RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-30 11:17:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 425, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴՈՒՔՙ ՀԱՅԵՐԴ, ՄԻ ՄԵԾ ՆԿԱՐԻՉ ԵՔ ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բեռնարդո Բերտոլուչիի հիշատակին

Աղքատանում է կինոյի աշխարհը, մեկը մյուսի ետեւից հեռանում են ավագ եւ ավագագույն սերնդի վարպետները: Բեռնարդո Բերտոլուչին (16.03.1941, Պարմա - 26.12.2018, Հռոմ) նույնպես գնաց միանալու իր նախորդ եւ սերնդակից ռեժիսորներին, որոնց հետ միասին նա կազմել էր իտալական կինոյի փառքը...

Քչերին է հայտնի, որ Բերտոլուչին իտալական պոեզիայում իր անունը թողած բանաստեղծի (Ատիլիո Բերտոլուչի) որդի էր, որը նույնպես նախ աչքի է ընկել որպես բանաստեղծՙ մինչեւ անգամ իր առաջին ժողովածուի համար արժանանալով գրական մրցանակի: Եվ այդուհանդերձՙ նրա կինոնկարները բանաստեղծական չես համարի...

Իր վաղ շրջանի ֆիլմերում, որոնցում Բերտոլուչին կրել է Պազոլինիի եւ Գոդարի ազդեցությունը, մշտապես առկա են քաղաքական թեմաները, լինի «Մինչեւ հեղափոխությունը» (1964), որիՙ մարքսիզմով տարված, սակայն սեփական բուրժուական ինքնության հետ հաշտվող հերոսը բեմադրիչի երկրորդ եսն է, եւ կամ 1970-ին Ալբերտո Մորավիայի «Կոնֆորմիստը» վեպի էկրանացումը եւ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքի հիման վրա ստեղծված «Սարդի ռազմավարությունը», երկուսն էլՙ հակաֆաշիստական հոգեբանական դրամաներ: Սրանցում արդեն իսկ նկատելի էր երիտասարդ բեմադրիչի հետաքրքրությունը մարդու սեռականության այլեւայլ դրսեւորումների հանդեպ: Գայթակղալից «Վերջին տանգոն Փարիզում»-ը (1972) Իտալիայում տասնհինգ տարի մնաց արգելված ֆիլմ, թեեւ առեղծվածային Մարլոն Բրանդոյի էկրանային նոր դրսեւորմանըՙ մի շարք անհաջող ֆիլմերից հետո: Ավելի հաջող էր լայնակտավ «Քսաներորդ դարը» (1976), որը մի ընդգրկուն կինոհայացք է Իտալիայի սոցիալ-քաղաքական կյանքինՙ մի գյուղացու եւ մի կալվածատիրոջ կյանքերի խաչաձեւմամբ: Էպիկական հզոր շունչն առկա է նաեւ նրա հաջորդ գլուխգործոցումՙ «Վերջին կայսրը» պատմական դրամայում (1987), որտեղ հոգեբանական խոր ընդգրկմամբ տրված է պատմական իրադարձություններին կենդանի զոհ դարձած Չինաստանի գահազուրկ թագաժառանգի կյանքի պատմությունը:

«Խուսանավող գեղեցկություն» մելոդրամայում (1996) Բերտոլուչիի գաղափարներն ի կատար ածեց հին եւ նոր աստղերի մի ողջ բույլը (ներառյալՙ ծերունազարդ Ժան Մարեն), իսկ «Երազողները» ֆիլմում (2003) նա դարձյալ տրվեց «փարիզյան էրոտիկային»ՙ 1968-ի սեռական հեղափոխության եւ ուսանողական խռովությունների խորապատկերին հյուսելով մի արտառոց տարփական դրամաՙ միաժամանակ իր հիացմունքի «տուրքը» վճարելով դասական կինոյին: Հաղորդակցման մեջ դժվար երիտասարդի եւ աղջկա ոչ դյուրին հարաբերությունների հարցն է շոշափում նաեւ Բերտոլուչիի վերջինՙ «Ես եւ դու» շարժանկարը (2012), որը, սակայն, զիջում է նախորդներին:

...1998 թվականի նոյեմբերին Իտալիայի Սենտ-Վինսենտ քաղաքում ներկա էի իտալական կինոյի փառատոնին Դերասանուհի Օռնելա Մուտին եւ Բեռնարդո Բերտոլուչին արժանացան իտալական կինոյի բարձրագույն «Գրոլե դ՛օրո» (Ոսկե թաս) մրցանակին Մամլո ասուլիսի ժամանակ «Ո՞րն է ձեր ստեղծագործական կյանքի ամենաերջանիկ պահը» հարցին Բերտոլուչին պատասխանեց, որ չի կարող որոշակի պահ առանձնացնել: Շեշտելով, որ կինոն այն հասարակության հայելին է, որի մեջ ծնվել է բեմադրիչըՙ նա նշեց, որ երբ 1988-ին իր «Վերջին կայսրն» արժանացավ «Օսկարի», ինքը հպարտ էր որպես իտալացի, «որովհետեւ ֆիլմը զուտ իտալական է, չնայած պատկերում է չինական կյանք»: Ըստ Բերտոլուչիիՙ կինո սովորելու լավագույն վայրը փողոցն է: Հետաքրքրական էին նրա կարծիքներն իտալական կինոյի ներկայի մասին, որը, որոշակի փոփոխություններ կրելով հանդերձ, դարձյալ իրապաշտական է եւ, ըստ էության, մնում է 80-ականների կինոարվեստի մակարդակին: Իտալական կինոյի ամենաթույլ կետը նա համարեց երկխոսությունը, դերասանին խոսեցնելու դժվարությունը...

Չգիտեմՙ ի՛նչ բարեբախտությամբ ինձ ներկայացրին Բերտոլուչիին, եւ կինոյի վարպետը, սեղմելով ձեռքս, ասաց. «Հայաստա՞ն: Դուք հայերդ, մի մեծ նկարիչ եք ունեցել Ամերիկայում»: «Արշիլ Գորկին», ասացի: «Այո՛, Գորկին... հիանալի՛ նկարիչ է...»: Ուրախացա, որ Բերտոլուչին մեզ ճանաչում է, այն էլՙ Արշիլ Գորկիով... եւ շնորհակալություն հայտնեցի իր ֆիլմերի համար: Եվ ի՛նչ լավ էր, որ գործընկերս հասցրեց լուսանկարել այդ հիշարժան վայրկյանները...

Նկար 1. Արծվի Բախչինյանը Բեռնարդո Բերտոլուչիի հետ, 1998, նոյեմբեր, Սենտ Վինսենտ (Իտալիա):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ