RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 28-12-2018



Տեղադրվել է` 2018-12-27 21:54:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1055, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՆԵՆԱ՞Լ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵՙ ՉՈՒՆԵՆԱԼ

Նաիր ՅԱՆ

ՀՀ-ի կառավարության կառուցվածքը փոխվում է. 17 նախարարությունների փոխարեն կգործի 12-ը: Իրավական ակտի նախագիծն ուղարկվել է բոլոր նախարարություններ, սակայն ամենաբուռն ու էմոցիոնալ արձագանքողը մշակույթի նախարարությունը եղավ: Դեկտեմբերի 21-ին նախագիծն ստանալովՙ նույն օրն առավոտյան ժամը 9-ին նախարության աշխատակիցներն աշխատավայր մտնելու փոխարեն ցույց արեցին, նամակ գրեցին Նիկոլ Փաշինյանին, տակն էլ ստորագրեցին, թե կառավարության կառուցվածքային փոփոխության հետ համաձայն չեն: Գործադուլ:

Կառավարության նախագծի համաձայնՙ մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները հունվարի 1-ից միավորվելու են: Օպտիմալիզացիայի այս քայլը կառավարությունը հիմնավորում է նախարարությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ: Թե ինչպես է արդյունավետությունը բարձրանալու, կառավարման ինչ մեխանիզմներ են ներդրվելու, ոչ ոք չգիտե: Խոստացվել է, որ կրճատումներ չեն լինելու, սակայն միավորվող նախարարությունների աշխատակիցները մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ կրճատումներ լինելու են: Հակառակ դեպքում օպտիմալիզացիայի այս ծրագիրն ի՞նչ իմաստ ունի:

Այն, որ առհասարակ պետական կառավարման համակարգի աշխատակիցների թիվն ուռճացված է, չեն ժխտում անգամ այդ համակարգում ներգրավվածները: Ծանոթ-բարեկամ, ընկեր-դասընկեր. հաստիքներ կան, որոնք մոգոնվել են հատուկ այս կամ այն մարդուն աշխատանքի տեղավորելու նպատակով: Մշակույթի նախարարությունը բացառություն չէ: Հատկապես լրագրողներն ու շարքային քաղաքացիները լավ գիտենՙ քանի օր է պահանջվում նախարարությունից մի պարզ տեղեկանք կամ նամակի պատասխան ստանալու համար:

Անշուշտ, ինչպես յուրաքանչյուր կառույցում, մշակույթի նախարարությունում էլ կան գործի ամբողջ ծանրությունն իրենց ուսերին տանող, մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներ: Որպես կանոն, նրանց թիվը շատ քիչ է, ու հենց նրանց վրա են հենված նախարարության գործառույթները, հենց նրանք են աշխատում չաշխատողների, բայց ամեն ասմսվա սկզբին պարտաճանաչ վճարվողների փոխարեն: Մարզերում պատմամշակութային հուշարձանների պահապաններն ստանում են 60 հազար դրամ աշխատավարձ եւ հսկում են մի քանի տասնյակ կմ. տարածք: Տասնամյակներ շարունակ այս սկզբունքով է աշխատել մշակույթի նախարարությունը: Հիմա ցույց ու գործադուլ են անում չարքաշ աշխատողն էլ, չաշխատողն էլ: Բողոքում ենՙ հինավուրց մշակույթ, երկրով մեկ սփռված բազմահազար հուշարձան, հին դպրություն ունեցող երկիրն ինչպե՞ս կարող է չունենալ մշակույթի նախարարություն, ախր Հայաստանում մշակույթի նախարարույթունը պետք է Պաշտպանության նախարարությանը հավասար լինի, պետք է ազգապահպան առաքելություն ունենա, մշակի ու իրականացնի մշակութային քաղաքականություն ու ռազմավարություն: Այո՛, մինչ այժմ մշակույթի նախարարությանը հենց այդ լիազորություններն ու իրավունքներն էլ վերապահված են եղել: Բարձր ամբիոններից ճոխ եւ ականջահաճո ելույթներ են հնչել մշակութային քաղաքականության իրականացման մասին: Բայց արի ու տես, որ մեր հասարակության մշակութային դրսեւորումներն ու ընկալումները ոչ մի ընդհանրություն չունեն բարձր ամբիոններից ներկայացվող մշակութային քաղաքականության, ազգապահպան ռազմավարության հետ: Փաստերը մեր առջեւ են ամեն օր: Պատմամշակութային հուշարձանների հաշվին իրականացվել են քաղաքաշինական նախագծեր, էկրաններին ու բեմերին հայտնվել են ամենապատահական արկածախնդիրներՙ իբր կինո ու թատրոն ներկայացնելով, շոու-բիզնեսը դարձել է արվեստի բարձրագույն նշաձող, ռաբիս երգիչները վաստակավորի կոչումներ են ստացել, նրանց առջեւ փակ դուռ չկա, պարտվում ենք արտաքին մշակութային քաղաքականության մեջ. մեր ոչ նյութական արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես ադրբեջանական: Ո՞ր մեկն ասենք, ո՞րըՙ թողնենք: Փաստը մնում է փաստ, որ յուրաքանչյուր հարց, խնդիր ուղիղ, պարզ լուծում ստանալու փոխարեն ծանրանում, տարբեր վարչություններում թղթաբանական, տերմինաբանական հոսքագծերով անցնում, խճճվում-մնում է կեսճանապարհին: Բայց արի ու տես, որ այդ հարցի վրա մի ամբողջ նախարարություն է գլուխ պայթեցնում, ջղայնությունից եղունգ կրծում, իրար վրա գոռում, ժողով ու մասնագիտական հանձնախումբ հրավիրում, 7 օր քննարկում, գրավոր նկատողություն գրում. եւ սա կոչվում է պետական կառավարման համակարգ: Իհարկե, այստեղ նորից ու կրկին մեր խոնարհումն այն եզակի աշխատողներին, որոնք այդ համակարգում ծանր հրետանու դեր են կատարել:

Հիմա հարց մշակույթի նախարարության աշխատակիցներին. երբ պատմամշակութային կոթողների հաշվին բիզնես-ծրագիր է իրականացվում, երբ մարզային գրադարաններում գրքերը դիտավորյալ հրդեհի են մատնվում, երբ համատարած անճաշակությունն իշխում է ձեր մշակութային բարձ պատկերացումներին, ինչո՞ւ ցույց ու գործադուլ չեք անում ու երբեւէ չեք արել: Չէ՞որ մշակույթի նախարարություն ասվածը շենք չէ, այլ շենքում աշխատող մարդիկ են, որոնք, ինչպես դուք եք հավաստիացնում, մշակում եւ իրականացնում են մշակութային քաղաքականություն, պահպանում ու տարածում են մշակութային բարձ արժեքներ: Այդ արժեքները ոտնահարվել են տասնամյակներ շարունակ. երբ ավելի վերեւներում որոշվել է, որ այսինչ ռեժիսորի անփառունակ ֆիլմը, այսինչ արտոնյալ արվեստագետի անտաղանդ ստեղծագործությունն է ցուցադրվելու, պետական մրցանակը, պարգեւն ու կոչումն այսինչին են տալու, ինչո՞ւ եք միշտ ու մշտնջենական լռել: Ինչո՞ւ եք հանդուրժել, որ ձեր մասնագիտական կարծիքը շրջանցվի, իսկ հիմա վիրավորվում եք, որ հայրենի կառավարությունը մշակույթի նախարարությունը միացնում է կրթության ու սպորտի նախարարություններին ու ձեր մասնագիտական կարծիքը ոչ ոք չի հարցրել: Հիմա արդեն վիրավավորվում եք: Տասնամյակներ շարունակ կարծիք ու տեսակետ է ձեւավորվել, որ մշակույթի նախարարությունն ապրում ու գործում է հասարակությունից մեկուսացած, մի առանձին իրականության մեջ, որն ընդհանրություններ չունի հանրության հետ: Տասնամյակներ շարունակ կարծիք ու տեսակետ է ձեւավորվել, որ մշակույթի նախարարությունը թեւ ու թիկունք չի կանգնում ճաշակավոր, զտարյուն արվեստագետին. եթե իրական արվեստ ու մշակույթ ստեղծվել է, ապա ոչ մշակույթի նախարարության ջանքերի շնորհիվ: Իրական արվեստագետն ու մտավորականը ստեղծել ու գործել են մշակույթի նախարարույթյունից հնարավորինս հեռու մնալով, այդ կառույցից խուսափելով: Տասնամյակներ շարունակ կարծիք ու տեսակետ է ձեւավորվել, որ մշակույթի նախարարությունն ավելի շատ խանգարում է, քան օգնում, ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան խնդիրներ է լուծում:

Բայց այս կարծիքներն ու տեսակետերը նախարարությունը փակելու կամ օպտիմալացնելու հիմք եւ պատճառ չեն: Եթե նախկինում կուսակցական շահերից, մենաշնորհային կարծրատիպերից ելնելովՙ մշակույթի նախարարության գործառույթներն անփոփոխ են եղել, ապա հիմա՞ ինչն է պատճառը, որ նախարարության առաջ նոր խնդիրներ չեն դրվում: «Իրավիճակ է փոխվել» արտահայտությունը դարձել է նաեւ աշխատանքային կարգախոս. համենայն դեպս, այդպիսի տպավություն է ստեղծվել: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում նոր իշխանություններին մշակույթի նախարարությունը նոր հիմքերի, նոր արժեհամակարգի վրա դնելու: Փոխարենը կարճ-կոնկրետ օպտիմալացնում են, ասել է թեՙ փակում են: Ի՞նչ է ստացվում. նախարարությունը միավորում են մեխանիկորե՞ն. եթե կրճատումներ չեն լինելու, ապա միավորելու իմաստը ո՞րն է: Եթե միավորում են, ապա մի ամբողջ նախարարության կառավարման համակարգՙ վարչություններով, գործակալություններով, ՊՈԱԿ-ներով, ինչպե՞ս է անփոփոխ կերպով տեղավորվելու այլ նախարարության կազմի մեջ: Միայն մշակույթի նախարարությունը 130 աշխատող ունի: Աբսուրդի, զավեշտի հասնող մի որոշման մասին. պատմամշակութային հուշարձանների պահպանությունը հանձնվում է քաղաքաշինության կոմիտեին: Գառը գայլին պահ են տալիս: Հայտնի ճշմարտություն է, որ այս երկու կառույցները հակոտնյա են. քաղաքաշինական ծրագրերը հաճախ իրականացվել են պատմամշակութային հուշարձանների հաշվին: Քաղշինի շինարարական թույլտվությունները հուշարձանների պահպանությունում որպես կանոն մերժվել են, վեճ ու կռվի, դատ ու դատաստանի պատճառ դարձել: Թարմ օրինակՙ Արամի 23-ը: Տիգրան Հեքեքյանը շինթույլտվությունն արգելելու փաստաթղթերը ձեռքին քաղշինի, քաղաքապետարանի ու կառավարության դռներն է դեռ ծեծում: Անօգուտ: Հիմա քաղաքաշինությունն ու հուշարձանների պահպանությունը մի կաթսայի մեջ են եռացնելու:

Ոչ ոք չգիտեՙ հունվարի 1-ից կառավարաման ինչ համակարգով է աշխատելու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի վերաձեւվված նախարարությունը: Նաեւ հայտնի չէՙ ովքեր են աշխատելու: Իրավիճակը վերլուծելովՙ ցավալի եզրահանգումների ենք գալիսՙ կա՛մ նոր իշխանություններն ի վիճակի չեն նոր կարգուկանոնով, մշակութային ուժեղացված ու լուրջ ռազմավարություն իրականացնելու պատրաստ մշակույթի նախարարություն պահել ու աշխատեցնել, կամ չեն գիտակցում մշակութային ուժեղացված ու լուրջ ռազմավարության անհրաժեշտությունը: Ռեսուրսներ կան, բայց այլ հարց է, որ նրանց դժվար է գտնել խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլի» շարքերում: Եվ քանի որ, ինչպես տեսնում ենք, կուսակցական շրջանակներից դուրս կադրերի ընտրություն չի կատարվում, ուստի նախարարությունը պետք է դարձնել կցորդ: Եվ այո՛, եթե մշակույթի նախարարությունը կարող էր մնալ հին ձեւաչափով ու բովանդակությամբ, ուրեմն լավ է, որ չի մնացել: Կա՛մ պետք է ունենալ ուժեղացված, ռազմավարական հզոր ծրագրերով, գաղափարական ազնիվ մարտավարությամբ, մրցունակ ու անխոցելի նախարարություն, կա՛մ չունենալ: Ի վերջո, եթե այն ինչ արվել է մինչեւ հիմա ՙ առանձին նախարարության կարգավիճակով, կարելի է անել նաեւ այլ նախարարության կազմում: Իսկ իրավիճակը ցույց է տալիս, որ «մշակութային քաղաքականություն» հնչեղ արտահայտությունը մոտ ապագայում բովանդակային էվոլյուցիայի չի ենթարկվելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #49, 28-12-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ