RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-24 21:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 326, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Նաիր ՅԱՆ

Հետհեղափոխական Հայաստանում կրքերը շարունակում են փոթորկվել. ամեն անկյունից բողոքի ձայն է հնչում, հին իշխանություններին կրքոտ քննադատողները, փուքսները թողած, հիմա էլ նորերին են խեթ-խեթ նայում: Էյֆորիայի ժամանակն ավարտին է մոտենում: Եթե մի քանի ամիս առաջ հանրությունը մեծ հետաքրքրությամբ էր հետեւումՙ Նիկոլ Փաշինյանն ումՙ որտեղ նշանակեց, հին կադրերի հետ ինչպես վարվեց, հիմա նշանակումները չեն ոգեւորում անգամ Փաշինյանին սրբացնողներին: Ասենք, նոր նշանակումՙ որպես այդպիսին, չեղավ էլ: Կառավարության կազմը գրեթե նույնությամբ պահպանվեցՙ բացառությամբ Մանե Թանդիլյանի, որին փոխարինելու է Զարուհի Բաթոյանը: Իշխանության տարերային գործունեությանը զուգահեռՙ հանրային տարբեր օղակներում վայրիվերումների, հարաբերություններ ճշտելու, դիրքեր ամրապնդելու տեղայնացված գործընթացը շարունակվում է: Տարբեր ամբիոններից ասվել էՙ ով ինչ բողոք ունի, թող արտահայտի, ոչ մի բանի առաջ կանգ չառնի: Խնդրեմ, ամեն անկյունից բողոքի աղաղակ է հնչում:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ին հացադուլը վերսկսելու է, բայց ոչ թե մատենադարանի, այլ ԱԺ-ի դիմաց. Լիլիթ Մակունցը դեռ դեկտեմբերին, երբ մշակույթի նախարար էր, հանդիպել է հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Գալստյանին, հորդորել դադարեցնել հացադուլը եւ խոստացելՙ «Տատիկիս վարսերը» ֆիլմի աշխատանքները կվերսկսվեն, պետբյուջեից սկզբի համար կտրամադրվի 55 միլիոն դրամ: Հովհաննես Գալստյանը պահանջում է Մակունցի ու իր միջեւ խոսակցության ձայնագրությունը հրապարակել, որովհետեւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրաժարվում է կատարել Մակունցի բանավոր հրահանգը, չի պատրաստվում Հովհաննես Գալստյանի պահանջը բավարարել: Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն էլ իր հերթին է ասել. «Ես ավելի շուտ աշխատանքից ազատման դիմում կգրեմ, քան Հովիկի հետ ֆիլմը շարունակելու պայմանագիր կկնքեմ»: Հովհաննես Գալստյանը կինոկենտրոնին դատի է տվել: Դատական առաջին նիստը հունվարի 30-ին է: Այս խնդիրը բազմաշերտ է: Ու հարց է առաջանումՙ ինչո՞ւ կինոյի մարդիկ չեն կանգնում Հովհաննես Գալստյանի թիկունքին, ի պաշտպանություն նրաՙ հանդես չեն գալիս: Ըստ կինոռեժիսորիՙ մշակույթի նախարարությունն ու կինոկենտրոնը պայմանագիր են խախտել: Կինոկենտրոնն էլ իր հերթին է դատի տվել Հովհաննես Գալստյանին. որտե՞ղ է մի քանի տասնյակ միլիոնը, որ կինոկենտրոնը նախկինում տվել է Հովհաննեսին, որտե՞ղ են այն ֆիլմերը, որոնք պետք է այդ փողերով նկարված լինեին: Մենք լավ գիտենք, թե նախկինում ինչպես է իրականացվել կինոռեժիսոր- պետություն փոխհարաբերությունը: Ատկատի ավանդական ժանրն այլեւս չի աշխատում. արտոնյալ ռեժիսորներն անհանգստության նշաններ են ցույց տալիս:

Տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, դիրիժորներ, ռեժիսորներ. տասնամյակներ շարունակ արտոնյալներն իրենց ուզած աթոռն են զբաղեցրել, իրենց ուզած գումարն ստացելՙ նախարարի, փոխնախարարի, առաջին տիկնոջ, ծառայողականի վարորդի ընկերը, խնամին ու ծանոթը լինելով: Տերովներ ու անտերներ. այս բաժանումն աչք է ծակել, եւ այս իրողության դեմ շատերն անզոր են եղել, հարմարվել իրավիճակին:

1997 թվականին մշակույթի նախարար Արմեն Սմբատյանը ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի համար ստեղծել է խորեոգրաֆիայի թատրոն: Այո՛, հատուկ Մաքսիմ Մարտիրոսյանի համար թատրոն է ստեղծվել: Պարզվում էՙ 20 տարուց ավելի այդ թատրոնը գոյություն ունի, բայց ոչ ոք չգիտե դրա մասին: Պետությունից սկզբնական տարիներին ստացել է 12 միլիոն դրամ սուբսիդիա, հետոՙ 25 միլիոն: Մաքսիմ Մարտիրոսյանը վաղուց այս թատրոնի հետ կապ չունի, բայց մինչեւ 2018 թվականը ամեն ամիս աշխատավարձ է ստացել: 20 տարվա ընթացքում տնօրեններ են փոխվել, վերջինը Գայանե Կարապետյանն է: Նրա պայմանագրի ժամկետը լրացել է 2018-ի հոկտեմբերի 28-ին: Մշակույթի նախարարությունը որոշել է այլեւս չերկարացնել պայմանագիրը եւ խորեոգրաֆիայի թատրոնում նոր տնօրեն է նշանակել Լիլիթ Փալանջյանին , մինչեւ որ նոր մրցույթ կհայտարարվի: Նախկին տնօրենը բողոքի ալիք է բարձրացրել, թեՙ ես դուրս չեմ գալիս ու վերջ: Թատրոնի աշխատողներն էլ նախկին ղեկավարի թիկունքին կանգնած են: Բանը հասել է նրան, որ փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ոստիկանությունն են միջամտել, որ Գայանե Կարապետյանը նոր տնօրենի առաջ թատրոնի դուռը բաց անի, կնիքն ու բանալիները նրան տա: Նախկին տնօրենի կարծիքովՙ Նազենի Ղարիբյանը թատրոնի ղեկավարի պաշտոնում իր ուզած մարդուն է նշանակել:

Մայր թատրոնում էլ արշալույսները խաղաղ չեն: Տնօրեն Վարդան Մկրտչյանը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, հետագայում ռեժիսորի հաստիք զբաղեցրած Տիգրան Գասպարյանին ազատել է աշխատանքից: Պատճառըՙ 3 տարի նա ոչ մի բեմադրություն չի արել, բայց բավականին բարձր աշխատավարձ է ստացել: Տիգրան Գասպարյանն էլ իր հերթին է մեղադրում թատրոնի ներկա ղեկավարությանը, թե իրեն թույլ չեն տվել ներկայացում բեմադրել:

Ինչ տարին սկսվել է, պետական կառույցներում աշխատողները ահուդողով են աշխատանքի գնում: Մշակույթի, Գյուղատնտեսության, Սփյուռքի, Սպորտի նախարարությունների աշխատողները գիտեն, որ մեկ-երկու ամսից գործազուրկ են լինելու. Հանրային հետուստատեսության «Լուրերի» հին աշխատողների հետ նոր տնօրեն Պետրոս Ղազարյանն այլեւս չի ուզում աշխատել: 15-20 տարվա լրագրողները գիտեն, որ պետք է նոր աշխատանք փնտրեն:

Հասարակական տարբեր հարթակներում, սոցցանցերում, ԶԼՄ-ներում սթրեսային իրավիճակ է ստեղծվել. լուրերին հետեւելն ու լուր բաց չթողնելն ամենօրյա առաքելություն է: Մարդիկ լրահոսին կառչածՙ օրեր են անց կացնումՙ իրենք էլ չգիտակցելով, թե բարոյահոգեբանական ինչ ճնշումների են ենթարկվում: Կրճատումների, աշխատանքից ազատման, քրեական գործերի, նոր կալանքների, բողոքի ակցիաների մասին տեղեկություններն իրար հերթ չեն տալիս: Դրան զուգահեռՙ հանրությունն ուշի ուշով հետեւում է գործադրի, օրենսդրի աշխատանքին, Փաշինյանի արտասահմանյան այցերին ու լայվ-երին: Նախկին ոգեւորությունը, խանդավառությունը հետզհետե մարում է: Ու բնական է, որ զարմանքը վերածվելու է զայրույթի: Երբ գործազուրկների բանակն ավելի ստվար դառնա, երբ մարդկանց անպաշտպան լինելու զգացողությունն ավելի խորանա, սկսվելու է հիասթափության, դեգերումների խառնաշփոթը, ու ընդերքում հասունանալու է ընդվզման նոր ալիքը: Եվ թող ոչ ոք դա չկապի հակահեղափոխական ուժերի «դավադրությունների» ու «սադրանքների» հետ: Հանրության ուշադրությունն իր բուն խնդիրներից գեներալ Մանվելով, Ադրբեջանի ընդդիմության ցույցերով, Ռոբերտ Քոչարյանի դատավարությամբ շեղելն այլեւ անհնար է լինելու: Եվ այլեւս չի լինելու կառավարության 100 օր կամ ԱԺ-ի առաջին եռամսյակ, այլեւս որեւէ մեկը ժամանակ չի խնդրելու ժողովրդից եւ ժողովրդի էյֆորիկ տրամադրությունների վրա հենվելու հնարավորություն չի ունենալու: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քարտ-բլանշի հույս չի կարող ունենալ: Երեւանի քաղաքապետարանում, մարզպետարաններում պարգեւավճարներ են բաժանվել, ՊԵԿ-ի անօրինական գործունեության հետ հապված հանցագործության մասին տեղեկություն է հաղորդվել, ԱԺ-ում 88 հոգանոց «Իմ քայլը» ներկայանում է որպես 88-ի միտքն ու սկզբունքները նույնականացնող 88 գլուխներով մեկ մարմին: Չունենք խորհրդարանական ընդդիմություն, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանն» իրար դեմ են ընդդիմություն խաղում, կառավարության կազմը մնաց անփոփոխ: 8-9 ամիս գործադիր աշխատած նախարարները, որոնք էական փոփոխություն, աշխատանքային արդյունավետություն չեն ցուցաբերել, մնացին իրենց տեղում. նշանակում էՙ կառավարության ղեկավարը գոհ է նրանց աշխատանքից: Բոլորին սկզբում թվում էր, թե Նիկոլ Փաշինյանն իր հետ քայլածներին վարձահատույց լինելու համար գործի է տեղավորում. մի քանի ամսից քվիթ կլինեն ու կգան փորձառու, պետական մտածողությամբ, ծրագիր ունեցող կադրեր: Այնքան միամիտ էինք, որ կարծում էինքՙ հեղափոխությունից հետո ուղղակի ժամանակավոր կառավարություն է ստեղծվել, ի՞նչ իմանայինք, որ այն մշտական է լինելու ու խարիսխ է գցելու: ԱԺ մտան բարեբախտաբար կաշառակերի, օլիգարխի կենսագրություն չունեցող, բայց անփորձ երիտասարդներՙ դարձյալ Նիկոլ Փաշինյանի հետ քայլածները, մյուս խմբում նախորդ գումարման խորհրդարաններում եղած պատգամավորներն են, երրորդումՙ դեռ 90-ականներից Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի ու գործունեության հետ կապվող պատգամավորներ: Իշխանական թեւերում դեռեւս քաղաքական սթարթափ է, մինչդեռ հանրությունը սպասելու ոչ ժամանակ ունի, ոչ համբերություն: ԱԺ ամբիոնից հնչող ելույթները ֆեյսբուքյան քոմենթների մակարդակից վեր չեն բարձրանում: Այդպես էլ կա. «ֆեսբուքում» վիրտուալ աշխույժ կյանքով զբաղվող, հասարակական տարբեր հարթակներում գործած անձինք դեպքերի բերումով, շատ պատահականորեն հայտնվել են քաղաքականության մեջ: Ու հիմա պետք է օրենքներ գրեն, երկրի ապագայի հեռանկարը կառուցեն: Եվ ընդդիմություն էլ չկա, որ գոնե նրանց զսպի, զգաստացնի, ռելսերի վրա դնի: Ամենասարսափելինՙ չունենք ազգային, պետական մտածողությամբ ու սկզբունքներով կերպար կամ քաղաքական ուժ: Հասարակ բաներ չգիտենՙ ովքեր են գրել մեր հիմնի երաժշտությունն ու բառերը, պետական դրոշի գույներն ինչ են խորհրդանշում, ով է զինանշանի նկարիչը: Թվում էՙ մանրուք է, բայց մարդու, քաղաքական գործչի կերպարը, տեսակն է բնորոշում ու բնութագրում:... Սաՙ խորհրդարանում:

Խորհրդարանից դուրս էլ կյանք կա: Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն ուրվագծվում են. ճիշտ է, առայժմ սոցցանցային կարգավիճակով, բայց դե գիտենք, որ ամեն ինչ սոցցանցերից էլ սկսվում է: Քանի որ ընդդիմության տեղը թափուր է, վակուում, ուրեմն այն պետք է լցվի: Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի շուրջը համախմբված քաղաքական ընդդիմադիր ուժեր հորիզոնում դեռ չեն երեւում, ՀՀԿ-ն էլ կարծես հապաղում է: Փոխարենը հաճախ են հնչում նախկին դեսպան Միքայել Մինասյանի , նաեւ ներկա նախագահ Արմեն Սարգսյանի անուններըՙ որպես պոտենցիալ ընդդիմադիրներ: Հատկապես Արմեն Սարգսյանն առայժմ շատ զգույշ է գործում, բայց նրա նկատմամբ հանրության համակրանքն ու վստահությունն ակնհայտ են: Այնպես որ, եթե նոր իշխանությունները կառուցողական, բարեփոխիչ քայլեր չանեն, աստիճանաբար ձեւավորվելու է ընդդիմության պահանջարկ: Իսկ որտեղ պահանջարկ, այնտեղՙ առաջարկ: Կադրային սովը դեռ շատ է խեղճացնելու նոր կառավարությանը, եւ չի բացառվում, որ մենք էլ բռնենք Ուկրաինայի ճանապարհըՙ կադրեր բերենք դրսից, անգամՙ ոչ հայ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 25-01-2019

AZG Daily #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ