RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2018-12-13 22:18:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՔԱՅԼԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԱՂԵՐՍ ՉՈՒՆԵՆ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը: Ի տարբերություն անցած տարվա փառատոնին, ընթերցասեր հասարակությունն այս անգամ չգտավ «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչությանը: Ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ: Անցած տարվա փառատոնի ամենաակտիվ հրատարակչությունն այս տարի չէր մասնակցել փառատոնին: Այս եւ այլ հարցերի պատասխաններն ստանալու համար փորձեցի զրուցել «Անտարեսի» գործադիր տնօրեն

Արմեն Մարտիրոսյանի հետ:

- Պարոն Մարտիրոսյան, այս տարի Ձեր հրատարակչությունը չմասնակցեց Գրքի երեւանյան փառատոնին, այն դեպքում, երբ անցած տարի, կարելի է ասել, փառատոնի առանցքը «Անտարեսն» էր. ո՞րն է պատճառը:

- Մենք հրաժարվել ենք մասնակցել Գրքի երեւանյան երկրորդ փառատոնին, քանի որՙ ա) Նիկոլ Փաշինյանի հայտարարած եւ Մշակույթի նախարարության իրականացրած քայլերը միմյանց հետ աղերս չունեն: բ) Ֆրանկոֆոնիայի միջոցառումներից «Անտարեսը» դուրս էր մղվել, այնինչՙ ֆրանսալեզու գրականության 35 կարեւոր գործերի անտարեսյան թարգմանությունները ներկայացված էին որպես պետության ձեռքբերում: Այդ նույն Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում երեք գիրք է պատվիրվել պետության կողմիցՙ առանց մրցույթ անցկացնելու, հրատարակչիՙ անհասկանալի ընտրությամբ: գ) Փառատոնի անցկացման համար հայտարարված մրցույթը չեղարկվել էր առանց օրենքի պահանջները հաշվի առնելու: դ) Նախարարության հայտարարած տարբեր մրցույթներում դիտավորյալ «հատուկ» վերաբերմունքի են արժանացել «Անտարեսի» հետ այս կամ այն կերպ առնչվող հեղինակները: ե) Մինչ օրս Մշակույթի նախարարության անցկացրած կամ ֆինանսավորած բոլոր միջոցառումները հակամրցակցային են եւ խանգարում են ազատ շուկայի ձեւավորմանըՙ պետությունը մրցում է իր հարկատուի դեմ հարկատուի վճարած հարկերով:

- Կարելի՞ է Մշակույթի նախարարությանը մեղադրել Ձեր` փառատոնին չմասնակցելու համար:

- Ես մինչեւ փառատոնը հանդիպել եմ նախարարի ու փոխնախարարի հետ եւ ասել, որ մենք այս քաղաքականությունից նեղված ենք եւ չենք մասնակցելու: Նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ թույլ չի տա, որ մենք չմասնակցենք: Ես դա ընկալեցի որպես անարդարությունների փաստի ընդունում եւ սպասում էի, որ որեւէ քայլ կվերանայվի: Մյուս կողմից հասկանում եմ, որ նախարարը գտնվում էր արձակուրդում եւ ընտրապայքարի մեջ էր: Դա նշանակում է, որ կա խումբ, խմբակ, որն օգտվեց նախարարի զբաղված լինելուց եւ իր սեւ գործը տարավ մինչեւ վերջ:

- Ի՞նչ կարծիքի եք մրցանակաբաշխության մասին, համաձա՞յն եք արդյունքների հետ, գտնու՞մ եք, որ ամեն ինչ թափանցիկ էր:

- Ես անձամբ դեմ եմ, որ պետությունը մրցանաբաշխություն անցկացնի: Գործադիր իշխանությունը չի կարող այսպես ասածՙ դատավոր լինել արվեստում եւ ընդհանրապես: Եթե այդպես լիներ, ապա դատական համակարգը կարիք չէր լինի առանձնացնել գործադիրից: Մրցանակաբաշխությունները ամբողջ քաղաքակիրթ աշխարհում անում են մասնավորը կամ հասարակությունը: Նույնը վերաբերում է կոչումներին: Պետությունն իր փողը պետք է ծախսի միայն սպառողի, այսինքնՙ այդ փողը տվողիՙ ժողովրդի վրա: Դա նշանակում է ֆինանսավորել ծրագրեր, որոնք կխթանեն ընթերցանությունը, թանգարան կամ պատկերասրահ այցելելը, ներկայացում կամ համերգ ունկնդրելը: Նոբելյան մրցանակը մասնավոր անձի հիմնադրած մրցանակն է: Սովորենք լավից, ընդօրինակենք լավը: Մոռանանք Սովետը իր վաստակավորով ու ժողովրդականով:

- «Անտարեսում» գիրք տպագրած հեղինակներն այս փառատոնի ընթացքում այնքան էլ ակտիվ չէին, ո՞րն եք համարում դրա պատճառը:

- Ներողություն եմ խնդրում ճշտելու համար. բայց «Անտարեսում» գիրքը չի տպագրվում, այլ լույս է տեսնում: Մենք գտնում ենք տաղանդավոր հեղինակ եւ ներդրում ենք անում ոչ միայն գրքի մեջ, այլ նաեւ այդ հեղինակի իմիջն ենք կառուցում: Մենք շատ ուշադիր ենք այն բոլոր լրատվական հոսքերի հանդեպ, որ վերաբերում են մեր հեղինակին: Մենք տեսել ենք, որ մեր հեղինակների գործերը տրվել են ոչ կոմպետենտ մարդկանց, որոնք մեր հրատարակչության կողմից որպես հեղինակ մերժված են եղել կամ ունեցել են այլոց կողմից ուղղորդված կանխակալ տրամադրվածություն: Եթե դու հրատարակել ես հիսուն գրողի ստեղծագործություն եւ նպատակ ունես թացը չորի հետ չխառնել ու որակի չափանիշը բարձր պահել, ապա ստիպված ես անտաղանդ հեղինակին կամ գրամոլին մերժել: Մենք մերժել ենք առնվազն 1500 իրեն գրող պատկերացրած մարդու: Այդ մերժելը ցավոտ պրոցես է, եւ շատերի մոտ վեր է ածվում թշնամանքի: Հիմա այդ մերժվածների մի մասին բերել-դրել են ժյուրի ու հնարավորություն տվել, որ մեզ, մեր հեղինակներին հոշոտեն: Մենք առաջին հերթին այս անպատվաբեր քայլի դեմ ենք ըմբոստացել, հանուն մեր հեղինակների պատվի: Շատերը հասկացել են մեր քայլը եւ չեն մասնակցել այդ փառատոնին:

- Դուք ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով կկազմակերպեիք փառատոնը:

- Մենք մասնակցել ենք փառատոնը կազմակերպելու մրցույթին եւ այնտեղ ներկայացրել ենք մեր կոնցեպտը: Մեր առաջարկած փառատոնը ընթերցողի շուրջ է: Այնպես, ինչպես դա նկարագրեց վարչապետը Օպերայի թատրոնի բեմից, երբ հանդիպում էր մշակույթի գործիչների հետ: Ֆինանսավորել, խթանել ոչ թե առաջարկը, այլ պահանջարկը: Ո՞րն է այս բնագավառի խնդիրը Հայաստանում: Երբ գրողին ուղիղ փող է տալիս պետությունը, ապա ամենակարեւոր հանդիպումըՙ գրողի խոսք-ընթերցողի աչք մտերմիկ զրույցը չի կայանում: Մեր առաքելությունը գրողի խոսքը ընթերցողին հասցնելն է, ու ընթերցողի վճարած վճարի մասն էլՙ գրողին հասցնելը: Պետք է աշխատի գրող, թարգմանիչ, խմբագիր, հրատարակիչ, գրավաճառ, գրադարան, ընթերցող շղթան, այնինչ Մշակույթի նախարարությունն արդեն քսան տարի է կարճ միացման կողմնակիցն է: Ինչո՞ւ: Քանի որ եթե Մշակույթի նախարարությունը ստեղծագործողներին տրվող գումարները տա գրադարաններին, ապա այդ շղթան կսկսի աշխատել: Բայց: Բայց ոչ մի գրադարանավար չի հիշատակի մշակույթի նախարարին կամ փոխնախարարին: Իսկ գրողը եւ հրատարակիչը պատրաստ են որքան ասես դատարկ խոսք շռայլել եւ լրատվամիջոցների, այսինքնՙ հանրության առջեւ գովել պաշտոնյաներին: Քչերը կարող են այս գայթակղությունից հրաժարվել: Համենայն դեպսՙ վերջին քսան տարում դեռ ոչ մեկը չի հրաժարվել:

- Որպես ՀՀ ամենաակտիվ հրատարակչության տնօրեն, այս ամենն արհամարհանք չե՞ք համարում «Անտարեսի» հանդեպ:

- Եթե մեր թիմը նախարարության վերաբերմունքը չի համարում արհամարհանք եւ չի տեսնում ակնհայտ դիտավորություն, կարող էր եւ մասնակցել փառատոնին: Բայց ես ուզում եմ որպես քաղաքացի մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Այս ծանր պայմաններում, հարկերի ու վարկերի տակ ճկռելով, ՀՀ հարկատուն մի կերպ այս հարկը վճարում է: Վճարում է, որ բանակ ունենա, որ լավ ուսում կարողանա ստանալ իր երեխան, որ որակ լինի մշակույթի ոլորտում: Երբ մրցակցությունը դադարում է, եւ պետական պաշտոնյան է որոշումՙ ով է լավ երգիչ, ով է լավ բանաստեղծ, ապա այստեղ մեռնում է մրցակցությունը եւ սկսում հանցանքը, որը կոչվում է հովանավորչություն: Ու հարկատուի մի կերպ վճարված հարկը մսխվում է:

- Ի՞նչ պայմանների դեպքում Ձեր հրատարակչությունը կմասնակցեր փառատոնին:

- Եթե գոնե փորձեին բացատրելՙ ինչու են Ֆրանկոֆոնիայի ժամանակ օրենք խախտել եւ մրցույթ չեն անցկացրել: Եթե նոր ժյուրի նշանակվեր բուքֆեստում եւ այլ մրցույթներում կամ բողոքարկման հնարավորություն տրվեր, եթե գոնե հարգվեր ՀՀ հարկատուն, որը մասնակցել է բուքֆեստի կազմակերպման մրցույթին ու գոնե մի նամակ գրվեր, թե ինչու են օրենքը խախտելով մրցույթը չեղարկել եւ տվել պաշտոնյային, որ նա անցկացնի: Ոչ մի բացատրություն: Մենք կգնանք օրենքի տառին համաձայն մեր շահերը կպաշտպանենք: Ասում եմՙ ամենացավալին այն է, որ Նիկոլի լիբերալիզմից այս նախարարությունում անգամ ֆուտլյարը չի մնում: Սովետ է: Սովետ: Մտեք որեւէ թատրոն ու կհամոզվեք, որ Սովետ է:

- Ի՞նչ եք պատրաստվում անելՙ այս կապակցությամբ:

- Մենք մեր ստեղծագործողների հանրահռչակմամբ ենք զբաղված: Մյուս կողմիցՙ մի քանի օր մեր ընթերցողների համար բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել: Ու ոչ մի լումա պետական փողից այս գործի վրա չի ծախսվել: Գրքի փառատոնը չի պղծվելՙ վերածվելով համերգի: Գրքին նեղացրել են այդ բուքֆեստում: Գրքին մոտ եկող չեն կարողացել բերել, համերգ են կազմակերպել, որ գոնե մարմիններ լինեն այդ սրահում: Ու վատնել, վատնել, վատնել են մեր վճարած հարկերը:

- Գրական դաշտում մենաշնորհացման վտանգներ տեսնո՞ւմ եք, եթե այո, ո՞ւմ կողմից:

- Պետությունը մշակույթի դաշտից պետք է դուրս մղվի: Պետության գործը ոլորտը կարգավորելն է, այլ ոչ փառատոն անցկացնելը կամ գիրք հրատարակելը կամ մրցակցությունը խաթարելը: Ամենաազդեցիկ խաղացողը միշտ պետությունն է: Իսկ պետությունը չպետք է մրցակցի իր հարկատուների հետ: Պատկերացրեք, որ պետությունը ֆինանսավորեր հացի մի փուռ եւ մյուսներինՙ ոչ: Այս պարազիտ ֆինանսավորվողը կուլ կտար ամբողջ շուկան: Մեկ այլ բան. պատկերացրեք, որ պետությունը հռչակեր, որ մատնաքաշը ամենալավ հացն է եւ տար վաստակավոր մատնաքաշի կամ ժողովրդական լավաշի կոչում: Այսպիսի բաներ է անում մեր կառավարությունը մեր մշակութային դաշտում: Այս երեւույթների արմատներն ունեն առնվազն քսան տարվա հայաստանյան խորություն եւ մի յոթանասուն էլՙ Չարենց սպանած Սովետի: Ես այս հարցազրույցը միտումնավոր ձգձգեցի, ինչի համար ներողություն եմ խնդրում: Բայց նպատակ ունեի: Ես ուզում էի, որ իմ խոսքը բացասական չազդի ընտրությունների արդյունքների վրա, կամ ինչ-որ կանխատրամադրվածություն չստեղծի եւ որոշ մարդկանց ավել-պակաս խոսելու առիթ չտա: Եվ պատասխանեցի արդյունքները լսելուց հետո: Ես իրավունք չունեի թեկուզ փոքր-ինչ վտանգել մեծ ու կարեւոր գործընթացը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 14-12-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ