ԼԱՏՎԻԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Ա. Բ. Նոյեմբերի 29-ին Լատվիայի լուսանկարչական թանգարանում բացվել է լատվիահայ լուսանկարիչ Գեորգ Ավետիսյանի «Ծնունդ» խորագրով ցուցահանդեսը: Այն ներկայացնում է տեսողական պատմություններ մարդու ծննդավայրի, կյանքի ընթացքի եւ հիշողությունների մասին: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 13-ը: Գեորգ Ավետիսյանը ծնվել է Ռիգայում, հայ հոր եւ լատվիուհի մոր ընտանիքում: Ավարտել է Բրայթոնի համալսարանը լուսանկարչության մագիստրոսի աստիճանով: Յոթ տարի ապրել է Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Թագավորությունում, մասնակցել միջազգային տարբեր ցուցահանդեսների: Անցյալ տարի Ժամանակակից լուսանկարչական «Ֆոտոն» կենտրոնի «Տարբեր աշխարհներ 2017» մրցույթում Ավետիսյանն արժանացել է երկրորդ մրցանակին: Մրցույթում ներկայացված են եղել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ներկայիս ժամանակակից լուսանկարչության վերջին միտումները: Ըստ «Լատվիական հանրային մեդիա» կայքէջիՙ Գեորգ Ավետիսյանը տեղեկացրել է, որ իր հաջորդ նախագիծը կապված է իր արմատների բացահայտմանը, որը նա իրականացրել է անցյալ գարուն Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ: |