RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 397, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ալբերտ Իսոյան

Ժամանակները եւ տարիքը մեզ շատ բաների են վարժեցրել, շատ հարազատների, բարեկամների ու ծանոթների, հայրենիքի նվիրյալ հերոս զինվորների, ազգային մեծ արժեք ներկայացնող անհատականությունների, մեծավաստակ գիտնականների ու արվեստագետների բնական ու անբնական կսկծալի մահերի ընտելացրել: Կամա թե ակամա ապրողներս դարձել ենք հանգուցյալների հարազատներին անձամբ կամ հեռակա ցավակցողներՙ հոգեհանգստին կամ հուղարկավորությանը, մյուս ծիսական արարողություններին մասնակցելով կամ ոչ:

Կյանքի ու մահվան առեղծվածների մասին անիմանալի բաներ գիտենք արդեն, բացարձակ ու հարաբերական անհավատալի ճշմարտություններ: Օրինակՙ մահը ուրիշների համար չէ միայն, մենք էլ ենք հերթի սպասող մահկանացու, եւ ինչպես բանաստեղծն է բանաձեւելՙ ոչ մեկիս մահն իր գործում չի թերանում, իսկ մահը, ինչպես այս դեպքում, բարձրաճաշակ է, տանում է լավագույններին...

Տխուր խոհերի այս շարանը որքան էլ չուզենանք շարունակել, որքան էլ կամենանք մեզնից վանելով հեռացնել, արդեն մեզ անխուսափելիորեն կանգնեցրել է Ալբերտ Իսոյանի մահվան դաժան իրողության առաջ, մահ, որ անցանկալի, բայց սպասելի էրՙ նրան պատահած մահացու հիվանդության պատճառով:

Խորապես ցավակցելով հանգուցյալի այրուն, զավակներին ու բոլոր հարազատներին, ընկերներինՙ պետք է խոստովանենք, որ այս ծանր կորուստը միայն նրանցը չէր, այլ Ալբերտ Իսոյանին բոլոր ճանաչողներինը, ովքեր իմացել են այդ պայծառ ջավախեցուն, նրա հետ միասին ջիվանիական կամ տերյանական օրերին գոնե մի անգամ եղել են Ջավախքումՙ Դեմիրճյանի ծննդավայր Ախալքալաքում, Ջիվանու Կարծախում, Տերյանի Գանձայում կամ նրա ծննդավայր Սուլդայում, ովքեր տեսել են Իսոյանին իր հայրենակիցների հարգալից վերաբերմունքով շրջապատված, ովքեր աշխատանքային գործընկեր կամ պարզապես ընկեր ու սեղանակից են եղել:

Կորուստը բոլորինս է, եւ ամենքս էլ արժանի ենք խոր ցավակցության, որովհետեւ ամեն մեկս կորցրել ենք մեր Ալբերտ Իսոյանինՙ մե՛ր հարազատ ընկերոջը եւ իսկական գրական մարդուն: Նա թեեւ գիտական աստիճան չուներ ու ժամանակ էլ չունեցավ ատենախոսություն գրելու (ինչքա՜ն աստիճանավորներ կան, որ միայն իրենց ատենախոսությունն են գրել, եւ դեռ հարց էՙ իրե՞նք են գրել), սակայն ոչ միայն գրականագետ էր բառիս լավագույն իմաստով, այլեւ մատենագետ էր ու հմուտ տեքստաբան, բարձրաճաշակ գրահրատարակիչ էր ու փորձառու խմբագիր: 21 տարիՙ 1970-1991 թթ., նա խմբագրել է «Գրքերի աշխարհ» (1982-իցՙ գլխավոր խմբագիր) պարբերաթերթըՙ շուրջ 300 000 ռեկորդային տպաքանակով, երկու տարի խմբագրել է «Գրական թերթը», հիմնել «Հայագիտական ընկերությունն» ու «Հայագիտակ» հրատարակչությունը (1991), որը տարիների ընթացքում տպագրել է մի շարք փնտրվող հայագիտական գրքեր, որոնցից ամեն մեկի համար հարկ էր նրան գիտական կոչում շնորհել:

Ալբերտ Իսոյանի մասին անհնար է խոսել անցյալով, որովհետեւ հայ, ռուս եւ համաշխարհային դասականների (Ռուսթավելի (վրացրեն), Սայաթ Նովա (Վարդգես Զարգարյանի մեկնություններով ու բառարանով), Պուշկին (ռուս.),, Թումանյան, Եսենին (ռուս.), (Տերյան) ընտրանիներիՙ իր տպագրած բարձրորակ քարեկազմ ու կաշեկազմ հուշանվերային փառահեղ գրքերով: Իսկ Ե. Չարենցի 1930-ական թթ. անտիպ երկերն ընդգրկող «Վերջին խոսք» ժողովածուն եզակի է իր տեսակի մեջՙ որպես չարենցյան բնագրերիՙ ձեռագրերով ճշգրտված տեքստաբանական հրատարակությունՙ հանճարեղ բանաստեղծի ողբերգական իրավիճակը ներկայացնող զրպարտագրերի համադրությամբ:

Ամենեւին պատահական չէ, որ նրան համագործակցել են լուրջ մտավորականներն ու արդի հեղինակավոր բանաստեղծներից ոմանք իրենց ստեղծագործությունները տպագրել են «Հայագիտակ» հրատարակչությամբ ու Ալբերտ Իսոյանի խմբագրությամբ:

Մենք դեռ լրջորեն չենք արժեւորել Ա. Իսոյանի կազմած ու նրա աշխատասիրությամբ հրատարակված այն ժողովածուները, որ լույս են տեսել մեր ժողովրդի պատմության ու մշակույթի հանրաճանաչմանն ի նպաստ: Մի պարզ թվարկում միայն. «Հայերն աշխարհում» հանրագիտարանային բառարան (համահեղինակ) (1995), «Ամենայն հայոց կաթողիկոսներ» (2001), Ֆ. Մ. Դոստոեւսկու «Արեւելյան հարց» (ռուս. 2007), Ղ. Ալիշանի «Սիսական» (2011), «Շիրակ» (2013), «Այրարատ», «Վահան Տերյան», «Տերյանագիտության մատենագիտություն» (2011), «Սեւ գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ հայոց ցեղասպանության մասին» (2011ՙ հայ., 2012ՙ ռուս., 2013ՙ թուրք., 2015է անգլ.), «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» (2014): Եվ սա դեռ ամբողջական ցուցակ չէ: Մի մտավորականի համար քի՞չ է արդյոք անհաշիվ սկզբնաղբյուրներից այդքան նյութեր հավաքելն ու գրքերով համակարգված ներկայացնելը: Իսկ մեծ ու լավ ծրագրերը, որոնք չիրագործվեցին, ավելի են ընդգծում կորստյան ահռելիությունը:

Մխիթարական է, որ իր հրատարակած գրքերով Ալբերտ Իսոյանը պետական եւ անձնական գրադարաններում ունի մշտական, հավիտենական ներկայություն: Սակայն, ցավոք, հաշտվելու ենք նաեւ այն անհավատալի իրողությանը, որ ուզած-չուզած պիտի համակերպվենք ընկերական հավաքներում այսուհետեւ նրա բացակայության, նրա ճոխ ու գրավիչ խոսքը, Ջիվանու, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Շիրազի արվեստը գնահատող, արժանավոր ընկերներին մեծարող բնութագրումները, մարդկային «պզտիկությունների» վրա նրա արցունքոտ ծիծաղը, բարեկիրթ բանավիճելու բարձր արվեստը, հաճելի, երբեմն էլ կծու, բայց տեղին կատակներն ու անմրցելի սրամտությունները, հեգնական հարցադրումները, հրապարակային միջոցառումներում խորունկ բանախոսություններն այլեւս չլսելու իրողության հետ:

Ցավալի կորուստը անփարատելի վշտով է համակել բոլորիս:

Հավիտենական հանգի՜ստ նրա չարչարված մարմնին եւ բարի՜ սավառնում նրա պայծառ հոգուն երկնային ոլորտներում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ