RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018



-ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-11-24 03:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 440, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՊԱՏՈՒՄԸ

Անի ՓԱՇԱՅԱՆ

Գրականության ամենակարեւոր խնդիրներից մեկը ժամանակակից մարդուն պատկերելն է: Հարյուրավոր մարդկանցից ընտրել, առանձնացնել նրանց, ովքեր գրողի համար կարեւորվում են այնքան, որ անհրաժեշտություն է առաջանում «ավելի հայտնիացնել»ՙ գրական կերպար դարձնելով: Այսպիսի հնարանքը միշտ չէ, որ հաջողվում է: Վարդգես Դավթյանին դա հաջողվել է: Նա գրականություն է բերել այնպիսի մարդկանց նկարագրեր, որոնց պատկերել է հարազատորեն եւ ջերմ: Դառնալով գրական կերպարներՙ նրանք բարձրացվել են նոր մակարդակիՙ հարստացնելով սովորական կյանքի ելեւէջները:

Տարբեր տարիներին գրած ժողովածուներից առանձնացրել եմ երեքըՙ «Շողացող ստվերներ» (2015), «Մտորումներ թամբի վրա» (2016) եւ «Կնքամայրը» (2017): Լինելով հոգեբույժՙ արձակագիր Դավթյանը շատ լավ գիտի մարդու բնավորության տեսակները, մտածողության ձեւերը, նաեւՙ կազմախոսությունը, եւ նրա նովելները հստակորեն ցույց են տալիս, որ ճանաչում է մարդուն: Այո, գաղտնիք չէ, որ գրականության թիվ մեկ խնդիրը մարդն էՙ նոր հերոսը, եւ գրողի նպատակը նրան ավելի ու ավելի հետաքրքիր պատկերելն է: Դավթյանի համար «իրերի դեմքը» պատկերելն անհրաժեշտ է միայն նրա համար, որ ավելի բացահայտի իր հերոսներին: Պատմողը սիրում է նրան, ում մասին պատմում է. հստակ գիտի այն հատկանիշները, որը պետք է ցուցադրել: Այդ պատճառով պատումի բովանդակությունը դառնում է արժանահիշատակ, որն ընթերցվում է մեկ շնչով: Պատճառը կարճ գրելը չէ, այլ գրելու կերպը: Իսկապես, Դավթյանն օժտված է գրելու բնատուր ձիրքով: Այս պատումում հնարավոր չէ առաջին հերթին չառանձնացնել հեղինակին, որի պատմողն, իրավամբ, իրական մարդ է: Նա իր հերոսների միջոցով հստակ պատմում է առաջին հերթին ի՛ր մասինՙ սկսած մանկությունից, աստիճանաբար հասնելով կյանքի հասուն շրջանին: Նա սիրում է հումոր, նկատում տարատեսակ մանրուքներ, մարդու վարքագծին վերաբերող շատ մանրամասներ: Եվ դա անում է զարմանալի թեթեւությամբՙ փորձելով թաքցնել ամենակարեւորըՙ դա թողնելով ընթերցողին: Նրան հաջողվում է այդքան կարճ պատումի միջոցով ներկայացնել մտորելու արժանի երեւույթներ, մարդկանց տիպեր, հաճախՙ տարօրինակ: Եվ այսպիսի գրականությունը նոր երանգ է հաղորդում երեւույթներին եւ իրողություններին, երբեմն ծիծաղեցնում, երբեմն էլՙ զարմացնում: Նովելիստները սակավախոս են, սակայն միայն իրենց բնորոշ օժտվածությամբ փոքր կտավում վրձնելով մեծ հոգեաշխարհՙ կարողանում են ցուցադրել տարաբնույթ հերոսների, որոնք իրենց վարքով զարմանք, տարակուսանք, վախ, հաճախ հիացմունք են առաջացնում:

Ծանոթ լինելով հայ, ռուս եւ համաշխարհային գրականության փայլուն ներկայացուցիչներինՙ Վարդգես Դավթյանը չի կրկնում նրանց (վաղ շրջանում գուցեեւ եղել են գրական ազդեցություններ): Կերպարները եւ բնավորությունները հնարանք են նաեւ հեղինակի համարՙ պատկերելու իր ժամանակը, ապրումները եւ մտահոգությունները: Նա հաճախ է կանգ առնում հենց իր ժամանակներում ապրող եւ ստեղծագործող նշանավոր մարդկանց կերպարների եւ արարքների վրա, վերլուծում քաղաքական եւ մշակութային կնճռոտ հարցեր, առաջադրում լուծումներ: Այս դեպքում էսսեիստ եւ հրապարակախոս Վարդգես Դավթյանը կարեւոր խոսք է ասում հայ հասարակությանը:

«Շողացող ստվերներ կամ Առջեւում պրեմիերան է» ժողովածուն, ինչպես հեղինակն է անվանել, հոգեբանական նովելների հավաքածու է, որտեղ համատեղված են մանկական տպավորությունները, ընտանեկան սովորությունները, բարեկամական կապերը, դպրոցական ընկերների հետ կապված հիշողությունները, անսովոր պատահարները, հիվանդ մարդկանց կյանքը, արատավոր սովորությունները: Պատմողն ինքն էլ է զարմացած կատարվածից, որը երբեմն վաղ անցյալում է կատարվել, երբեմն ներկայում է, երբեմն էլ հուշի պատառիկ է: Նրա հիշողության մեջ դեպքը «կենդանանում» է, ասես վերածնվում եւ ուժ ստանալովՙ գիր դառնում, անմահանում: Էմիլյանՙ «Կրեպելինով դատապարտվածը» պատմվածքում, տառապում է շիզոֆրենիայով եւ արդեն կորցրել է կյանքի հետ ունեցած բոլոր թելերը, բայց պատկերված է արտասովոր: Հանկարծ սթափվում էՙ լսելով Ռախմանինովի երաժշտությունը: Սա պատմում է հոգեբույժը: Թվում էՙ նրա համար վաղուց արդեն սովորական է դարձել ամեն ինչ: Բայց ոչ: Նա այնքան ուշադիր է իր հիվանդների հանդեպ: Նովելի հենասյունն այսպիսի ուշադրությունն է, բժշկի այսպիսի կերպարը. «Էմիլյան ռադիոյի պատի տակ նստած ունկնդրում էր երաժշտությունը. քիչ է ասել, թե լսում էր. անսպասելի նուրբ ու ազդեցիկ դեմքի արտահայտությամբ պարզապես կլանում էր յուրաքանչյուր տակտը... Ահա մարդկային հոգու առեղծվածըՙ անձեռակերտ, անիմանալի... Ահա եւ մարդու ձեւակերպած ախտորոշումըՙ այդքան սխեմատիկ ու անկատար...»: Իսկ «Խենթը» նովելի հերոսուհինՙ Թալինը, մարդկային լավագույն հատկանիշները պահպանած կինը,մոռացության տված իր թշվառ ապրելակերպը, միշտ պատրաստ է օգնել մյուսներին:

Դավթյանը կերպարաստեղծման հետաքրքիր մոտեցում ունի: Նա տալիս է հերոսների դիմանկարըՙ գունային պատկերով, շարժումները, հայացքը, նաեւ այնպիսի եղանակ է կիրառում, որը հնարավորություն է ընձեռում շատ կենդանի զգալ եւ պատկերացնել նրան: Այս առումով տիպական հերոսուհի է Դոլորեսը («Առաջին սերը»): Ընդամենը մի քանի էջում երեւում է այս հերոսուհու անցած կյանքը, խառնվածքը, հետաքրքրությունը, անսովորությունը: Մեր գրականության մեջ հազիվ թե գտնվի այսպիսի անսպասելի պահվածքով կին, որը պարբերաբար այցելի Հոլիվուդի գերեզմանատունՙ սիրելի դերասանի շիրիմին: Եվ դա անի որպես ծիսակարգՙ հատուկ հոգեվիճակով, շքեղ հանդերձանքով: Անսովոր պահվածք ունեն 100-ամյա Ժենյա ազինՙ «Վրիժառուն», Հասունյանըՙ «Վերջին զարկը», Մուղդուսու կինըՙ «Ձյունե թագուհին», մի քանի տողում պատկերված սեւամորթ հսկիչ կինը «Մեդուզայի ժպիտը» նովելներում, տաքսիստի կերպարը մի քանի գործերում, որը հենց ինքըՙ պատմողն է: Նա, իսկապես, արտասովոր է, տարբերվող, մարդկային: Այս ժողովածուի արժանիքը պատմողի հետաքրքրական նկարագիրն է: Նա է առաջնորդում նովելների գործողությունները, իր պատմելու ձեւն է որոշիչն այս դեպքում: Եվ կարեւորվում է նաեւ տրամադրությունը, հումորի առկայությունը, սեփական կարծիք ունենալու հաճույքը: Նովելները, սովորաբար, ավարտվում են չսպասված տեղում. հեղինակն արագ է հասունացնում դեպքերը: Դավթյանի նովելներում անսպասելի շատ իրողություններ տեղի են ունենում նովելի միջին մասում: Օրինակՙ «Առաջին սերը» պատմվածքում, երբ կինը փորձում է վճարել տաքսու վարորդին, երբ վերջինս նրան հասցնում է գերեզմանատուն: Հետաքրքիր եւ ազդեցիկ այս կինը տպավորում է գեղագետ վարորդին, որը զգացվում է նրանց երկխոսության բնույթից.

«Որքա՞ն եմ վճարելու,- հարցրեց միս Դոլորեսը:

- Ոչինչ,- ասացի:

- Ինչո՞ւ:

- Դե, հետաքրքիր տիկնոջ ներկայությունն արդեն վարձատրություն էր,- ասացիՙ շրջվելով իր կողմը: Լոլիտան, գլխարկի եզրը թեքելով, սիրալիր ժպտաց...»:

Ժողովածուում շատ վառ եւ կենդանի է պատկերված ամերիկյան իրականությունը. կյանքը, մարդկային հարաբերությունները, դժվարությունները, եւ այս ամենըՙ դարձյալ այնպիսի թեթեւությամբ, այնպիսի չպարտադրող աշխուժությամբ, որ առանց այն էլ շատ կարճ հորինվածքը կարծես ավարտվում է մեկ ակնթարթում: Սա յուրահատուկ գիր է, որի հյուսվածքում չերեւացող մանրաթելերում պտտվում են հասարակությունն ամոքող եւ նոր աստիճանի հասցնող հորդորներ:

2016 թվականին Լոս Անջելեսում լույս տեսած «Մտորումներ թամբի վրա» ժողովածուն տարբերվում է նախորդից, որովհետեւ այստեղ հիմնականում տեղ են գտել էսսեներ, նոթեր, մասնագիտական հոդվածներ: Գիրքն ունի բնաբան, որն Ինոկենտի Սմոկտունովսկու հետեւյալ միտքն է. «Փոքր մարդիկ փնտրում են հարմարավետություն, հռչակ, մեծ մարդիկ փնտրում են իրենք իրենց», եւ հինգ հիմնական բաժին: «Բաբախող մորմոքներ» գլխում հեղինակը ներկայացնում է հրապարակախոսություն: Սա յուրահատուկ «խտանյութ» է, որը կուտակվել է տարիների ընթացքում, եւ զգացվում է ինտելեկտուալ մտավորականի ցավը պատմական քառուղիներում ժողովուրդների, ազգերի թույլ տված սխալների, հատկապես հայ իրականության տարբեր ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների եւ նրանց հետեւանքների հանդեպ: Առանձնահատուկ մոտեցում է նա դրսեւորում հայոց լեզվի նկատմամբ, գտնում, որ բառը հոգի եւ ներս ունի, որը պիտի զգալ եւ հասկանալ, որսալ նրա երաժշտականությունը: Հեղինակիՙ կարճագրության հանդեպ սերը զգացվում է գրքի երկրորդՙ «Այրվող տողատակ» գլխում: Մի քանի տողով նա արտահայտում է իր վերաբերմունքը հատկապես բացասական երեւույթների նկատմամբ. «Կարող եք ինձ հնաոճ համարել, բայց ես նորմալ կամ հարիր չեմ գտնում, երբ ջութակ եւ լարային-սիմֆոնիկ այլ գործիքներ բերում, ներգրավում են ռաբիս կատարումների մեջ: Ինձ այնպես է թվում, թե կարծես ազնվատոհմիկ կանանց բերել-լցրել են ինչ-որ տգետ փողատերերի խոհանոցը, որ ճենճոտ ամանները լվանան...»:

«Սիրելի դեմքեր» գլխում Վարդգես Դավթյանն անդրադառնում է մշակութային այն գործիչներին, որոնց գործունեությունը մեծ տպավորություն է թողել իր վրա, հուզել, սովորեցրել եւ առինքնել: Վիլյամ Սարոյան, նկարիչ Հակոբ Հակոբյան, Ակսել Բակունց, Զորայր Խալափյան, Թամար Հովհաննիսյան, Կարեն Ա. Սիմոնյան, Գեւորգ Քրիստինյան եւ այլք... Բոլորը խոր հետք են թողել մեր մտավոր մշակույթի պատմության էջերում, իրենց կյանքը խառնել ազգային վշտին եւ դժվար ընթացող օրերին: «Վարպետը» էսսեում հիշում է Սոս Սարգսյանինՙ մեծ դերասանին, արվեստագետին. «Այդպիսի դեր չկա, որ Սոս Սարգսյանը խաղացած չլինի. անճար բանվոր, հղփացած կապիտալիստ, սովետական միլիցիոներ, ողբերգակ-արքա, հնարամիտ դատավոր, մարգարե-արհեստավոր... ու այդ ամենի մեջ մեզ է ներկայանում պարզ, անխառն անհատը, հասարակ Հայ մարդըՙ իր տիեզերական խաղաղությամբ ու վեհությամբ...»:

«Ձայներ ձեղնահարկից» գլուխը հատկացված է նոթերին, տպավորություններին: Հիմնականում խորհրդածություններ են, նաեւՙ խորհուրդներ: Օրինակ, Վարդգես Դավթյանը, որպես բժիշկ, խորհուրդ է տալիս կարդալ բառարաններ. «Կարդացե՛ք բառարաններ, հավատացե՛քՙ շատ բան կփոխվի ձեր կյանքում, թե՛ իրական, թե՛ հոգեկան: Հատկապես ով նեւրոտիկ երեւույթներ ունի, կարդացե՛ք անպայման, գեղարվեստական գրքի պես»: Վերջին գլուխը հեղինակը նվիրել է հոդվածներին, որոնք, մասնագիտական լինելով, ներառում են նաեւ մշակույթը, մասնավորապեսՙ գրականությունը: Այս բաժնում տեղ է գտել նաեւ Սամվել Հունանյանի հարցազրույցը հոգեբույժ Վարդգես Դավթյանի հետ: «Մտորումներ թամբի վրա» ժողովածուն լավագույն ձեւով է ներկայացնում ոչ միայն ժամանակակից կյանքը, այլեւ անցյալի մեր ազգային կյանքի շատ բացթողումներ, որոնք չնկատվելով եւ անտեսվելովՙ դարձել են ավելի ծանր իրականություն, քան կարելի էր պատկերացնել:

«Կնքամայրը» ժողովածուն, բաղկացած 16 նովելից, հուզախառն պատմությունների իրապատում է, որտեղ կատարվող դեպքերը կարող են պատահել յուրաքանչյուր մարդու հետ: Սակայն այս դեպքում գրողը որսացել է այն առողջ հատիկը, որը ծիլ կարող է տալ: Սրանք սոսկ պատմություններ չեն, այլ կյանքը տարբեր կողմերից ներկայացնող իրավիճակներ: Փորձենք անդրադառնալ ոչ միայն կերպարներին, այլեւ բովանդակությանն ու սյուժեներին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ այս ժողովածուում հատկապես ներաշխարհային հարստություն կա: Գրողն ուշադիր է ոչ միայն սյուժեի, այլեւ պատումի ողջ հյուսվածքի, հերոսների ճակատագրերի եւ լուծումների հանդեպ: Ամենավերջին պատմվածքըՙ «Կնքամայրը», խոր ենթատեքստ ունի: Մեր օրերում այնքան պակասող բարեկամական այցելությունների պահպանման ճիգ է: Թվում էՙ շատ սովորական մի բան է Աստվածաշնչում ծանոթ-բարեկամների անունները, հեռախոսի համարները գրելը: Տատը սիրով է հիշում բոլորին, հրավիրում իր տուն, հյուրասիրում: Տնեցիները չգիտեն կանչված հյուրերին, բայց տատը գիտի: Նա գիտի բարեկամություն անել եւ հիշել մարդկանց: Ուստի «Երբ տատս հեռացավ այս աշխարհից, մեր տանից անհայտացավ նաեւ այն ստվարածավալ մատյանը... Ինչքան փնտրեցինքՙ չգտանք: Կարծես տատիս հետ ցոլացել էր նաեւ իր ստեղծած հեքիաթների աշխարհը...»:

Հասարակությունը չի սիրում իրեն տեսնել գրականության մեջ, բայց գրողը, այնուամենայնիվ, պատկերում է իրականությունը: Այո, դպրոցում հաճախ են աշխատում այնպիսի ուսուցիչներ, որոնց տեղը բանտը պիտի լիներ: Եվ ի՛նչ դժվարությամբ են աշակերտները դիմանում նրանց ամբարտավանությանը, գոռոզամտությանը, փոքրոգությանը: Այդպիսի մեկն է ուսուցչուհի Բախտիկյանը «Աղ եւ ջուր» նովելում, որը մի մեծ չարիք է դառնում աշակերտների գլխին: Այս նովելում Դավթյանը հակադրել է տգետ ուսուցչուհուն եւ դպրոցի սենյակները մաքրող համեստ եւ գթասիրտ Աշխենին: Հաղթում է կինը, որը թեեւ Բախտիկյանի պես շքեղ զգեստներ չէր կրում, բայց դրա փոխարեն ուներ սիրող սիրտ եւ խիղճ: Հակադրվում են ոչ միայն կանայք, այլեւ անեծքը եւ մաղթանքը: Անեծքների սիրահար Բախտիկյանը ողորմելի եւ խեղճ է երեւում աշակերտների հետ բացառապես մաղթանքներով շփվող Աշխենի մոտ:

Ժողովածուի հաջողված նովելներից է «Իմ երազի աղջիկը»: Հուշ-պատառիկ, որը կարող է կեղեքել մարդուն ամբողջ կյանքում, որովհետեւ սիրուն է վերաբերում: Մեծերի ոչ ճիշտ մոտեցումը, փոքրերի նորաբողբոջ սերն անտեսելը հետեւանքներով է հղի: Երազը եւ գորշ իրականությունը, տենչանքը եւ նրա անհետացումը: Տեսիլի նման այն մնում է մարդու հիշողությունների ծալքերում: Իսկ նովելը սկսվում է այսպիսի տողերով. «Ես նրան երբեք երազում չտեսա. ո՛չ այն ժամանակ ու ո՛չ էլ, մանավանդ, դրանից հետո: Այնՙ առաջին ու ցավոք, վերջին օրը այդպես էլ մնաց որպես երազՙ իմ տեսած երազներից ամենաճշմարիտը, իմ լսած հեքիաթներից ամենասքանչելին... »: Նովելի ներսում կյանքը սքանչելի է: Դպրոցական աղջիկն իր համադասարանցուն այսպես է պատմում իր ընտանիքի մասին. Մայրիկս վարդեր շատ է սիրում, իսկ հայրիկս ամեն օր վարդեր է բերում մայրիկիս համար»: Սա լավագույն ընտանիքի մոդել է: Սակայն կյանքն ունի իր օրենքները. իրար են բախվում երազը եւ իրականությունը, եւ, իհարկե, հաղթում է կյանքըՙ իրատեսական եւ ճշմարիտ:

Հասարակությունը միշտ էլ ապաքինվելու հնարավորություն ունի: Եվ գրական երկն ընդունակ է ստեղծելու երջանիկ զգացողությունների իրականություն: Այդպիսի կենսատարածք կարելի է համարել Վարդգես Դավթյանի գրականությունը, որտեղ առաջին հերթին պիտի առանձնացնել պատմողին, որն իր վրա է վերցնում պատումի ընթացքը, զարգացնում սյուժետիկ գիծը: Եվ նա Մտքի մարդ է: Տեսունակ այս կերպարն իրական փաստերից է ստեղծում իր պատումըՙ ազնվորեն ներկայացնելով դեպքերի ընթացքը: Եվ ամենակարեւորն այստեղ կենսունակ գեղարվեստական տարածքն է, որտեղ ժամանակն արագորեն փոխում է իր կերպըՙ դառնալով անցյալ: Պատմողը «ճամփորդում է»ՙ հասնելով մանկություն եւ պատանեկություն, որոնք մարդը միշտ կարոտով է հիշելու: Իսկ ներկան միշտ շարժման մեջ է:

Դավթյանի արագահոս եւ հետաքրքրական նովելներում հիմնական բեռն իր վրա է կրում պատմողը: Նա, ով մանրամասն դիտում է միջավայրը, մարդկանց, որոնց նաեւ գրականություն է բերում եւ ստեղծում հետաքրքրական մի նոր իրականություն: Այսպիսին է արձակագիր, հրապարակախոս, մասնագիտությամբ հոգեբույժ Վարդգես Դավթյանի գրականության ընդհանուր պատկերը: Նրա հոգեբանական նովելները, արտասովոր վերնագրերով, միշտ կկարդացվեն հափշտակությամբ, որովհետեւ գրված են ժամանակի խնայողությամբ եւ ընթերցողին սիրելու պատրաստակամությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ