RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018



ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

Տեղադրվել է` 2018-11-24 03:27:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 262, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԲԵՐՏ ՄԱՅԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 3-ին բացված գերմանացի նկարիչ Հերբերտ Մայերի ջրաներկ եւ գրաֆիկ աշխատանքներիՙ «Ովքեր ենք մենք» խորագրով ցուցահանդեսը թե՛ գաղափարական, թե՛ կատարման տեխնիկայի առումով ինքնատիպ է: Մայերի հայաստանյան ցուցահանդեսըՙ իրականացված «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ, ունի հետաքրքրական նախապատմություն: 2012 թվականին հիմնադրված կազմակերպությունն իրականացնում է որոշակի ուղղվածության մշակութային ծրագրեր. հիմնական նպատակը հայ ժամանակակից արվեստի հանրահռչակումն է Հայաստանից դուրս եւ արտերկրի հայտնի արվեստագետների ստեղծագործությունների ներկայության ապահովումը մեր երկրում: Այս տարիների ընթացքում իրականացվել է 71 այսպիսի նախագիծ, որոնցից 50-ըՙ արտերկրում: Վերջին նման ծրագիրը Հերբերտ Մայերի 500 աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր ՀԱՊ-ում: Կազմակերպության տնօրեն Սոնա Հարությունյանը պատմում է, որ 2017-ին գործուղման մեկնելով Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաք, այցելել է տեղի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ այդ օրերին ներկայացվում էր Մայերի այն նույն ցուցահանդեսը, ինչը ներկայիս մեր Ազգային պատկերասրահում է: Նրա 500-ից ավելի ջրաներկ աշխատանքներում, որոնցում պատկերված են եղել աշխարհի գրեթե բոլոր անկյունները, Հայաստանը բացակա էր, ինչը որպես այցելու- դիտորդ ազդել է նրա ազգային զգացումների վրա: Հանդիպում խնդրելով թանգարանի տնօրեն Իզաբել Հերդայի հետՙ Սոնա Հարությունյանը առաջարկել է Մայերի ցուցահանդեսը տեղափոխել Հայաստանՙ հրավիրելով նաեւ հեղինակինՙ ծանոթանալու հայ հնագույն մշակույթին, այն իր ստեղծագործություններում արտացոլելու նպատակով: Այս ուղղությամբ տարվող աշխատանքների հաջող ընթացքին նպաստել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի բարյացակամությունը եւ աջակցելու պատրաստակամությունը: Ցուցահանդեսի կազմակերպումն իրականացել է ՀՀ Մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հարապետության դեսպանության, Ֆրեյբուրգի ժամանակակից արվեստի թանգարանի եւ Երեւանում գործող գերմաներենի ուսուցման «Գյոթե կենտրոնի» համագործակցությամբ:

Մշակութային այս կազմակերպությունը աշխատում է հիմնականում գերմանացի եւ գերմանախոս երկրների արվեստագետների հետ: Մինչ այսօր Հայաստան այցելել են արվեստագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, որոնք հետագայում իրենց երկրներում բացել են հայաստանյան տպավորությունների անհատական ցուցահանդեսներ: Հերբերտ Մայերի պարագան մի փոքր տարբեր է: Նա Հայաստան հրավիրվել է ավելի երկար ժամանակով, երեքամսյա աշխատանքային շրջագայության: Ազգային պատկերասրահում բացված նրա ցուցահանդեսին այցելած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցանկություն է հայտնել նկարչիՙ այստեղ գտնվելու վերջին օրերին հանդիպելու եւ տեսնելու, թե մեր երկրում ի՞նչն է նրան ավելի տպավորել եւ ինչպե՞ս է դա արտահայտվել նկարներում:

Հայաստանյան շուրջ մեկամսյա ճամփորդությունից նրան հատկապես տպավորել է հին եւ միջնադարյան հայ հոգեւոր ճարտարապետությունը: Եկեղեցիների, վանքերի էսքիզներն ու ճեպանկարները, տեղանքի բնապատկերները հետագայում աշխատանքային նյութ կդառնանՙ համալրելով Մայերի ստեղծած «Ովքեր ենք մենք» հիշողության գրադարան ինքնատիպ շարքիՙ արդեն իսկ հարուստ բովանդակությունը, որը մարդկային քաղաքակրթության ամենավաղ շրջանից սկսած, ամենատարբեր ժամանակների ու շերտերի մշակույթների եւ կյանքի այլ ոլորտներիՙ արվեստագետի համար ավելի կարեւոր ու հետաքրքրական դիտված երեւույթների անհատական մեկնաբանությունն է: Քաղաքակրթության հազարամյակների պատմությունը նա հավաքել է իր ստեղծած «վիզուալ գրադարանում»ՙ մեկտեղելով բոլորովին անհայտ կամ պակաս հայտնի կերպարներ, երեւույթներՙ հայտնի, նշանավոր դեմքերի, իրողությունների հետ, յուրաքանչյուր կերպավորման մեջ ձգտելով գտնել դրա ամենահատկանշականն ու տիպականը: Պատկերաստեղծման նրա տեխնիկան բարդ է, նյութի, ջրաներկի կիրառման մեթոդներըՙ ժամանակատար, գունային տարբեր փոխակերպումների, ներկի անհաշիվ շերտերի միջոցով է նա հասնում պահանջված արդյունքի:

Հերբերտ Մայերը գերմանական ժամանակակից նկարչության առաջատար դեմքերից է: Երկար տարիներ նա աշխատում է Ֆրեյբուրգ քաղաքի Գեղարվեստի ակադեմիայում, գեղանկարչություն եւ գեղարվեստական տպագրություն է դասավանդում: Հիմնադրել եւ շուրջ 25 տարի ղեկավարում է գեղարվեստական տպագրության արվեստանոցը: Արվեստագետի հետաքրքրությունների շրջանակը լայն է ու բազմակողմանիՙ դեռ վաղուց նա սկսել է ուսումնասիրել տարբեր երկրների պատմություն, այդ ժողովուրդների կյանքն ու մշակույթը, ինչը տարիների ընթացքում նրան տարել է աշխարհի ամենատարբեր հորիզոնականներՙ Հնդկաստանից, Պակիստանից, Նեպալիցՙ Մեքսիկա, Գվատեմալա, ԱՄՆ, Իսրայել, Իրան, մինչեւ Արեւմտյան Աֆրիկայի էկզոտիկ շրջաններ:

Մայերի երեւանյան ցուցահանդեսը հետաքրքրություն առաջացրեց եւ արձագանք գտավ Գեղարվեստի պետակադեմիայի ուսանողների եւ դասախոսների շրջանակումՙ արվեստի տեսության եւ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ հանդիպում, վարպետաց դասեր կազմակերպելու առաջարկով:

Սոնա Հարությունյանը շնորհակալությամբ անդրադարձավ Գեղարվեստի պետակադեմիայիՙ իրենց ծրագրի հետ համագործակցության նախաձեռնությանը: «Մեզ համար շատ կարեւոր է երիտասարդ սերնդի կրթական ցենզը բարձրացնել, հնարավորություն ստեղծել հայ արվեստը դուրս բերելու միջազգային հարթություն: Եթե նման նկարիչ է գալիս Հայաստան, առաջին շահառուն ուսանողն է, Գեղարվեստի պետակադեմիան: Ես կարծում եմ, որ համագործակցության առաջին այս հաջող մեկնարկը հետագա շարունակություն կունենա»: Հիշատակելով անցած տարի Երեւանում մեկնարկած գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալենՙ նա ուրախությամբ հայտնեց, որ Հերբերտ Մայերի նման փորձառու, բարձր մակարդակի մասնագետը համաձայնել է ընդգրկվել հաջորդ տարվա բիենալեի միջազգային ժյուրիի կազմում:

Ուսանողների հետ կազմակերպված հանդիպումը նկարչի առաջարկով ընդգրկեց եռօրյա աշխատարան. սա անհրաժեշտ էրՙ նկատի ունենալով Մայերի աշխատելաոճիՙ «նկարի հիշողության բանկ ասվածի» առանձնահատկություններըՙ ներկի բազմաքանակ շերտավորումներ, շերտը շերտի վրա դնելու եղանակներ. որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ծանոթանալ ջրաներկի պատմությանը, դրա յուրահատուկ տեխնիկական հնարավորություններին, հեղինակիՙ իր համար բացահայտած եւ կիրառած ջրաներկի արվեստի նուրբ գաղտնիքներին, ժամանակ էր անհրաժեշտ, միանգամից նման արդյունք ակնկալել եթե ոչ անհնար, բայց շատ բարդ է: Որքան էլ ակվարելային արվեստի նյութի պարզությանըՙ այն մակարդակը, նկարչության այն որակը, որ ստանում է Մայերը նման տեխնիկայի շնորհիվ, պահանջում է տեւական, համառ ջանք ու փորձառություն: Բավական է ասել, որ Ազգային պատկերասրահում ցուցադրված նրա յուրաքանչյուր աշխատանք ստեղծվել է մինչեւ հարյուր եւ ավելի շերտերի արդյունքում:

Քնարիկ Ավետիսյանը կարեւորում է մշակույթների, քաղաքակրթությունների փոխհարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները, հատկապես այնպիսի ձեւաչափով, երբ ուսանողը հնարավորություն է ստանում անհատ ստեղծագործողի աշխատանքի ոճին ծանոթանալ կենդանի, անմիջական շփման միջոցով, որի ընթացքում առաջանում են հարցեր եւ ստանում պատասխաններ, ինչպես այս անգամ, երբ պրակտիկ աշխատանքի ընթացքում ընկալելի ու հասկանալի դարձավ նյութի, թղթի, վրձնի, ներկի հետ աշխատելու, բազմաքանակ շերտերով նկարը ավարտին հասցնելու գերմանացի նկարչի բարդ տեխնոլոգիան:

Հերբերտ Մայերի խոսքը ակվարելային արվեստի պատմության, դրա տեխնիկական հնարավորությունների, կատարման պրոցեսի, մեթոդների, օգտագործվող նյութի մասին գրավիչ ու հետաքրքրական էր. այն պարզ էր, գործնական ու պատկերավոր: Նա նյութը ներկայացրեց հանրահայտ նկարիչների մի շարք ստեղծագործությունների օրինակովՙ սկսելով 15-րդ դարի գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերից մինչեւ մեր օրերի արեւմտաեվրոպական նկարիչներ: Հետաքրքրական էին նաեւ հընթացս արվող հայ ակվարելիստ, գեղակադեմիայի նախկին սան Պետո Պողոսյանի լրացում-մեկնաբանությունները, ինչն ավելի անմիջական էր դարձնում հանդիպումը:

Ավարտին Քնարիկ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Սոնա Հարությունյանին, նրան նվիրեց իր հեղինակած «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում» մենագրությունը եւ Հերբերտ Մայերինՙ իր փորձն ու գիտելիքները հայ ուսանողներին փոխանցելու, նրանց հետ կատարած բովանդակային աշխատանքի համարՙ նվիրելով գեղակադեմիայի 70-ամյա պատմության գիրք - ալբոմը եւ Գրիգոր Խանջյանի գրաֆիկական գործերի ալբոմը: Մայերը հայ գեղանկարիչներից ավելի տպավորվել է Վարդգես Սուրենյանցի եւ Գրիգոր Խանջյանի գործերով, որպես իրենց արվեստը ազգային մշակույթի հենքի վրա կառուցած նկարիչներ:

Նկար 1. Վարպետաց դաս` Հերբերտ Մայերից

Լուսանկարների հեղինակ` Մեսրոպ Մեսրոպյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ