախսերը մեծամասամբ հոգում է ինքըՙ թատրոնի գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, քանի որ պետությունն ի վիճակի չէ վճարելուՙ թատրոնի այս տարվա բյուջեն կրճատվել է ոչ-ավել, ոչ-պակասՙ 85 մլն դրամով:

Այն հարցին, թե ինչո՞ւ է դա նա անում, Օրբելյանը ասել եւ ասում. «Ինչո՞ւ... Որովհետեւ ես ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի՛ բարձունքների կարող է հասնել հայ կատարողական արվեստը...»:

Այո՛, մաեստրո Օրբելյանը հաճախ է շրջագայում, հանդես գալով աշխարհահռչակ համույթների եւ մենակատարների հետ... Սակայն չէ՞ որ փառապանծ բեմերում նա հանդես է գալիս որպես ՀԱՅ երաժիշտ, բացի այդ, կապեր հաստատում նշանավոր կատարողների հետ, ինչպիսին է, օրինակ, ֆանտաստիկ երգչուհի Ռընե Ֆլեմինգը, որը Օրբելյանի իսկ հրավերով անցած տարի ցնցեց ողջ Հայաստանը իր համերգով...

Մի այլ օրինակ: Ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ Կարեն Խաչատրյանի երաժշտությամբ «Չիպոլինո» մանկական բալետի պրեմիերան մեր բեմում: Միայն պետք էր սեփական աչքերով տեսնել, թե ի՛նչ էր կատարվում դահլիճում: (Տե՛ս «Ազգ-մշակույթ» թիվ 42 հավելվածը): Նշանավոր բեմադրիչ Գենրիխ Մայորովը Հայաստան էր եկել իր վաղեմի բարեկամ Կոնստանտին Օրբելյանի հրավերով...

Մի քանի օր առաջ էլ Հայաստանում «Կարմենի» առաջնախաղն էր. տոմսերը վաղօրոք վաճառված էին, դահլիճը կեսժամից ավել բաց չէր թողնում արտիստներին...

«Արտասահման հյուրախաղերի է տանում միայն իր սիրելի կատարողներին»...

Իսկ ի՞նչ կհրամայեիք անել.արտերկրի լավագույն բեմերում ցույց տալ մեր «մարտնչող-բողոքող-անանուն նամակներ գրող» միջակությունների՞ն...

...Մենք արդեն այս պահի դրությամբ լավ գիտենք, թե ո՞վ եւ ինչո՞ւ է զուտ անձնական շահերից ելնելով ոգեշնչում, նախաձեռնում եւ իրականացնում այս ամոթալի արշավը համաշխարհային համբավ ունեցող, մեծ հայրենասեր Կոնստանտին Օրբելյանի դեմ, ինչպես դա արվեց մեծն Վալերի Գերգիեւի, հանճարեղ Օհան Դուրյանի եւ այլոց հետ...

Ֆիլհարմոնիկ-սիմֆոնիկ-կոնսերվատորիախառը «կաստան» չի հանդուրժում տաղանդավոր եւ ազնիվ մի «ոչ-յուրայինի», ով չի խաղում իրենց սահմանած անմաքուր կանոններով...

Եվ եթե այս անգամ չդադարեցնե՛ք ձեր արշավը, պարոններ եւ տիկիններ, ստիպված կլինենք խոսել անուն-ազգանունններով, նրանց հայտնի եւ անհայտ մոտիվացիաներով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ