RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018



ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-11-30 11:17:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 580, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՄՏՔՈՒՄ

Մայքլ ԳԱԼՈՎԻՉ, Նկարիչ, Ավստրալիա

Սկիզբը` նախորդ համարում

Գովերգ նշանավոր հայերին

Բ. մաս

Այս հատվածը միայն Հայաստանի մասին է, Հայաստանի, որը շարունակում է մնալ իմ մտքում, Հայաստանի, որը միշտ ցանկանում էի ճանաչել, երկիր, որ կարճ ժամանակով այցելեցի եւ շատ կուզենայի ավելի խորապես ճանաչել...

Մինչ կանդրադառնամ այլ թեմաների, շատ բան ունեմ ավելացնելու Փարաջանովի մասին, մի տիտանի, ում աշխատանքը, չնայած երբեմնի անհայտությանը եւ վերջինիսՙ 66 տարեկան հասակում վաղաժամ մահվան, ավելի ու ավելի հայտնի է դառնում: Երբեք բավարար չէ խոսել նրա մասին, քանի որ երբեք չի կարող բավարար լինել վերհիշել մի մարդու, ում կյանքը եւ ստեղծագործական մոտեցումը նշանակում են «ժամանակի կայսրության մերժում», մարդ, ում մահն է դժկամությամբ տարել, որովհետեւ ինքըՙ մահը, շատ լավ գիտի, որ մեծն Սերգեյը մնում է հաղթանակած մինչեւ ժամանակի ավարտը:

«Նռան գույնը» ֆիլմի կադրերըՙ ճկուն, խորհրդավոր վրացի դերասանուհի Սոֆիկո (Սոֆյա) Ճիաուրելիի մասնակցությամբ, հատկապես 6 տղամարդկանց եւ կանանց դերերը: Եթերային Սոֆիկոն մահացավ 2008 թվականին, Թբիլիսիում, 70 տարեկան հասակում: Ուշադրություն դարձրեք այդքան դժվարությունների հանդիպած եւ այսՙ «Ես վաճառել եմ իմ ամառանոցը» կոլաժը ստեղծած մարդու կայտառությանն ու հանդիսավոր դիմագծերին: Միայն անսահման ներքին ազատություն ունեցող մարդը կարող էր անընդհատ դժբախտությունների ֆոնին ստեղծել այսպիսի արվեստի գործ: Սա ավելի շատ նման է Ֆելինիին, քան խորհրդային ռեժիմի կողմից ճնշված արվեստագետի...

Եւ ավարտելով Փարաջանովի մասին այս հատվածըՙ կարդանք 2018 թ. մայիսին Ջ. Հոբերմանի տողերը այս շլացուցիչ ֆիլմ-պոեմի մասին. «Հասկանալը վայելելու հոմանիշը չէ: Որոշ ֆիլմերի տեսողական լեզուն այնքան անձնական եւ հերմետիկ է, որ դրանք մեկնաբանելը կարող է համեմատվել հիերոգլիֆներով գրված պատմվածք կարդալու հետ: Խորհրդային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (1924-1990) «Նռան գույնը» ֆիլմը, հայտնի նաեւ որպես «Սայաթ-Նովա», դրանցից է: Սայաթ-Նովա պարսկերեն նշանակում է երգի արքա կամ երգի որսորդ, անուն, որ տվել են 18-րդ դարի այս գերբնական հայ աշուղին: Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Հայաստանում եւ, ավելի փոքր մասըՙ Վրաստանում»:

Փարաջանովի թանգարանում մի սիրալիր տղամարդՙ Գարեգին (Գարիկ) Գրիգորյանը , ինձ պատմեց մեկ այլ հանճարեղ ռեժիսորիՙ Արտավազդ Փելեշյանի մասին: Երբ ուսումնասիրեցի նրա աշխատանքները, հիացած էի եւ շփոթված: Այսպիսով, Արտավազդ Փելեշյանը Փարաջանովի եւ Վարդանովի հետ միասին կազմում է հայ կինեմատոգրաֆիայի սուրբ երրորդությունը: Ինչպե՞ս է այս փոքր երկիրը ծնում այսքան տաղանդավոր մարդիկ: Ջո՞ւրն է պատճառը, ինչպես ասում են...

Իմ Բելգրադի ընկերներից մեկը, կարդալով իմ նախորդ հոդվածը Վրաստան եւ Հայաստան շրջագայությանս մասին, իմ ուշադրությունը հրավիրեց Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» թատերական ներկայացման վրա, որն արդեն մի քանի տարի ցուցադրվում է Բելգրադում: Դա անձնական դրամա է Միլուոքիում բնակվող գաղթական հայ զույգի մասին, որոնց ամուսնությունը կործանվեց 1915 թ. ցեղասպանության հետեւանքով: Թատերախաղը թարգմանվել է 12 լեզուներով, բեմադրվել 17 երկրներում եւ ստացել բազմաթիվ մրցանակներ: Չլինելով հայՙ Ռիչարդը 7 տարի ամուսնացած էր մի հայուհու հետ...

Անցած գիշեր Սիդնեյի Օպերային թատրոնում տեսա հագուստի շռայլությամբ եւ դիզայնով մեծ ուշադրություն գրավող «Աիդան»: Գլխավոր դերում Նատալի Արոյանն էր, ով օպերայի վերջում այնքան հաճելի եւ վեհորեն կերպով էր պատասխանում ծափողջույններին, ինչպիսին հենց իր գեղեցկությունն էր:

Ընկերներիցս մեկ ուրիշն ինձ ուղարկեց «Նյու Յորք թայմսի» մի հոդվածՙ նորից Հայաստանի մասին: Լրագրողըՙ Փիթեր Բալաքյանը , հաճախ է անդրադառնում իր նախնիների երկրին եւ ասում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո զգացվում է նոր ժամանակաշրջանի շունչը: Նա խոսում է հազարավոր տարիների պատմություն ունեցող խաչքարերի մասին, որոնք այդքան լայնորեն ցուցադրվում են հայկական եկեղեցիների շուրջ կամ հայտնվում են կակաչների դաշտերի միջից:

Դրանք ինձ էլ են կախարդում: Ես հիանալի օրինակներ եմ տեսել Եթովպիայում, բայց հայկական խաչքարերը հավասարը չունեն:

Այն ամենից զատ, ինչ ես արդեն տեսել էի Հայաստանում, ցանկանում էի կարդալ թե է՛լ ինչի մասին է գրել Փիթերը եւ կրկնել դրանք: Լինի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, սրճարաններով հարուստ Թումանյան փողոցը, հին, սալաքարից հատակով, աշխույժ Ամիրյան փողոցով քայլելը, այցելելը տարբեր հիասքանչ ռեստորաններ, ինչպիսիք են «Այնթապը», «Բաբելոնը», խաղողի վազով պատված բակային ռեստորանը եւ կրկին վերադառնալ Հանրապետության հրապարակՙ վարդագույն տուֆից շինություններով, լուսավոր շատրվաններով, լինել ամենաճկուն եւ չնայած բոլոր ձախորդություններինՙ իրենց ապագայի վերաբերյալ լավատես ամբոխի մի մասը: Երեւանից դուրս էլ ես կհետեւեմ Փիթեր Բալաքյանի քայլերին, կայցելեմ Գորիս ու կմնամ «Միրհավ» հյուրանոցում, կհասնեմ 9-րդ դարի Տաթեւի վանական համալիր, հավանաբար կրկին հետ կգամ Սեւանա լիճ, որպեսզի ափամերձ «Ծովածոց» ռեստորանում ճաշակեմ սիգով ապուրը, կայցելեմ մեկ այլՙ «Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցըՙ լեռների ներքո, Դեբեդի ափին: Հիանալի կլինի միանալ իմ նոր ընկերներինՙ Ռուզաննա Բադալյանին եւ բանասեր Արծվի Բախչինյանին ու կրկին լսել տենոր Արմեն Բադալյանի եւ իր կնոջՙ սոպրանո Սյուզաննա Մելքոնյանի աստվածային երգերը:

Ուղիղ 45 տարի առաջ Բելգրադում ինձ բախտ էր վիճակվել լսել ֆրանսահայ մեծ երգիչ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանին: Անմոռանալի էր: Այս տարվա (2018) սեպտեմբերի 14-ին ես գնալու եմ Սիդնեյի Պետական թատրոնՙ լսելու նույն մարդուն ու իմ հարգանքի տուրքը մատուցելու նրան: Մինչ մեզանից շատերը 70-ին մոտ հասակում (եթե, իհարկե, դեռ ողջ ենք եւ հիշում ենք մեր անունները), հագնելով տաքուկ հողաթափերՙ դադարում են լինել «այրողներ» եւ դառնում են «հրշեջներ»ՙ դիտելով սիրելի հեռուստաշոուները, այս ֆենոմենալ մարդը 94 տարեկանում Ավստրալիայի համերգով ավարտում է իր վերջին համաշխարհային շրջագայությունը: Այո՛, Շահնուր Վաղինակ Ազնավուրյանՙ երգիչ, բանաստեղծ, քաղաքացիական ակտիվիստ, դիվանագետ: Նրա հասակը հազիվ 160 սմ է, բայց կենսագրությունը կարդալիս մարդ կարող է շշմել: Նրա անունն է Շառլ Ազնավուր: Հուսով եմՙ նա կերգի «Et moi dans mon coin...», կամ մեկ այլ երգ, քանզի այնքան շատ են իմ սիրելի երգերը նրա երգացանկում: Մեկ անգամ եւս ցանկանում եմ տեսնել այս մեծ մարդուն, ով «լավագույն դերասանի» հռչակ ունի երգիչների շրջանում եւ առհասարակՙ հիանալի դերասան է (հիշե՛ք «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը): Նրա ցածր հասակը խնդիր չէ, քանի որ նա լիովին տիրապետում է բեմին, եւ ցածրահասակությունը բնավ նկատելի չի դառնում: Եվս մեկ հաջողակ կարճահասակ:

Միայն թե նրան չկանգնեցնեք երկարոտն Շերլին Սարգսյանի կողքին, քանի որ հակադրությունը կարող է չափազանց ակնառու լինել: Ամերիկայում ապրող հայուհու անունը Շեր է, եւ նրա կենսագրությունը նույնքան ապշեցուցիչ է, ինչպես Ազնավուրինը: Երգչուհի-դերասանուհի-գրող-գործարարուհի-պարուհի-դիզայներուհի-մոդել-բարերար-երաժշտական պրոդյուսեր-երգահան- հեռուստահաղորդավարուհին ավելին է, քան պարզապես գեղեցիկ զուգագուլպաներով հրաշագեղ կինը: Նա «Գրեմիի», «Էմմիի», «Օսքարի», Կաննի կինոփառատոնի մրցանակակիր է, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Նա վաճառել է 100,000,000 ձայնասկավառակ եւ պատմության մեջ ամենաշատ ձայնասկավառակ վաճառած արտիստներից է, բայց, երաժշտությունից ու դերասանական արվեստից զատ, Շերը ուշադրություն է գրավում իր քաղաքական հայացքներով, նվիրատվություններով, քաղաքացիական ակտիվությամբ... Այս պահին նա շրջագայում է Ավստրալիայով:

Երբ մտածում եմ նշանավոր հայերի մասին, մտաբերում եմ Կոստա Բալաբանովինՙ Մակեդոնիայում բնակվող հնագետի, ով բյուզանդական սրբանկարների լավագույն փորձագետներից է, հատկապես հենց Մակեդոնիայում գտածների: Նա նաեւ Ճապոնիայի պատվավոր հյուպատոսն էր Մակեդոնիայում, մարդ, ով հսկայական վաստակ ունի իր երկրի մշակութային աշխարհում, ում հետ ինձ բախտ էր վիճակվել մի շարք թեմաների շուրջ զրույցներ ունենալ:

Ավարտելով այս շարքըՙ չեմ կարող չանդրադառնալ Գեորգի Իվանովիչ Գյուրջիեւին: Հայ մոր եւ հույն հոր զավակ լինելովՙ նա 20-րդ դարի ամենախարիզմատիկ եւ հակասական հոգեւոր ուսուցիչներից մեկն էր: Անգամ իր մահից հետո նա ոգեշնչեց մինչ այսօր գործող եւ իր գաղափարներին հետեւող շատ խմբերի ստեղծմանը: Նրա յուրահատուկ եռերգությանը հանդիպեցի մոտավորապես 25 տարի առաջ, Սիդնեյում, եւ գիտեմ մի շարք մարդկանց, ովքեր նրա հետեւորդներն են: Գյուրջիեւը եւ իր ուսուցիչները դեռեւս հանելուկ են, քանի որ նա նույնքան շատ քննադատներ եւ բացահայտողներ ունի, որքանՙ հետեւորդներ ու նվիրյալներ: Նրա աշխատանքը որոշ առումով երկիմաստ է եւ անավարտ, բայց հակասություններն ու անպատասխան հարցերը միայն պահպանում եւ զարգացնում են նրա պաշտամունքային կարգավիճակը: Շատ կուզենայի տեսնել Փիթեր Բրուքի «Հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ» (1979) ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դրագոն Մաքսիմովիչն ու Թերենս Սամփը: Նույն վերնագրով գիրքն այնքան գրավիչ է մի կյանքի պատմության ներկայացմամբ, որն այնքան տարբեր է եւ այնքան հետաքրքրական շատերի կյանքից:

Այս հոդվածը գրվել եւ գրեթե ավարտին է հասցվել սեպտեմբերին: Մի շարք փոփոխություններ տեղի ունեցան հետագայում, որոնք խաչ քաշեցին իմ մտադրությունների վրա: Առաջին հերթին տեղեկացա, որ Շառլ Ազնավուրիՙ սեպտեմբերի 14ին Սիդնեյում կայանալիք համերգը չեղարկվել է երգչի առողջական խնդիրների պատճառով, իսկ հետո նրա մահվան մասին ջախջախիչ նորությունն իրեն երկար սպասել չտվեցՙ հասցնելով ծանր հարված եւ չթողնելով էներգիա այս շարադրանքն ավարտելու համար...

Այնքան շատ բան կարող էի գրել այս նշանաովոր մարդու մասին, բայց շատ հրաշալի ու իմաստուն բաներ արդեն գրվել են: Միայն հրաժեշտի խոսքեր կասեի Ազնավուրյանին, ամենալավ ֆրանսիացուն ու ամենալավ հային: Մենք գիտեինք, որ երբ մեզ մի օր լքես, դա անելու ես միայն նրա համար, որ միանաս հավերժության երկնային արքայությանը: Պատրաստվում եմ լսել իմ այնքան սիրելի ձայնագրություններն ու երգերը եւ շնորհակալությունս հայտնել քեզ...

Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ