RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 07-12-2018



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-12-07 11:10:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 405, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

20-ԱՄՅԱ «ՄԵՍՐՈՊԸ»ՙ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ 200--ԱՄՅԱ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՆԵՐԿԱՆ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հալլե, Գերմանիա

Հոկտեմբերի 18- ին Հալլեում նշվում էր երեք նշանակալի իրադարձությունՙ ՀՀ- ի եւ ԳԴՀ- ի միջեւ գիտամշակութային համաձայնագրի 20- ամյակը, Մարտին Լութեր համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20- ամյակը, Լութեր եւ Երեւանի պետական համալսարանների համագործակցության 10- ամյակը: Հայաստանի հետ գերմանական պաշտոնական երկխոսություն վարող Սաքսոնիա Անհալթ երկրամասի այս գողտրիկ քաղաքըՙ Հենդելի ծննդավայրը, որ իր գեղեցկությունը մատուցում է քաղաքի ծայրամասերում անգամ, հեշտությամբ կտրում է առօրյայից, հայերիս համար բացառիկ քաղաք է դառնում «Մեսրոպ» կենտրոնով: Իսկ կենտրոնը հոգնություն չճանաչող ղեկավար ունի: Մեկ ամիս առաջ Մայնի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին մի խուզարկու, սիրառատ հայացք հայկական տաղավարից դուրս եկողներիս զրույցն ունկնդրելով, ասացՙ «եթե նույնիսկ հավատափոխ էլ լինեք, ձեր շքեղ լեզուն պահպանեք»: Զարմացա: Պարզվեց արեւելագետ է, մեր լեզվի առօրյա բաբախը «Մեսրոպի» ղեկավար Արմենուհի Դրոստ-Աբգարյանին ճանաչելու շնորհիվ նրան անընդհատ վերհիշել է տալիս այդ լեզվի հնչյունի գեղեցկությունը: Սա շարադրվող այս նյութի շրջանակի վերին մասն է: Ստորին մասը այս դիպվածով սոսնձեմ. Հալլեից մեկնելուս օրը պատահեց: Մորիցբուրգ թանգարան Կլիմտի ցուցահանդեսն եմ գնում: Համալսարանին մոտ է: Մի անծանոթ տեղաբնակ սիրով բացատրում է կարճ ճանապարհը ու հետաքրքրվումՙ որտեղի՞ց եք: «Հա՞յ», ուրախ արձագանքում էՙ «ես մի հրաշալի հայի եմ ճանաչումՙ Արմենուհի Դրոստ- Աբգարյանին»: Գիտության նվիրյալ այս կնոջ, նրա ղեկավարած կենտրոնի 20- ամյակի մասին MDR- ը հաղորդում է պատրաստել: Նույն ռադիոհեռուստատեսության «հայկական մաֆիայի» մասին անընդհատ շրջանառվող պատմությունը մեկ էլ տեսար մոռացվի:

«Մեսրոպ» կենտրոնըՙ գիտակցված ընտրություն

Հալլե Վիթթենբերգի Մարտին Լութեր համալսարանի կենտրոնական մասնաշենքը, որի մուտքը հսկում են առյուծի երկու մեծ քանդակներ, եւ ուսանողների առօրյա բառապաշարի հիման վրա այն Առյուծների անունն է կրում, հոկտեմբերի 18- ի երեկոյան Հայաստանից եւ Գերմանիայից բավական հյուրեր ունեցավ: Հայաստանցի գործարարներից մեկի առյուծասիրության որեւէ նմուշ հայկական համալսարաններ չի հասել, իսկ հիշյալ մասնաշենքի առջեւ առյուծները հայտնվել են Հայնրիխ Հայնեի մի բանաստեղծության մեջ հիշատակվելուց հետո, եւ թվում էՙ Alma Mater- ը գտնելով իր զորավոր պաշտպաններին, հոգ է տանում նաեւ, որ 1998- ին Վիթթենբերգի LEUCOREA համալսարանական հիմնադրամի Սաքսոնիա- Անհալթի եւ ՀՀ գիտամշակութային պետական համագործակցության շրջանակներում հիմնադրված «Մեսրոպ» հայագիտական կենտրոնըՙ միակը ԳԴՀ- ում, 2006- ից Հալլեի Մարտին Լութեր համալսարան փոխադրվելով, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, շարունակի իր առաքելությունը: 2010- ի դեկտեմբերին կենտրոնի ղեկավար դոկտ. պրոֆ.Հերման Գոլցի մահվանից հետո այն ստանձնել է դոկտոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: Նույն տարում Հալլեում շնորհիվ Դրոստ-Աբգարյանի ստեղծվում է հայագիտության պրոֆեսուրա: 1998- ին ՀՀ- ի եւ ԳԴՀ- ի միջեւ կնքված մշակութային համագործակցության համաձայնագիրը գոյության երկու տասնամյակն արժեւորել է երկու երկրներում իրականացրած բազմաթիվ ձեռնարկներով: Սաքսոնիա - Անհալթ երկրամասը, որ հիշատակված համաձայնագրի գերմանական հանձնառուն է, հենց իր երկրամասում գտել է Հայաստանին, հայոց լեզվին ու մշակույթին ամենօրյա շնչառություն հաղորդող «միջնորդին»ՙ հայագիտական «Մեսրոպ» կենտրոնինՙ ի դեմս նրա ղեկավար Արմենուհի Դրոստ-Աբգարյանի, կենտրոնի աշխատակից Հերմինե Բուխհոլց-Նազարյանի , որոնց ջանքերով բազմաթիվ միջոցառումներ վերահաստատել են կենտրոնի գիտամշակութային բարձր որակը: Մեր ընթերցողներին ժամանակին պատմել ենք «Հայաստան 2000» համաշխարհային կոնֆերանսի, դրա շրջանակներում Մորիցբուրգ թանգարանում բացված «Կիլիկիայի հայերի փրկված գանձերը» ցուցահանդեսի, նույնանուն պատկերագրքի, 2012 թվականին Հալլեում եւ Մայնցում Հայ գրատպության 500- ամյակին նվիրված «Գրչության եւ պատկերների թովչանքը» ցուցահանդեսների մասին:

Անցյալի վարպետների վրձնած որմնանկարներով շքեղ դահլիճում նույնքան շքեղ գիտական, պետական ներկայություն կա: Հանդիսավոր երեկոյին բացման խոսքով հանդես գալու պատիվը վերապահված էր Հալլե Վիթթենբերգի Մարտին Լութեր համալսարանի ռեկտոր դոկտ. պրոֆ. Քրիստիան Տիետիեին : «Հայ մշակույթի հանդեպ տածած հարգանքիցՙ գիտակցված ընտրություն ենք արել 1998-ին հայագիտական կենտրոն հիմնելով», պարզաբանեց ռեկտորըՙ իր խոսքում ընդգծելով, թե 28 ուսմանց կենտրոններ ունեցող իր ղեկավարած համալսարանում հայագիտականը լավ ինտեգրվել է արեւելագիտության ինստիտուտի կազմում, իսկ իրենք սիրով կրում են ԳԴՀ- ում բացառիկ հայագիտական կենտրոնի հանդեպ ստանձնած պատասխանատվությունը: Նրա, ինչպես նաեւ նրանից հետո ամբիոնից հնչեցված բոլոր ելույթներում մի ընդհանուր մտահոգություն կարՙ ինչպե՞ս ամրապնդել, ֆինանսական անկայունության պայմաններում հայագիտությանը հատկացված տեղը հաստատուն դարձնել համալսարանում:

Հաջորդը ողջունեց Սաքսոնիա-Անհալթի տնտեսության, գիտության եւ թվայնացման նախարարության պետքարտուղար դոկտ. Յուրգեն Ուդեն , որ ընդգծեց ՀՀ-ի եւ Սաքսոնիա-Անհալթի 20-ամյա համաձայնագրի շարունակականության կարեւորությունը: Նա արժեւորեց «Մեսրոպի» հիմնադիր ղեկավար Գոլցի ջանքերըՙ որպես երկկողմ կապերի հաստատողի, բարձր գնահատեց Դրոստ- Աբգարյանի աշխատանքը, շեշտեց «Մեսրոպ» կենտրոնի դերըՙ երկու երկրների գիտնականների միջեւ ակտիվ համագործակցություն կերտելու առումով:

Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը , որ ուսանողների փոխանակման ծրագրով առիթ է ունեցել հայաստանյան բարձրագույն կրթությունը շարունակել ԳԴՀ- ում, բնական է, անմասն չմնաց կենտրոնի արգասաբեր գործունեության մասին դրվատական խոսքիցՙ շեշտելով նաեւ, թե 20- ամյա գիտամշակութային համագործակցության արդյունքն է Երեւանի պետական, Բրյուսովի եւ Մարտին Լութեր համալսարանների միջեւ ակտիվ համագործակցությունը: Ամբիոնին մոտեցած ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նախ պատմեց Դրոստ-Աբգարյանի հետ երեւանյան պատահական հանդիպման մասին, անկեղծ խոստովանելով, թե նրան նոր է ճանաչում, բայց, վերջինիս ղեկավարած կենտրոնի բազմաշերտ գործը թվարկելով, նկատել տվեց, թե «Մեսրոպը» ըստ էության դարձել է ԳԴՀ- ում ՀՀ երկրորդ դեսպանությունը, իսկ Դրոստ- Աբգարյանըՙ կենտրոնի սյունն է»: Հարությունյանը հայտարարեց, թե ինքը դեռ որեւէ մեկին չի պարգեւատրել, բայց «այսօր բացառիկ դեպք է», եւ Արմենուհի Դրոստ - Աբգարյանին հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալը: Դահլիճն այնքան բուռն արձագանքեց այս պարգեւատրմանը, որ թվաց, թե միՙ ավելի մեծ պարգեւ դեռ սպասում է հայ մշակույթի նվիրյալին: (1955- ին Երեւանում ծնված Արմենուհի Աբգարյանը նախ ուսանել է Երեւանի պետական համալսարանի հայկական բանասիրության ֆակուլտետում, այնուհետ ասպիրանտական կրթությունը ստացել ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային գրականության ինստիտուտի դասական բանասիրության եւ բյուզանդագիտության բաժնումՙ թեկնածուական թեզ պաշտպանելով դասական բանասիրության գծով: Ամուսնացել է գերմանացի ֆիզիկոս Վոլֆ Գերնոտ Դրոստի հետ, 1985- ից մշտապես բնակվում է Գերմանիայում: 2003- ից Քրիստոնյա Արեւելքի լեզուների եւ գրականությունների, ինչպես նաեւ հայագիտության դոկտորի գիտական տիտղոսն է կրում ):

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության պետքարտուղար դոկտ. Գուննար Շելլենբերգերն էլ իր ելույթին տոնական տրամադրություն հաղորդեց. 10 տարի առաջ Հայաստան այցի ջերմ հիշողությունները մեկը մյուսին հաջորդեցին, ու անձնական հուշը վկայեց, որ երկու երկրների միջեւ կնքված 20- ամյա համաձայնագիրը մարդկանց ու երկիր ճանաչելու հրաշալի առիթ է դարձել: Երեւանի Մեսրոպ Մաշտոց մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը ՙ ճանաչված արեւելագետ Արամ Տեր Ղեւորդյանի որդին, մի շատ կարեւոր հիշատակում արեցՙ Արմենուհին Մատենադարանի մշակներից Գեւորգ Աբգարյանի դուստրն է, ասաց նա, ու ես հիշեցի Արմենուհու պատմածը. Մայրը վաղ է մահացել ու իրենքՙ քույրն ու եղբայրը դասերից հետո հոր մոտ Մատենադարան էին գնում: Հայագիտությանը հավատարիմ ծառայելու կնիքը հենց այդ տարիներին է դրոշմվել նրանց ինքնությանըՙ մասնագիտությունից ավելի ճակատագիր դառնալով Արմենուհու, Անահիտի ու Վահագնի համար: Տեր Ղեւոնդյանը մատնանշեց «Մեսրոպ» կենտրոնի եւ տարբեր գիտական հաստատությունների միջեւ առկա սերտ կապի մասին, հատկապես ընդգծեց կենտրոնիՙ Կարստի «Միջին հայերենի բառարանի» հրատարակության պատրաստման կարեւորությունը, որի վերծանման բարդ աշխատանքը Մատենադարանում իրականացնում է Վահագն Աբգարյանը:

Օրվա գովասանաճառն արտասանեց Օքսֆորդի համալսարանի դոկտ. պրոֆ. Թեո վան Լինթը , որ նախՙ ընդգծեց համաձայնագրի կարեւորությունը, ապա հիշատակեց կենտրոնի նպատակներըՙ Գերմանիայում սատարել, ամրապնդել հայագիտության տեղն ու դերը, երկու երկրների գիտահետազոտական եւ մշակութային ծրագրերին թիկունք լինել: Թեո վան Լինթը ծավալուն անդրադարձ արեց, հիշատակեց կենտրոնի գիտական հրատարակությունների, 6 ցուցահանդեսների, Հայաստան կատարած ուսումնական այցերի, ամառային դասընթացների, Միջին հայերենի բառարանի կողքին չմոռացավ նաեւ «Շարակնոց»- ի գերմաներեն հրատարակության մասին: Կենտրոնի կատարած հսկայածավալ աշխատանքի ամփոփումից հետո Լինթը հատուկ ընդգծեց «Մեսրոպ»- իՙ դեռեւս բաղձալի նպատակըՙ Հալլեի համալսարանում հայագիտության կայուն ամբիոնի հիմնումը:

Օրվա բանախոսըՙ Հայաստանի ամերիկյան համալսարանի դոկտ. պրոֆ. Աշոտ Ոսկանյանը «Հայաստան 2018. իրականություն եւ հեռանկար» վերնագրյալ նյութը, որ «թավշյա հեղափոխությանը» նախորդող ու հաջորդող իրադարձությունների մեկնաբանումն էր, այնքան պատկերավոր մատուցեց, որ ունկնդրին ընկալելի չեղավ նրաՙ անսարք տեխնիկայի վերաբերյալ դժգոհությունը: Լավագույն տեխնիկան նրա համոզիչ ձայնն է, դրա կենդանիՙ բարձրացող ու ցածրացող ելեւէջը, որ նախադասությունն անմիջապես ունկ է մղում: ԳԴՀ- ում ՀՀ նախկին դեսպան Ոսկանյանն օրվաՙ նաեւ առանձնահատուկ հյուրն էր, ինչպես հիշատակեց դեսպան Սմբատյանը, հենց Ոսկանյանի օրոք է ՀՀ- ի եւ ԳԴՀ- ի միջեւ կնքվել 20- ամյա համաձայնագիրը:

Հայաստանից Հալլեում հատուկ կրթաթոշակով ուսումնառություն ստացած 20 ուսանողներից առաջինը Գոհար Խաչատրյան-Սարգսյանն է եղել, նրա ելույթը երախտագիտական էր: 1999- 2000 թվականներին Հալլեում հայտնված արվեստի պատմության մեջ մասնագիտացող Գոհարը Դրեզդենի պատկերասրահում տեսել էր Ռաֆայելի «Սիքստինյան տիրամայրը» կտավի բնօրինակը ու անշարժացել: Դրանից հետո որոշումն այլեւս անբեկանելի էրՙ պատմությունը մի կողմՙ ինքը եւս չի շեղվելու նկարիչ լինելու ընտանեկան ավանդույթիցՙ վրձին է վերցնելու: Եվ ահաՙ իր հեղինակած կտավըՙ տատիկի դիմանկարը նվեր է բերել համալսարանին:

Երեկոն բավական խտացրել էր դրսի մութը, երբ շքեղ դահլիճում ելույթներն ավարտ գտան, ու այդժամ սրահի վերնահարկից Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ»- ն ներքեւ «սահեց»ՙ ասես հույս սփռելու վաղվա օրվա ու գալիքի: Երգեհոնահարուհի Հելենե ֆոն Ռեխենբերգի եւ երգչուհի Անահիտ Աբգարյանի «երկնային» դուետին երկրայիններիս մատչելի ներքեւի բեմից ձայնակցում էր Ֆրանսիայից ժամանած դուդուկահար Արայիկ Բարթիկյանը : Անահիտը Արմենուհու քույրն է, միջնադարյան տաղերը, հայկական ժողովրդական մեղեդիները նրա ձայնը դարձրել են միջոց, որ «մրցեն» Բախ վերծանող երգեհոնի հետ: Համերգը օրվա փայլուն վերջաբան էր, ավելի ճիշտՙ երկժամյա տոնական երեկոյի մտավոր մասի հոգեւոր օծում, որի շարունակությունը եթե տաք ընթրիքն է, ապա արտոնությունըՙ հայկական կոնյակի անուշաբույր ումպով միայն, որը դահլիճում 2 ժամ լուռ նստած հանդիսատեսին արդեն խոսելու առիթ էր տվել: Ակամա ունկնդիր եղաՙ Երեւանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս Յոահիմ Շմիդտը խոսք է ուղղում դուդուկահար Արայիկ Բարթիկյանին: «Դուդուկ շատ եմ սիրում, գիտեմՙ դժվար է նվագել, սիրուն էր մեղեդին», ասում է դեսպանը: Նրա հայացքում, խոսքում անկարելի է չնկատել տաք վերհուշն առ Հայաստան:

«Գերմանիան եւ Հայաստանը. գիտություն, մշակույթ, կրթություն»

յս վերնագիրն էր կրում հաջորդՙ հոկտեմբերի 19- ի առավոտյան Լութեր համալսարանում «Մեսրոպ» կենտրոնի հրավիրած կոնֆերանսը: Այն շատ հետաքրքրական էր, ստորեւ շարադրվող մեր հոդվածում տեղի սղության պատճառով կբավարավենք միայն հպանցիկ անդրադարձովՙ խոստովանությամբ, թե որոշ ելույթներ այնքան հագեցած էին տեղեկատվական կարեւոր փաստերով, որ դրանց հիշատակումն առանձին հրապարակման անհրաժեշտություն է հուշում:( Հուսանք գիտաժողովի ելույթներն առանձին գրքով լույս ընծայելու «Մեսրոպ» կենտրոնի գաղափարն իրականություն կդառնա): Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց արեւելագիտության ինստիտուտի դոկտ. պրոֆ. Կորնելիա Հորնը : Նա մանրամասն ներկայացրեց, թե քրիստոնյա արեւելքի բոլոր բաժիններըՙ բյուզանդագիտությունը, արաբագիտությունը, արամեագիտությունը, ղպտիագիտությունը, եբրայագիտությունը, կովկասագիտությունը, վրացագիտությունը, հայագիտությունը ուսումնառության դժվար, աջակցության կարոտ բաժիններ ենՙ հատուկ ուշադրություն սեւեռելով հայագիտությանՙ որպես ֆինանսական սատարում ակնկալող առանձին համալսարանական ամբիոնի:

«Հայագիտությունը Գերմանիայում» ծավալուն ելույթով հանդես եկավ Գաբրիելե Վինքլերը (Մյունխենի համալսարան): Մատենադարանի տնօրեն Վահան Տեր Ղեւոնդյանն անդրադարձավ իր ղեկավարած գրապահոցի ոչ հայկական ձեռագրերին: Մեր կարծիքով, թերի լուսաբանված այդ թեման անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հայաստանբնակներին, հայության ստվար շերտին, որ երբեմն սեփական պատմությանն անհաղորդ լինելով շփոթում է հանդուժել, հանդուրժող բառի ընկալումը: Հանդուրժելուց առավել, սիրո օրինակ է այդ ձեռագրերի գոյությունը, պահպանումը մեր Մատենադարանում:

Յենայի համալսարանից Աննեգրեթ Փլանթկե- Լյունինգը անդրադարձավ «Գերմանացի գիտնականներիՙ Հայաստանի նյութական մշակութային ժառանգության հետազոտության մեջ ունեցած դերին»: Նրա աշխատատար ուսումնասիրությունն առավել մատչելի էր դառնում, քանի որ հագեցած էր հարուստ դիտանյութով, որ վկայում էր, թե Հայաստանին ուղղված գերմանական գիտական, մտավոր ուշադիր հայացք միշտ է եղել: Ճանաչված անունների պատկառելի ցանկը դրա փաստագրումն է:

Էրլանգեն- Նյուրնբերգի համալսարանից Խաչիկ Ղազարյանի ուսումնասիրությունը առավել քան հաստատում էր այն իրողությունը, թե Արեւելյան Հայաստանի գիտակրթական հայացքը գերմանական ուղղվածություն է ունեցել: Նրա «Գերմանիան 19- 20- րդ դարերի հայ ուսանողների կրթական կենտրոն» վերնագրյալ դասախոսությունը Խաչատուր Աբովյանից սկսածՙ մեր պատմությունը կերտած այնքան հանրահայտ անուն հրապարակեց, որ իրավունք է տալիս եզրահանգելուՙ գերմանական մտածողությունը առավել քան ներկա է եղել արեւելահայերիս լուսավորության, դպրոցի մեջ: Ուրեմն վերադարձ ա՛յդ ակունքներին:

Հալլեի համալսարանից Աքսել Մայսները , Ղազարյանի ընդարձակ ելույթից հետո համառոտեց իր ասելիքը: Նրա «Դոկ. Յոհաննես Լեփսիուսը եւ գերմանահայկական ընկերակցության 1914 թվականի առաջին հանդեսըՙ «Մեսրոպ» վերնագրյալ բանախոսությունը առիթ տվեց ներկաներին շոշափել երկլեզու նվիրական այդ հանդեսը, որի բովանդակալից էջերում ինձ համար թանկ գտածոն Ռուբեն Զարդարյանի բանաստեղծության գերմաներեն թարգմանությունն էր:

Աշոտ Գալստյանի (Երեւան) «Հայ- գերմանական հարաբերությունները առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. Հայաստանի առաջին հանրապետության 100- ամյակը ( 1918- 2018 )» բանախոսությունը անտարբեր չթողեց ներկաներինՙ հարց- պատասխան բնական ձեւաչափը գիտաժողովն առավել աշխույժ դարձրեց: Ֆրանցիսկա Քնոլլի (Հալլե) «Սյունիքի բարձրավանդակը. հազարամյակների ժայռապատկերներ» ուսումնասիրությունն էլ տեսանելի ու մատչելի էր, քանի որ գրավոր տեքստը հարստացված էր դիտանյութով:

Լրագրողիս համար զարմանալի հարուստ, չվախենամ ասելՙ չբացահայտված աշխարհ էր Մելինե Փեհլիվանյանի ներկայացրած ուսումնասիրությունը: Բեռլինի պետական գրադարանի երկարամյա աշխատակից լինելով, նա հայ մամուլի պատմությանն էր անդրադառնումՙ Բեռլինի պետական գրադարանի հարուստ հավաքածուն ներկայացնելով: Մելինե Փեհլիվանյանի աշխատանքն արժե ոչ միայն տպագրել, այլեւ նրան հրավիրել Երեւանՙ իր ուսումնասիրությունը հայաստանյան համալսարանների լրագրության ուսանողներին ներկայացնելու համար:

Մեկ այլ բացահայտում էլ Թոմաս Բուխհոլցի ուսումնասիրությունն էր, որ հաջորդ տարի Կոմիտասի 150- ամյակին ընդառաջ կարելի է տպագրել նաեւ Գերմանիայում: Բուխհոլցը Բեռլինում երաժշտական կրթություն ստացած Կոմիտասի կոմպոզիտորական վաստակը գնահատում էր հենց այդՙ «գերմանական» տեսանկյունից»ՙ հստակ օրինակներով բացատրելով, թե ինչպես է Գերմանիան հղկել հայ հանճարի երաժշտական մտածողությունը:

Գիտաժողովը եզրափակեց Արմենուհի Դրոստ- Աբգարյանը «Հայագիտության հեռանկարը Գերմանիայում» ամփոփ ելույթով: Այն, որ գիտաժողովը տպավորիչ ու հետաքրքրական էր, հաստատեցին մեզ իրենց կարծիքը փոխանցած մասնակիցները: Աշոտ Ոսկանյանը նկատել տվեց, թե «գիտաժողովին 2 բան միավորվում էրՙ հայկական նյութը, որ հետազոտվում է գերմանական հետեւողականությամբ եւ գիտական ֆունդամենտալությամբ», «եւ կարեւորըՙ ուշադրություն էր դարձվում հայագիտության հեռանկարի վրա»: «Երկօրյա միջոցառումները շատ լավ էին կազմակերպված, նպատակը շատ գեղեցիկ էՙ արեւելյան քրիստոնեության գիտական մթնոլորտում ի լույս հանել հայագիտության կարեւորությունը: Զանազան թեմաներ կային, բոլորը շատ լավ մասնագետներ էին: Նոր հորիզոնները միշտ բացվում են այսպիսի օրերի ընթացքում», կարծիք հայտնեց հայագետ Թեո վան Լինթը:

« Բոլոր զեկուցումներն էլ շատ հետաքրքիր էին, ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր Ղեւոնդյանը: Կարծում եմ սա ինչ- որ տեղ խթան կհանդիսանա «Մեսրոպ» կենտրոնի հետագա գործունեության համար: Գերմանիայի պես մեծ երկրում, գիտության երկրում, հայագիտության 200 տարվա ավանդույթներ ունեցող երկրում, անշուշտ պետք է լինի այսպիսի կենտրոն, գուցե նաեւՙ կենտրոններ: Հայաստանյան կենտրոնները, մասնավորապես մաշտոցյան մատենադարանը պատրաստ է ամեն ինչով աջակցել»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 07-12-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ