RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-11-30 11:17:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 375, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԵՄԲԵՏԻԿՈՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ. ՄԱՐԻԿԱ ՆԻՆՈՒ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Միջին եւ ավագ սերնդի մեր հանդիսատեսը լավ կհիշի 1980-ականների կեսին երեւանյան կինոթատրոններում ցուցադրված «Ռեմբետիկո» հունական կինոնկարը: Խորհրդահայ կինոդիտողին գրավում էին 1920-1930-ականներին տարածված հունական ռեմբետիկո ոճի երգերը (նաեւՙ ֆիլմի մի քանի բաց տեսարանները), սակայն նա անտեղյակ էր, որ կինոնկարի գլխավոր հերոսուհի Մարիկայի կերպարը ներշնչված է ժամանակի հայազգի մի երգչուհուցՙ Մարիկա Նինուից (Էվանգելիա Ադամյան) : Իրականում վաղամեռիկ այդ արվեստագիտուհու կյանքի պատմությունը շատ ավելի հետաքրքրական էր, քան կինոյի հերոսուհունը, սակայն կինոբեմադրիչ Կոստաս Ֆեռիսը բավարարվել է միայն վերցնելով Նինուի անունը ու նրա երգերըՙ հյուսելով բոլորովին այլ մի կենսագրություն...

Ապագա երգչուհու ծնունդն իսկ մշուշով է պատված... Ոմանք պնդել են, որ նա ծնվել է 1918-ին, Կովկասում, ուրիշները նրա ծննդավայրը համարել են Կոստանդնուպոլիսը, իսկ զարմիկները վկայել են, որ նա ծնվել էր 1922 թվականին, հունական «Էվանգելիստրիա» նավում, որն իր մորը, երկու քույրերին եւ ութամյա եղբորըՙ Պարգեւ Ադամյանին քեմալականների կողմից հրկիզված Զմյուռնիա (Իզմիր) քաղաքից տանելիս է եղել հունական Պիրեա նավահանգիստը: Բոլորը կարծում էին, թե նորածինը չի ապրի, ուստիեւ նրան տեղափոխել են նավի նկուղը, սակայն աղջիկը ողջ է մնացել, եւ «Էվանգելիստրիայի» նավապետը իր նավի պատվին մկրտել է նրան Էվանգելիա անունով, որ հայերեն կարելի է թարգմանել Ավետիսուհի կամ Ավետուհի...

Ադամյանները Հունաստանում բնակություն են հաստատել Կոկինիա քաղաքի գաղթականների թաղամասում: Յոթ տարեկանում Էվանգելիան հաճախել է Կոկինիայի Զավարյան Կապույտ խաչի հայկական դպրոցը: Այնտեղ նա սովորել է մանդոլին նվագել եւ անդամակցել է դպրոցական նվագախմբին: Միաժամանակ, իր ձայնային տվյալների շնորհիվ երգել է Կոկինիայի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում: 1939-ին 18-ամյա Էվանգելիան ամուսնացել է Հայկ Մեսրոպյանի հետ, որը փականագործ էր եւ խանութ ուներ Կոկինիայում: 1940-ին ծնվել է նրանց որդի Հովհաննեսը: Երբ 1947-ին սկսվել է հայերի հայրենադարձությունը, Հայկ Մեսրոպյանը թողել է կնոջն ու որդուն եւ ներգաղթել Խորհրդային Հայաստան: Էվանգելիան ամուսնացել է հույն ակրոբատ եւ աճպարար Նիկոս Նիկոլաիդեսի հետ, որը հանդես էր գալիս Նինո բեմական անունով, ու սկսել է նրա հետ միասին կազմել է «Նինո դուետը»: Երբ նրանց միացել է Հովհաննեսը, եռյակը կոչվել է «Երկուսուկես Նինո»: Այնուհետեւ Էվանգելիան վերցրել է Մարիկա Նինու բեմական անունըՙ որպես հարգանքի տուրք մեծ դերասանուհի Մարիկա Կոտոպուլիի: Նրանց գործերը լավ էին ընթանում, բայց Մարիկան միշտ ուզում էր երգել: Մի անգամ նրա երգեցողությունը լսել է արվեստագետ Պետրոս Կիրիակոսը եւ խորհուրդ է տվել հանդիպել ճանաչած երգահան, երգիչ եւ բուզուկիահար Մանոլիս Խիոտիսին: Մարիկան այցելել է «Պիգկալս» գիշերային ակումբը, որտեղ աշխատում էին Մանոլիս Խիոտիսը եւ մեկ այլ հայտնի երաժիշտՙ Յորգոս Միցակիսը: Վերջինիս էլ մի անգամ Մարիկան դիմել է հետեւյալ խոսքերով. «Հարգելի՛ պարոն Միտակիս, ասե՛ք պարոն Խիոտիսին, որ ինձ նույնպես թույլ տա երգել բեմում»: Այս խոսքերը շրջադարձային են դարձել Մարիկայի կյանքում: 1948-ին Խիոտիսը Մարիկա Նինոյի կատարմամբ ձայնագրել է իր երգերից երկուսը:

Նույն թվականից երգչուհին սկսել է հանդես գալ «Ֆլորիդա» ակումբում, ձեռք բերել որոշակի փորձառություն, տիրապետել մասնագիտության գաղտնիքներին եւ կարճ ժամակաշրջանում գրավել ունկնդիրների սրտերը: Հաջորդ տարի երգահան եւ բուզուկիահար Վասիլիս Ցիցանիսը ցանկացել է գտնել մի երգչուհու, որը կփոխարիներ իր հետ հանդես եկող երգչուհունՙ Իոաննա Գեորգակոպուլուին: Նա գաղտնի գնացել է «Ֆլորիդա» եւ լսելով Մարիկայինՙ անմիջապես գնահատել է երգչուհու տաղանդըՙ գտնելով, որ համապատասխան աշխատանքի դեպքում նա կարող է մտնել պատմության մեջ: Մարիկան սկսել է հաճախել Ցիցանիսի «Թմբլիկ Ջիմիի տեղը» ակումբը, նրա հետ բեմում մի քանի երգ կատարելՙ վաստակելով Իոաննա Գեորգակոպուլուի թշնամանքը: Ցիցանիսն ու Մարիկան սկսել են գաղտնի հանդիպել եւ փորձեր կատարել: Իոաննան ի վերջո տեղի է տվել, եւ Ցիցանիսը 1949-ի Ծննդյան տոներից առաջ գրել եւ հայազգի երգչուհու հետ մի քանի երգ է ձայնագրել: Շուտով Նինու-Ցիցանիս երաժշտական երկյակը մեծ ճանաչման է արժանացելՙ հատուկ տեղ գրավելով Հունաստանի երաժշտության պատմության մեջՙ որպես ռեմբետիկո հեղինակային երգի առաջամարտիկներ:

Ռեմբետիկոյի թագուհի հռչակված Մարիկա Նինուն օժտված էր չափազանց բարձր ձայնով, անբասիր տոնայնությամբ եւ երգում էր ուժգին զգացմունքայնությամբ: Վասիլիս Ցիցանիսը վկայել է, որ ամեն գիշեր ակումբը պայթում էր հետաքրքրական մարդկանց առատությունից: «Նա անգերազանցելի էր բեմի վրա, նրա շարժումները ոգեւորիչ էին, նա այնքան արտահայտիչ էր երգում եւ հանդիսասրահի կողմից արժանանում էր աննախադեպ ընդունելության: Դա բնածին էր: Նա ծնվել է բեմի համար»: Երգահանն իր նոր երգերը ձայնագրում էր Նինուի ձայնով, եւ մեկը մյուսի հետեւից հիթեր էին ծնվում: Ցիցանիսը խենթանում էր իր մուսայի համար, եւ ի վերջո նրանք դարձան սիրահար զույգ, թեեւ երգահանն ամուսնացած էր: Երկու տարի տեւած իրենց հարաբերություններում (1949-1951) Ցիցանիսը գրել է 97 երգՙ իր կարիերայի ամենակարեւոր ստեղծագործությունները: 1951-ի հոկտեմբերին Նինուն եւ Ցիցանիսը համատեղ ելույթ են ունեցել Ստամբուլում, սակայն այդ հյուրախաղերից հետո որոշել են գնալ յուրաքանչյուրն իր ճանապարհով: Նինուն արգելում էր Ցիցանիսին երգեր գրել ուրիշ երգչուհիների համար, չէր ընդունում, որ յուրաքանչյուր երգ իր հատուկ ձայնն է պահանջում: Այդ հողի վրա մի անգամ նա մեծ բախում է ունեցել ռեմբետիկո ոճի մեկ այլ երգչուհուՙ Սոտիրիա Բելլայի հետ, որը ծեծել է Մարիկային, եւ վերջինս հիվանդանոց է ընկել...

Մինչ 1954-ին ԱՄՆ մեկնելըՙ Մարիկան Աթենքում ենթարկվել է քաղցկեղի վիրահատության, սակայն Ամերիկայում հիվանդությունը զարգացել է, եւ երգչուհին վերադարձել է Հունաստանՙ շարունակելով աշխատել ու դիմակայել ֆիզիկական սոսկալի ցավերին, մինչեւ որ հրաժեշտ է տվել կյանքին 1957-ի փետրվարի 23-ին, ընդամենը 35 տարեկանում... Նա լեգենդ էր արդեն իր կյանքի օրոք, նրա մասին գրվել են երգեր ու թատերախաղեր: Թեեւ բավական կարճ կարիերայինՙ Մարիկա Նինուն հասցրել է ձայնագրել ընդհանուր առմամբ 174 երգ, որոնցից 119-ըՙ որպես մեներգչուհի: Չկա ռեմբետիկոյի պատմությունՙ առանց Մարիկա Նինու-Էվանգելիա Ադամյանի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ