RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018



Տեղադրվել է` 2018-11-30 11:17:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 366, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐԸ» ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷՋ

Համօ ՄՈՍԿՈՖԵԱՆ, Պէյրութ

Նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Սուրբ Էջմիածնի Կրօնասէր տիկնանց համախմբումի եւ Լիբանանի մէջ ՀՀ դեսպանութեան, կիրակի, 11 նոյեմբեր 2018ին, Պուրճ Համուտի «Յովհաննէս Պօղոսեան» ծայրէ-ծայր լեցուն թատերասրահին մէջ տեղի ունեցաւ աննախընթաց համերգ մը: Բազմաթիւ «արուեստական» արգելքներէն ետք, «անհասկնալի» պատճառներով, Հայաստանի «Նոր Անուններ» պատանի ու երիտասարդ տաղանդաւոր երաժիշտ-երաժիշտուհիները, Հայաստանէն ու Մոսկուայէն ժամանած, իրենց բացառիկ կատարողութեամբ հիացուցին ներկաները: Խորոզեան Էդուարդ (քլարինեթ), Ենգոյեան Քրիստինէ (քանոն), Մարգարեան Անի (մեներգչուհի), Մուսինեան Մերի (քանոն), Համբարձումեան Թաթուլ (դուդուկ, զուռնա), Կրիշչեան Արթուր (ջութակ), Կրիշչեան Արամ (ջութակ), Մարդանյան Տիգրան (դաշնամուր), Մնացականով Պավել (դաշնամուր):

Յիշեցնենք, որ հայրենիքի այս փոքրիկ դեսպանները մինչ այդ հիացուցած էին Եւրոպայի, Մ. Նահանգներու, Քանատայի եւ Միջին Արեւելքի բազմահազար ունկնդիրները: Պէյրութի մէջ եւս, անոնք փաստօրէն «կախարդեցին» իրենց բարձրակարգ կատարողութեամբ ու բազմագոյն երաժշտութեամբ, որոտընդոստ ծափողջոյններով «վարձատրուելով» հիասքանչ այդ ելոյթներուն համար:

Նոյն երեկոյեան, հայրենի երաժիշտները հրաւիրուեցան ճաշկերոյթի, իրենց կարծիքները փոխանցելու լիբանանահայ հիւրընկալներուն: Սուրբ Էջմիածնի Կրօնասէր տիկնանց համախմբումի ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկեան, վարչականուհի տիկին Անի Պոտրումեան եւ համախմբումի անդամ տիկին Սեդա Գալանճեան, Հ.Հ. դեսպանութեան անդամ Վլատիմիր Պօղոսեան շնորհակալ ջանքեր գործադրած էին ըստ արժանւոյն դիմաւորելու եւ ըստ ցանկութեան, ընտանեկան մթնոլորտի մէջ հիւրընկալելու Հայաստանի «Նոր անուններ»ը:

Լիբանան իրենց կեցութեան ընթացքին պատանի երաժիշտները հանդիպեցան Հայկազեան համալսարանի տնօրէնութեան եւ ուսանողներուն հետ, գեղարուեստական կատարումներով հիացնելով ներկաները: Անոնք գրկաբաց ընդունուեցան Ժպէյլի «Թռչնոց բոյն»ի Արամ Պեզիքեանի անուան թանգարանի վարիչներուն, ինչպէս նաեւ հայ կաթողիկէ Զմմառու վանքի միաբանութեան կողմէ: Հերոսական Մուսա Լերան շառաւիղները ջերմօրէն ընդունեցին հայ տաղանդաշատ երաժիշտներըՙ Այնճարի «Փոքր Հայաստան»ի մէջ:

Ի վերջոյ, Անթիլիասի մայրավանքին մէջ, Լիբանանահայոց թեմի առաջնորդ Նարեկ արք. Ալեէմեզեան ընդունեց հայրենի պատուիրակութիւնը, զանոնք առաջնորդելով Նահատակներու մատուռ եւ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թանգարան:

Մինչ այդՙ Լիբանանի ամէնէն հեղինակաւոր Քասլիքի Սուրբ Հոգի (USEK) համալսարանը հրաւիրած էր այս պատանի տաղանդները, որոնք հայ երաժշտութեան շունչը փոխանցեցին հրաւիրեալներուն ու ներկաներուն:

Յիշարժան էր իրենց հրաժեշտի համերգը լիբանանահայ վարժարաններու ուսանողութեան համար, կրկին «Յովհաննէս Պօղոսեան» հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ շուրջ 800 հայ աշակերտ-աշակերտուհիներու, որոնք խելահեղ ծափերով դիմաւորեցին բոլոր ելոյթները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 30-11-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ