RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 07-12-2018



ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԹԱՏՐՈՆ

Տեղադրվել է` 2018-12-07 11:10:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 306, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՃՈՒՃԻ՛Կ, ՄԻ՜ ԵՓԻՐ

Նաիր ՅԱՆ

Հանդուրժողականության ու սիրո մթնոլորտ քարոզող «թավշյա հեղափոխությունը», որ հապճեպ թեւակոխում է հաջորդՙ խորհրդարանական արտահերթ ընտրությունների փուլը, իր բովանդակության ու էության մեջ հանդուրժողականության ու սիրո մի պատառիկ անգամ չի պահպանել: Եթե չի պահպանել, ուրեմն չի էլ եղել: Հեղափոխությունը քաղաքական գործընթաց լինելուց առաջ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի փոփոխություն է: Նիկոլ Փաշինյանը գոչեցՙ դուխո՜վ, ու մարդիկ վճռեցինՙ ամեն ինչ կարելի է, «թավշյա հեղափոխության» դրոշի տակ արգելանք, պատասխանատվություն, զսպվածություն, պարտավորվածություն հասկացությունները չեն տեղավորվում. դրանք բնորոշ էին «հին» Հայաստանին, իսկ «նոր» Հայաստանում թուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. խոսեք, գործեք, պախարակեք, սեւացրեք, մի՛ հանդուրժեք, բողոքեք ու սադրեք որքան ուզում եք: Հանրապետականների ցանած վախից Նիկոլի կառավարությունը մոլախոտ է հավաքում, որովհետեւ «հեղափոխության առաջնորդն» այդ վախը ոչ թե արմատախիլ արեց, այլ վախի ծիլերի վրա խառնակություն, անիշխանություն, նարցիզմ, քաոս պատվաստեց: Հարեւանիդ «բարի լույսը» դուրդ չեկա՞վ, գործընկերոջդ ժպիտը կասկածելի՞ թվաց, բողոքիր, կուրծք ծեծիր, սպառնա, թեՙ փողոց կփակես, գործադուլ կանես: «Թավշյա հեղափոխության» հանդուրժողականության ու սիրո դրոշը դեռ փողփողում ու «դուխ» է տալիս նախկինում վախվորած, առանց «դուխի» ապրածներին: Նիկոլը պիտի գար, որ վախեցածների հոգին «դուխով» լցներ, հիմա էլ լցրել է ու մոռացել է կափարիչը տեղը դնել. «դուխը» մի թափվել է թափվում... էլ դու սուս: Հայտնի հեքիաթի աղջնակն էլ իզով-թոզով չքացել է, թե գա ու հրահանգիՙ կճուճի՜կ, մի՛ եփիր:

Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնում կճուճիկը եփվում ու եփվում է: Շիլայով կճուճիկը երկու տարի առաջ կրակին է դրել մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը , երբ դեկտեմբերյան մի օր լրատվամիջոցների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ համազգայինցիներին ներկայացրեց իրենց նոր գեղարվեստական ղեկավարինՙ կինոռեժիսոր, դերասան Վիգեն Չալդրանյանին : Այդ օրը թատրոնի ստեղծագործական խմբից որեւէ բացասական արձագանք ոչ ոք չլսեց, բոլորը շնորհավորեցին, ծափահարեցին, ստեղծագործական հաջողություն մաղթեցին ու հեռացան: Այդ օրվանից անցել է 2 տարի: Արդեն երկու շաբաթ է թատրոնում կրքերն այն աստիճանի են բորբոքվել, որ կճուճիկի շիլան դուռ-պատուհաններից դուրս է թափվել, հասել մշակույթի նախարարություն ու ճակատագրական բոլոր հարցերի քննարկման վերջին հանգրվանՙ facebook: Համացանցային բուռն ու կրքոտ քննարկումներից բացի համազգայինցիների վեճուկռիվը հասել է նախարար Լիլիթ Մակունցին: Դերասանները պահանջել են իրենց լսել ու խնդրին լուծում տալ: Իսկ խնդիրը կապված է Վիգեն Չալդրանյանի հրաժարականի պահանջի հետ: Փոխնախարար-թատրոնի դերասաններ-Վիգեն Չալդրանյան հանդիպումը թեժ մթնոլորտում է անցել: Արդյունքում Վիգեն Չալդրանյանը գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հրաժարվել է: Բայց քանի որ Արմեն Ամիրյանը նրան նշանակել էր նաեւ թատրոնի տնօրեն, Չալդրանյանն օգտագործելով իր լիազորություններըՙ Համազգայինի գեղարվեստական ղեկավար է նշանակել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին : Համազգայինում վրդովվել ու բորբոքվել են. հերիք չէ երկու տարի առաջ Արմեն Ամիրյանն իրենց փաստի առաջ կանգնեցրեց, առանց իրենց կարծիքը հարցնելուՙ Վիգեն Չալդրանյանին նշանակեց գեղարվեստական ղեկավար, հիմա էլ Չալդրանյանն իրենց հետ հաշվի չնստելովՙ միանձնյա որոշում է կայացրել ու Սուրեն Շահվերդյանին մի ստորագրությամբ գեղարվեստական ղեկավար է նշանակել:

Նշանակումից անմիջապես հետո համազգային թատրոնի դերասանները լրատվամիջոցների հետ հանդիպեցին ու ներկայացրին իրենց խոսքովՙ երկու տարում կոկորդներին հասած բողոքը: Կճուճիկը կա՛մ պետք է այլեւս չեփի, կա՛մ կճուճիկը պիտի ջարդվի ու վերջ:

«Համբերության բաժակը լցվել է, այլեւ դիմանալ չենք կարող, Վիգեն Չալդրանյանը թատրոնը բաժանել է երկու ժամանակահատվածիՙ մինչ ինքը - իրենից հետո. երկու տարում ընդամենը մեկ ներակայացում է բեմադրելՙ Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուզը»: Չալդրանյանի հետ հենց առաջին օրվանից հակասությունների մեջ ենք եղել:Նրա պատկերացումները, պահանջները ուրիշ են, մերըՙ ուրիշ: Համազգայինը Սոս Սարգսայնի կառուցած տունն է, Չալդրանյանն ուզում էր այդ տունը քանդել, նորը կառուցել: Մեզ ասաց. «Ես ուզում էի ձեզ խավիար մատուցել, դուք հացուպանիրը նախընտրեցիք, ես ուզում էի ձեզ կոստյում հագցնել, դուք տրեխը նախընտրեցիք»: Ու դեռ համարձակվեց Սոս Սարգսյանի մեծադիր նկարն էլ թատրոնի ճեմասրահից հանել»,- պատմեցին համազգայինցիները:

Վիգեն Չալդրանյանն, ի դեպ, համազգայինում Շեքսպիրի «Համլետն» էր բեմադրում: Պրեմիերան նախատեսված էր դեկտեմբերի 23-ին: «Սանտա Կրուզ» ներկայացումը եւս նա համազգային թատրոնի կազմի հետ է բեմ հանել: Իսկ 3 տարի առաջ, երբ նա դեռ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն չէր, այս նույն բեմում, նույն կազմի հետ բեմադրեց «Համլետը»: Վերաբեմադրված «Համլետի» մասին ոչ ոք կարծիք հայտնել չի կարող, որովհետւ այն դեռ չի ներկայացվել ու հայտնի էլ չէՙ դեկտեմբերի 23-ին պրեմիերան կլինի՞: Ինչ վերաբերում է նախկին «Համլետին» (որտեղ Համլետին մարմնավորում էր այն ժամանակ համազգայինի տնօրեն, դերասան, Սոս Սարգսայի աջ ձեռք Վարդան Մկրտչյանը , որն արդեն մեկ տարի Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենն է), անվերապահորեն հաջողված բեմադրություն էր: Այն Չալդրանյան-համազգայինցիներ փորձնական համատեղ աշխատանք էր, որի իրական նպատակը պարզելն էրՙ արդյո՞ք համագործակցությունը հնարավոր կլինի նաեւ հետագայում: Թերեւս հաջողված «Համլետի» հենքի վրա էլ մշակույթի նախարար-Չալդրանյան համաձայնությունը ձեռք բերվեց, ու կարճ ժամանակ անց նշանակումը եղավ: Բայց, ինչպես հավաստիացնում են համազգայինցիները, այստեղ հաշվի չէր առնվել թատերախմբի կարծիքըՙ իրենք ուզո՞ւմ են հետագայում աշխատել Վիգեն Չալդրանյանի հետ արդեն ոչ թե իբրեւ Համազգայինի բեմում մեկ անգամ փորձնական ներկայացում բեմադրած ռեժիսորի, այլ պաշտոնապես նշանակված գեղարվեստական ղեկավարի հետ:

Ինչ վերաբերում է «Սանտա Կրուզին», ապա այն համալրել է համազգային թատրոնի խաղացանկը, եւ համազգայինցիները չեն կարող ասել, թե անորակ ներկայացում է: Անմիջապես զգացվում է ձեռագրի, ճաշակի, գեղագիտության, բեմադրական արտահայտչամիջոցների տարբերությունը. պարզ երեւում է, որ այս բեմում աշխատել է մի ռեժիսոր, որը համազգային թատրոնից չէ ու դերասաններին դրել է բեմարվեստի ուրիշ հարթության վրա, նրանց մեջ բացել դերասանական այլ որակներ: Այո՛, թե «Համլետը», թե՛ «Սանտա Կրուզը» տարբերվում են համազգայինի ավանդական խաղացանկից, բայց տարբերվելը չի նշանակում, թե անհաջող ու անորակ են: Ինչ մթնոլորտում ու փոխհարաբերությունների ինչ պայմաններում է գլուխ բերվել «Սանտա Կրուզը», դրսի աչքը չի կարող գուշակել, բայց որ ներկայացումը Վիգեն Չալդրանյան-Համազգային թատրոն համատեղ հաջողված աշխատանք է, ժխտելը մեղք է:

Բայց թատրոնում Վիգեն Չալդրանյանի անունը լսել անգամ չեն ուզում, չեն ուզում տեսնել նրան նաեւ տնօրենի պաշտոնում: Իսկ նրա նոր նշանակման դեմ եւս բողոքում ենՙ ոչ մի Սուրեն Շահվերդյան:

Համազգայինցիներն իրենց թեկնածուներն ունենՙ իրենց միջիցՙ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյան , տնօրեն Արման Նավասարդյան : Վիգեն Չալդրանյան, Սուրեն Շահվերդյան թեկնածուներից եւ ոչ մեկին իրենց թատրոնում տեսնել չեն ուզում: Իրե՛նց թատրոնում. նրանք հենց այդպես էլ ասում են: Սոս Սարգյանն է հավաքել թատրոնի հիմնական կազմը, բոլորը մի ընտանիք են, Համազգայինն էլ իրենց տունն է: Ստեղծագործող, արվեստի մարդու տեսանկյունից այս որակումները հասկանալ կարելի է: Բեմի մարդիկ զգացմունքային ու հուզական են վերաբերում իրենց մասնագիտությանը, մանավանդ երբ ամեն բանի հիմքը դրվել է իրենց Վարպետիՙ Սոս Սարգսյանի ձեռամբ: Բայց անդրդվելի կերպով մերժել ցանկացած մեկին, ով յուրային չէ, «դրսից» է եկել, անընդունելի է: Դրվածք, ավանդույթներ, գեղագիտություն, տեսակ հասկացություններն արվեստում շուտ են հնանում. հասկանալի է, որ յուրաքանչյուր թատրոն պետք է իր ոճն ու ձեռագիրն ունենա, բայց արդյո՞ք կարելի է մերժել այլոց գեղագիտությունը, տեսակն ու մոտեցումները եւ ոչ մեկին մոտ չթողնել Համազգայինի բեմին:

Թատրոնում դեկտեմբերի 1-ից գործադուլ է: Դերասանները մշակույթի նախարարությունից պահանջել են գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն նշանակել իրենց նախընտրած թեկնածուներին, եթե ոչ, գործադուլը կշարունակվի, եւ դեկտեմբերի 23-ին իրենք «Համլետի» պրեմիերան չեն խաղա, չեն ունենա նաեւ ամանորյա ներկայացումներ: «Ժողովուրդը նախկին իշխանություններին մերժեց, Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնեց, համախմբվեց ու Սերժ Սարգսյանին տապալեց, մենք հետեւում ենք մեր ժողովրդի օրինակին. համախմբվել ենք ու բողոքի ձայն ենք բարձրացնումՙ չենք ուզում աշխատել ո՛չ Վիգեն Չալդրանյանի, ո՛չ Սուրեն Շահվերդյանի հետ: Պահանջում ենք Նարինե Գրիգորյանի եւ Արման Նավասարդյանի նշանակումները եւ վերջ: Այլապեսՙ անժամկետ գործադուլ»,- հայտարարել են համազգայինցիները:

«Թավշյա հեղափոխության» բռնած գիծը շարունակվում էՙ ինչ-որ բան դուրդ չի՞ գալիս, բողոքիր, դուրս գցիր, ոչնչացրու: Դեմոկրատիա, մարդու իրավունքների պաշտպանություն, նոր Հայաստան, նոր իրականություն է ձեւավորվում: Միմյանց լսել, միմյանց հասկանալ ու հարգել չկա. հետո՞ ինչ, որ այդ արանքում կարող է արժեքներ, արժանապատվություն ոտնահարվեն: Սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտն ուրիշ ո՞նց է լինում:... Իմիջիայլոց, հիմա էլ Արտաշատի թատրոնում են իրար խառնվել. տնօրեն-գեղարվեստական ղեկավար-դերասաններՙ մեկը մյուսի հրաժարականն է պահանջում: Այնպես որ, այնտեղ էլ մի ուրիշ կճուճիկ է եփվում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 07-12-2018

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ