RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-11-24 03:27:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 243, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՐՏ ԲԱՐԵԿԱՄԸ. ՖԵԼԻՔՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անցած դարի եվրոպական երաժշտական կյանքում կարեւոր դերակատարություն է ունեցել հայազգի մի երաժշտական քննադատՙ Ֆելիքս Աբրահամյանը (1914-2005), որը հայտնի էր որպես գրող, համերգային կազմակերպիչ, հրատարակչի խորհրդական, երիտասարդ երաժիշտների աջակից եւ հարյուրամյակի ամենահայտնի երաժիշտների սերտ բարեկամը:

Նա ծնվել էր Լոնդոնում, ծննդյան անունն էր Աբրահամ Ֆելիքս Պարթեւ Աբրահամյան: Հոր ազգանունը Հովհաննիսյան էր, որը հետագայում դարձրել էր Աբրահամյան: Հայրը եղել է գորգի վաճառական, մայրըՙ տանտիկին, որը խնամել է երեք զավակներինՙ Ֆելիքսին, Ֆլորանսին եւ Ֆրենսիսին: Ի դեպ, Ֆրենսիս Աբրահամյանը (1917-1991), որը հետագայում դարձել է ֆիզիկոս, բրիտանական Բաց համալսարանի երկարամյա դասախոս, որի կիսանդրին հետմահու դրվել է այդ համալսարանի ոստանում:

Ի դեպ, Աբրահամյան եղբայրների հետ մտերիմ է եղել հայազգի ռուսաստանյան ականավոր գրող Մարիետա Շահինյանը, որն իր «Սրտանց ասված մի քանի խոսք» հոդվածում, հիշելով տարբեր երկրներում ապրող իր հայազգի բարեկամներին, հիշել է նա- նրանց: Շահինյանը մասնավորապես գրել է. «Լոնդոնում ես բարեկամացել եմ մի սքանչելի հայ ընտանիքի հետ, որի ազգանունը անգլերեն Էբրեհեմյան է հնչում: Իմ երկու այլ բարեկամների անունները եւս անգլիական ենՙ Ֆրենսիս եւ Ֆելիքս: Առաջինը նշանավոր ֆիզիկոս է, Անգլիայում խաղաղության շարժման կազմակերպիչ պրոֆեսոր Բեռնալի ասիստենտը: Երկրորդը խոշոր երաժշտական քննադատ է, որի հոդվածները դուք միշտ կարող եք տեսնել անգլիական «Սանդեյ թայմս» թերթում»:

Աբրահամյանը խոստովանել է, որ երաժշտության հանդեպ ունեցած իր կրքի պատճառով ինքը ձախողել է դպրոցական կրթությունը. նա ինքնուս էր երաժշտության գրեթե բոլոր բնագավառներում, ինչպես նաեւ գրականության եւ մյուս արվեստների մեջ: Սակայն բացառիկ ընդունակությունների շնորհիվ արդեն 17 տարեկան հասակում Ֆելիքս Աբրահամյանը դարձել է Երգեհոնային երաժշտության ընկերակցության քարտուղարի օգնականՙ տարեցտարի դառնալով ստեղնաշարային գործիքների բարձրակարգ կատարող: 1933-ին նա երկու ընկերների հետ մեկնել է Ֆրանսիաՙ այցելելու ծերունազարդ կոմպոզիտորներ Ֆրեդերիկ Դիլիուսին - Շառլ-Մարի Վիդորին: Հետագայում Աբրահամյանը դարձել է Դիլիուսի ժառանգությամբ զբաղվող ընկերության խորհրդատուն, ապա նախագահը:

1935-ին Աբրահամյանը դարձել է Երգեհոնային երաժշտության ընկերության քարտուղար, իսկ նույն տարի «Երաժշտության ժամանակներ» պարբերականում լույս է տեսել նրա առաջին հոդվածներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Աբրահամյանն աշխատել է որպես Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգավար: 1946-ին նա դարձել է «Միացյալ երաժշտական հրատարակիչների» խորհրդատու, 1948-ինՙ «Սանդեյ թայմս» շաբաթաթերթի երաժշտական քննադատըՙ այդ պաշտոնում մնալով 41 տարի:

Լինելով ֆրանսիական երաժշտության երկրպագուՙ 1936-ին նա առաջին անգամ թղթակցել է ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Օլիվիե Մեսսիանի հետ եւ 1938-ին կազմակերպել Մեսսիանի «Տիրոջ ծնունդը» երգեհոնային ստեղծագործության Անգլիայի առաջնախաղը, որը կատարել է հեղինակն ինքը Հոլբորնի Սուրբ Ալբան եկեղեցում, 1938 թվականին: Նրանք կապվել են ջերմ բարեկամությամբ, որը տեւել է մինչեւ կոմպոզիտորի մահը 1992 թվականին: Մեկ այլ ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորիՙ Ֆրանսիս Պուլենսկի հետ Աբրահամյանը ծանոթացել է Երկրորդ աշխարհամարտից առաջ, առաջին հանդիպումը կայացել է երաժշտական խանութում, որտեղ Ֆելիքսը խնդրել է Պուլենկին ընծայագրել իր լուսանկարը: Երաժշտագետը եւ կոմպոզիտորը դարձել են մտերիմ ընկերներ, Աբրահամյանը հաճախ այցելել է Պուլենկին Փարիզում: 1942 թվականից օգնել է Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Թոնի Մայերինՙ Լոնդոնում պարբերաբար կազմակերպելու «Ֆրանսիական երաժշտության համերգաշարը»: Այսպիսով, հայորդի Աբրահամյանը դարձել է ֆրանսիական դասական եւ ժամանակակից երաժշտության ամենից աշխույժ տարածողը Մեծ Բրիտանիայում...

Ֆելիքս Աբրահամյանի դյուրահաղորդ եւ ջերմ բնավորությունը կաշառել է երաժիշտներին, եւ նրա հետ սերտ հարաբերություններով ու մտերմությամբ կապվել են նաեւ կոմպոզիտորներ Բենջամին Բրիթենը, Վիլյամ Ուոլթոնը, Մայքլ Թիփեթը, դիրիժորներ Թոմաս Բիչեմը, Վիկտոր դե Սաբատան, Ռոժե Դեզորմիերը, Էռնեստ Անսերմեն, Շառլ Մունշը, երգչուհի Մագի Թեյթը, թավջութակահար Պիեռ Ֆուռնիեն, դաշնակահար Մոնիկ Հաասը եւ այլք: Իսկ Աբրահամյանի յուղաներկ դիմապատկերը վրձնել է բրիտանացի հայտնի դիմանկարիչ Ջյուն Մենդոզան:

Ֆելիքս Աբրահամյանը միակ երաժշտական քննադատն էր, որ դարձել է Անգլիայի Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերակցության պատվավոր անդամ (1994-ին): Արժանացել է այլ մեծարանքների եւ պատվավոր անդամակցությունների եւս: Նա առանցքային տեղ է զբաղեցրել 20-րդ դարի երգեհոնային երաժշտության մեջ, նրա շնորհիվ երգեհոններ են տեղադրվել Մեծ Բրիտանիայի մի քանի համերգասրահներում, կազմակերպվել են երգեհոնային երաժշտության համերգներ: 1982-ին երգեհոն է տեղադրվել անգամ նրա տանը, որը յուրօրինակ ներշնչանքի աղբյուր է դարձել Ֆելիքսի հովանավորյալիՙ կույր երգեհոնահար եւ կոմպոզիտոր Դեյվիդ Լիդլի համար: Վերջինս իր հովանավորի եւ ընկերոջ մահից հետո, ի մեծ հարգանս նրա, սկսել է գրվել Դեյվիդ Աբրահամյան Լիդլ...

Աբրահամյանն ապրել է չափազանց ակտիվ կյանքովՙ ողջ օրը հանդիպելով երաժիշտների, գրքավաճառներից անընդհատ ձեռք բերելով հին ու նոր նոտաներ ու գրքեր, խորհուրդներով օգնելով երիտասարդ երաժիշտներին, նրանց համար նվագելով ու մինչեւ անգամՙ նրանց կերակրելով... Համերգներ կազմակերպելիս նա երկար տքնել է մինչեւ հետին մանրամասների վրաՙ ձգտելով ամեն ինչը մատուցել հնարավորինս կատարյալ, որմազդներն ու անգամ տոմսերը դարձնելով առավելագույնս նրբագեղ... Նրա մասին գրվել է, որ Աբրահամյանն, ըստ էության, սիրող էր, որը սիրում էր կյանքի լավ բաները, բայց ամենից առաջՙ երաժշտությունը. ունկնդրելը, երաժշտական հրատարակությունները եւ երաժշտությունն արարողներին... Նա 85 տարի ապրել է իր երկհարկանի հայրական տանը, որը բերնեբերան լեցուն է եղել գրքերով ու ձայնապնակներով (այն աստիճան, որ մի անգամ ձեղնահարկը սկսել է ճաքեր տալ), իսկ որի առջեւ եղել է ճապոնական ոճի պարտեզՙ լեցուն հազվագյուտ բուսատեսակներով եւ մի ավազանՙ լի արեւադարձային ձկներով...

Կյանքի վերջին տարիներին լսողությունը կորցրած Ֆելիքս Աբրահամյանը մահացել է 90 տարեկանում: Նրա վաղեմի ընկեր եւ գործընկեր Ջոն Ամիսը նրան բնութագրել է որպես շքեղ, փայլուն եւ ջերմ սիրտ ունեցող մի անձ, Պրուստի եւ Փելան Գրենվիլ Վուդհաուսի կերպարների մի խառնուրդ:

Նրա ժառանգությունն այսօր էլ հետազոտվում է եւ բարձր գնահատվում: Երաժշտագետ Նայջել Սայմոնը գրել է մի քանի գիրքՙ հիմնված Աբրահամյանի արխիվների վրա: Իսկ 2015 թվականին Լյուիս եւ Սյուզան Ֆորմանները հրատարակել են «Ֆելիքս Աբրահամյան. օրագրեր եւ ընտիր գրություններ» փաստագրական պատկերազարդ հատորը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ