RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 418, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱԵՍՏՐՈՆ

Նաիր ՅԱՆ

«80-ը այն տարիքն է, որ թվում էՙ պետք է մոտենամ հանգստությանը, բայց չէ՛, հանգստություն չունեմ ես: Դեռ պիտի հոգեւոր երաժշտություն ժառանգություն թողնեմ սերունդներին: Ես աշխատել եմ Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների հիման վրա, բայց ուզում եմ բոլորովին ինքնուրույն գործեր ստեղծել, ի՛մ գործերըՙ առանց Շնորհալուն, Նարեկացուն կամ այլ մեկին դիմելու»,- իր 80 ամյակի նախօրեին ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը : Անգամ տոնական օրը նա աշխատել է, միաժամանակ հյուրեր ընդունել: Հոբելյանի առիթով Հայաստան են եկել երկու քույրերըՙ Արաքս եւ Սոնա Մանսուրյանները, նաեւ դուստրըՙ Լոս Անջելեսից: Հարցին, թե ումի՞ց կուզենար լսել ամենացանկալի շնորհավորանքը, մաեստրոն պատասխանել է. «Սենտիմենտալ կթվամ, բայց կուզեի կնոջիցս լսել...չեմ լսի»: Կոմպոզիտորին տարբեր հանդիսությունների ժամանակ հաճախ կարելի է տեսնել. մնում է այնքան, որքան իրեն է հետաքրքրում: Մեկ էլ լռիկ, աննկատ հեռանում է: Նրա աշխարհը եղել եւ մնում է կյանքը, հանճարներին, մեծերին բացահայտելու, նրանց ճանաչելու տիրույթը:

Մեծերը Տիգրան Մանսուրյանի կյանքում

Հրանտ Մաթեւոսյանի գրասեղանին միշտ բացված Չարենց կար: Թվում էՙ սովորական բան է, բայց չէ՜, Հրանտին Չարենցը պետք էր, պետք էր միշտ: Դրա համար էլ Չարենցի «Երկիր Նաիրին» միշտ բացվածՙ նրա սեղանին էր: Չարենցն ինձ փոխել է, շատ է փոխել, երբ դեռ շատ երիտասարդ էի: Մինչեւ հիմա Չարենցն ինձ հետ է: Շատերն են եղել իմ կյանքում ու շատերը մինչեւ հիմա կան, բայց Չարենցն է ինձ փոխել: Մեր միջնադարյան հանճարներով միշտ եմ հիացել, նրանց տաղերը, քնարերգությունը, հոգեւոր արժեքները վերերկրային երեւույթներ են, դրանց հետ ես կապված եմ միշտ: Բացում եմ, բացահայտում, հիանում, հրճվում, զարմանում... Վերջերս հայտնաբերել եմ իրական, ոչ սովետական Չեխովին: Շեքսպիրից հետո Չեխովը երկրորդն է, որի գործերն ակտիվորեն բեմադրվում են աշխարհի տարբեր թատրոններում: Ու այդ գրողը մինչեւ հիմա ներկայացվել է խմբագրված: Պարզվում էՙ Չեխովի քույրը նրան լավ էլ խմբագրել էՙ թե՛ անձնական կյանքը, թե՛ նամակները, ու մեզ այսքան ժամանակ ներկայացվել է փայլեցված Չեխով: ...Պարտվել. ամենակարեւորը կյանքում պարտվել իմանալն է, պարտության հետ հաշտվել կարողանալը: Պարտվել իմանալ ինձ սովորեցրել է Ֆոլկները: 10 տարի եմ նվիրել Ֆոլկներին: Գավառի այդ հսկան, որ բարձրագույն կրթությունը կիսատ թողեց, այնքա՜ն մեծացավ, աճեց, որ Նոբելյան մրցանակի հասավՙ այդ ընթացքում բազում պարտություններ ապրելով: Պետք է կարողանալ պարտվելՙ հանուն հիմնականի: Որպեսզի կապդ այդ հիմնականի հետ չկորցնես:

Մեկ տոկոս դասական

Ես երաժշտության աշխարհ եմ մտել, այդ ճանապարհով սկսել եմ քայլել դեռ պատանեկությունից: Այդ ժամանակվանից մինչեւ հիմա տառապում եմ. իմ ստեղծագործությունն իմ տառապանքն է: Չեք պատկերացնիՙ որքա՜ն դժվար է, որքա՜ն տանջալից է, երբ քեզանից երաժշտություն է պոկվում: 1-2-3-1-2-3. այսօր ուր գնում ես, այս ռիթմն ես լսում: Միայն Հայաստանում չէ, այլ երկրներում էլ է այդպես: Շքեղ հյուրանոցներ ես մտնում, անգամ վերելակում այդ 1-2-3 ռիթմն է լսվում: Դա է այսօրվա մարդկության պահանջած երաժշտությունը: Երաժշտություն ասվածը բազմաշերտ էՙ էլ ռաբիս ու ժողովրդական, էլ քաղաքային ֆոլկլյոր ու գուսանական, էլ կինոերաժշտություն. ու այս ամենի մեջ դասականի բաժինն ընդամենը մեկ տոկոս է: Սա, անշուշտ խիստ ցավալի է: Բայց ի՞նչ արած, մարդիկ ուզում են հեշտ ապրել, ուզում են հեշտ մարսել, քիչ մտածել, քիչ տառապել: Իսկ դասական երաժշտությունը մտածելու տեղիք է տալիս, լուրջ, խորքային, տանջանք պատճառող հարցադրումներ է առաջ բերում, որոնց պատասխանները դժվար է գտնել: Բախ, Բեթհովեն... կարծում եք նրանց հասկանալը հե՞շտ է: Իհարկե, ո՛չ: Բայց ի՜նչ հաճելի է ներթափանցել նրանց մտքերի աշխարհը, ի՜նչ հրաշալի է ճիշտ հարց տալն ու ճիշտ պատասխան ստանալը...Նոր շարժումներին դեմ չեմ, նորի ի հայտ գալովՙ նախորդ ժամանակների արվեստը չի դադարում: Այն շարունակվում է...

Ցավալի, բայցՙ փաստ

Արթուր Ավանեսովին ճանաչո՞ւմ եք. քչերը գիտեն նրան: Արթուրը հրաշալի երաժիշտ է, կոմպոզիտոր ու տեսաբան: Ես էլ Արթուրի պես քիչ ճանաչված կամ ոչ հայտնի կլինեի, եթե չլիներ իմ կինոերաժշտությունը: 20 տարի ֆիլմերի համար երաժշտություն եմ գրել, աշխատել Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի, Ալբերտ Մկրտչյանի, այլոց հետ: Լրագրողներ են մոտենում ինձ ու անմիջապես հարց տալիս իմ կինոերաժշտությունից: Այդ պահին վրդովվում եմ, ուրեմն ինձ ֆիլմերի երաժշտությունից գիտեն: Հարցնում եմՙ դու կգնայի՞ր Հրանտ Մաթեւոսյանի մոտՙ հարցազրույցիՙ առանց նրա գրքերը կարդալու: Ես լուրջ երաժշտություն եմ ստեղծել, բայց արի ու տես, որ հանրությունն ինձ ճանաչում է ֆիլմերի երաժշտությունից:

Ցավոտ թեմաՙ սովետ

Սովետական կարգերին երբեք ինձ հարազատ չեմ զգացել: Չեմ կարող ասել, թե այդ տարիներին ինձ նեղացրել են, կամ խորթ զավակ եմ եղել: Բայց տեսել եմ, որ կա տարածք, որն արդեն զբաղված է: Այդ տարածքն իմը չի եղել: Ես առավել ինտենսիվ եմ աշխատել սովետի փլուզումից հետո: Ու ափսոսում եմ, որ կարծում էիՙ այդ համակարգն անվերջ է: Ես երկու իրականությունների միջով եմ անցելՙ սովետական եւ հետսովետական: Սովետական մարդը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր գալու է հետսովետական շրջան: Հիմա ես շատ պատվերներ ունեմ արտասահմանից, երկու հրատարակչություն, ձայնագրման ստուդիաներ են համագործակցում ինձ հետ, այն ժամանակ նման բաներ չէին լինում: Սովետը... ցավոտ թեմա է, չեմ ուզում շատ խոսել դրանից: Այն, ինչ ունենքՙ անկախություն, մեծ զրկանքների գնով ենք վաստակել, ու ամենակարեւորըՙ Արցախ ունենք: Դա գերագույնն է:

Ափսոսում եմ

Ափսոսում եմ, որ լատիներեն չսովորեցի: Եթե սովորած լինեի, կկարողանայի հասկանալ աշխարհի մեծ գիտությունները, շփվել դրանց հետ ու շատ բաներ իմանալ ակունքներից: Ափսոսում եմ, որ այդպես էլ ոչ մի օտար լեզու չսովորեցի: Չկարողացա սովորել: Ափսոսում եմ, որ չեմ պատկերացրել, որ մի օր սովետ այլեւս չի լինելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

AZG Daily #6, 15-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ