RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019



ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ

Տեղադրվել է` 2019-01-17 22:11:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 909, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՈՒԹՍՈՒՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՇԻՏԱԿ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Այս տարի Հոկտեմբերի վեցին գրեթէ անշշուկ ութսուն տարեկան դարձաւ Իրաքի Բասրա քաղաքում ծնուած, 24 տարեկանից ի վեր Միացեալ Նահանգների Արեւելեան ափ հանգրուան նետած Հրանդ Մարգարեանը: Նշանակում էՙ ստեղծագործական, ընկերային եւ գիտական հարուստ, բազմերես ժառանգութիւնը արժեւորելու, բարձր գնահատութեան շրջան ենք բոլորում, երբ հաստատում ենք, թէ Հրանդը վաստակած հանգստեան ետեւից չէ, որ ընկած է այս յոյժ կենսական շրջադարձի փաստով, այլ այսօր էլ առօրեայի մէջ շարունակում է հետապնդել իր ազգային դիմագիծը բոլորագծելու գերխնդիր, եթէ գիտակցօրէն ու արեամբ ընտրել է ժողովրդին ծառայելու ուրիշ միջօրէականՙ Հայաստանի սահմաններից հազարաւոր մղոններ հեռու Նիւ Եորքի խառնարանը:

Հրանդ Մարգարեանի կրթութիւնն էլ երկփեղկ էր. սկիզբըՙ բնականաբար, գորշ ու անկրակ Բասրան, Մարկիլի ազգային խղճուկ նախակրթարանը, ապա անդադրում ճամբայՙ հասնելու համար Բասրայի պետական միջնակարգ եւ երկրորդական վարժարանները: Այստեղ երեւան եկան բնագիտութեան եւ զուգահեռաբար ազգային մշակոյթի հանդէպ հետաքրքրութիւնները, որոնց ներքին պահանջով է, որ եկաւ Բաղդադ: Այստեղ նրան նկատեցին, նախ, Գիտութիւնների պետական առաջնային քոլէճում, ուր ընտրեց տարրաբանութեան վերլուծական ճիւղը, ստացաւ բակալաւրի աստիճան:

Պատանի Հրանդը ուշիմ էր, աչքաբաց, ուսման մէջՙ բացառիկ, ուստի եւ կառավարական հոգածութիւնը չուշացաւՙ արդէն 1962-ին ուղարկեցին Միացեալ Նահանգներՙ Սթիվենսի ինստիտուտի տեխնոլոգիական քոլէճ, որի կառավարման մագիստրոսական բաժինը գերազանցութեամբ աւարտեց չորս տարի անց, 1966-ին, իսկ միջուկային տարրաբանութեան գծով քիմիագիտութեան դոկտորի վկայագիր ստացաւ արդէն 1971-ին: Մէկ տարի անց եւ անընդմէջ քառորդ դար, 1972-1994 թուականներին, նա բնագիտական գծով փնտռուած դոկտորն է, Փրիսթըլ Մայըրս դեղորայքների հաստատութեան մէջ պատասխանատու կազմակերպիչ, իսկ մինչ այդՙ 1971-1972 թթ., դարձել էր Կոլումբիայի փառաբանուած համալսարանի աւագ գիտաշխատող, ասել է թէՙ քայլ առ քայլ յաղթահարում էր կարիէրայի, օտար բառերի համար ներող եղէքՙ «մենեջմենթական» գայթակղիչ աստիճանակարգերը:

Անկեղծ լինենք, թերեւս մէկ ուրիշի առջեւ կրնկի վրայ բացուած գիտական հեռանկարները հայ մշակոյթից, գրից մէկընդմիշտ կտրուելու լուրջ արդարացում պիտի դառնային, քանի որ, գիտենք, ազգային փորձառութիւնը տառապանքի գին ունի. Ամերիկան շլացնող ուղիներ էր խոստանում հայորդիներին:

Միայն 1994-ին Հրանդ Մարգարեանը արդէն ստացաւ գիտական բարձրագոյն տիտղոսները, դարձաւ համալսարանի պրոֆեսոր:

Դարձակէտ էր ութսունականների սերնդի ազգային զարթօնքըՙ անակնկալ, անըմբռնելի գուցէ շատերի, բայց ոչ Հրանդի համար: Ու այստեղից է ծնունդ առել նորոգուող ազգային մշակոյթին ծառայելու եղանակի աներկբայ նոր վճիռը: Իր համար միասնական է ծառայութեան այդ կերպը, ինչպէս միասնական է հայկական մշակոյթըՙ լինի արեւելահայ թէ արեւմտահայ տարազով:

Հզօր կամք պիտի ունենաս Նիւ Եորքի պէս համաշխարհային ամենակուլ ովկիան յիշեցնող քաղաքում, որ չտրուես կոսմոպոլիտ յորձանքին եւ հենց այստեղ պաշտպանես փխրուն, անպաշտպան թուացող հայաշխարհի մշակութային կոչնակները օտար մարտահրաւէրներից: Պաշտպանական չորս վահաններ է գործածում իր ստեղծարար կենսադաշտում երէկուայ քիմիկոսը, որոնցից մէկը թատրոնն է ու թատրերգութիւնը, միւսըՙ բանաստեղծութեան կալուածը, այս ամէնի կողքին կարելի է որսալ գրական քննադատութեան վիրաւոր աշխարհը, եւ վերջապէս, որպէս յայտարար, արեւմտահայ արժէքների համակարգը: Այս քառեակ միասնութեան մէջ ամփոփուած է Հրանդ Մարգարեանի գրամշակութային սխրանքը, որի հուրը, ինչպէս յուշում է ինքնին իր անունը, երկընկեց է, անդ է: Դա գալիս է «Համազգային» համահայկական կրթական եւ մշակութային կազմակերպութեանը իր անմնացորդ նուիրումից, ինչ ներառում է այլեւս իր շահագրգիռ մօտեցումների ասպարէզները:

Ընդ որումՙ անտես թելերով դա զօրանում է գրեթէ ամէն տարի, երբ նրան տեսնում ենք Երեւանում, ուր մտաւորականների, ուսանողութեան, սփիւռքահայ ուսուցիչների հետ առօրեայ կենսական-ճանաչողական շփումները կլանում են, տանում հին աշխարհի նոր սահմաններ, ուր կարեւոր է, թէ ինչպէս պիտի նոր օրերում հաղորդի իր կենսափորձը, որոշի երիտասարդ սերնդի ինքնութեան դրոշմը, որոնցով իրեն կապի նոր ժամանակի ըմբռնումին:

Այստեղիցՙ հարկ է որ վերակազմակերպենք նրան տրուող յաճախ յայտնի ու որոշ չափով շատերիս անծանօթ գրամշակութային բարձր նկարագիրը, որ ընդգծենք, թէ մեր առջեւ ժամանակի մէջ փոփոխուող, բայց գրագէտի միջուկը պահող-պահպանող, սուրսայր լայն կարկինով բացուած մշակոյթի մարդն էՙ թատերագիր, բեմադրիչ, դերասան, թատերագէտ, բանաստեղծ, մտածող:

Նախ, հպանցիկ խօսք բացենք Հր. Մարգարեանի թատրոնի աշխարհի լայն ընդգրկումների մասին: Թատրոնի մարդը իր մէջ հունցուել է դեռ իրաքեան շրջանի պատանեկան խանդավառութիւնից. ինքը յիշում է, թէ ինչպէս, վեհերոտութիւնը կոծկելով, 1956-ին բեմ է բարձրացելՙ Բասրայի դպրոցական բեմում ներկայացնելով «մեծապատիւ մուրացկան» Բանաստեղծի երկշերտ տարերքը, երբեք չխորհելով, որ յետագայում սփիւռքահայ մէկ դերասանի, մէկ արուեստագէտի «խեղճութեան» բարդոյթի յաղթահարումը իրեն պիտի տրուի արդէն ամերիկեան ու հայկական հոգեմիջավայրերում, երբ հանդէս էր գալու իբրեւ հայի ու հայկականի համար անդուլ մարտնչող արուեստագէտ: Նախ, արժեւորենք իննսունական թթ. անգլերէն գրուած եւ Բրոդուէյի բեմերում յաջողութեամբ խաղարկուած «Հայելիներ»ը ( Mirrors ), որը լայն ճանաչում բերեց նրան ամերիկեան թատերական միջավայրում, որ յետոյ թարգմանեց հայերէնի 2011-ին:

Խոր գնահատանքի է արժանի երեսուն տարի առաջ գրած, յետոյ զգալիօրէն սեղմած մենաթատրոնի նիւթըՙ Խրիմեան Հայրիկի ներքին ծալքերը բացող մենախօսութիւն-նկարագիրը, որի մէջ տառապակոծ ժողովրդի հանդէպ առաջնորդի կեանքի վերջին քառասուն օրերի ցմրուր ապրած տագնապը, ցաւը տարրալուծւում են հերոսականութեան առթած հպարտութեանը: Ճիշդ 110 տարի առաջ մահացաւ Ամենայն Հայրիկը, բայց մահից անմիջապէս առաջ Ս. Էջմիածնում արտայայտած իր ապրումները, դիտարկումները մնում են խիստ արդիական, համահունչ մեր օրերին: «Փորձ մը ըրած եմ անոր ձայնը լսելի դարձնելու այս օրերուն. չէ՞ որ ան եզակի է մեր պատմութեան մէջ, իր ունեցած դերակատարութեամբ, կշիռքով...: Վստահ եմ, որ Խրիմեան Հայրիկ,- արդարամտօրէն խոստովանում է թատերագիրը,- այսօր այնքա՛ն արժէք ունի, որքանՙ այն ժամանակ: Պատահական չէ, որ երբ ես Խրիմեան Հայրիկի կերպարով բեմ ելայ, դահլիճին մէջ զօրաւոր ծափահարութիւններ հնչեցին...» : Յիրաւի, նա՛ էր խօսում, նա՛ էր տոգորում, նա առաջնորդողի դերում էր:

Կերպարաստեղծ ճանապարհի վերելքի երկար կեռմաններում Հր. Մարգարեանը անցել է թատերական հարուստ փորձառութիւն Նիւ Եորքի Circle In The Square թատերական դպրոցում, «Թիշ» Արուեստից քոլէճում, «Շրայպըր» թատերական ստուդիայում: Դասաւանդել է տեղական թատերական «Սենթ Էլիզապէթ», «Րոքլընտ» քոլէճներում: Աւելորդ չէ եւս մէկ անգամ յիշել, որ «Համազգային» կրթական եւ մշակութային միութեան ակնառու եւ անփոխարինելի դէմքերից մէկն է առ այսօր մնում, ինչպէս ասում ենՙ ափի մէջ պարզուած: Եւ դա նրա բոլոր մշակութային եւ կրթական նախաձեռնութիւններում «հին», բարի ժամանակներից ի վեր, թէեւ քանիցս անմնացորդ աշխատանքով վկայել է, որ իր ապրած ժամանակը միասնական մէկ չափում ունի: Դրա ապացոյցը իր դերակատարութիւնն է Նիւ Եորքի երբեմնի «Մասիս» սիրողական թատերախմբի պատմութեան մէջ, որը տասնեակ տարիներ անց հենց ինքն էլ վերակազմակերպեց արդէն իբրեւ «Համազգային»ի հանգուցային թատերախումբ, որի անփոփոխ ղեկավարն է մնում 1967-ից ի վեր, աւելի քան յիսուն տարի:

Թատերախմբերը այդպէս էլ մնացին իր տարերքը. 2005-ին նա հիմնեց նաեւ Նիւ Ճըրզիի պատանեկան խումբըՙ նորից «Համազգային»ի համախումբ դրօշի ներքոյ:

Իր առաջին թատերախաղըՙ «Շրջանը» խորագրով, հեղինակը բեմադրեց 1971-ինՙ գրեթէ կէս դար առաջ, թէեւ խոստովանում էՙ նախասիրութիւնն ու դերասանական փորձառութիւնը ձեւաւորուել, ընթացք են ստացել աւելի վաղ: Պարզապէս նկատի պիտի ունենանք, որ տարիների մէջ Հր. Մարգարեանը ցուցաբերել է ազգային պատմութեան ճակատագրական ծալքերը խուժելու թատերական կայուն նախասիրութիւն: Նշենք նրա գրած «Սողոմոն Թէհլիրեան», «Վարդանանք», «Հեթում արքայ» թատերակները: Չմոռանանք առաւել յաջողուածներից «Երբ արեւը կը լռէ» («Յաւերժի ճանապարհին») դրամանՙ նուիրուած Ռուբէն Սեւակի հերոսական կեանքին, որը բեմ բարձրացաւ 2005-ին, սակայն հետաքրքրութիւնը նահատակ բանաստեղծի նկատմամբ գալիս էր դեռ անցեալ դարի 60-ականների առաջին կէսերից, երբ Եղեռնի 50-րդ տարելիցին Գրականութեան բարեկամների միութեան պատուէրով բեմականացրեց «Ջարդի խենթը» պոէմըՙ Պարոյր Սեւակի «Անլռելի...»ի կողքին: Ի դէպ, փորձառու բեմադրիչը սիրում է նորոգել դասական բանաստեղծների մօտիւներըՙ վերհանելով իր շահագրգռութիւնները հայ գրական շքեղ լուսնապարտէզի շուրջՙ Շնորհալի, Մեծարենց, Վարուժան, Թումանեան, Շիրազ, Ժագ Յակոբեան, Զահրատ եւ շատ ուրիշներ:

Հեղինակած եւ բեմադրած թատրերգութիւնները նուիրուած են ամերիկահայ ժամանակակից կեանքի ազգային եւ ներհոգեբանական խնդիրներին: Նուիրումի յայտարարը աւելի քան պատկառելի է. գրել է երեք տասնեակից աւելի թատերախաղեր, բեմադրելՙ յիսունի հասնող գործեր, ստանձնել շուրջ 7 տասնեակ դերեր:

Իսկ ահա գրական աշխարհը նրան զօրացնող էպիքական նուիրական բաղկացուցիչն էՙ բանաստեղծ է, գրականութեան պատմաբան, գրաքննադատ, անցեալ դարավերջին (1985-1995) տասը տարի եղել է ծնողների արեամբ իրեն փոխանցուած Վասպուրականի հոգեաշխարհի մասունքների ծնունդ «Վարագ» պարբերականի պատասխանատուն, մեր պարզ բառովՙ գլխաւոր խմբագիրը: Աւելորդ չի լինի յիշատակել, որ այս դարասկզբին նա եղել է Պէյրութի համբաւաւոր «Բագին» հանդէսի խմբագրական կազմի գործօն անդամներից:

Իբրեւ բանաստեղծՙ Հր. Մարգարեանը էկզիստենցիալ առաջնային պատուհան է բացել գեղարուեստական մտածողութեան միջանցքներում, դատումը դարձել է նրա գրական աշխարհում հայեացքի կենսաձեւ, ինչը կարելի է որսալ նաեւ դրամաներում, ուր հերոսները խորհրդածում են, բայց հիմնականումՙ կեանքի ու մահուան լարուած սահմանագծերում: Խաղաղ ու հանդարտ է Էկզիստենցիալ դատողութիւնը գրողիՙ նաեւ վերլուծական յօդուածներում, ինչը յուշում է, որ այն ըստ էութեանՙ կառուցուածքային մենաշնորհ է, հայեացքի տիրական ներկայութիւն:

Հիմա երեւի չի էլ յիշում, որ առաջին քերթուածըՙ «Այն տղան», տպագրել է Բաղդադի «Գոյամարտ» շաբաթաթերթում, անցեալ դարի յիսունականների կէսերին: Կէս դար անց, աւելի ստոյգ 2004-ին, արդէն Երեւանում լոյս տեսաւ գրողիՙ հիմնականում իննսունականներին շարադրուած բանաստեղծական միակ ժողովածուն, որի խորագիրն արդէն «մատնում էր» ենթակայական ապրումի գիտակցական ներհոսըՙ «Ենթաեսէն փշրուած»: Բանաստեղծութիւնը դառնում է ծրագրային արժէք, որի էութիւնը նրա համար «մութ հոգիներու անկիւնէն նոր լուացուած աչք» է, «հորիզոնի վառ հպումէնՙ «նոր ստեղծուած», նշանակում էՙ անծանօթ վեց գոյն կամ գունային երանգ: Մի տեղ կեանքի փոթորկին խենթօրէն փարուած երկու հոգիՙ «ջրասահնակը գրկած», մեծ ալիքին կը սպասեն, «ծովը յորձանք կը բուրէ», իսկ ալիքը ուշանում է եւ այն էլՙ որքան...: Այլաբանական պատկերային համակարգը ալեխռով համանուագ է, որն ամբողջութեան մէջ կազմում է «փիլիսոփայութեան պարապը» («Պարապ էջ»), այլ բառովՙ անդունդը, ուր առերեւոյթ ենթաեսից փշրուած զանակները դառնում են ափերը ծեծող ալիքներ, որոնցիցՙ վտակի պէս հոսող հոգիներու ընդմէջէն հոսող ես-ը վերաճում է «խուլ ջրվէժի», «ահարկու փրփուրի» եւ վերջապէս «անկաշկանդ ձայնի», այսինքնՙ բանաստեղծութեան:

Գրականութեան նուիրական մէկ անկիւնն էլ նրա համար զուգադիր թարգմանութիւններն ենՙ հայերէնից անգլերէն, զորօրինակՙ Զահրատի 90 ամեակին ձօնուած հաւաքածուն, եւ հակառակըՙ Փիթեր Բալաքեանի «Օզօնի օրագրութիւնը» Պուլիտցերեան մրցանակ կոտրած չափածոյ ժողովածուի արեւմտահայերէն թարգմանութիւնը, որ լաւագոյնս կատարել է Հր. Մարգարեանը: Թարգմանութեան երեւանեան շնորհանդէսին ներկայ էին երկու լեզուներին քաջագիտակ անձեր, բանաստեղծներ, գրաքննադատներ: Եղեռնի անդրադարձի գեղարուեստական նոր արտայայտութիւնը արեւմտահայերէնի պատուհանով գրաւում է պատկերների յորդաբուխ անակնկալ մուտքով:

Հր. Մարգարեանը քանիցս պարգեւատրուել է: Բայց բարձագոյն պարգեւը Սփիւռքի եւ Հայրենիքի մտաւորականութեան համընդհանուր սէրն է, որը կրում է իբրեւ պատասխանատուութեան ծանր բեռ իր սրտումՙ յաչս ժամանակի արդէն տասնեակ տարիներ:

Հոկտեմբեր 1-22, 2018, Երեւան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ